Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

Պատմություն 91

Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

ՏԵՍՆՈ՞ՒՄ ես այստեղ նստած Հիսուսին։ Նա սովորեցնում է այս մարդկանց Գալիլեայի մի լեռան վրա։ Անմիջապես նրա կողքին նստած են իր աշակերտները, որոնցից 12–ին Հիսուսն ընտրել է որպես առաքյալներ։ Առաքյալները Հիսուսի առանձնահատուկ աշակերտներն են։ Գիտե՞ս նրանց անունները։

Դրանք են՝ Սիմոն Պետրոս և նրա եղբայրը՝ Անդրեաս։ Այնուհետև Հակոբոս ու Հովհաննես, որոնք նույնպես հարազատ եղբայրներ են։ Առաքյալների թվում կա ևս մի Հակոբոս և մի ուրիշ Սիմոն։ Մյուս երկուսի անունն էլ Հուդա է. նրանցից մեկը Իսկարիովտացի Հուդան է, իսկ մյուսը կրում է նաև Թադեոս անունը։ Ապա Փիլիպպոս ու Նաթանայել (որին կոչում են նաև Բարթողոմեոս), և վերջապես՝ Մատթեոս ու Թովմաս։

Վերադառնալով Սամարիայից՝ Հիսուսն առաջին անգամ սկսեց քարոզել՝ ասելով. «Աստծու թագավորությունը մոտ է»։ Գիտե՞ս, թե ինչպիսի թագավորության մասին է խոսքը։ Դա Աստծու իրական կառավարությունն է, որի Թագավորը Հիսուսն է։ Նա կառավարելու է երկնքից ու խաղաղություն է հաստատելու երկրի վրա։ Աստծու Թագավորության միջոցով ամբողջ երկիրը վերածվելու է մի գեղեցիկ դրախտի։

Հիսուսն այստեղ հենց Թագավորության մասին է սովորեցնում մարդկանց։ «Ահա թե ինչպես պետք է աղոթեք,— բացատրում է նա.— Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սո՛ւրբ լինի քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող քո կամքը լինի ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա»։ Շատ մարդիկ սա անվանում են «Տերունական աղոթք», իսկ ուրիշները՝ «Հայր մեր»։ Կարո՞ղ ես ամբողջ աղոթքն արտասանել։

Հիսուսը մարդկանց սովորեցնում է նաև, թե ինչպես պետք է վերաբերվեն միմյանց։ Նա ասում է. «Ինչպես որ ուզում եք ուրիշները վարվեն ձեզ հետ, դուք էլ այդպես վարվեք նրանց հետ»։ Մի՞թե քեզ հաճելի չէ, երբ մարդիկ բարեհամբույր վերաբերմունք են դրսևորում քո հանդեպ։ Դրա համար է Հիսուսն ասում, որ մենք նույնպես պետք է ուրիշների նկատմամբ սիրալիր լինենք։ Պատկերացրու, թե ի՜նչ հրաշալի կլինի ապրել դրախտ–​երկրում, որտեղ ամեն մարդ կլինի բարեհամբույր։

Մատթէոս 5–7; 10։1–4։