Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բոցավառվող թուփը

Բոցավառվող թուփը

Պատմություն 30

Բոցավառվող թուփը

ՄՈՎՍԵՍԸ բարձրացել էր Քորեբ սարը՝ ոչխարների հոտի համար արոտավայր փնտրելու։ Այստեղ նա մի թուփ տեսավ, որը թեև բռնկված էր կրակով, սակայն չէր այրվում։

— Տարօրինակ է,— մտածեց Մովսեսը։— Մոտենամ ու ավելի լավ տեսնեմ։Երբ մոտեցավ, մի ձայն լսվեց թփերի միջից, որն ասում էր. «Մի՛ մոտենա։ Հանի՛ր կոշիկներդ, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնած ես, սուրբ է»։ Դա Աստված էր խոսում հրեշտակի միջոցով, ուստի Մովսեսը երեսը ծածկեց։

Այնուհետև Աստված ասաց. «Տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում։ Ուզում եմ նրանց ազատել գերությունից։ Եվ ես քեզ կուղարկեմ, որ իմ ժողովրդին հանես Եգիպտոսից»։ Եհովան մտադրվել էր իր ժողովրդին առաջնորդել դեպի Քանանի գեղեցիկ երկիրը։

Մովսեսն առարկեց. «Ես ո՞վ եմ, որ այդ բանն անեմ։ Եթե գնամ իսրայելացիների մոտ, ու նրանք հարցնեն, թե ով է ինձ ուղարկել, ի՞նչ պատասխան տամ նրանց»։

— Այսպե՛ս ասա Իսրայելի ժողովրդին,— պատասխանեց Աստված.— ԵՀՈՎԱՆ՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Սա է իմ անունը հավիտյան։

— Իսկ եթե նրանք չհավատան, որ դու ես ինձ ուղարկել,— դիմեց Մովսեսը։

— Այդ ի՞նչ է ձեռքիդ,— հարցրեց Աստված։

— Գավազան։

— Գցի՛ր այն գետնին,— ասաց Աստված։ Եվ երբ նա գետնին գցեց իր գավազանը, այն վերածվեց օձի։ Այնուհետև Եհովան մեկ ուրիշ հրաշք էլ Մովսեսին ցույց տվեց։ Նա ասաց. «Ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Մովսեսը ձեռքը ծոցը տարավ, իսկ երբ հանեց՝ ի՜նչ տեսնի, որ լավ լինի. այն ճերմակ էր, ինչպես ձյունը։ Այդպես լինում է մի վատ հիվանդությամբ՝ բորոտությամբ հիվանդանալու դեպքում։ Հետո Եհովան Մովսեսին օժտեց երրորդ հրաշքը գործելու զորությամբ։ Իսկ վերջում ասաց. «Երբ կատարես այս հրաշքները, իսրայելացիները կհավատան, որ ե՛ս քեզ ուղարկեցի»։

Այս դեպքից հետո Մովսեսը տուն վերադարձավ և ասաց Հոթորին. «Խնդրում եմ, թույլ տուր ինձ գնալ ազգականներիս մոտ՝ Եգիպտոս՝ իմանալու համար, թե ինչպես են նրանք ապրում»։ Ապա, հրաժեշտ տալով նրանց՝ Մովսեսը ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս։

Ելից 3։1–22; 4։1–20։