Աստված տեղեկացնում է իր նպատակների մասին
Մաս 4
Աստված տեղեկացնում է իր նպատակների մասին
1, 2. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված պատասխանում է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց հարցերին։
ԱՍՏՎԱԾ, որ սիրո մարմնացում է, իսկապես հայտնում է իր նպատակները իրեն փնտրող անկեղծ անհատներին։ Հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց նա տալիս է իրենց հուզող հարցերի պատասխանները, այդ թվում նաև՝ թե ինչու է թույլատրել տառապանքը։
2 Աստվածաշունչը հավաստիացնում է. «Եթէ [Աստծուն] որոնես, նա կ’գտնուի քեզանից»։ «Կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող»։ «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ա Մնացորդաց 28։9; Դանիէլ 2։28; Ամովս 3։7)։
Որտե՞ղ գտնել պատասխանները
3. Որտեղի՞ց կարող ենք իմանալ, թե ինչու է Աստված թույլատրել տառապանքը։
3 Թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և թե ինչ է ձեռնարկելու այդ կապակցությամբ, կարելի է իմանալ նրա կողմից ներշնչված մի արձանագրությունից, որ գրվել է մեր օգտի համար։ Այդ արձանագրությունը նրա սուրբ Խոսքն է՝ Աստվածաշունչը։ «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար [«Աստծու ներշնչումով գրված բոլոր [Սուրբ] գրքերը օգտակար են», ԱՆԹ]՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
4, 5. Ինչո՞վ է Աստվածաշունչն անզուգական։
4 Աստվածաշունչն իսկապես անզուգական գիրք է։ Այն հանդիսանում է մարդկության պատմությունը ներկայացնող ամենաճշգրիտ աղբյուրը։ Գիրքը տեղեկություններ է պարունակում նույնիսկ այն իրադարձությունների մասին, որ տեղի են ունեցել նախքան մարդու ստեղծվելը։ Այն նաև այժմեական է, քանզի այնպիսի մարգարեություններ է պարունակում, որ վերաբերում են ինչպես մեր օրերում կատարվող, այնպես էլ մոտ ապագայում տեղի ունենալիք իրադարձություններին։
5 Ճշգրտությամբ պահպանված լինելու հարցում ոչ մի գիրք այդքան ապացույցներ չունի, որքան Աստվածաշունչը։ Անտիկ դասական գրողների ստեղծագործություններից, օրինակ, միայն մի քանի ձեռագրեր են պահպանվել։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, ապա մինչև օրս, մասամբ թե ամբողջովին, պահպանվել են բազում ձեռագրեր. մոտ 6 000–ը Եբրայերեն Գրություններից (Հին Կտակարանի 39 գրքերը) և մոտ 13 000–ը Քրիստոնեական Հունարեն Գրություններից (Նոր Կտակարանի 27 գրքերը)։
6. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշնչի տեքստն այսօր գրեթե չի տարբերվում բնագրից։
6 Ամենակարող Աստված, որի ներշնչմամբ գրվել է Աստվածաշունչը, հոգ է տարել, որ այդ ձեռագրերի կրկնօրինակման ժամանակ չխախտվի տեքստի ամբողջականությունը։ Այնպես որ այսօրվա մեր ունեցած Աստվածաշնչում հիմնականում նույնն է գրված, ինչ որ եղել է բնագրում։ Դրանում է՛լ ավելի կարելի է համոզվել, եթե հաշվի առնենք, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունների որոշ կրկնօրինակներ արվել են բնագրերի արձանագրումից հարյուր տարի էլ չանցած։ Մինչդեռ հազվադեպ է պատահում, որ հին աշխարհի գրողների ստեղծագործությունների՝ մեզ հասած ձեռագիր պատճենները արված լինեն բնագրից գոնե մի քանի դար հետո։
Աստծո պարգևը
7. Ի՞նչ տարածում է գտել Աստվածաշունչը։
7 Աստվածաշունչն ամենալայն տարածում ունեցող գիրքն է պատմության մեջ։ Մինչև օրս տպագրվել է ավելի քան երեք միլիարդ օրինակ։ Ոչ մի ուրիշ գիրք իր տպաքանակով չի կարող հավասարվել Աստվածաշնչին, նույնիսկ՝ մոտավորապես։ Աստվածաշունչը՝ մասամբ թե ամբողջովին, թարգմանվել է ավելի քան 2 250 լեզուներով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այն մատչելի է երկրագնդի բնակչության ավելի քան 90%–ին։
8-10. Ինչո՞ւ արժե քննել Աստվածաշունչը։
8 Անշուշտ մի գիրք, որը պնդում է, թե գրվել է Աստծո կողմից, և որի հավաստի լինելն ապացուցող բազում փաստեր կան թե՛ անմիջապես այդ գրքում և թե՛ արտաքին աղբյուրներում, արժանի է մեր քննությանը։ a Այն ցույց է տալիս, թե որն է կյանքի իմաստը, բացատրում է, թե ինչու է աշխարհում տիրում նման իրավիճակ, և պատմում է, թե ինչ է սպասվում ապագայում։ Ոչ մի ուրիշ գրքում նման բան չես գտնի։
9 Այո՛, Աստվածաշունչը մարդկության հետ Աստծո հաղորդակցման միջոցն է։ Այդ գիրքը գրի է առնվել նրա գործուն ուժի՝ սուրբ ոգու առաջնորդությամբ, և այդ գործին մասնակցել են մոտ 40 անհատներ։ Այսպիսով՝ Աստված մեզ հետ խոսում է իր սուրբ Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Պողոս առաքյալը գրել է. «Մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք» (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
10 Աբրահամ Լինքոլնը՝ Միացյալ Նահանգների 16–րդ նախագահը, Աստվածաշունչն անվանել է «Աստծո կողմից մարդուն տրված լավագույն պարգևը.... Առանց նրա մենք չէինք կարողանա տարբերել ճիշտը սխալից»։ Այժմ տեսնենք՝ ինչ է ասում այս մեծագույն պարգևը այն բանի վերաբերյալ, թե ինչպես սկիզբ առավ տառապանքը, ինչու այն թույլատրվեց, և ինչ է Աստված ձեռնարկելու այդ կապակցությամբ։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի հավաստի լինելը փաստող ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց» գիրքը՝ հրատարակված 1993 թ.–ին Եհովայի վկաների կողմից։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 10–րդ էջի վրա]
Աստվածաշունչը, որ գրվել է Աստծո ներշնչմամբ, մարդկության հետ նրա հաղորդակցման միջոցն է