Իրարից տարբեր երկվորյակներ
Պատմություն 17
Իրարից տարբեր երկվորյակներ
ԱՅՍՏԵՂ պատկերված երկու տղաները բոլորովին նման չեն իրար, այնպես չէ՞։ Գիտե՞ս նրանց անունները։ Որսորդությամբ զբաղվող տղայի անունը Եսավ է, իսկ նա, որ խնամում է գառներին՝ Հակոբն է։
Եսավն ու Հակոբը Իսահակի ու Ռեբեկայի երկվորյակ որդիներն էին։ Հայրը՝ Իսահակը, ավելի շատ սիրում էր Եսավին, քանի որ նա լավ որսորդ էր և ընտանիքի համար սնունդ էր հայթայթում։ Իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին, քանի որ վերջինս հանգիստ, խաղաղասեր տղա էր։
Նրանց պապը՝ Աբրահամը, դեռ ողջ էր. դժվար չէր պատկերացնել, թե Հակոբն ինչ ուրախությամբ էր լսում, երբ պապը պատմում էր Եհովայի մասին։ Աբրահամը մահացավ 175 տարեկան հասակում, երբ երկվորյակները 15 տարեկան էին։
Քառասուն տարեկանում Եսավն իր համար երկու կին ընտրեց Քանանի երկրից։ Դրանով նա Իսահակին ու Ռեբեկային մեծ տխրություն պատճառեց, քանի որ այդ կանայք չէին երկրպագում Եհովային։
Օրերից մի օր այնպիսի դեպք տեղի ունեցավ, որի պատճառով Եսավը բարկությամբ լցվեց իր եղբոր՝ Հակոբի հանդեպ։ Մոտեցել էր ժամանակը, երբ Իսահակն իր հայրական օրհնությունը պիտի տար որդիներից ավագին։ Քանի որ Եսավը փոքր–ինչ ավելի շուտ էր ծնվել, քան Հակոբը, նա հույս ուներ, որ օրհնությունը իրեն բաժին կհասնի։ Բայց դրանից առաջ Եսավն արդեն իր՝ օրհնություն ստանալու իրավունքը ծախել էր Հակոբին։ Բացի այդ, երբ երկվորյակները դեռ նոր էին ծնվել, Աստված ասել էր, որ Հակոբն է ստանալու օրհնությունը։ Հենց այդպես էլ եղավ. Իսահակը օրհնեց ոչ թե Եսավին, այլ՝ Հակոբին։
Ավելի ուշ, երբ Եսավն իմացավ այդ մասին, խիստ բարկացավ Հակոբի վրա։ Այնքան մեծ էր նրա բարկությունը, որ որոշեց նույնիսկ սպանել եղբորը։ Լսելով այդ՝ Ռեբեկան շատ անհանգստացավ։ Ուստի նա այսպես ասաց իր ամուսնուն՝ Իսահակին. «Սարսափելի կլինի, եթե Հակոբն էլ ամուսնանա քանանացի կանանցից մեկի հետ»։
Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի Իսահակը կանչի Հակոբին ու պատվիրի նրան. «Քեզ համար կին չընտրես այս երկրից, գնա Խառան, քո պապի՝ Բաթուելի մոտ։ Ամուսնացի՛ր Լաբանի աղջիկներից մեկի հետ»։
Հակոբը լսեց հորը և անմիջապես ճանապարհ ընկավ դեպի Խառան, որտեղ ապրում էին իր ազգականները։
Ծննդոց 25։5–11, 20–34; 26։34, 35; 27։1–46; 28։1–5; Եբրայեցիս 12։16, 17։