Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մանկահասակ Հիսուսը տաճարում

Մանկահասակ Հիսուսը տաճարում

Պատմություն 87

Մանկահասակ Հիսուսը տաճարում

ՆԱՅԻ՛Ր մեծերի հետ խոսող այս մանկահասակ տղային։ Այս մարդիկ Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարի վարդապետներ են։ Իսկ դեռահասը Հիսուսն է։ Նա արդեն 12 տարեկան է։

Ուսուցիչները մնացել են զարմացած, որ Հիսուսն այդքան բան գիտի Աստծու և Գրություններում գրվածի մասին։ Բայց տեսնես ինչո՞ւ է նա մենակ, որտե՞ղ են Հովսեփն ու Մարիամը։

Ամեն տարի Պասեք կոչված առանձնահատուկ տոնը նշելու համար Հովսեփը ընտանիքի հետ միասին Երուսաղեմ է գալիս։ Նազարեթը Երուսաղեմից հեռու է գտնվում։ Այն ժամանակներում ո՛չ ավտոմեքենաներ կային, ո՛չ էլ գնացքներ։ Ժողովրդի մեծ մասը ոտքով է գնում, և Երուսաղեմ գնալը տևում է երեք օր։

Հովսեփն արդեն բազմանդամ ընտանիքի հայր է։ Նրա խնամքի տակ են գտնվում Հիսուսի փոքր քույրերն ու եղբայրները։ Եվ ահա Հովսեփն ու Մարիամն իրենց երեխաներով այս անգամ էլ սովորականի պես ճանապարհ են ընկնում դեպի տուն՝ Նազարեթ։ Նրանք կարծում են, թե Հիսուսն էլ բոլորի հետ միասին ճանապարհ է դուրս եկել։ Սակայն երբ օրվա վերջում կանգ են առնում, Հիսուսին չեն գտնում։ Նրանք իրենց որդուն որոնում են ազգականների ու ծանոթների մեջ, բայց նա չկա ու չկա։ Ստիպված ետ են դառնում Երուսաղեմ, որպեսզի այնտեղ փնտրեն։

Եվ ահա վերջապես Հիսուսին գտնում են այստեղ՝ վարդապետների հետ նստած։ Նա ուշադիր լսում է նրանց ու հարցեր տալիս։ Եվ բոլորը ապշած են մնացել նրա իմաստությամբ։ Բայց Մարիամն ասում է նրան. «Որդյա՛կ իմ, այս ի՞նչ արեցիր մեզ։ Ահա ես ու հայրդ անհանգստացած քեզ էինք փնտրում»։

— Փնտրո՞ւմ էիք, ինչո՞ւ,— զարմանում է Հիսուսը։— Մի՞թե չգիտեիք, որ ես իմ Հոր տանը պիտի լինեմ։

Այո՛, Հիսուսը սիրում է լինել այնտեղ, որտեղ կարող է սովորել Աստծու մասին։ Արդյոք մենք էլ այդ նույն զգացումը ունե՞նք։ Գալով Նազարեթ՝ իրենց տուն, Հիսուսն ամեն շաբաթ երկրպագության համար ժողովարան էր հաճախում։ Եվ քանի որ միշտ ուշադիր էր, Գրություններից շատ բան էր սովորում։ Եկեք մենք էլ ձգտենք Հիսուսի նման վարվել՝ հետևելով նրա օրինակին։

Ղուկաս 2։41–52; Մատթէոս 13։53–56։