Հովնանը և հսկայական ձուկը
Պատմություն 70
Հովնանը և հսկայական ձուկը
ՆԱՅԻ՛Ր ջրի տակ գտնվող այս մարդուն։ Ի՜նչ մեծ փորձանքի մեջ է նա ընկել։ Ուր որ է այս ձուկը նրան կուլ կտա։ Գիտե՞ս, թե այս մարդն ով է։ Նրա անունը Հովնան է։ Եկ տեսնենք, թե նա ինչպես ընկավ այս փորձանքի մեջ։
Հովնանը Եհովայի մարգարեներից մեկն է։ Եղիսե մարգարեի մահվանից որոշ ժամանակ անց Եհովան նրան ասում է. «Դու պետք է գնաս Նինվե քաղաքը։ Այնտեղի ժողովուրդը խիստ չարացել է, ու ես ուզում եմ, որ դու հայտնես նրանց այդ մասին»։
Բայց Հովնանը չի ուզում գնալ։ Դրա համար էլ նա նստում է մի այնպիսի նավ, որը լողում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Եհովան դժգոհ է, և շուտով նա ծովի վրա մի մեծ փոթորիկ է առաջ բերում։ Դրությունը գնալով այնքան է վատանում, որ նավը կանգնում է խորտակման վտանգի առջև։ Նավաստիները, սարսափի մատնված, օգնության համար աղաղակում են իրենց աստվածներին։
Եվ ահա Հովնանը նրանց ասում է. «Ես երկրպագում եմ Եհովա Աստծուն՝ երկինքն ու երկիրը ստեղծողին։ Եվ այժմ գտնվում եմ փախուստի մեջ՝ չկատարելով նրա տված հանձնարարությունը»։ Նավաստիները հարցնում են. «Հիմա ի՞նչ անենք քեզ, որ փոթորիկը դադարի»։
— Ինձ ծովը նետեք, և այն կրկին կհանդարտվի,— ասում է Հովնանը։ Նավաստիները սկզբում չեն ցանկանում այդպես վարվել, բայց տեսնելով, որ ուրիշ ելք չի մնում, Հովնանին դուրս են նետում նավից։ Եվ փոթորիկն անմիջապես դադարում է, իսկ ծովը՝ խաղաղվում։
Երբ Հովնանը սուզվում է ջրի մեջ, մի հսկայական ձուկ կուլ է տալիս նրան, բայց նա չի մահանում։ Երեք օր ու երեք գիշեր մնալով այդ ձկան փորում՝ Հովնանը շատ է ափսոսում, որ ժամանակին չլսեց Եհովային ու չգնաց Նինվե։ Եվ այսպես, ի՞նչ է նա անում, գիտե՞ս։
Հովնանը սկսում է օգնություն աղերսել Եհովայից։ Այդժամ Եհովան այնպես է անում, որ ձուկը նրան փսխի ցամաքի վրա։ Դրանից հետո նա վեր է կենում ու ճանապարհ ընկնում դեպի Նինվե։ Մի՞թե այս պատմությունը մեզ չի սովորեցնում, թե որքան կարևոր է կատարել Եհովայի բոլոր ասածները։
Աստվածաշնչի «Յովնան» գիրք։