Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առաջին ծիածանը

Առաջին ծիածանը

Պատմություն 11

Առաջին ծիածանը

ԳԻՏԵ՞Ս արդյոք, թե առաջին հերթին ինչ արեց Նոյը, երբ իր ընտանիքի անդամների հետ դուրս եկավ տապանից։ Նա զոհաբերություն կամ ընծա մատուցեց Աստծուն։ Նայի՛ր ներքևում պատկերված նկարին և դու կտեսնես նրան այդ բանն անելիս։ Կենդանիներից զոհ մատուցելով՝ Նոյը շնորհակալություն էր հայտնում Աստծուն իր ընտանիքը մեծ ջրհեղեղից փրկելու համար։

Ի՞նչ ես կարծում, Եհովային հաճելի՞ էր այդ զոհը. իհարկե։ Ուստի, նա խոստացավ Նոյին, որ երբեք այլևս աշխարհը ջրհեղեղով չի կործանելու։

Շուտով երկիրը բոլորովին ցամաքեց, և Նոյն իր ընտանիքի հետ միասին տապանից դուրս սկսեց ապրել մի նոր կյանքով։ Աստված օրհնեց նրանց և ասաց. «Շատ զավակնե՛ր ունեցեք։ Բազմացե՛ք ու լցրե՛ք երկիրը»։

Բայց հետագայում, լսելով մեծ ջրհեղեղի մասին, մարդիկ կարող էին վախենալ, որ նման բան միգուցե դարձյալ պատահի։ Այդ պատճառով Աստված նշան տվեց՝ որպես հիշեցում իր տված այն խոստումի, թե երկիրն այլևս չի կործանելու ջրհեղեղով։ Գիտե՞ս արդյոք, թե ի՞նչ նշան էր դա. ծիածան։

Սովորաբար, երբ անձրևից հետո շողում է արևը, երկնքում հաճախ ենք ծիածան տեսնում։ Ծիածանը բազմապիսի և գեղեցիկ գույներ ունի։ Երբևէ ծիածան տեսե՞լ ես։ Տեսնո՞ւմ ես այն նկարի մեջ։

Ահա թե ինչ ասաց Աստված. «Ես խոստանում եմ, որ երբեք այլևս ջրհեղեղով չեմ կործանի մարդկանց ու կենդանիներին։ Ես ծիածան եմ դնում ամպերի մեջ։ Եվ ամեն անգամ, երբ տեսնեմ այն, կմտաբերեմ իմ խոստումը»։

Հետևաբար, եթե դու էլ ծիածան տեսնես, ինչի՞ մասին այն քեզ կհիշեցնի։ Այո՛, Աստծու այն խոստման մասին, որ նա այլևս չի ոչնչացնելու աշխարհը ջրհեղեղով։

Ծննդոց 8։18–22; 9։9–17։