Աստծո սքանչելի նոր աշխարհը
Մաս 10
Աստծո սքանչելի նոր աշխարհը
1, 2. Ի՞նչ տեղի կունենա Արմագեդոնի ազատաբեր պատերազմից հետո։
ԻՍԿ ի՞նչ տեղի կունենա Աստծո ազատաբեր պատերազմից՝ Արմագեդոնից հետո։ Կսկսվի մի հիանալի դարաշրջան։ Արմագեդոնը վերապրողները, որ արդեն ապացուցած կլինեն իրենց հավատարմությունը Աստծո իշխանության հանդեպ, կմտնեն նոր աշխարհ։ Ինչպիսի՜ հուզիչ ժամանակաշրջան կլինի դա. մարդկության վրա հրաշալի օրհնություններ կթափվեն Աստծո կողմից։
2 Աստծո Թագավորության վերահսկողությամբ՝ փրկվածները կսկսեն երկիրը վերածել դրախտի։ Նրանք իրենց ուժերը կներդնեն ի նպաստ անշահախնդիր գործերի, որ օգուտ կբերեն այդ ժամանակ ապրող բոլոր մարդկանց։ Երկիրը կվերափոխվի՝ դառնալով մի գեղեցիկ, խաղաղ և հաճելի բնակարան ողջ մարդկության համար։
Չարության փոխարեն՝ արդարություն
3. Ի՞նչ ազատագրում կստանանք Արմագեդոնից անմիջապես հետո։
3 Այս բոլորը հնարավոր կդառնա միայն՝ շնորհիվ Սատանայի աշխարհի կործանման։ Այլևս չեն լինի մարդկանց պառակտող կեղծ կրոններ, դասակարգեր ու կառավարություններ։ Սատանայական պրոպագանդան մոլորության մեջ չի գցի մարդկանց. այն տարածող բոլոր կազմակերպությունները կվերանան Սատանայի աշխարհի հետ միասին։ Միայն պատկերացրեք. Սատանայի աշխարհում տիրող թունավոր ոգին կվերանա։ Ինչպիսի՜ ազատագրություն։
4. Ի՞նչ կսկսեն սովորել մարդիկ՝ ի տարբերություն հնում սովորածի։
4 Այն ժամանակ մարդկային կառավարման կործանարար գաղափարները կփոխարինվեն աստվածային օգտակար ուսուցումներով։ «Քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն» (Եսայիա 54։13)։ Տարեցտարի շարունակվող այդ ուսուցման շնորհիվ, որ բարերար ազդեցություն կգործի, երկիրը կլցվի «Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ Մարդիկ այլևս վատ բաներ չեն սովորի. «աշխարհի բնակիչները արդարութիւն են սովոր[ելու]» (Եսայիա 26։9)։ Յուրաքանչյուր օր հագեցած է լինելու օգտակար գործերով ու մտքերով (Գործք 17։31; Փիլիպպեցիս 4։8)։
5. Ի՞նչ տեղի կունենան չարության ու չարագործների հետ։
5 Այլևս չի լինի սպանություն, բռնություն, գողություն և այլ հանցագործություններ։ Ոչ ոք չի տառապի ուրիշի կատարած չարագործության պատճառով։ Առակաց 10։30–նն ասում է. «Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ»։
Նորից՝ կատարյալ առողջություն
6, 7. ա) Ո՞ր տխուր իրողությանը վերջ կդնի Աստծո Թագավորությունը։ բ) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց դա երկրի վրա եղած ժամանակ։
6 Առաջին մարդկանց ըմբոստության բոլոր վնասակար հետևանքները նոր աշխարհում կվերանան։ Աստծո Թագավորությունը վերջ կդնի, օրինակ, հիվանդությանն ու ծերությանը։ Ցավալի է, բայց փաստ, որ այսօր համեմատաբար լավ առողջությամբ աչքի ընկնող մարդն անգամ ծերանում է՝ կորցնում տեսողությունը, լսողությունը, ատամները, սկսում է կնճռոտվել, շարքից դուրս են գալիս նրա ներքին օրգանները. ի վերջո նա մահանում է։
7 Սակայն վհատություն պատճառող այս բոլոր բաները, որ ժառանգել ենք մեր նախածնողներից, շուտով պատմության գիրկը կանցնեն։ Այս կապակցությամբ՝ հիշո՞ւմ եք, թե երկրի վրա եղած ժամանակ ինչ ցույց տվեց Հիսուսը։ Աստվածաշունչը ասում է. «Շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։ Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս» (Մատթէոս 15։30, 31)։
8, 9. Ինչպիսի՞ երջանկություն կտիրի, երբ նոր աշխարհում մարդիկ կատարյալ առողջություն վերստանան։
8 Ինչպիսի՜ երջանկություն կտիրի, երբ նոր աշխարհում մեր բոլոր հիվանդությունները վերանան։ Մենք երբեք այլևս չենք տանջվի վատ առողջության պատճառով։ «Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 33։24; 35։5, 6)։
9 Մի՞թե հիանալի չէ այն միտքը, որ ամեն առավոտ արթնանալով՝ մեզ առողջ ու առույգ կզգանք։ Մի՞թե ծեր մարդու համար ուրախություն չէ իմանալ, որ նա վերագտնելու է իր երիտասարդական ուժերը և հասնելու է այն կատարյալ վիճակին, որում սկզբում գտնվում էին Ադամն ու Եվան։ Աստվածաշունչը խոստանում է. «Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին» (Յոբ 33։25)։ Որքա՜ն հաճելի կլինի դեն նետել ակնոցները, լսողական ապարատները, հենակները, սայլակներն ու դեղերը։ Երբեք այլևս հիվանդանոցների, բժիշկների ու ատամնաբույժների կարիք չենք ունենա։
10. Ի՞նչ տեղի կունենա մահվան հետ։
10 Նման առողջություն վայելող մարդիկ չեն ցանկանա մահանալ, և չեն էլ մահանա, քանի որ մարդկությունն այլևս չի գտնվի անկատարության և մահվան լծի տակ։ Հիսուսը պետք է «թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտքերի տակ դնէ։ Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է»։ «Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք[ն է]՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Ա Կորնթացիս 15։25, 26; Հռովմայեցիս 6։23; տես նաև Եսայիա 25։8)։
11. «Յայտնութիւն» գրքում ինչպե՞ս են ամփոփ կերպով ներկայացվում այն օրհնությունները, որ կստանանք նոր աշխարհում։
11 Ամփոփելով այն օրհնությունները, որ հոգատար Աստված կթափի մարդկության վրա՝ Աստվածաշնչի վերջին գիրքն ասում է. «Եվ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։
Մահացածների վերադարձը
12. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց հարություն տալու՝ Աստծուց ստացած իր զորությունը։
12 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ոչ միայն հիվանդների և հաշմանդամների բժշկեց, այլև նորից կյանքի կոչեց մահացած անհատների։ Այդպես նա ցույց տվեց, որ Աստված օժտել է նրան մի հրաշալի զորությամբ՝ մահացածներին հարություն տալու։ Հիշո՞ւմ եք այն դեպքը, երբ մի մարդու տուն գնալով՝ Հիսուսն ասաց նրա մահացած աղջկան. «Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց»։ Արդյունքո՞ւմ։ «Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս»։ Տեսնելով դա՝ մարդիկ «մեծ զարմանքով զարմացան»։ Նրանք ուրախությունից չգիտեին ինչ անել (Մարկոս 5։41, 42; տես նաև Ղուկաս 7։11–16; Յովհաննէս 11։1–45)։
13. Ովքե՞ր պետք է հարություն առնեն։
13 Նոր աշխարհում «արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Հիսուսը կօգտագործի հարություն տալու իր աստվածաշնորհ զորությունը. նա ասել է. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի» (Յովհաննէս 11։25)։ Բացի այդ, Հիսուսը հայտարարել է. «Ամենքը՝ որ գերեզմաններումն [Աստծո հիշողության մեջ] են, նորա [Հիսուսի] ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)։
14. Ի՞նչը կվերանա մահվան հետ միասին։
14 Ինչպիսի՜ ուրախություն կտիրի ամբողջ աշխարհում, երբ մահացածները խումբ խմբի ետևից կյանքի կոչվեն ու միանան իրենց սիրելիներին։ Մահվան մասին տխրեցնող հայտարարությունների փոխարեն՝ թերևս ճիշտ հակառակը լինի. հայտարարություններ հերթական հարություն առածների մասին՝ ի ուրախություն նրանց սիրողներին։ Էլ երբեք չեն լինի թաղումներ, թաղման խարույկներ, դիակիզարաններ ու գերեզմաններ։
Աշխարհում՝ իսկական խաղաղություն
15. Ինչպե՞ս բառիս բուն իմաստով կիրականանա Միքիայի մարգարեությունը։
15 Աշխարհում իսկական խաղաղություն կտիրի՝ բոլոր առումներով։ Զենքի արտադրությունը, պատերազմներն ու դրանք հովանավորողները պատմության գիրկը կանցնեն։ Ինչպե՞ս։ Ազգերը, ցեղերն ու ռասաները շահադիտական նպատակներ չեն հետապնդի։ Այն ժամանակ բառիս բուն իմաստով «ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն» (Միքիա 4։3)։
16. Աստված ինչպե՞ս վերջ կդնի պատերազմներին։
16 Սա գուցե զարմանալի թվա, քանի որ մարդկության պատմությունը ներկված է պատերազմներում թափված արյունով։ Բայց դա հետևանք էր մարդկանց ու դևերի իշխանության։ Իսկ նոր աշխարհում, որտեղ կառավարելու է Աստծո Թագավորությունը, տեղի կունենա այլ բան. «Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, ....որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։8, 9)։
17, 18. Ինչպիսի՞ հարաբերություններ կլինեն մարդկանց և կենդանիների միջև նոր աշխարհում։
17 Խաղաղություն կտիրի անգամ մարդկանց ու կենդանիների միջև, ճիշտ ինչպես Եդեմում էր (Ծննդոց 1։28; 2։19)։ Ահա թե ինչ է խոստանում Աստված. «Նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ, ....եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ» (Ովսէէ 2։18)։
18 Ի՞նչ չափերի կհասնի այդ խաղաղությունը։ «Եւ գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց»։ Կենդանիները երբեք այլևս վտանգ չեն ներկայացնի ո՛չ մարդու համար, ո՛չ էլ մեկը մյուսի։ Նույնիսկ «առիւծը արջառի պէս խոտ կ’ուտէ» (Եսայիա 11։6–9; 65։25)։
Երկիրը՝ դրախտի վերածված
19. Ինչի՞ կվերածվի երկիրը։
19 Ողջ երկիրը կվերածվի դրախտանման մի տան՝ մարդկության համար։ Ահա թե ինչու իր հանդեպ հավատ ցուցաբերած անհատին Հիսուսը տվեց հետևյալ խոստումը. «Ինձ հետ դրախտումը կ’լինիս»։ Աստվածաշունչն ասում է. «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս։ .... Որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ» (Ղուկաս 23։43; Եսայիա 35։1, 6)։
20. Ինչո՞ւ մարդիկ այլևս չեն տառապի սովից։
20 Աստծո Թագավորության կառավարման ժամանակ մարդիկ չեն տառապի սովից։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ»։ «Դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը» (Սաղմոս 72։16; Եզեկիէլ 34։27)։
21. Ի՞նչ տեղի կունենա չքավորության, տնանկության և հանցագործության հետ։
21 Չի լինի այլևս չքավորություն, չեն լինի անտուն մարդիկ, խարխլված տներ և հանցագործությամբ ողողված թաղամասեր։ «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ»։ «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի» (Եսայիա 65։21, 22; Միքիա 4։4)։
22. Աստվածաշնչի համաձայն՝ ի՞նչ օրհնություններ կբերի Աստծո իշխանությունը։
22 Այս բոլոր օրհնությունները և էլի ուրիշ օրհնություններ կթափվեն մարդկանց վրա Դրախտում։ Սաղմոս 145։16–ում ասվում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով»։ Զարմանալի չէ, որ աստվածաշնչյան մարգարեությունների համաձայն՝ «խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ .... Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։11, 29)։
Անցյալը՝ մոռացության մատնված
23. Ինչպե՞ս Աստծո Թագավորությունը կվերացնի մեր կրած տառապանքների հետևանքը։
23 Աստծո Թագավորությունը կվերացնի այս վեց հազար տարվա ընթացքում մարդկությանը հասցված վնասը։ Ուրախությունը, որ կտիրի այդ ժամանակ, անհամեմատ կգերազանցի ցանկացած տառապանքի, որ կրել են մարդիկ։ Տխուր հիշողությունները չեն դառնացնի կյանքը։ Դրանք աստիճանաբար մոռացության կմատնվեն ու կփոխարինվեն առօրյա կյանքի՝ բարերար ազդեցություն թողնող մտքերով ու գործերով։
24, 25. ա) Եսայիայի մարգարեության համաձայն՝ ի՞նչ պետք է տեղի ունենա։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ անցյալի վատ հիշողություններից հետք չի մնա։
24 Հոգատար Աստված հետևյալ խոստումն է տալիս. «Ահա ես նոր երկինք [նոր երկնային կառավարություն] եւ նոր երկիր [արդար մարդկային հասարակություն] եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ»։ «Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. նորանք գոչում են ցնծութեամբ» (Եսայիա 14։7; 65։17, 18)։
25 Այսպիսով՝ իր Թագավորության միջոցով Աստված ամբողջովին կվերափոխի այն վատ վիճակը, որ տիրել է այսքան ժամանակ։ Նա իր հոգատարությունը ցույց կտա ողջ հավիտենության ընթացքում՝ օրհնություններ թափելով մեզ վրա, և դա մեծապես կփոխհատուցի այն ցավը, որ կրել ենք։ Մեր նախկին դժվարությունների մասին ընդամենը աղոտ հիշողություններ կմնան. իհարկե, եթե ցանկանանք դա հիշել։
26. Ինչո՞ւ Աստված կփոխհատուցի անցյալում կրած մեր տառապանքը։
26 Ահա թե ինչ փոխհատուցում կստանանք Աստծո կողմից այն տառապանքների դիմաց, որ այս աշխարհում, հավանաբար, կրել ենք։ Նա գիտի, որ պատասխանատու չենք մեր անկատարության համար, քանի որ այն ժառանգել ենք մեր նախածնողներից։ Նաև մենք մեղավոր չենք, որ ծնվել ենք այս սատանայական աշխարհում. եթե Ադամն ու Եվան հավատարիմ մնային, մենք դրախտում կծնվեինք։ Աստված, կարեկցանք ցուցաբերելով, առավել քան կփոխհատուցի այն դժվարին անցյալը, որ բաժին է ընկել մեզ։
27. Ո՞ր մարգարեություններն իրենց հրաշալի կատարումը կունենան նոր աշխարհում։
27 Նոր աշխարհում մարդիկ կվայելեն Հռովմայեցիս 8։21, 22–ում կանխագուշակված ազատությունը. «Ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են»։ Նրանք կդառնան Հիսուսի աղոթքում ասված հետևյալ խոսքերի ամբողջական կատարման ականատեսը. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Հրաշալի պայմանները, որ կհասատավեն երկրի վրա, կարտացոլեն այն իրավիճակը, որ տիրում է երկնքում։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 23–րդ էջի վրա]
Նոր աշխարհում ծերերը կվերագտնեն այն ուժը, որ ունեցել են երիտասարդ ժամանակ
[նկար 24–րդ էջի վրա]
Նոր աշխարհում բոլոր հիվանդություններն ու արատները կվերանան
[նկար 25–րդ էջի վրա]
Նոր աշխարհում մահացածները հարություն կառնեն
[նկար 26–րդ էջի վրա]
«Այլեւս պատերազմի չեն վարժուիլ»
[նկար 27–րդ էջի վրա]
Դրախտում մարդկանց և կենդանիների միջև կատարյալ խաղաղություն կտիրի
‘Աստված բաց կանի իր ձեռքը և կկշտացնի ամեն կենդանին հաճությունով’
[նկար 28–րդ էջի վրա]
Աստծո Թագավորությունը մեծապես կփոխհատուցի այն տառապանքը, որ կրել ենք