Ինչո՞ւ է Աստված թույլատրել տառապանքը
Մաս 6
Ինչո՞ւ է Աստված թույլատրել տառապանքը
1, 2. Մարդկային առաջին զույգը ինչպե՞ս զրկվեց այն հիանալի կյանքից, որ Աստված ի սկզբանե նախատեսել էր նրանց համար։
ՍԱԿԱՅՆ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ մեր ծնողները զրկվեցին այն հրաշալի կյանքից, որ Աստված Եդեմում պարգևել էր նրանց։ Ինչո՞ւ դրախտի խաղաղության ու ներդաշնակության փոխարեն՝ արդեն հազարավոր տարիներ է, ինչ չարություն ու տառապանք է տիրում։
2 Պատճառն այն է, որ Ադամն ու Եվան չարաշահեցին իրենց տրված ազատ կամքը։ Նրանք հաշվի չառան այն հանգամանքը, որ ստեղծված չէին առանց Աստծո և նրա օրենքների հաջողության հասնելու։ Նրանք որոշեցին Աստծուց անկախ դառնալ՝ կարծելով, թե դրանով ավելի լավ կյանքի կհասնեն։ Այդպիսով նրանք դուրս եկան ազատ կամքի գործադրման այն սահմաններից, որ դրվել էին Աստծո կողմից (Ծննդոց, գլուխ 3)։
Վիճաբանական հարց՝ գերիշխանության վերաբերյալ
3-5. Ինչո՞ւ Աստված պարզապես չոչնչացրեց Ադամին ու Եվային և ամեն ինչ չսկսեց նորից։
3 Իսկ ինչո՞ւ Աստված պարզապես չոչնչացրեց Ադամին ու Եվային ու նրանց փոխարեն ուրիշ զույգ չստեղծեց։ Որովհետև տիեզերքում իշխելու նրա անկապտելի իրավունքն էր դրվել հարցականի տակ։
4 Հարցը հետևյալն էր. ո՞վ իրավունք ունի իշխելու, և ո՞ւմ իշխանությունն է արդար։ Ամենազոր լինելը և բոլոր ստեղծվածների Արարիչ հանդիսանալը Աստծուն իրավունք է տալիս նրանց վրա իշխելու։ Քանի որ նա բացարձակ իմաստության տեր է, նրա իշխանությունն է, որ լավագույն ձևով կնպաստի բոլոր արարածների բարօրությանը։ Բայց Աստծո իշխելու իրավունքը դրվեց հարցականի տակ։ Բացի այդ, հարց բարձրացվեց, թե միգուցե նրա ստեղծագործությունը՝ մարդը, թերի է։ Ավելի ուշ կքննենք, թե ինչպես շոշափվեց այդ հարցը՝ մարդու անարատություն պահելու վերաբերյալ։
5 Աստծուց անկախանալը մեկ ուրիշ հարց էլ առաջ բերեց. կարո՞ղ են մարդիկ ավելի մեծ հաջողությունների հասնել՝ առանց Աստծո ղեկավարության։ Ինչ խոսք, Արարիչը գիտեր պատասխանը, սակայն, որպեսզի մարդիկ էլ համոզվեին դրանում, լավագույն ձևը նրանց լիակատար ազատություն տալն էր։ Քանի որ մարդիկ իրենց կամքով ընտրեցին այդ ճանապարհը, Աստված թույլատրեց դա։
6, 7. Ինչո՞ւ Աստված այսքան ժամանակ թույլ տվեց, որ մարդիկ լիակատար ազատություն ունենան։
6 Աստված բավականաչափ ժամանակ տվեց մարդկանց, որպեսզի նրանք կարողանային տարբեր ձևերով գործի դնել իրենց լիակատար ազատությունը։ Շնորհիվ դրա՝ նա մեկընդմիշտ կլուծեր այն հարցը, թե որն է մարդկանց համար ավելի լավ՝ Աստծո, թե իրենց սեփական իշխանությունը։ Բավական ժամանակ էր հարկավոր, որպեսզի մարդիկ կարողանային զգալի հաջողությունների հասնել քաղաքական, տնտեսական, գիտական, բժշկական ոլորտներում։
7 Ուստի Աստված թույլ տվեց, որ առ այսօր մարդը ազատորեն ղեկավարի, որպեսզի այլևս կասկած չմնա այն հարցում, թե արդյոք մարդիկ Աստծուց անկախ՝ իրենք իրենց ղեկավարելով, հաջողության կհասնեն։ Այսպիսով՝ մարդուն ազատություն տրվեց ընտրելու՝ բարություն թե դաժանություն, սեր թե ատելություն, արդարություն թե անարդարություն։ Բայց նա նաև ճաշակելու էր իր կատարած ընտրության հետևանքները՝ բարություն և խաղաղություն կամ չարություն ու տառապանք։
Ըմբոստություն՝ ոգեղեն արարածների շրջանում
8, 9. ա) Ի՞նչ ապստամբություն բռնկվեց ոգեղեն ոլորտում։ բ) Բացի Ադամից ու Եվայից, Սատանան ուրիշ ո՞ւմ դրդեց ըմբոստության։
8 Հարկավոր է հաշվի առնել մեկ ուրիշ հանգամանք ևս։ Մեր նախածնողները միակ էակները չէին, որ ըմբոստացել էին Աստծո իշխանության դեմ։ Մի՞թե այդ ժամանակ ուրիշ արարածներ էլ կային։ Այո՛, դրանք ոգեղեն էակներն էին։ Նախքան մարդկանց արարելը Աստված երկնային ոլորտում կյանքի ավելի բարձր տեսակ էր ստեղծել՝ բազում հրեշտակների։ Նրանք նույնպես ստեղծված էին ազատ կամքով և կարիք ունեին Աստծո իշխանությանը ենթարկվելու (Յոբ 38։7; Սաղմոս 104։4; Յայտնութիւն 5։11)։
9 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ապստամբությունը սկիզբ առավ ոգեղեն ոլորտում։ Ոգեղեն արարածներից մեկը ցանկանում էր բացարձակ ազատություն ստանալ։ Նա անգամ ուզում էր, որ մարդիկ իրեն երկրպագեն (Մատթէոս 4։8, 9)։ Այդ ապստամբ ոգեղեն էակը, ազդելով Ադամի ու Եվայի վրա, դրդեց նրանց ըմբոստանալու Աստծո դեմ՝ նենգորեն պնդելով, թե Աստված ինչ–որ լավ բան է թաքցնում նրանցից (Ծննդոց 3։1–5)։ Այդ պատճառով նա կոչվեց Բանսարկու (զրպարտիչ) և Սատանա (հակառակորդ)։ Հետագայում նա ուրիշ ոգեղեն արարածների էլ դրդեց ապստամբության։ Այդ արարածները հայտնի դարձան որպես դևեր (Բ Օրինաց 32։17; Յայտնութիւն 12։9; 16։14)։
10. Մարդկանց և ոգեղեն արարածների ապստամբությունը ինչի՞ հանգեցրեց։
10 Ըմբոստանալով Աստծո դեմ՝ մարդիկ իրենք իրենց գցեցին Սատանայի և դևերի ազդեցության տակ։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը Սատանային անվանում «այս աշխարհի աստուածը», որ «անհաւատների սրտերը կուրացրեց»։ Աստծո Խոսքը նաև ասում է, որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [‘Չարին է ենթակա’, ԱՆԹ]»։ Հիսուսն ինքը Սատանային կոչեց «այս աշխարհքի իշխանը» (Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 5։19; Յովհաննէս 12։31)։
Երկու վիճաբանական հարց
11. Ուրիշ ի՞նչ հարցով Սատանան մարտահրավեր նետեց Աստծուն։
11 Սատանան մեկ ուրիշ հարց էլ բարձրացրեց՝ Աստծուն մարտահրավեր նետելով։ Նա մեղադրեց Աստծուն՝ ասելով, թե վերջինս մարդկանց ստեղծելիս սխալ է թույլ տվել, և թե ճնշման տակ ոչ ոք չի ցանկանա ճիշտ վարվել։ Նա անգամ հայտարարեց, որ փորձության ենթարկվելով՝ մարդիկ նույնիսկ կանիծեն Աստծուն (Յոբ 2։1–5)։ Այդպես Սատանան հարցականի տակ դրեց մարդ արարածի՝ անարատություն պահելու վճռականությունը։
12-14. Ժամանակի ընթացքում ինչպե՞ս պետք է բացահայտվեր ճշմարտությունը Սատանայի բարձրացրած երկու վիճաբանական հարցերի վերաբերյալ։
12 Աստված բավականաչափ ժամանակ տրամադրեց, որպեսզի բոլոր բանական էակները տեսնեն, թե ինչպես կլուծվեն այս և Աստծո գերիշխանության հետ կապված հարցերը (համեմատեցեք Ելից 9։16)։ Կյանքը ցույց կտար, թե որն է ճշմարտությունը՝ այս երկու վիճաբանական հարցերի հետ կապված։
13 Նախ և առաջ ի՞նչ էր ցույց տալու ժամանակը Աստծո գերիշխանության՝ տիեզերքում նրա իշխելու իրավունքի կապակցությամբ։ Կկարողանայի՞ն արդյոք մարդիկ Աստծուց ավելի լավ ղեկավարել իրենց։ Աստծուց անկախ՝ մարդկային իշխանության որևէ ձև կստեղծե՞ր արդյոք երջանիկ աշխարհ՝ պատերազմից, հանցագործությունից և անարդարությունից զերծ։ Կվերացնե՞ր արդյոք աղքատությունը՝ բոլորի համար բարեկեցիկ կյանք ստեղծելով։ Վերջ կդնե՞ր արդյոք հիվանդությանը, ծերությանը, մահին։ Աստծո իշխանության ներքո այս բոլորը հնարավոր էր (Ծննդոց 1։26–31)։
14 Իսկ ի՞նչ էր ցույց տալու ժամանակը երկրորդ հարցի՝ մարդ արարածի արժանավորության վերաբերյալ։ Արդյո՞ք Աստված սխալ էր ստեղծել մարդկանց։ Նրանցից որևէ մեկը փորձության տակ ճիշտ կվարվե՞ր։ Որևիցե մեկը ցույց կտա՞ր, որ անկախ մարդկային իշխանության փոխարեն նախընտրում է Աստծո իշխանությունը։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 13–րդ էջի վրա]
Աստված ժամանակ տվեց մարդկանց՝ տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասնելու
[թույլտվությամբ]
Shuttle: Based on NASA photo