Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովսեփին բանտ են նետում

Հովսեփին բանտ են նետում

Պատմություն 22

Հովսեփին բանտ են նետում

ՀՈՎՍԵՓՆ ընդամենը 17 տարեկան է, երբ նրան տանում են Եգիպտոս։ Այնտեղ նրան վաճառում են Պետափրես անունով մի մարդու, որը ծառայում է Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին։

Հովսեփը տքնաջան աշխատում է իր տիրոջ՝ Պետափրեսի տանը։ Երբ նա հասակ է առնում, Պետափրեսը նրան վստահում է իր ամբողջ ունեցվածքի տնօրինությունը։ Բայց ինչո՞ւ է Հովսեփը գտնվում այս բանտում։ Պատճառը Պետափրեսի կինն է։

Հովսեփը դառնում է մի գեղեցկադեմ երիտասարդ, և Պետափրեսի կինն առաջարկում է նրան պառկել իր հետ։ Հովսեփը մերժում է այդ առաջարկը՝ հասկանալով, որ այդպես վարվելը սխալ է։ Պետափրեսի կնոջը խիստ զայրացնում է այդ մերժումը։ Եվ ահա, երբ իր ամուսինը տուն է վերադառնում, նա պատմում է նրան հետևյալ սուտը. «Այդ չար Հովսեփն ուզում էր պառկել ինձ հետ»։ Հավատալով իր կնոջ խոսքերին՝ Պետափրեսը խիստ զայրանում է Հովսեփի վրա և նրան բանտ նետում։

Շատ շուտով բանտապետը հասկանում է, որ Հովսեփը լավ մարդ է։ Նա նույնիսկ մյուս բանտարկյալների հսկողությունը Հովսեփին է հանձնում։ Դրանից որոշ ժամանակ անց փարավոնը զայրանում է իր մատռվակի (գինի մատուցողի) և հացագործի վրա ու նրանց բանտարկում։ Մի գիշեր նրանք երկուսն էլ առանձնահատուկ երազներ են տեսնում, որոնց նշանակությունը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ։ Հաջորդ օրը Հովսեփն ասում է նրանց. «Պատմեցե՛ք ինձ ձեր երազները»։ Երբ նրանք պատմում են, Հովսեփն Աստծու օգնությամբ տալիս է երազներից յուրաքանչյուրի ճիշտ բացատրությունը։

Մատռվակին նա ասում է. «Երեք օրից դու ազատ կարձակվես բանտից ու կրկին կդառնաս փարավոնի մատռվակը»։ Նաև ավելացնում է. «Երբ ազատվես բանտից, պատմի՛ր փարավոնին իմ մասին և օգնի՛ր ինձ դուրս գալու այստեղից»։ Իսկ հացագործին Հովսեփն ասում է. «Երեք օրից հետո փարավոնը քո գլուխը կտրելու է»։

Երեք օր անց Հովսեփի ասածները ճշգրտորեն կատարվում են։ Փարավոնը գլխատում է հացագործին, իսկ մատռվակին ազատում, որպեսզի նա շարունակի իրեն ծառայել։ Բայց մատռվակը բոլորովին մոռանում է Հովսեփին։ Նա փարավոնին ոչինչ չի պատմում Հովսեփի մասին, ու վերջինս մնում է բանտում։

Ծննդոց 39։1–23; 40։1–23։