Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համարձակ աղջնակը

Համարձակ աղջնակը

Պատմություն 69

Համարձակ աղջնակը

ԳԻՏԵ՞Ս արդյոք, թե այս փոքրիկ աղջիկն ինչ է պատմում։ Նա այս տիկնոջը պատմում է Եղիսե մարգարեի ու Եհովայի օգնությամբ նրա կատարած հրաշալի գործերի մասին։ Քանի որ այս կինը իսրայելացի չէ, նա չի ճանաչում Եհովային։ Իսկ հիմա, եկ տեսնենք, թե այս աղջնակն ինչու է գտնվում նրա տանը։

Այս կինը ասորի է։ Նրա ամուսինը՝ Նեեմանը, ասորական բանակի զորավարն է։ Ասորիները գերի են վերցրել այս փոքրիկ իսրայելացի աղջկան ու նրան բերել Նեեմանի կնոջ մոտ՝ որպես աղախին։

Նեեմանը տառապում է մի վատ հիվանդությամբ՝ բորոտությամբ։ Այս հիվանդության հետևանքով մարդու մարմնից նույնիսկ մսի կտորներ կարող են թափվել։ Բայց աղջիկն ահա թե ինչ է ասում Նեեմանի կնոջը. «Ա՛յ, եթե տերս գնար Իսրայել ու այնտեղ գտներ Եհովայի մարգարեին... Նա անպայման կազատվեր իր հիվանդությունից»։ Շուտով այս խոսակցության մասին կինը տեղեկացնում է իր ամուսնուն։

Քանի որ Նեեմանը շատ է ուզում բուժվել, որոշում է հենց այդպես էլ անել։ Նա գնում է Իսրայել ու այնտեղ գտնում Եղիսեի տունը։ Եղիսեն իր ծառայի միջոցով հայտնում է Նեեմանին, որ բուժման համար նրան հարկավոր է յոթ անգամ սուզվել Հորդանան գետի մեջ։ Լսելով դա՝ Նեեմանը զայրույթով բացականչում է. «Ի՛նչ է, ուրեմն իմ հայրենիքում Իսրայելի գետերից ավելի լավերը չկա՞ն»։ Այս ասելով՝ նա ետ է դառնում։

Այդ պահին նրա ծառաներից մեկը դիմում է նրան հետևյալ խոսքերով. «Տե՛ր, եթե Եղիսեն քեզ մի դժվար բան ասած լիներ, մի՞թե չէիր անի։ Հիմա ինչո՞ւ չես ուզում պարզապես լվացվել նրա ասած ձևով»։ Նեեմանը լսում է իր ծառային ու գնում յոթ անգամ ընկղմվում Հորդանան գետում։ Դրանից հետո նա ջրից դուրս է գալիս լիովին առողջ։

Նեեմանը անչափ երջանիկ է։ Նա վերադառնում է Եղիսեի մոտ ու ասում նրան. «Հիմա համոզված եմ, որ ամբողջ երկրի վրա միայն Իսրայելի Աստվածն է ճշմարիտ Աստվածը։ Այժմ, խնդրում եմ՝ ընդունես այս նվերները»։ Բայց Եղիսեն պատասխանում է. «Ո՛չ, ես չեմ վերցնի դրանք»։ Եղիսեն գիտի, որ նվերները վերցնելը սխալ կլինի իր կողմից, քանի որ իրականում Նեեմանին բուժել է Եհովան։ Բայց Եղիսեի ծառա Գեեզիի գլխում ուրիշ միտք է պտտվում. տիրանալ նվերներին։

Ահա թե նա ինչպես է վարվում։ Նեեմանի հեռանալուց հետո, Գեեզին հասնում է նրա ետևից ու ասում. «Եղիսեն խնդրեց հաղորդել, որ ինքը կցանկանար նվերներից որոշ բաներ վերցնել իր բարեկամների համար, որոնք քիչ առաջ եկան»։ Ինչ խոսք, նա ստում է։ Բայց Նեեմանը չգիտի, որ դա սուտ է, ուստի Գեեզիին տալիս է նրա ուզածը։

Երբ Գեեզին գալիս է տուն, Եղիսեն այդ ամենին արդեն տեղյակ էր։ Եհովան է նրան հայտնել այդ մասին։ Ուստի նա ասում է. «Քո այդ չարության համար արժանի ես, որ Նեեմանի բորոտությունը գա քեզ վրա»։ Եվ անմիջապես նրա ասածը կատարվում է։

Ի՞նչ դաս կարող ենք քաղել աստվածաշնչյան այս միջադեպից։ Նախ՝ մենք պետք է այս փոքրիկ աղջկա նման խոսենք Եհովայի մասին։ Սա մեծ օգուտներ կբերի։ Երկրորդ՝ մենք չպետք է հպարտ լինենք, ինչպես որ սկզբում Նեեմանն էր. հարկավոր է լսե՛լ Աստծու ծառաներին։ Եվ երրորդ՝ մենք չպետք է սուտ խոսենք, ինչպես Գեեզին սուտ խոսեց։ Որքա՜ն բաներ ենք սովորում՝ կարդալով Աստվածաշունչը։

Դ Թագաւորաց 5։1–27։