Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հակոբի բազմանդամ ընտանիքը

Հակոբի բազմանդամ ընտանիքը

Պատմություն 19

Հակոբի բազմանդամ ընտանիքը

ՀԱՊԱ նայի՛ր այս բազմանդամ ընտանիքին։ Սրանք Հակոբի 12 որդիներն են։ Նա ունի նաև աղջիկ–​զավակներ։ Գիտե՞ս այս երեխաներից որևէ մեկի անունը։ Եկ ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։

Լիան ծնեց Ռուբենին, Շմավոնին, Ղևիին և Հուդային։ Ռաքելը, տեսնելով, որ չի կարող երեխաներ ունենալ, շատ տխրեց։ Բայց հետո իր աղախին Բաղղային տվեց Հակոբին, ու Բաղղան երկու որդի ունեցավ նրանից՝ Դանին ու Նեփթաղիմին։ Իսկ Լիան Հակոբին տվեց իր աղախին Զեղփային, որից ծնվեցին Գադն ու Ասերը։ Լիան հետագայում ևս երկու որդի ունեցավ՝ Իսաքար ու Զաբուղոն անուններով։

Բայց շուտով Ռաքելին էլ հաջողվեց երեխա ունենալ։ Նա իրենից ծնած որդուն անվանեց Հովսեփ։ Քիչ հետո մենք Հովսեփի մասին կիմանանք շատ ավելին, քանի որ նա շատ կարևոր դեմք դարձավ։ Ահա Հակոբի 11 որդիները, որոնք ծնվեցին այն ժամանակաընթացքում, երբ նա ապրում էր Ռաքելի հոր՝ Լաբանի մոտ։

Հակոբը նաև աղջիկներ ունեցավ, բայց Աստվածաշնչում հանդիպում ենք միայն նրանցից մեկի անվանը։ Դա Դինան է։ Եկավ ժամանակը, երբ Հակոբը վճռեց դուրս գալ Լաբանի տնից ու վերադառնալ իր երկիրը։ Այսպիսով՝ նա հավաքեց իր բազմանդամ ընտանիքին, ոչխարների հոտերն ու խոշոր եղջերավոր կենդանիների նախիրները և ճանապարհ ընկավ դեպի հեռավոր Քանան։

Երբ Հակոբի ընտանիքը դեռևս վերադարձի ճանապարհին էր գտնվում, ծնվեց Ռաքելի մյուս որդին։ Ռաքելի վիճակը ծանր էր, ու ծննդաբերության ժամանակ նա մահացավ։ Բայց նորածին որդին ողջ մնաց։ Հակոբը նրան անվանեց Բենիամին։

Հակոբի 12 որդիների անունները լավ կլինի հիշել, քանի որ ողջ իսրայել ազգը նրանցից առաջացավ։ Փաստորեն, Իսրայելի 12 ցեղերը կոչվեցին Հակոբի 10 և Հովսեփի 2 որդիների անուններով։ Այդ ընթացքում ու նաև երկար ժամանակ դրանից հետո Իսահակը դեռ ողջ էր, և նրան, հավանաբար, մեծ ուրախություն էր պատճառում այդքան շատ թոռնիկներ ունենալը։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ պատահեց նրա թոռնուհուն՝ Դինային։

Ծննդոց 29։32–35; 30։1–26; 35։16–19; 37։35։