Ինչպես կարող ենք իմանալ, որ գոյություն ունի Աստված
Մաս 3
Ինչպես կարող ենք իմանալ, որ գոյություն ունի Աստված
1, 2. Ո՞ր սկզբունքի օգնությամբ կարող ենք պարզել՝ գոյություն ունի Աստված, թե՝ ոչ։
ՊԱՐԶԵԼՈՒ համար՝ գոյություն ունի Աստված, թե՝ ոչ, քննենք, օրինակ, հետևյալ անհերքելի ճշմարտությունը. ցանկացած կառույց պետք է ունենա կառուցող։ Եվ որքան բարդ է կառույցը, այնքան ավելի հմուտ պետք է լինի կառուցողը։
2 Նայենք մեզ շրջապատող առարկաներին. սեղանը, աթոռը, մահճակալը, սափորը թե ուրիշ մի իր՝ բոլորը պետք է որ պատրաստված լինեն ինչ–որ մեկի կողմից։ Նույնը կարելի է ասել պատերի, հատակի և առաստաղի մասին։ Նշենք, որ դրանք պատրաստելը համեմատաբար հեշտ է։ Հարց է ծագում. եթե առանց պատրաստողի չեն կարող առաջանալ հասարակ իրերը, տրամաբանական չէ՞, որ բարդ մարմինները՝ առավել ևս։ Ընդ որում, դրանք պատրաստողը պետք է շատ ավելի խելացի անձնավորություն լինի։
Ակնածանք ներշնչող մեր տիեզերքը
3, 4. Ինչպե՞ս է տիեզերքն օգնում մեզ ընդունելու Աստծո գոյությունը։
3 Ժամացույց պատրաստելու համար ժամագործ է հարկավոր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել անչափ ավելի բարդ մեր արեգակնային համակարգի մասին, որտեղ մոլորակները վայրկյանի ճշգրտությամբ դարեր շարունակ պտտվում են արեգակի շուրջ։ Ի՞նչ կարելի է ասել «Ծիր Կաթին» կոչվող մեր գալակտիկայի մասին, որտեղ ավելի քան հարյուր միլիարդ աստղեր կան։ Երբևէ փորձե՞լ եք գիշերով դիտել այն։ Չե՞ք տպավորվել այդ տեսարանից։ Խորհեցեք հապա աներևակայելիորեն անսահման տիեզերքի մասին, որտեղ Ծիր Կաթինի նման անթիվ–անհամար գալակտիկաներ կան։ Երկնային մարմինները դարեր շարունակ այնպիսի ճշգրտությամբ են կատարում իրենց շարժումը, որ համեմատվում են ճշգրիտ ժամացույցի հետ։
4 Եթե համեմատաբար պարզ կառուցվածք ունեցող ժամացույցի համար ժամագործ է պետք, ապա շատ ավելի բարդ տիեզերքը, որ ակնածանք է ներշնչում, անկասկած պետք է որ նույնպես նախագծող ու ստեղծող ունենա։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը հրավիրում ‘վեր բարձրացնել աչքերը և նայել’՝ հարցնելով. «Ո՞վ է ստեղծել սորանց»։ Նույն գրքում տրվում է նաև պատասխանը. «Նորանց զօրքերը թիւով հանողը [Աստված], որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Այսպիսով՝ տիեզերքն իր գոյությամբ պարտական է անտեսանելի, զորեղ ու իմաստուն մի Ղեկավարի՝ Աստծուն։
Անզուգական Երկիր մոլորակը
5-7. Երկրի մասին ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ այն Նախագծող է ունեցել։
5 Որքան շատ են գիտնականները ուսումնասիրում երկիրը, այնքան ավելի են համոզվում, որ այն բացառիկ կերպով ծրագրված է մարդկանց բնակության համար։ Երկիրն արևից գտնվում է ճիշտ այնպիսի հեռավորության վրա, որ բավարար քանակությամբ լույս և ջերմություն ստանա։ Մեկ տարվա ընթացքում այն պտույտ է կատարում արևի շուրջ՝ պահպանելով որոշակի թեքություն. դրանով են պայմանավորված տարվա եղանակները։ Երկիրը նաև յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում պտտվում է իր առանցքի շուրջ՝ հնարավոր դարձնելով գիշերվա ու ցերեկվա հերթափոխը։ Մեր մոլորակն ունի մթնոլորտ՝ հենց այն գազերից բաղկացած, որոնք անհրաժեշտ են շնչելու և տիեզերքից եկող վնասակար ճառագայթումից պաշտպանվելու համար։ Երկրի վրա նաև արգավանդ հող կա, ջուր. բաներ, որ խիստ անհրաժեշտ են մեր սննդի ապահովման համար։
6 Առանց այս և շատ ուրիշ գործոնների, որ հանդես են գալիս միասնաբար, կյանքը անհնար կլիներ։ Արդյո՞ք այս բոլորը պատահականություն է։ Ահա թե ինչ է ասվում մի պարբերաթերթում. «Դժվար թե այսպիսի բացառիկ և ճշգրտորեն կարգավորված պայմանները պատահաբար առաջացած լինեին» («Science News»)։ Նման բան իրոք հնարավոր չէ։ Դա ավելի շուտ արդյունք է մի հոյակապ Նախագծողի նպատակասլաց գործունեության։
7 Եթե մտնեք մի գեղեցիկ տուն և տեսնեք այնտեղ սննդի առատ պաշար, ջեռուցման, օդափոխության ու ջրամատակարարման գերազանց համակարգ, ի՞նչ կմտածեք. որ այդ ամենը առաջ է եկել ինքնիրե՞ն։ Դժվար թե. ավելի շուտ կեզրակացնեք, որ այն մեծ հոգատարությամբ նախագծել ու կառուցել է ինչ–որ մի խելացի անհատ։ Երկիրը նույնպես ծրագրված և կառուցված է մեծ հոգատարությամբ, այնպես, որ հաշվի են առնված նրա բնակիչների կարիքները։ Ցանկացած տնից այն շատ ավելի բարդ կառուցվածք ունի և շատ ավելի լավ է ապահովված անհրաժեշտ միջոցներով։
8. Երկրի վերաբերյալ ուրիշ ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ Աստված սիրով հոգ է տանում մեր մասին։
8 Իսկ որքա՜ն բաներ կան, որ հաճելի են դարձնում կյանքը. բուրավետ, երփներանգ ծաղիկները, որ իրենց բազմազանությամբ ուրախություն են պատճառում, տարբեր տեսակի համեղ ուտելիքները, գեղեցիկ անտառները, լեռները, լճերը և շատ ուրիշ ստեղծագործություններ։ Իսկ սքանչելի մայրամուտնե՞րը, որ ավելի են գեղեցկացնում կյանքը, կենդանինե՞րը... Ուրախություն չի՞ պատճառում արդյոք նրանց ձագուկների, օրինակ՝ շնիկների, փիսիկների չարաճճի խաղը։ Եթե բերկրանք պատճառող այս բոլոր բաները չլինեին, կյանքը միևնույն է հնարավոր կլիներ։ Դա ցույց է տալիս, սակայն, որ երկիրը նախապատրաստվել է սիրով ու հոգատարությամբ, հաշվի են առնվել մարդու կարիքները, որպեսզի վերջինս ոչ թե պարզապես գոյատևի, այլ վայելի կյանքը։
9. Ո՞վ է ստեղծել երկիրը և ի՞նչ նպատակով։
9 Ուրեմն՝ խելամիտ կլինի ընդունել այս ամենը Տվողի գոյությունը, ինչպես դա արեց Աստվածաշունչը գրի առնողներից մեկը, որը Եհովա Աստծո մասին ասել է. «Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը»։ Իսկ ո՞րն է եղել ստեղծելու նպատակը։ Պատասխանը տալիս է հենց նույն անհատը՝ ասելով, որ Աստված «կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ [«զուր տեղը», ԷԹ], այլ բնակուելու համար ստեղծեց նորան» (Եսայիա 37։16; 45։18)։
Կենդանի բջիջ՝ զարմանահրաշ կառույց
10, 11. Կենդանի բջիջն ինչո՞վ է զարմանալի։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել կենդանի օրգանիզմների մասին։ Մի՞թե նրանք կարող էին առաջ գալ առանց ստեղծողի։ Տեսնենք, թե ինչ զարմանալի առանձնահատկություններ ունի կենդանի բջիջը։ Մոլեկուլային կենսաբանության բնագավառի գիտնական Մայքլ Դենթոնն ասում է. «Երկրի վրա այսօր գոյություն ունեցող պարզագույն օրգանիզմներն անգամ՝ մանրէները, չափազանց բարդ կառուցվածք ունեն։ Չնայած իրենց աննկարագրելի փոքր չափերին.... նրանցից յուրաքանչյուրն ասես մի միկրոգործարան լինի՝ հազարավոր մոլեկուլներից վարպետորեն կառուցված մի բարդ մեխանիզմ.... շատ ավելի բարդ, քան մարդու կողմից ստեղծված ցանկացած սարքավորում. նրա նմանը գոյություն չունի անօրգանական աշխարհում» («Evolution։ A Theory in Crisis»)։
11 Իսկ բջջի գենետիկական կոդի վերաբերյալ նա ասում է. «Տեղեկությունների պահպանման հարցում ԴՆԹ–ի ունակությունը անչափ գերազանցում է մեզ հայտնի ցանկացած համակարգի ունակության։ Դա չափազանց էֆեկտիվ մի կառույց է. գրամի մի քանի միլիոներորդական էլ չկշռելով՝ պահպանում է մարդու նման բարդ օրգանիզմին վերաբերող տեղեկություններ։ .... Բարդ և հնարամտորեն պատրաստված մոլեկուլային այս կենդանի մեխանիզմի կողքին մարդու ամենավերջին [հայտնագործություններն] անգամ կոպիտ են թվում և ցույց են տալիս, թե որքան չնչին ենք մենք»։
12. Բջջի առաջացման մասին ի՞նչ է ասել մի գիտնական։
12 Դենթոնը նաև ասում է. «Մեզ հայտնի ամենապարզ բջիջն անգամ այնքան բարդ կառուցվածք ունի, որ անհնար է ընդունել, թե նման բանը կարող էր առաջանալ ինչ–որ անհեթեթ պատահականության հետևանքով»։ Այն պետք է նախագծող ու կառուցող ունենար։
Մարդու ուղեղ՝ զարմանալի ստեղծագործություն
13, 14. Ինչո՞ւ է ուղեղը շատ ավելի զարմանալի, քան կենդանի բջիջը։
13 Վերոհիշյալ գիտնականը ասում է նաև հետևյալը. «Բարդության տեսանկյունից՝ առանձին բջիջը ոչինչ է՝ համեմատած կաթնասունի ուղեղի հետ։ Մարդու ուղեղը բաղկացած է մոտավորապես տասը միլիարդ նեյրոններից։ Յուրաքանչյուր նեյրոնից դուրս են գալիս մոտ տասը հազարից հարյուր հազար նյարդաթելեր, որոնց միջոցով այն կապվում է ուղեղում գտնվող մյուս նեյրոնների հետ։ Այդ կապերի ընդհանուր քանակը հասնում է.... հազար տրիլիոնի»։
14 Դենթոնը շարունակում է. «Նույնիսկ եթե ուղեղում որոշակի ձևով կարգավորված լիներ նրա կապերի մեկ հարյուրերորդ մասը միայն, դա միևնույն է իրենից այնպիսի մի համակարգ կներկայացներ, որը շատ ավելի մեծ թվով կապեր կպարունակեր, քան երկրի ողջ հաղորդակցման ցանցը»։ Ելնելով դրանից՝ նա տալիս է հետևյալ հարցը. «Հնարավո՞ր է արդյոք, որ նման համակարգը առաջ գար ինչ–որ մի պատահական գործընթացի միջոցով»։ Պարզ է, որ ո՛չ։ Ուղեղի առաջացման համար հոգատար Նախագծող ու Կառուցող էր հարկավոր։
15. Ուրիշ ի՞նչ է ասվել ուղեղի մասին։
15 Մարդու ուղեղի համեմատությամբ ամենակատարելագործված համակարգիչներն անգամ պարզունակ են թվում։ Գիտնական և գրող Մորթոն Հանթն ասել է. «Մեր ակտիվ հիշողությունը մի քանի միլիարդ անգամ ավելի շատ տեղեկություն է պարունակում, քան ժամանակակից հսկա հետազոտական համակարգիչը»։ Իսկ նյարդավիրաբույժ դոկտոր Ռոբերտ Ուայթը հետևյալ եզրակացությունն է անում. «Ես ուղղակի չեմ կարող չընդունել, որ պետք է գոյություն ունենա Բարձրագույն Բանականություն, որը պատճառ է հանդիսացել այնպիսի մի հրաշքի, ինչպիսին է կապը ուղեղի ու մտքի միջև. մի բան, որն ըմբռնելը մարդու ուժերից վեր է։ .... Ստիպված եմ հավատալու, որ այս ամենը պետք է գիտակցաբար ծրագրված լիներ, որ ինչ–որ Մեկը պետք է սկիզբ դրած լիներ դրան»։ Այդ «Մեկը» նաև պետք է որ հոգատար անձնավորություն լիներ։
Արյան շրջանառություն՝ եզակի համակարգ
16-18. ա) Ինչո՞վ է արյան շրջանառությունը եզակի։ բ) Ի՞նչ եզրակացության պետք է հանգենք։
16 Իսկ ի՞նչ կարելի է ասել արյան շրջանառության մասին, որ մի անզուգական համակարգ է, ու որի միջոցով սննդարար նյութեր ու թթվածին է փոխադրվում, և օրգանիզմը պաշտպանվում է ինֆեկցիայից։ Այս համակարգի գլխավոր բաղադրիչի՝ արյան կարմիր գնդիկների վերաբերյալ մի գրքում ասվում է. «Արյան մի կաթիլն իր մեջ պարունակում է ավելի քան 250 միլիոն առանձին բջիջներ.... Մարդու մարմնի մեջ կա մոտ 25 տրիլիոն այդպիսի բջիջ. դա թենիսի չորս դաշտ կծածկեր.... Յուրաքանչյուր մեկ վայրկյանում 3 միլիոն բջիջներ փոխարինվում են նորերով» («ABC’s of the Human Body»)։
17 Իսկ արյան մեկ այլ բաղադրիչի՝ սպիտակ գնդիկների մասին նույն աղբյուրն ասում է. «Գոյություն ունի կարմիր գնդիկների միայն մի տեսակ, մինչդեռ սպիտակ գնդիկները լինում են տարբեր տեսակի, և այդ տեսակներից յուրաքանչյուրը այս կամ այն ձևով պաշտպանում է օրգանիզմը։ Մի տեսակն, օրինակ, ոչնչացնում է մեռած բջիջները։ Մյուսները հակամարմիններ են արտադրում, չեզոքացնում են օտար մարմինները և բառիս բուն իմաստով կուլ տալիս մանրէները»։
18 Ինչպիսի՜ ապշեցուցիչ, ինչպիսի՜ կազմակերպված համակարգ։ Անշուշտ, մի բան, որն այսքան լավ է կազմված, և այսքան մեծ պաշտպանություն կարող է ապահովել, պետք է հոգատարությամբ կազմակերպված լիներ ինչ–որ խելացի Անձնավորության կողմից. և այդ անձնավորությունը Աստված է։
Ուրիշ հրաշալիքներ
19. Ինչպիսի՞ն է աչքը մարդու ստեղծած սարքավորումների համեմատությամբ։
19 Մարդու մարմնում շատ ուրիշ հրաշալի բաներ էլ կան։ Նրանցից մեկը աչքն է. վերջինս այնքան հոյակապ է կառուցված, որ այն չես համեմատի ոչ մի տեսակի լուսանկարչական ապարատի հետ։ Աստղագետ Ռոբերտ Յասթրոուն ասել է. «Ինչպես երևում է, աչքը նախագծված է եղել. հեռադիտակ նախագծող և ոչ մի անձնավորություն չի կարող գերազանցել այն»։ Իսկ մի հրատարակության մեջ գրված է հետևյալը. «Մարդու աչքերը կարող են շատ ավելի մանրամասնություններ նկատել, քան հնարավոր է նկարահանել ֆիլմերում։ Նրանք կարող են տեսնել եռաչափ տարածության մեջ, չափազանց մեծ անկյան տակ, ընդ որում՝ առանց աղավաղման և անգամ անընդհատ շարժման մեջ գտնվելու դեպքում.... Այնքան էլ տեղին չէ մարդու աչքը համեմատել լուսանկարչական ապարատի հետ։ Այն ավելի շուտ նման է մի աներևակայելիորեն հզոր համակարգչի, որն իր «ինտելեկտով», ինֆորմացիայի մշակման հնարավորություններով, արագությամբ ու աշխատանքային ռեժիմով անչափ գերազանցում է մարդու կողմից ստեղծված ցանկացած սարքի, համակարգչի, լուսանկարչական ապարատի» («Popular Photography»)։
20. Զարմանք պատճառող ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունի մարդու օրգանիզմը։
20 Խորհենք նաև, թե որքան միասնական են գործում բարդ կառուցվածք ունեցող մեր օրգանները, ընդ որում՝ առանց մեր կողմից որևէ գիտակցական ջանքի գործադրման։ Վերցնենք, օրինակ, ստամոքսը։ Մենք տարբեր տեսակի սնունդ ու հեղուկ ենք ընդունում, իսկ օրգանիզմը մարսում է դա՝ էներգիա արտադրելով։ Փորձենք այդ բազմազան մթերքները տեղավորել ավտոմեքենայի բաքում. մինչև ո՞ւր կգնա այն... Իսկ ծննդաբերության հրա՞շքը. ընդամենը ինը ամսվա ընթացքում լույս աշխարհ է գալիս հիասքանչ մի մանկիկ, որն ասես իր ծնողների պատճենը լինի։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մասին, որ ընդամենը մի քանի տարեկան երեխան յուրացնում է լեզու ու կարողանում է խոսել, ինչը հեշտ գործ չէ։
21. Քննելով օրգանիզմի հրաշալի հնարավորությունները՝ ի՞նչ են մղվում ասելու խելամիտ մարդիկ։
21 Այո՛, մարդու օրգանիզմի զարմանալիորեն բարդ կառուցվածքը ակնածանք է ներշնչում։ Ոչ մի ինժեներ չի կարող նման բան ստեղծել։ Հնարավո՞ր է արդյոք, որ այս ամենը լոկ կույր պատահականության արդյունք լինի։ Իհարկե ո՛չ։ Մարդու օրգանիզմի բոլոր հոյակապ հնարավորությունները քննելով՝ խելամիտ մարդիկ մղվում են կրկնելու սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Գոհանում եմ քեզանից [Աստված], որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը» (Սաղմոս 139։14)։
Մեծագույն Շինարար
22, 23. ա) Ինչո՞ւ պետք է ընդունենք Արարչի գոյությունը։ բ) Միանգամայն տեղին՝ ի՞նչ է ասում Աստվածաշունչը Աստծո մասին։
22 Աստվածաշունչն ասում է. «Ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Եթե հասարակ տունը պետք է կառուցող ունենա, ապա շատ ավելի բարդ տիեզերքը, ինչպես նաև երկրի վրա ապրող տարբեր տեսակի կենդանի էակները՝ նույնպես։ Եթե մենք ընդունում ենք, որ ինչ–որ մարդ հնարած պետք է լինի օդանավը, հեռուստացույցը, համակարգիչը և այլն, մի՞թե ուրեմն չենք ընդունի, որ պետք է լինի ինչ–որ Մեկը, որն այդ ամենը սարքելու համար մարդուն ուղեղ է տվել։
23 Աստվածաշունչն ընդունում է այդ փաստը և անվանում նրան. «Տէր Աստվածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին» (Եսայիա 42։5)։ Աստծո Խոսքը նաև, միանգամայն տեղին, հետևյալ հայտարարությունն է անում. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան» (Յայտնութիւն 4։11)։
24. Ինչի՞ց է երևում Աստծո գոյությունը։
24 Այո՛, Աստծո գոյությունը երևում է նրա ստեղծագործություններից։ «Աստծու աներևույթ հատկանիշները.... իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով» (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ)։
25, 26. Եթե մի բան սխալ ձևով է օգտագործվում, ինչո՞ւ տեղին չի լինի եզրակացնել, թե այն ստեղծող չունի։
25 Եթե որևէ բան սխալ կերպով է օգտագործվում, դա դեռ չի նշանակում, որ այն չի ունեցել ստեղծող։ Վերցնենք, օրինակ, օդանավը, որ կարելի է օգտագորածել ինչպես խաղաղ նպատակներով՝ որպես մարդատար ինքնաթիռ, այնպես էլ ինչ–որ բան ավերելու՝ որպես ռմբակոծիչ։ Բայց եթե օդանավն օգտագործվում է որպես սպանության գործիք, դա չի նշանակում, թե այն ոչ ոք չի ստեղծել։
26 Նույնն է պարագան նաև մարդկանց դեպքում. այն հանգամանքը, որ նրանք հաճախ վատ գործեր են կատարում, ցույց չի տալիս, թե նրանք չեն ունեցել Ստեղծող, և թե չկա Աստված։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը միանգամայն տեղին ասում է. «Ո՜հ ձեր խոտորնակութեանը. մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում» (Եսայիա 29։16)։
27. Ինչո՞ւ կարող ենք ակնկալել, որ Աստված կպատասխանի տառապանքի վերաբերյալ մեր հարցերին։
27 Իրենց բարդ կառուցվածքով զարմանք պատճառող ստեղծագործությունները երևան են բերում Արարչի իմաստությունը։ Բացի այդ, դրանք ցույց են տալիս, որ նա իսկապես հոգ է տանում մեր մասին. երկիրն ապահովված է կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով, մեր ուղեղն ու մարմինը արարված են զարմանահրաշ կերպով, շուրջը բավականություն պատճառող շատ բաներ կան։ Անկասկած, ուրեմն, ճիշտ նույնպիսի իմաստություն և հոգատարություն ցուցաբերելով՝ Աստված կտա այն հարցերի պատասխանները, թե ինչու է թույլատրել տառապանքը, և ինչ է անելու այդ կապակցությամբ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 5–րդ էջի վրա]
Երկիրը՝ պաշտպանված մթնոլորտով, ասես յուրահատուկ մի բնակարան լինի՝ հոգատար Աստծո կողմից մեզ համար նախագծված
[նկար 6–րդ էջի վրա]
Երկիրը ստեղծվել էր սիրով ու հոգատարությամբ, որպեսզի մենք կարողանայինք լիարժեք կերպով վայելել կյանքը
[նկար 7–րդ էջի վրա]
Ուղեղը շատ ավելի մեծ թվով կապեր է պարունակում, քան երկրի ողջ հաղորդակցման ցանցը (մոլեկուլային կենսաբանության բնագավառի գիտնական)
[նկար 8–րդ էջի վրա]
«Ինչպես երևում է, աչքը նախագծված է եղել. հեռադիտակ նախագծող և ոչ մի անձնավորություն չի կարող գերազանցել այն» (աստղագետ)