Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված փորձում է Աբրահամի հավատը

Աստված փորձում է Աբրահամի հավատը

Պատմություն 14

Աստված փորձում է Աբրահամի հավատը

ՀԱՊԱ նայի՛ր, թե Աբրահամն այստեղ ինչ է անում։ Նրա ձեռքին դանակ կա, և, ինչպես երևում է, նա պատրաստվում է սպանել իր որդուն։ Ինչո՞ւ հանկարծ նա վճռեց նման քայլի դիմել։ Բայց, նախ տեսնենք, թե Աբրահամն ու Սառան ինչպես զավակ ունեցան։

Հիշո՞ւմ ես՝ Աստված խոստացել էր, որ նրանք որդի կունենան։ Բայց դա անհնար էր թվում, քանի որ Աբրահամն ու Սառան բավականին ծեր էին։ Այնուհանդերձ, Աբրահամը հավատում էր, որ Աստծու համար անհնարին բան չկա։ Ուրեմն տեսնենք, թե ի՛նչ տեղի ունեցավ։

Աստծու խոստումը ստանալու օրից անցավ մի ամբողջ տարի։ Աբրահամն արդեն 100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, երբ նրանք ունեցան մի արու զավակ ու անունը դրեցին Իսահակ։ Այսպիսով՝ Աստված կատարեց իր խոստումը։

Բայց երբ Իսահակը մեծացավ, Եհովան որոշեց փորձել Աբրահամի հավատը։ Նա կանչեց. «Աբրահա՛մ, ո՞ւր ես»։ Վերջինս պատասխանեց. «Ահա՛ ես»։ Աստված պատվիրեց Աբրահամին. «Վերցրո՛ւ քո մեկ հատիկ որդուն՝ Իսահակին ու բարձրացի՛ր այն սարը, որ ես քեզ ցույց կտամ։ Այնտեղ քո որդուն մորթի՛ր ու զոհաբերի՛ր»։

Աբրահամը շատ տխրեց՝ լսելով այս խոսքերը, քանի որ իր որդուն շատ էր սիրում։ Հիշո՞ւմ ես Աստծու խոստումն այն մասին, որ Աբրահամի զավակները պիտի ապրեին Քանանի երկրում։ Բայց ինչպե՞ս կկատարվեր այդ խոստումը, եթե Իսահակը մահանար։ Այդ ամենը չհասկանալով հանդերձ՝ Աբրահամը հնազանդվեց Աստծուն։

Նա բարձրացավ սարը, կապեց Իսահակին ու դրեց իր պատրաստած զոհասեղանի վրա։ Այնուհետև հանեց դանակը իր որդուն մորթելու համար։ Բայց հենց այդ պահին Աստծու հրեշտակը կանչեց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Վերջինս պատասխանեց. «Ահա՛ ես»։

— Ձեռքդ նրան մի՛ դիպցրու և նրան վնաս մի՛ հասցրու,— ասաց Աստված։— Հիմա գիտեմ, որ հավատում ես ինձ, քանի որ քո մի հատիկ որդուն չխնայեցիր ինձ համար։

Որքա՜ն մեծ էր Աբրահամի հավատը Աստծու հանդեպ։ Նա համոզված էր, որ Եհովայի համար անկարելի ոչինչ չկա, և որ նա անգամ մեռելներից կարող էր հարություն տալ Իսահակին։ Բայց իրականում Աստված բոլորովին էլ չէր կամենում, որ Աբրահամը սպաներ Իսահակին։ Ահա թե ինչու նա այնպես արեց, որ մի ոչխար հայտնվի՝ եղջյուրներով խճճված մոտակա մացառներում և պատվիրեց Աբրահամին այն զոհաբերել իր որդու փոխարեն։

Ծննդոց 21։1–7; 22։1–18։