Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սկսվում է մի դժվարին կյանք

Սկսվում է մի դժվարին կյանք

Պատմություն 5

Սկսվում է մի դժվարին կյանք

ԵԴԵՄԻ պարտեզից դուրս գտնվելով՝ Ադամն ու Եվան բազում դժվարությունների հանդիպեցին։ Նրանք տքնաջան պիտի աշխատեին իրենց ուտելիքը հայթայթելու համար։ Պարտեզի գեղեցիկ պտղատու ծառերի փոխարեն՝ նրանց շրջապատեցին փշերն ու տատասկները։ Ահա թե ինչ հետևանք ունեցավ այն, որ Ադամն ու Եվան չլսեցին Աստծուն ու դադարեցին համարվել նրա բարեկամները։

Բայց սարսափելին այն էր, որ Ադամն ու Եվան աստիճանաբար դեպի մահը պիտի գնային։ Հիշի՛ր Աստծու տված այն նախազգուշացումը, թե որոշակի ծառի պտղից ուտելու դեպքում նրանք պիտի մեռնեին։ Հենց այդպես էլ եղավ. այն օրվանից, երբ նրանք կերան այդ ծառի պտուղը, սկսեցին մահանալ։ Որքա՜ն անխոհեմ էին նրանք, որ չլսեցին Աստծուն։

Ադամի ու Եվայի բոլոր զավակները ծնվեցին այն բանից հետո, երբ Աստված նրանց ծնողներին դուրս հանեց Եդեմի պարտեզից։ Սա նշանակում էր, որ զավակները նույնպես պետք է ծերանային ու մահանային։

Միայն եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային, ապա կյանքն ի՜նչ երջանիկ կարող էր լինել նրանց ու նրանց սերունդների համար։ Բոլորը կկարողանային հավիտյան ուրախ ու երջանիկ ապրել երկրի վրա։ Ոչ մեկը չէր ծերանա, հիվանդանա ու մահանա։

Աստված ցանկանում է, որ մարդիկ ապրեն հավիտյան ու երջանիկ, ու նա խոստանում է, որ դա մի օր իրականություն է դառնալու։ Ողջ երկիրը գեղեցկանալու է, իսկ մարդիկ առողջ են լինելու։ Եվ երկրի վրա ապրողները բարեկամություն են անելու ոչ միայն իրար, այլ նաև Աստծու հետ։

Եվան այլևս Աստծու բարեկամը չէր։ Ուստի, նա դժվարությամբ և ցավով երեխաներ ծնեց։ Ինչ խոսք, Եհովային անհնազանդ գտնվելն իսկապես նրա առջև բազում դժբախտությունների դուռ բաց արեց։

Ադամն ու Եվան շատ տղաներ ու աղջիկներ ունեցան։ Երբ ծնվեց նրանց անդրանիկ որդին, նրան Կայեն անվանեցին, իսկ երկրորդ որդուն՝ Աբել։ Գիտե՞ս, թե ինչ պատահեց նրանց։

Ծննդոց 3։16–23; 4։1, 2; Յայտնութիւն 21։3, 4։