Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

Պատմություն 68

Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

ՄԻ ՊԱՀ պատկերացրու այն ապրումները, որ կունենար քո մայրը, եթե դու մահացած վիճակից դարձյալ կյանք վերստանայիր։ Ինչ խոսք, նա անչափ երջանիկ կլիներ։ Բայց հնարավո՞ր բան է, որ մահացած մարդը կենդանանա։ Արդյոք երբևէ տեղի ունեցե՞լ է նման դեպք։

Դիտենք այս նկարը, որտեղ պատկերված տղամարդը Եղիա մարգարեն է, իսկ կինը՝ Սարեփթա քաղաքում բնակվող մի որբևայրի, որը գիրկն է առել իր զավակին։ Ամեն ինչ սկսվում է այսպես. մի օր տղան հիվանդանում է։ Նրա վիճակը գնալով ավելի ու ավելի է ծանրանում, և նա մահանում է։ Տեսնելով մահացած տղային՝ Եղիան որբևայրուն ասում է. «Հապա ի՛նձ տուր նրան»։

Եղիան մահացած երեխային տանում է վերնատուն ու դնում անկողնու վրա։ Ապա աղոթքով դիմում է Եհովային. «Ո՜վ Եհո՛վա, այս երեխային կենդանացրու կրկին»։ Եվ տղան սկսում է շնչել։ Հետո Եղիան տղային իջեցնում է վերնատնից ու հանձնում մորը՝ ասելով. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ Հիմա պա՞րզ է, թե ինչու է նրա մայրը ուրախությունից արտասվում։

Եհովան ունի ևս մի մարգարե՝ Եղիսե անունով։ Նա Եղիա մարգարեի օգնականն է։ Բայց ժամանակի ընթացքում Եհովան նրա միջոցով նույնպես հրաշքներ է կատարում։ Մի օր Եղիսեն գնում է Սունամ քաղաքը, որտեղ մի կին բարություն է անում նրան։ Հետագայում այդ կնոջը մի տղա է ծնվում։

Երբ երեխան արդեն մեծացել էր, օրերից մի օր գնում է դաշտում աշխատող հոր մոտ։ Հանկարծ նա ճչում է. «Ա՜խ, գլո՛ւխս, ցավո՜ւմ է»։ Տուն բերվելուց հետո նա մահանում է։ Պատահածից անչափ վշտացած մայրը անմիջապես գնում է Եղիսեի մոտ։

Եղիսեն գալիս է ու մտնում մահացածի սենյակը։ Նա Եհովային աղոթքով դիմելուց հետո պառկում է երեխայի մարմնի վրա։ Շուտով տղայի մարմինը սկսում է տաքանալ, և նա յոթ անգամ փռշտում է։ Պատկերացրու նրա մոր ուրախությունը, երբ նա ներս է մտնում ու իր որդուն դարձյալ կենդանի տեսնում։

Մինչև հիմա բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչը նրանց ընտանիքներին ու բարեկամներին մեծ վիշտ է պատճառել։ Մենք մահացածներին կյանքի բերելու զորությունը չունենք, իսկ Եհովան ունի։ Ավելի ուշ կիմանանք նաև, թե նա ինչպես է միլիոնավոր մարդկանց կենդանություն տալու։

Գ Թագաւորաց 17։8–24; Դ Թագաւորաց 4։8–37։