Ի՞նչ է նշանակում այս ամենը
Ի՞նչ է նշանակում այս ամենը
Հիսուս Քրիստոսն ասել է, որ «աշխարհքիս վերջ[ը]» բնորոշվելու էր պատերազմներով, սովով, համաճարակներով և երկրաշարժերով (Մատթէոս 24։1–8; Ղուկաս 21։10, 11)։
1914 թ.–ից ի վեր մղվող ազգամիջյան, ինչպես նաև էթնիկական պատերազմները կյանքեր են խորտակում։ Այդ պատերազմները հաճախ կրոնական առաջնորդներն են հրահրում՝ քաղաքականությանը միջամուխ լինելով։ Իսկ այսօր էլ բազում մարդկային կյանքեր են խլում լայնածավալ ահաբեկչական գործողությունները։
Չնայած գիտական մեծ առաջընթացին՝ աշխարհով մեկ մարդիկ սննդի խիստ կարիք են զգում, և նրանց թիվը հարյուր միլիոնների է հասնում։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են սովից մահանում։
Հիսուսի տված նշանի մի մասն են կազմում նաև համաճարակները։ Առաջին աշխարհամարտից հետո բռնկված իսպանական գրիպը 21 միլիոն մարդու կյանք խլեց։ Ի տարբերություն այն համաճարակների, որ բռնկվել են անցյալ դարերում և զուտ տեղական բնույթ են կրել՝ այս համաճարակը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ՝ հասնելով նույնիսկ հեռավոր կղզիներ։ ՁԻԱՀ–ն այսօր ուղղակի «հնձում» է մարդկանց կյանքերը, իսկ տուբերկուլյոզը, մալարիան, օնխոցերկոզը, Շագասի հիվանդությունը շարունակում են տարածվել զարգացող երկրներում։
Հաղորդագրությունների համաձայն՝ ամեն տարի տարբեր ուժգնության տասնյակ հազարավոր երկրաշարժեր են տեղի ունենում։ Չնայած առաջավոր սարքավորումների, ինչպես նաև կատարելագործված սեյսմիկ կայանների առկայությանը՝ նորություններով հաճախ ենք լսում երկրաշարժերի պատճառած վնասների ու մարդկային զոհերի մասին։
Աստվածաշունչը մարգարեացել է նաև հետևյալը. «Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթէոս 3։1–5)։
Համաձայն չե՞ք, որ ապրում ենք ‘վերջին օրերի չար ժամանակներում’։
Նկատե՞լ եք, որ այսօր մարդիկ ավելի քան երբևէ դարձել են եսասեր, փողասեր ու հպարտ։
Ո՞վ կարող է ժխտել, որ մերօրյա աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, ովքեր պահանջկոտ են ու, միևնույն ժամանակ, անշնորհակալ, անհաշտ, անհավատարիմ։
Նկատե՞լ եք, որ ծնողների հանդեպ անհնազանդությունը՝ բնական կապվածության պակասի հետ մեկտեղ, համատարած երևույթ է դարձել ոչ միայն առանձին երկրներում, այլև ամբողջ աշխարհում։
Անկասկած, նկատել եք, որ այսօրվա աշխարհում մարդիկ հաճույքներով են արբեցած և չեն ձգտում առաքինության։ Համաձայն Աստվածաշնչի՝ այդպիսին պիտի լիներ մարդկանց տրամադրվածությունը ‘վերջին օրերում’։
Արդյոք ավելի՞ն է հարկավոր՝ բնորոշելու համար, թե ինչ ժամանակներում ենք ապրում։ Հիսուսը նաև կանխագուշակեց, որ վերոհիշյալ տխուր իրադարձությունների հետ զուգընթաց՝ պետք է ողջ աշխարհով մեկ քարոզվեր Աստծո Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Արդյոք դա կատարվո՞ւմ է այսօր։
Աստվածաշնչի վրա հիմնված «Դիտարան» պարբերագիրը, որը ծանուցանում է Եհովայի Թագավորության բարի լուրը, ամենաշատ լեզուներով հրատարակվող պարբերականն է աշխարհում։
Ամեն տարի Եհովայի վկաները ավելի քան միլիարդ ժամ են տրամադրում Աստծո Թագավորության մասին մարդկանց անհատապես պատմելու համար։
Եհովայի վկաները Աստվածաշունչը բացատրող գրականություն են հրատարակել ավելի քան 400 լեզուներով, այդ թվում նաև այն լեզուներով, որոնցով խոսում են մեկուսացած վայրերում բնակվող փոքրիկ համայնքները։ Եհովայի վկաները բարի լուրը տարածել են բոլոր ազգերի մեջ։ Նրանք քարոզել են նաև այնպիսի կղզիներում ու տարածքներում, որոնք այնքան փոքր են, որ քաղաքական տեսանկյունից աննշան են համարվում։ Շատ երկրներում Վկաները աստվածաշնչյան կրթական ծրագիր են անցկացնում։
Իրոք, Աստծո Թագավորության բարի լուրը ամբողջ աշխարհով մեկ քարոզվել է ոչ թե մարդկանց հավատափոխ անելու, այլ նրանց վկայություն տալու համար։ Ամենուրեք մարդկանց հնարավորություն է ընձեռվում ցույց տալու, թե իրենց կյանքում ինչ կարևորություն ունի երկնքի ու երկրի Արարիչը, ինչպես նաև դրսևորելու իրենց հարգանքը Աստծո օրենքների հանդեպ և սերը մերձավորի հանդեպ (Ղուկաս 10։25–27; Յայտնութիւն 4։11)։
Շուտով Աստծո Թագավորությունը երկրից վերացնելու է բոլոր չար մարդկանց և այն վերածելու է համաշխարհային դրախտի (Ղուկաս 23։43)։
[6–րդ էջի վրայի շրջանակը]
‘Վերջին օրեր’. ի՞նչ իմաստով
‘Վերջին օրեր’ արտահայտությունը չի մատնանշում ողջ մարդկության վերջը։ Համաձայն Աստվածաշնչի՝ նրանք, ովքեր կատարում են Աստծո կամքը, հավիտյան ապրելու հեռանկար ունեն (Յովհաննէս 3։16, 36; Ա Յովհաննէս 2։17)։
Այս արտահայտությունը չի մատնանշում նաև, որ երկրագունդը պիտի կործանվի։ Աստծո Խոսքում գտնում ենք խոստումներ այն մասին, որ մարդկանցով բնակեցված երկիրը գոյություն է ունենալու հավիտյան (Սաղմոս 37։29; 104։5; Եսայիա 45։18)։
Մեր օրերը ‘վերջին օրերն’ են բռնությամբ լի, սիրուց զուրկ այս համակարգի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ամուր կառչած կմնան նրա ուղիներին (Առակաց 2։21, 22)։
[7–րդ էջի վրայի շրջանակը]
Աստվածաշունչն իրո՞ք Աստծո Խոսքն է
Աստվածաշունչը գրի առնող մարգարեները բազմիցս նշել են հետևյալ խոսքերը. «Այսպէս է ասում Եհովան» (Ելից 7։17; Եսայիա 43։16)։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, շեշտեց, որ ‘իր անձից չի խոսում’ (Յովհաննէս 14։10)։ Աստվածաշնչում պարզ ասվում է. «Բոլոր Սուրբ գրքերը Աստծու ներշնչումով են գրված» (Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ, ծան.)։
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների տվյալների համաձայն՝ չկա մի գիրք, Աստվածաշնչից բացի, որ հրատարակված լինի այդքան շատ լեզուներով՝ ավելի քան 2 200։ Չկա մի գիրք, որ այդքան շատ տարածված լինի՝ ավելի քան չորս միլիարդ օրինակ։ Արդյոք չե՞նք ակնկալում, որ Աստծո կողմից ողջ մարդկությանն ուղղված լուրը հենց այսպիսի տարածում ունենա։
Լրացուցիչ փաստերին ծանոթանալու համար, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծո կողմից, կարող եք կարդալ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից (արևմտահայերեն)։
Դուք մեծ օգուտներ կքաղեք, եթե ընթերցեք Աստվածաշունչը՝ գիտակցելով, որ այն իսկապես Աստծո Խոսքն է։
[8–րդ էջի վրայի շրջանակը]
Ի՞նչ է Աստծո Թագավորությունը
Թագավորությունը երկնքում հաստատված մի կառավարություն է, որը ճշմարիտ Աստծո՝ երկնքի ու երկրի Արարիչ Եհովայի իշխանության դրսևորումն է (Երեմիա 10։10, 12)։
Աստվածաշունչը բացահայտում է, որ իշխանության ղեկը Աստված հանձնել է Հիսուս Քրիստոսին (Յայտնութիւն 11։15)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա փաստեց, որ Աստծուց ստացած զարմանահրաշ իշխանություն ուներ. իշխանություն, որը գործադրելով՝ նա իր հսկողության տակ էր պահում տարերային ուժերը, բժշկում էր ցանկացած հիվանդություն և նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին (Մատթէոս 9։2–8; Մարկոս 4։37–40; Յովհաննէս 11։11–44)։ Աստվածաշնչի ներշնչյալ մարգարեության մեջ նախօրոք ասվել էր, որ Աստված նրան տալու է նաև «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դանիէլ 7։13, 14)։ Այդ կառավարությունը կոչվում է երկնային Թագավորություն. երկնքից է, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է։
[նկար 7–րդ էջի վրա]
Բարի լուրի համաշխարհային քարոզչությունը