Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նոր տեսակի կերակուր

Նոր տեսակի կերակուր

Պատմություն 34

Նոր տեսակի կերակուր

ԿԱՐՈ՞Ղ ես ասել, թե նկարում պատկերված մարդիկ ինչ են հավաքում։ Այն ցողի նման է. սպիտակ, մանր և թեփաձև։ Բայց դա ցող չէ, այլ կերակուր։

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իսրայելացիները դուրս են եկել Եգիպտոսից, և այժմ նրանք անապատում են գտնվում։ Քանի որ այնտեղ ուտելու պիտանի քիչ բուսականություն է աճում, ուստի ժողովուրդը շարունակ տրտնջում է. «Երանի՜ թե Եհովան մեզ սպաներ Եգիպտոսում։ Այնտեղ մենք գոնե ուտում էինք մեր սրտի ուզածի չափ»։

Սա տեսնելով՝ Եհովան ասում է. «Ահա ես ձեզ երկնքից հաց պիտի թափեմ»։ Եվ ահա թե նա ինչ է անում։ Հաջորդ օրը՝ առավոտյան, իսրայելացիները նկատում են, որ երկնքից սպիտակ ինչ–​որ բան է թափվել և սկսում են իրար հարցնել. «Սա ի՞նչ է»։

Մովսեսը պատասխանում է. «Սա է այն կերակուրը, որը Աստված ձեզ խոստացել է տալ»։ Ժողովուրդն այն կոչում է ՄԱՆԱՆԱ։ Մանանան հիշեցնում է մեղրով պատրաստած բլիթ։

— Հավաքեք այնքան, որքան որ ձեզանից ամեն մեկն ի վիճակի է ուտելու,— ասում է Մովսեսը ժողովրդին։ Հետևելով այդ խորհրդին՝ ամեն առավոտ նրանք այդպես էլ անում են։ Իսկ երբ արևը սկսում է տաքացնել, գետնի վրա մնացած մանանան հալվում է։

Մովսեսը նաև ավելացնում է. «Ոչ մեկը հաջորդ օրվա համար մանանա չպահի»։ Բայց ոմանք չեն հետևում այս խոսքերին։ Եվ արդյունքում գիտե՞ս, թե ինչ տեղի ունենում։ Հաջորդ առավոտյան նրանց պահած մանանայի մեջ որդեր են հայտնվում, ու այն սկսում է հոտել։

Այնուամենայնիվ, Եհովան կարգադրում է, որ շաբաթվա մեջ մի օր՝ վեցերորդ օրը, ժողովուրդը սովորականից երկու անգամ ավելի շատ մանանա հավաքի։ Եհովան պատվիրում է, որ հավաքած մանանայից որոշ քանակություն պահեն հաջորդ օրվա համար, որովհետև յոթերորդ օրը մանանա չի թափվելու։ Երբ նրանք յոթերորդ օրվա համար մանանա են հավաքում, այն չի որդնում, ու նրանից տհաճ հոտ չի գալիս։ Ահա մեկ հրաշք ևս։

Անապատում անցկացրած բոլոր տարիներին Եհովան իսրայելացիներին մանանայով է կերակրում։

Ելից 16։1–36; Թուոց 11։7–9; Յեսու 5։10–12։