Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պաշտամունքի վրանը

Պաշտամունքի վրանը

Պատմություն 37

Պաշտամունքի վրանը

ԳԻՏԵ՞Ս, թե ինչ է իրենից ներկայացնում այս շինությունը։ Սա մի հատուկ վրան է, որը նախատեսված է Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Այն կոչվում է նաև խորան։ Ժողովուրդը այս խորանի շինարարությունն ավարտեց Եգիպտոսից դուրս գալուց մեկ տարի անց։ Գիտե՞ս, թե ով էր այդ մտահղացման հեղինակը։

Եհովան ինքն էր պատվիրել այսպիսի վրան կառուցել։ Երբ Մովսեսը Սինա սարի վրա էր, Եհովան նրան բացատրել էր, թե ինչպես դա անել։ Հարկավոր էր վրանը այնպես կառուցել, որ այն քանդելիս հեշտությամբ մասերի բաժանվեր։ Դա արվում էր այն նպատակով, որպեսզի հնարավոր լիներ այդ մասերը տանել ուրիշ վայր և այնտեղ դարձյալ խորանը հավաքել։ Եվ այսպես, անապատում մի վայրից մյուսը տեղափոխվելիս, իսրայելացիներն այն վերցնում էին իրենց հետ։

Եթե նայես խորանի վերջնամասին, ապա այդ փոքրիկ սենյակի ներսում կտեսնես մի բան, որը սնդուկ կամ արկղ է հիշեցնում։ Այն կոչվում է ուխտի տապանակ։ Նրա երկու կողմերում տեղադրված են ոսկեձույլ հրեշտակներ կամ քերովբեներ։ Աստված Մովսեսին մեկ անգամ ևս իր 10 պատվիրանների փորագրությամբ երկու տափակ քարեր էր տվել, քանի որ այն առաջինները կոտրվել էին։ Այդ նոր տափակ քարերը պահվում էին ուխտի տապանակի մեջ։ Դրա ներսում դրված էր նաև մանանայով լի մի սափոր։ Հիշո՞ւմ ես, թե ինչ է մանանան։

Մովսեսի եղբայր Ահարոնը Եհովայի կողմից ընտրվում է որպես քահանայապետ։ Նրա առաջնորդությամբ ժողովուրդը երկրպագում է Եհովային։ Ահարոնի որդիները նույնպես քահանաներ են։

Իսկ հիմա եկ դիտենք վրանի մյուս՝ ավելի մեծ սենյակին։ Այն կրկնակի անգամ մեծ է փոքր սենյակից։ Տեսնո՞ւմ ես այնտեղ դրված մի փոքրիկ սնդուկ կամ արկղ, որից ծուխ է բարձրանում։ Դա մի սեղան է, որի վրա քահանաները այրում են խունկ կոչվող անուշահոտ նյութը։ Այնտեղ է գտնվում նաև յոթը ճրագներով աշտանակը։ Սենյակի երրորդ իրը սեղանն է։ Նրա վրա պահվում են 12 հացի բոքոններ։

Խորանից դուրս՝ բակում, կա ջրով լի մի մեծ տաշտ կամ ավազան։ Քահանաներն այն օգտագործում են լվացվելու համար։ Կա նաև մի մեծ զոհասեղան։ Սրա վրա մորթված կենդանիներ են այրվում որպես զոհ Եհովային։ Իսրայելացիները խորանը տեղադրում են ճամբարի ուղիղ կենտրոնում, իսկ իրենք հաստատվում են նրա շուրջը՝ բնակելի վրաններում։

Ելից 25։8–40; 26։1–37; 27։1–8; 28։1; 30։1–10, 17–21; 34։1, 2; Եբրայեցիս 9։1–5։