Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փոքրիկ տղան սկսում է ծառայել Աստծուն

Փոքրիկ տղան սկսում է ծառայել Աստծուն

Պատմություն 55

Փոքրիկ տղան սկսում է ծառայել Աստծուն

ԼԱՎՆ է չէ՞ այս փոքրիկը։ Նրա անունը Սամուել է։ Իսկ այն տարեց մարդը, որը ձեռքը դրել է նրա գլխին, Իսրայելի Հեղի քահանայապետն է։ Սամուելի հայրը՝ Եղկանան, ու մայրը՝ Աննան, նրան Հեղիի մոտ են բերել։

Սամուելն ընդամենը չորս–​հինգ տարեկան երեխա է։ Բայց նա պետք է ապրի Եհովայի խորանում՝ Հեղիի և մյուս քահանաների հետ միասին։ Ինչո՞ւ են Եղկանան ու Աննան իրենց այդ փոքրիկ որդուն տալիս Եհովայի խորանում ծառայելու։ Եկ տեսնենք։

Այս դեպքից ընդամենը մի քանի տարի առաջ Աննան չափազանց տխուր էր։ Պատճառն այն էր, որ նա երեխա չէր ունենում, որքան էլ որ մեծ էր զավակ ունենալու իր փափագը։ Եվ ահա մի օր, գալով Եհովայի խորանը, Աննան դիմեց աղոթքով. «Ո՛վ Եհովա, հիշի՛ր ինձ։ Եթե ինձ զավակ պարգևես, խոստանում եմ նրան քեզ նվիրել, որպեսզի իր կյանքի բոլոր օրերում քեզ ծառայի»։

Եհովան պատասխանեց Աննայի աղոթքին, և ամիսներ անց նա ունեցավ Սամուելին։ Աննան շատ էր սիրում իր փոքրիկ տղային ու վաղ մանկությունից նրան սովորեցնում էր Եհովայի մասին։ Նա իր ամուսնուն ասաց. «Հենց որ Սամուելը մի փոքր մեծանա ու կաթից կտրվի, նրան տանելու եմ Եհովայի խորանում ծառայելու»։

Նկարում պատկերված է հենց այն պահը, երբ Եղկանան ու Աննան նրան խորան են բերում։ Եվ քանի որ Սամուելը շատ լավ ուսուցանված է իր ծնողների կողմից, նա ուրախ է, որ կարող է ծառայել Եհովայի խորանում։ Ամեն տարի Աննան ու Եղկանան գալիս են այս առանձնահատուկ վրանը՝ երկրպագություն մատուցելու և այցելելու իրենց փոքրիկին։ Եվ Աննան ամեն տարի իր հետ բերում է նաև որդու համար պատրաստած մի նոր անթև վերնազգեստ։

Այդպես անցնում են տարիներ։ Սամուելը շարունակում է իր ծառայությունն Աստծու խորանում՝ սիրված լինելով թե՛ Եհովայի և թե՛ ժողովրդի կողմից։ Բայց Հեղի քահանայապետի որդիներ Փենեհեսն ու Ոփնին լավը չեն։ Նրանք շատ վատ գործեր են կատարում և ուրիշներին նույնպես Աստծու հանդեպ անհնազանդության են դրդում։ Հարկավոր է, որ Հեղին նրանց զրկի քահանայությունից, բայց նա այդ քայլին չի գնում։

Պատանի Սամուելը հեռու է մնում իր շուրջը տեղի ունեցող վատ արարքներից՝ թույլ չտալով, որ դրանք իրեն ետ պահեն Եհովային ծառայելուց։ Այնքան քիչ են Աստծու հանդեպ սեր ունեցողները, որ Եհովան վաղուց արդեն դադարել է խոսել մարդկանց հետ։ Բայց ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Սամուելն արդեն մի քիչ մեծացել է։

Սամուելը քնած է խորանում, և այդ պահին մի ձայն արթնացնում է նրան։ «Ահա՛ ես»,— պատասխանում է Սամուելը։— Ապա, տեղից վեր կենալով, վազում է Հեղիի մոտ ու ասում. «Դու կանչեցիր ինձ, ահա՛ ես»։

Բայց Հեղին պատասխանում է. «Ես քեզ չեմ կանչել, գնա պառկիր»։ Սամուելը վերադառնում է իր անկողինը։

Բայց շուտով նա երկրորդ անգամ է լսում նույն ձայնը. «Սամուե՛լ»։ Սամուելը վեր է կենում ու դարձյալ շտապում Հեղիի մոտ. «Դու ինձ ձայն տվեցիր, ահա՛ ես»։ Բայց Հեղին պատասխանում է. «Որդի՛ս, ես քեզ չեմ կանչել։ Գնա՛, քնիր»։ Եվ Սամուելը կրկին վերադառնում է իր անկողինը։

Սակայն ձայնը հնչում է երրորդ անգամ. «Սամուե՛լ»։ Սամուելը կրկին վազում է Հեղիի մոտ. «Ահա՛ ես, այս անգամ, երևի, հաստատ դու ինձ կանչել ես»։ Բայց Հեղին արդեն հասկանում է, որ, հավանաբար, Եհովան է կանչում պատանուն։ Ուստի նրան ասում է. «Գնա պառկիր, և եթե քեզ կրկին կանչի, պատասխանիր. «Եհո՛վա, ահա քո ծառան լսում է քեզ»»։

Երբ հերթական անգամ Սամուելը լսում է իրեն կանչող ձայնը, հենց այդպես էլ պատասխանում է։ Ապա Եհովան հայտնում է Սամուելին, որ ինքը պատժելու է Հեղիին ու նրա որդիներին։ Որոշ ժամանակ անց Փենեհեսն ու Ոփնին սպանվում են փղշտացիների դեմ մղվող պատերազմում, իսկ Հեղին, իմանալով այդ մասին, վայր է ընկնում, վիզը կոտրում ու տեղում մահանում։ Այսպիսով՝ Եհովայի ասածներն իրականանում են։

Սամուելը մեծանում է ու դառնում Իսրայելի վերջին դատավորը։ Իսկ երբ արդեն ծերանում է, ժողովուրդը դիմում է նրան հետևյալ խնդրանքով. «Մեզ համար թագավոր ընտրիր, որ մեզ վրա իշխի»։ Սամուելը չի ուզում դա անել, քանի որ իրականում Եհովան է նրանց թագավորը։ Բայց Եհովան պատվիրում է նրան, որ ժողովրդի խնդրանքը կատարի։

Ա Թագաւորաց 1։1–28; 2։11–36; 3։1–18; 4։16–18; 8։4–9։