Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր

Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր

Պատմություն 97

Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր

ԵՐԿՈՒ կույր մուրացկաններին բուժելուց կարճ ժամանակ հետո Հիսուսը գալիս է Երուսաղեմի մոտ գտնվող փոքրիկ մի գյուղ։ Նա դիմում է իր աշակերտներից երկուսին. «Մտե՛ք գյուղ և այնտեղ մի էշի մտրուկ կգտնեք։ Արձակե՛ք ու բերե՛ք նրան ինձ մոտ»։

Երբ էշին բերում են, Հիսուսը նստում է նրա վրա և ուղևորվում դեպի Երուսաղեմ, որը շատ հեռու չէ։ Քաղաքին մոտենալիս մի մեծ բազմություն դուրս է ելնում նրան դիմավորելու։ Նրանցից շատերն իրենց վերնազգեստները հանում են ու փռում Հիսուսի ճանապարհին, իսկ մյուսները՝ արմավենու ճյուղերով են ծածկում նրա ճանապարհը՝ գոչելով. «Օրհնյա՜լ է Եհովայի անունով եկող թագավորը»։

Հնում այսպիսի մի սովորություն կար. Իսրայելի նոր թագավորները ժողովրդին ներկայանալու համար Երուսաղեմ էին գալիս էշի մտրուկի վրա նստած։ Ահա թե ինչու է Հիսուսն այդպես վարվում։ Իսկ ժողովրդի կողմից նման ընդունելությունը վկայում է, որ նրանք ցանկանում են տեսնել Հիսուսին որպես իրենց թագավոր։ Բայց բոլորը չէ, որ այդպես են տրամադրված։ Դա պարզ երևում է տաճարում Հիսուսի հետ պատահած դեպքից։

Այնտեղ Հիսուսը բուժում է կույրերին ու հաշմանդամներին։ Այս բանը տեսնելով՝ երեխաները բարձրաձայն փառաբանում են նրան։ Իսկ դա քահանաներին խիստ զայրացնում է, և նրանք դիմում են Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե երեխաներն ինչ են ասում»։

— Իհարկե,— պատասխանում է նա։— Մի՞թե չեք կարդացել Գրքերում, որ երեխաների շուրթերով Աստված գովություն պիտի անի։— Եվ երեխաները շարունակում են փառաբանել Աստծու նշանակած Թագավորին։

Մենք էլ ենք ցանկանում այս երեխաների նման լինել, այնպես չէ՞։ Որոշ մարդիկ գուցե փորձեն արգելել մեզ, որ չխոսենք Աստծու Թագավորության մասին։ Բայց ճիշտը կլինի այն, որ շարունակենք ծանոթացնել ուրիշներին այն հիասքանչ բաների հետ, որոնք Հիսուսն ապագայում կիրագործի։

Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա, որպես թագավոր իշխելու համար ժամանակը դեռևս չէր եկել։ Իսկ այն ե՞րբ պիտի գա։ Հիսուսի աշակերտներին այս հարցը շատ է հետաքրքրում։ Դրա մասին կիմանանք հաջորդ գլխում։

Մատթէոս 21։1–17; Յովհաննէս 12։12–16։