«Դատաստանի ժամը եկաւ»
«Դատաստանի ժամը եկաւ»
Աստվածաշնչի վերջին՝ «Յայտնութիւն» գիրքը, մեզ տեղեկացնում է երկնքում թռչող մի հրեշտակի մասին, որ «յաւիտենական աւետիք ուն[ի]»։ Հրեշտակը բարձր ձայնով կանչում է. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ» (Յայտնութիւն 14։6, 7)։ ‘Դատաստանի ժամն’ ընդգրկում է Աստծո դատաստանի թե՛ ազդարարումը և թե՛ գործադրումը։ «Ժամը» համեմատաբար կարճ ժամանակահատված է։ Դատաստանի գործադրումը ‘վերջին օրերի’ գագաթնակետն է, և մենք ապրում ենք հենց այդ ‘վերջին օրերում’ (Բ Տիմոթէոս 3։1)։
«Դատաստանի ժամը» արդարություն սիրող մարդկանց համար ավետիս է։ Հենց այս ժամանակահատվածում է, որ Աստված ազատելու է իր ծառաներին, ովքեր տառապում են՝ ապրելով բռնությամբ լի, սիրուց զուրկ այս համակարգում։
Այսօր, քանի դեռ «դատաստանի ժամը» չի ավարտվել ներկա չար համակարգի կործանումով, մեզ հետևյալ կոչն է ուղղվում. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան»։ Իսկ դուք այդպես վարվո՞ւմ եք։ Դա շատ ավելին է, քան միայն ասելը, թե հավատում եք Աստծուն (Մատթէոս 7։21–23; Յակոբոս 2։19, 20)։ Աստվածահաճո վախը մեզ պետք է մղի նրան մեծարելու։ Նման վախը մեզ կօգնի խուսափել այն ամենից, ինչը չարություն է Աստծո աչքում (Առակաց 8։13)։ Ունենալով նման վախ՝ մենք կսիրենք այն, ինչը բարի է, և կատենք այն, ինչը չար է (Ամովս 5։14, 15)։ Եթե պատվում ենք Աստծուն, ապա մեծ հարգանքով կվերաբերվենք նրա խոսքերին։ Մենք այնքան զբաղված չենք լինի այլ գործերով, որ անուշադրության մատնենք Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը։ Մենք միշտ և ամբողջ սրտով կապավինենք Աստծուն (Սաղմոս 62։8; Առակաց 3։5, 6)։ Նրանք, ովքեր իրոք պատվում են Աստծուն, խորապես գիտակցում են, որ նա՛ է Տիեզերքի Գերիշխանը, քանզի նա է արարել երկինքն ու երկիրը, հետևաբար իրավունք ունի իշխելու իր ստեղծած արարածների վրա։ Ուստի այս անհատները սիրով հնազանդվում են իրենց Գերիշխանին։ Եթե նկատում ենք, որ այս ամենից թեկուզ մեկի մեջ թերանում ենք, եկեք դրան ավելի շատ ուշադրություն դարձնենք և անհապաղ քայլեր ձեռնարկենք։
Դատաստանն ի գործ դնելու ժամանակը, որի մասին ազդարարեց հրեշտակը, Աստվածաշնչում կոչվում է նաև «Եհովայի օր»։ Վաղեմի Երուսաղեմը մի այդպիսի «օր» տեսավ մ.թ.ա. 607 թ.–ին, քանի որ նրա բնակիչները չցանկացան ուշադրություն դարձնել Եհովայի նախազգուշացումներին, որ նա տվել էր իր մարգարեների միջոցով։ Եհովայի օրը իրենց մտքում հետաձգելով՝ նրանք է՛լ ավելի էին վտանգում իրենց կյանքը։ Եհովան նրանց նախազգուշացրել էր. «Մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրը.... եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։ Մեկ այլ «Եհովայի օր» տեսավ հին Բաբելոնը մ.թ.ա. 539 թ.–ին (Եսայիա 13։1, 6 ՆԱ)։ Վստահելով իրենց ամուր շինություններին ու իրենց աստվածներին՝ բաբելոնացիներն արհամարհեցին Եհովայի մարգարեներին, որոնք նախազգուշացնում էին այդ օրվա մասին։ Սակայն ընդամենը մի գիշերվա ընթացքում հզոր Բաբելոնը ծնկի եկավ մարերի ու պարսիկների առաջ։
Իսկ ինչի՞ առջև ենք մենք այսօր կանգնած. Եհովայի մեկ այլ՝ ավելի մեծ նշանակություն ունեցող օրվա առջև (Բ Պետրոս 3։11–14)։ Աստծո դատաստանն ազդարարված է Մեծ Բաբելոնի դեմ։ Յայտնութիւն 14։8–ի համաձայն՝ հրեշտակներից մեկը գոչում է. «Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը»։ Դա արդեն տեղի է ունեցել։ Այլևս երբեք այն չի կարողանա իր կապանքներում պահել Եհովայի երկրպագուներին։ Նրա կաշառակերությունն ու պատերազմներում ունեցած դերը ամենուրեք մերկացված են։ Իսկ հիմա արդեն մոտ է նրա հիմնահատակ կործանումը։ Այդ պատճառով Աստվածաշունչը բոլոր մարդկանց աշխարհի բոլոր ծայրերում կոչ է անում. «Դուրս եկէք դորանից [Մեծ Բաբելոնից].... որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք. վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները» (Յայտնութիւն 18։4, 5)։
Ի՞նչ է Մեծ Բաբելոնը։ Այն համաշխարհային կրոնական մի համակարգ է, որն իր առանձնահատկություններով շատ նման է հին Բաբելոնին (Յայտնութիւն, գլուխ 17, 18)։ Խորհենք այդ նմանություններից մի քանիսի շուրջ.
• Հին Բաբելոնի քահանաները ամբողջապես ներգրավված էին քաղաքական գործերում։ Այսօր շատ կրոններ նույն ձևով են վարվում։
• Բաբելոնի քահանաները հաճախ էին իրենց աջակցությունը ցույց տալիս ազգային պատերազմներում։ Նույնն է պարագան նաև այսօր. կրոնական առաջնորդները հաճախ առաջինն են, որ օրհնում են պատերազմ գնացող զինվորներին։
• Հին Բաբելոնի ուսմունքներն ու սովորույթները ժողովրդին ծայրաստիճան անառակության էին դրդում։ Քանի որ ներկայիս կրոնական առաջնորդները արհամարհում են Աստվածաշնչի բարոյական չափանիշները, անբարոյությունը խիստ տարածված է թե՛ հոգևորականների և թե՛ եկեղեցի հաճախողների շրջանում։ Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ «Յայտնութիւն» գրքում Մեծ Բաբելոնը ներկայացված է որպես մի պոռնիկ, քանի որ վերջինս անբարո հարաբերությունների մեջ է այս աշխարհի ու նրա քաղաքական համակարգի հետ։
• Աստվածաշնչում նաև ասվում է, որ Մեծ Բաբելոնը «զեղխացաւ», այսինքն՝ ճոխ կյանք վարեց։ Հին Բաբելոնի տաճարի համակարգը ձեռք էր բերել ընդարձակ հողամասեր, ուստի այնտեղ ծառայող քահանաներն աչքի էին ընկնում իրենց առևտրական ակտիվ գործունեությամբ։ Այսօր երկրպագության համար նախատեսված շինություններ կառուցելուց բացի, Մեծ Բաբելոնը նաև առևտրական հսկայական գործունեություն է ծավալել։ Նրա ուսմունքներն ու տոները մեծ հարստություն են բերում ինչպես իրեն, այնպես էլ գործարար աշխարհի մյուս ներկայացուցիչներին։
• Ինչպես հին Բաբելոնում էր, այնպես էլ այսօր ամբողջ աշխարհում է լայնորեն տարածված պատկերներին երկրպագելը, մոգությամբ ու կախարդությամբ զբաղվելը։ Մահը համարվում էր անցում դեպի կյանքի մեկ այլ տեսակի։ Բաբելոնը լի էր տաճարներով ու երկրպագության այլ վայրերով, որտեղ մարդիկ իրենց աստվածներին էին պատվում, բայց միևնույն ժամանակ հակառակվում էին Եհովա Աստծո երկրպագուներին։ Նույն ուսմունքներով ու նմանատիպ սովորույթներով բնորոշվում է նաև Մեծ Բաբելոնը։
Հին ժամանակներում Եհովան օգտագործեց որոշ քաղաքական և ռազմական հզոր տերությունների՝ պատժելու համար նրանց, ովքեր համառորեն շարունակում էին արհամարհել իրեն ու իր կամքը։ Օրինակ՝ մ.թ.ա. 740 թ.–ին ասորեստանցիները կործանեցին Սամարիան։ Երուսաղեմը կործանվեց մ.թ.ա. 607–ին բաբելոնացիների ձեռքով և մ.թ. 70–ին՝ հռոմեացիների ձեռքով։ Իր հերթին, Բաբելոնն ավերվեց մ.թ.ա. 539–ին մարերի ու պարսիկների կողմից։ Աստվածաշնչում կանխագուշակված է, որ մեր օրերի քաղաքական կառավարությունները՝ ինչպես մի գազան, կհարձակվեն ‘պոռնիկի’ վրա ու կմերկացնեն նրան՝ բացահայտելով նրա իսկական դեմքը, որից հետո նրան մեկընդմիշտ կոչնչացնեն (Յայտնութիւն 17։16)։
Բայց իրո՞ք աշխարհի կառավարություններն այդ քայլին կդիմեն։ Աստվածաշնչում ասվում է, որ ‘Աստված [դա] կդնի նրանց սրտերում’ (Յայտնութիւն 17։17)։ Դա տեղի կունենա ոչ թե աստիճանաբար, այլ հանկարծակի, ոչ թե կանխատեսված, այլ շշմեցուցիչ, անակնկալ կերպով։
Ինչպիսի՞ քայլերի պետք է դուք դիմեք։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Դեռևս անդամակցո՞ւմ եմ որևէ կրոնական կազմակերպության, որը պղծված է այնպիսի ուսմունքներով ու սովորույթներով, որոնք բացահայտում են, որ այդ կազմակերպությունը Մեծ Բաբելոնի մի մասն է կազմում»։ Նույնիսկ եթե չեք պատկանում նման կրոնի, արժե հետևյալ հարցի շուրջ խորհել. «Թույլ տալի՞ս եմ, որ Մեծ Բաբելոնի ոգին ազդեցություն ունենա ինձ վրա»։ Ո՞ր ոգին. անբարո վարքի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը, սերը նյութական իրերի ու հաճույքների նկատմամբ, այլ ոչ թե Աստծո հանդեպ, կամ Եհովայի Խոսքը գիտակցաբար անտեսելը նույնիսկ փոքր թվացող հարցերում։ Ուշադրությամբ քննեք ձեր պատասխանները։
Եհովայի հաճությունն ունենալու համար հարկավոր է թե՛ մեր գործերով, թե՛ սրտից բխող ցանկությամբ ապացուցել, որ մենք իսկապես Մեծ Բաբելոնի մի մասը չենք կազմում։ Հիմա ժամանակը չէ, որ տատանվենք այս հարցում։ Նախազգուշացնելով մեզ, թե ինչպիսի հանկարծահաս կործանում է սպասում Մեծ Բաբելոնին՝ Աստվածաշունչն ասում է. «Ուժով [«ուժգնությամբ», ԱՆԹ] պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի» (Յայտնութիւն 18։21)։
Բայց դա միակ իրադարձությունը չէ։ ‘Դատաստանի ժամն’ ընդգրկում է նաև այն, որ Եհովա Աստված պատասխանատվության է կանչելու համաշխարհային քաղաքական համակարգի ղեկավարներին ու բոլոր նրանց, ովքեր արհամարհում են իր արդար ղեկավարությունը, որը նա իրականացնում է Հիսուս Քրիստոսի գլխավորած երկնային Թագավորության միջոցով (Յայտնութիւն 13։1, 2; 19։19–21)։ Դանիէլ 2։20–45-ում արձանագրված մարգարեական տեսիլքում պատկերված է ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից ու կավից պատրաստված մի մեծ արձան, որը խորհրդանշում է հին Բաբելոնից առ այսօր գործող քաղաքական իշխանությունը։ Մարգարեության մեջ մեր օրերի առնչությամբ նախագուշակվում է. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ»։ Իսկ այն մասին, թե այդ Թագավորությունը դեռ ինչ է իրագործելու Եհովայի ‘դատաստանի օրվա’ ընթացքում, ասվում է. «Նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդկային] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։
Աստվածաշունչը Եհովայի ճշմարիտ երկրպագուներին զգուշացնում է չսիրել «այն որ աշխարհքի մէջ է», այսինքն՝ խուսափել Աստծուց օտարացած այս աշխարհին հատուկ ապրելակերպից (Ա Յովհաննէս 2։15–17)։ Ձեր որոշումներով ու գործերով ցույց տալի՞ս եք, որ առանց փոխզիջումների գնալու թիկունք եք կանգնում Աստծո Թագավորությանը։ Ձեր կյանքում իրոք առաջին տեղում դնո՞ւմ եք այս Թագավորությունը (Մատթէոս 6։33; Յովհաննէս 17։16, 17)։
[14–րդ էջի վրայի շրջանակը]
Ե՞րբ կգա վերջը
«Այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթէոս 24։44)։
«Արթուն կացէք. որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը» (Մատթէոս 25։13)։
«Չի ուշանա» (Ամբակում 2։3, ԷԹ)։
Եթե իմանայիք, ի՞նչ կփոխվեր
Եթե վստահ լինեիք, որ Աստծո դատաստանի ժամը չի գալու մոտակա մի քանի տարիների ընթացքում, դա կանդրադառնա՞ր ձեր ապրելակերպի վրա։ Թուլացրե՞լ եք ձեր ծառայությունը Եհովային այն պատճառով, որ այս համակարգի վերջը չի եկել ձեր ակնկալած ժամանակին (Եբրայեցիս 10։36–38)։
Այն, որ չգիտենք դատաստանի ճիշտ ժամանակը, լավ հնարավորություն է ցույց տալու, որ Աստծուն ծառայում ենք ճիշտ մղումներով։ Նրանք, ովքեր ճանաչում են Եհովային, լավ գիտեն, որ եթե Աստծուն ջանասիրաբար ծառայեն դատաստանի անմիջապես նախօրեին, դրանով չեն կարողանա նրան տպավորել, քանի որ յուրաքանչյուր մարդու սիրտ «բաց է նորա աչքերի առաջին» (Երեմիա 17։10; Եբրայեցիս 4։13)։
Նրանք, ովքեր իսկապես սիրում են Եհովային, իրենց կյանքում նրան առաջին տեղն են դասում։ Մյուս մարդկանց նման՝ Եհովայի վկաները նույնպես աշխատում են։ Սակայն նրանք չեն ձգտում հարստություն դիզել, այլ ջանում են բավարարել իրենց անհրաժեշտ կարիքները և որոշ չափով օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն (Եփեսացիս 4։28; Ա Տիմոթէոս 6։7–12)։ Նրանք նաև օգտակար հանգիստ են վայելում՝ փոխելով իրենց կյանքի ռիթմը։ Սակայն նրանք ձգտում են թարմություն ստանալ և ոչ թե հանգստանալ այնպես, ինչպես այս աշխարհում է ընդունված (Մարկոս 6։31; Հռովմայեցիս 12։2)։ Հիսուսի նման՝ նրանց իսկական հաճույք է պատճառում Աստծո կամքը կատարելը (Սաղմոս 37։4; 40։8)։
Ճշմարիտ քրիստոնյաները ցանկանում են ապրել ու ծառայել Եհովային հավիտյան։ Այս հեռանկարը չի կորցնում իր արժեքը զուտ այն պատճառով, որ որոշ օրհնություններ ստանալու համար հարկավոր է սպասել քիչ ավելի, քան ոմանց էր թվում։
Գերիշխանության հարցը
Հասկանալու համար, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ մարդիկ այսքան ցավ ու տառապանք կրեն, նախ հարկավոր է ըմբռնել, թե ինչ է իրենից ներկայացնում գերիշխանության հետ կապված վիճաբանական հարցը։ Իսկ ի՞նչ է գերիշխանությունը. դա ամենաբարձր իշխանությունն է։
Քանի որ Եհովան ամեն բանի Արարիչն է, նա իրավունք ունի իշխելու ինչպես երկրի, այնպես էլ նրանում բնակվող բոլոր արարածների վրա։ Սակայն Աստվածաշունչը բացահայտում է, որ մարդկային պատմության հենց սկզբում Եհովայի գերիշխանությունը հարցականի տակ դրվեց։ Բանսարկու Սատանան պնդեց, թե Եհովան չափազանց մեծ սահմանափակումներ է դրել մեր նախածնողների առջև, թե նա ստում է՝ ասելով, որ իր օրենքն անտեսելն ու իրենից անկախ ապրելը աղետալի հետևանքներ կունենան նրանց համար։ Սատանան նաև պնդեց, որ մեր նախածնողների համար լավագույնը կլինի այն, որ Աստծուց անկախանան ու իրենք իրենց ղեկավարեն (Ծննդոց, 2–րդ, 3–րդ գլուխներ)։
Եթե Աստված անմիջապես ոչնչացներ ապստամբներին, դրանով նա կփաստեր իր զորությունը, սակայն չէր լուծի վիճաբանական հարցը։ Ուստի դա անելու փոխարեն՝ Եհովան թույլ տվեց, որ բոլոր բանական էակները տեսնեն, թե ինչ հետևանքներ կբերի ըմբոստությունը։ Թեև դա մարդկության համար տառապանք էր նշանակում, սակայն այդպիսով մեզ լույս աշխարհ գալու հնարավորություն տրվեց։
Ավելին, Եհովան, անչափ թանկ գին վճարելով ու մեծ սեր ցուցաբերելով, իր Որդուն տվեց որպես քավիչ զոհաբերություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Աստծուն ու հավատ կցուցաբերեն այդ զոհաբերության հանդեպ, կարողանան ազատվել մեղքից ու դրա հետևանքներից և ապրել Դրախտում։ Իսկ նրանք, ովքեր արդեն մահացել են, այդ հնարավորությունը կունենան հարություն առնելուց հետո։
Վիճաբանական հարցը լուծելու համար Աստծո կողմից թույլ տրված ժամանակը նաև հնարավորություն ընձեռեց Աստծո ծառաներին ցույց տալու, որ սիրում են նրան և ցանկացած պարագայում կարո՛ղ են իրենց անարատությունը պահել նրա հանդեպ։ Աստծո գերիշխանության հարցի, ինչպես նաև դրա հետ կապված երկրորդ՝ մարդկանց անարատությանը վերաբերող հարցի լուծումն անչափ կարևոր է, քանզի այդ դեպքում բոլոր բանական էակների համար պարզ կլինի, որ հարկավոր է մեծ հարգանքով վերաբերվել Աստծո օրենքներին։ Առանց այդ հարգանքի՝ իրական խաղաղություն երբեք չի հաստատվի։ a
[ծանոթագրություններ]
a Այս հարցերը, ինչպես նաև դրանց հետ կապված լրացուցիչ մանրամասնություններն ավելի խորը քննելու համար կարող եք ընթերցել «Մոտեցիր Եհովային» գիրքը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[նկար 15–րդ էջի վրա]
Համաշխարհային քաղաքական իշխանությունը կջախջախվի