Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քաջ մարդը

Քաջ մարդը

Պատմություն 7

Քաջ մարդը

ԵՐԲ մարդիկ երկրի վրա շատացան, նրանցից շատերը Կայենի նման չար գործեր էին կատարում։ Բայց կար մեկը, որը նրանց նման չէր։ Նրա անունն էր Ենովք։ Ենովքը քաջ մարդ էր։ Չնայած շրջապատում բոլորը չար արարքներ էին կատարում, սակայն Ենովքը շարունակում էր Աստծուն ծառայել։

Գիտե՞ս արդյոք, թե մարդիկ այն ժամանակ ինչու էին չար գործեր կատարում։ Եկ վերհիշենք, թե ով դրդեց Ադամին ու Եվային չհնազանդվել Աստծուն և ուտել արգելված պտուղը։ Այո՛, դա այն չար հրեշտակն էր։ Աստվածաշունչը նրան կոչում է Սատանա։ Այս հրեշտակը ջանում է ազդեցություն գործադրել մարդկանց վրա, որպեսզի նրանք չարանան։

Մի օր Եհովան Ենովքին մի պատգամով ուղարկում է մարդկանց մոտ, բայց նրանք չեն կամենում լսել նրան։ Ենովքի հաղորդած լուրը հետևյալն է. «Աստված օր է նշանակել չար մարդկանց վերացնելու համար»։ Մարդիկ, հավանաբար, խիստ զայրանում են՝ լսելով այդ լուրը։ Գուցե նրանք փորձում են նույնիսկ սպանել Ենովքին։ Ուստի, Ենովքից քաջություն է պահանջվում, որպեսզի մարդկանց հայտնի Աստծու անելիքի մասին։

Աստված թույլ չի տալիս, որ Ենովքը երկար ապրի այդ չար մարդկանց մեջ։ Նա ապրում է ընդամենը 365 տարի։ Ինչո՞ւ ենք ասում «ընդամենը 365 տարի». որովհետև այն օրերում մարդիկ ֆիզիկապես շատ ավելի ուժեղ էին, քան այսօր, ու ավելի երկար էին ապրում։ Պատկերացրո՛ւ, որ Ենովքի որդին՝ Մաթուսաղան, ապրել է 969 տարի։

Իսկ Ենովքի մահից հետո մարդիկ գնալով ավելի ու ավելի են չարանում։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «ամեն օր չար բաների մասին էին մտածում», և «երկիրը բռնությամբ էր լցվել»։

Գիտե՞ս արդյոք, թե ո՛րն էր պատճառներից մեկը, որ երկրի վրա այդքան դժվարություններ կային։ Պատճառը Սատանան էր, որը մի նոր ձև գտավ՝ մարդկանց չարության դրդելու։ Այս մասին կիմանանք հաջորդ գլխում։

Ծննդոց 5։21–24, 27; 6։5, 11–13; Եբրայեցիս 11։5; Յուդա 14, 15։