Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւր է ընթանում ձեր կյանքը

Ո՞ւր է ընթանում ձեր կյանքը

Ո՞ւր է ընթանում ձեր կյանքը

• Շատ մարդիկ այնքան են կլանված իրենց առօրյա գործերով, որ գրեթե չեն մտածում այն մասին, թե ուր են ընթանում։

• Աստվածաշունչը տեղեկացնում է, որ շուտով հրաշալի իրադարձություններ են տեղի ունենալու։ Այն նաև նախազգուշացնում է, որ այս համակարգը համընդհանուր փոփոխության է ենթարկվելու։ Վերը նշվածից օգուտներ քաղելու, ինչպես նաև մոտալուտ աղետից խուսափելու համար հարկավոր է վճռական քայլերի դիմել։

• Կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, ձգտում են իրենց սովորածը կյանքում կիրառել, սակայն թույլ են տալիս, որ առօրյա հոգսերը իրենց շեղեն Աստծուն հաճելի ուղուց։

• Գո՞հ եք ձեր ապրելակերպից։ Երբ որևէ բան եք ծրագրում, խորհո՞ւմ եք այն մասին, թե դա ինչ ազդեցություն կարող է թողնել ձեր կյանքի երկարատև նպատակների վրա։

[9–րդ էջի վրայի շրջանակը]

Ի՞նչն է ամենակարևորը ձեզ համար

Ի՞նչ առաջնահերթություն կտաք ներքոհիշյալին։ Ձեր ընտրած հերթականությամբ համարակալեք դրանք։

Ստորև թվարկված բաներից շատերը կյանքում իրենց ճիշտ տեղն ունեն, սակայն եթե դրանք համարակալեք ըստ կարևորության, ձեզ համար ո՞րը կլինի առաջինը, երկրորդը և այլն։

― Զվարճություններ/հանգիստ

― Իմ աշխատանքը/կարիերան

― Առողջությունս

― Իմ երջանկությունը

― Կողակիցս

― Ծնողներս

― Երեխաներս

― Լավ տուն, գեղեցիկ հագուստներ

― Ցանկացած գործում լինել լավագույնը

― Երկրպագել Աստծուն

[10–րդ էջի վրայի շրջանակը]

Ձեր սահմանած առաջնահերթությունը օգնո՞ւմ է ընթանալ ձեր ուզած ճանապարհով

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ

Զվարճություններ/հանգիստ։ Իմ ընտրած զվարճությունը թարմությո՞ւն է պատճառում ինձ, թե՞ կարող է վնասել առողջությունս և նույնիսկ ինձ հաշմանդամ դարձնել։ Դա մի «զվարճա՞նք» է, որ կարող է մի քանի ժամվա ընթացքում ինձ ուրախություն պարգևել, բայց հետո երկարատև հոգեկան ցավ պատճառել։ Նույնիսկ եթե իմ ընտրած ժամանցը օգտակար է, արդյո՞ք դրան այնքան ժամանակ եմ տրամադրում, որ ավելի կարևոր բաները օրակարգից դուրս են մղվում։

Իմ աշխատանքը/կարիերան։ Արդյո՞ք այն օգնում է բավարարելու անհրաժեշտ նյութական կարիքները, թե՞ իրականում իմ աշխատանքի գերին եմ դարձել։ Արդյո՞ք աշխատանքս ինձանից այնքան ուժ և ժամանակ է խլում, որ կարող է բացասաբար անդրադառնալ առողջությանս վրա։ Ավելի շուտ նախընտրում եմ արտաժա՞մ աշխատել, թե՞ կողակցիս ու երեխաներիս հետ ժամանակ անցկացնել։ Եթե գործատերս պահանջի կատարել մի այնպիսի գործ, որը կարող է բացասաբար անդրադառնալ խղճիս վրա կամ էլ իմ առօրյայից հաճախակի դուրս մղել հոգևոր միջոցառումները, աշխատանքս չկորցնելու համար կկատարե՞մ այդ գործը։

Առողջությունս։ Առողջությունս անուշադրությա՞ն եմ մատնում, թե՞ հոգ եմ տանում, որ պահպանեմ այն։ Մշտապես իմ խոսակցությունների գլխավոր թեման առողջությունս չէ՞ արդյոք։ Այն, թե ինչպես եմ հոգ տանում առողջությանս մասին, ցույց տալի՞ս է, որ սիրում եմ ընտանիքիս անդամներին։

Իմ երջանկությունը։ Արդյոք դա՞ է իմ գլխավոր հետաքրքրությունը։ Արդյո՞ք այն առաջնահերթ եմ համարում, քան կողակցիս ու ընտանիքիս մյուս անդամների երջանկությունը։ Այն, թե ինչպես եմ ձգտում հասնել երջանկության, ներդաշնա՞կ է ճշմարիտ Աստծուն ուղղված իմ երկրպագությանը։

Կողակիցս։ Կողակցիս հետ համագործակցում եմ միայն այն ժամանակ, երբ դա ի՞նձ է ձեռնտու։ Հարգանքո՞վ եմ վարվում կողակցիս հետ՝ գնահատելով նրա արժանապատվությունը։ Հավատն առ Աստված անդրադառնո՞ւմ է կողակցիս հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի վրա։

Ծնողներս։ Որպես անչափահաս՝ հնազանդվո՞ւմ եմ ծնողներիս՝ հարգալից խոսելով նրանց հետ, ինձ հանձնարարված տնային գործերը կատարելով, իրենց որոշած ժամին տուն վերադառնալով, խուսափելով այն հասակակիցներից, ինչպես նաև այն գործերից, որոնց մասին ծնողներս նախապես զգուշացրել են ինձ։ Որպես չափահաս՝ հարգանքով լսո՞ւմ եմ ծնողներիս, օգնո՞ւմ եմ նրանց, երբ ունենում են դրա կարիքը։ Նրանց հանդեպ իմ վերաբերմունքը ինչի՞ վրա է կառուցված՝ իմ նախապատվությունների՞, թե՞ Աստծո Խոսքում պարփակված խորհուրդների։

Երեխաներս։ Պատասխանատվության զգացում ունե՞մ երեխաներիս սովորեցնելու բարոյական արժեքների մասին, թե՞ մտածում եմ, որ այդ մասին դպրոցը նրանց կսովորեցնի։ Ժամանակ անցկացնո՞ւմ եմ նրանց հետ, թե՞ այն կարծիքին եմ, որ խաղալիքները, հեռուստահաղորդումները կամ համակարգիչը նրանց կզբաղեցնեն։ Հետևողականորեն պատժո՞ւմ եմ նրանց, երբ Աստծո սկզբունքներն են ոտնահարում, թե՞ հիմնականում այդպես եմ վարվում, երբ զայրացնում են ինձ։

Լավ տուն, գեղեցիկ հագուստներ։ Ի՞նչն է որոշիչ դեր խաղում, երբ մտածում եմ արտաքին տեսքիս կամ որևէ իր ձեռք բերելու մասին. այն, թե դա հարևաններիս վրա ինչ տպավորությո՞ւն կգործի, հաշվի եմ առնում իմ ընտանիքի՞ բարօրությունը, թե՞ այն, որ ես Եհովայի երկրպագու եմ։

Ցանկացած գործում լինել լավագույնը։ Գիտակցո՞ւմ եմ, որ կարևոր է ցանկացած գործ բարեխղճորեն կատարել։ Ձգտում եմ լինել ամենալա՞վը։ Ընկճվո՞ւմ եմ, երբ որևէ մեկը ինչ–​որ բան ինձանից լավ է անում։

Երկրպագել աստծուն։ Ինձ համար ավելի կարևոր է Աստծո՞ հավանությունն ունենալը, թե՞ կողակցիս, երեխաներիս, ծնողներիս կամ գործատիրոջս։ Աստծո ծառայությունը երկրորդ պլա՞ն եմ մղում՝ առաջնահերթությունը տալով ավելի բարեկեցիկ կյանքով ապրելուն։

Ձեր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում Աստծուն ուղղված երկրպագությունը

Ժողովող 12։13 «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար»։

Հարցրեք ինքներդ ձեզ.«Իմ ապրելակերպը ցույց տալի՞ս է, որ շարժվում եմ այս խորհրդի համաձայն։ Աստծո պատվիրաններին հնազանդվելն անդրադառնո՞ւմ է այն բանի վրա, թե ինչպես եմ կատարում իմ պարտականությունները տանը, աշխատանքի վայրում կամ դպրոցում։ Իսկ մյուս գործերը կամ կյանքի ճնշումները չե՞ն խլում արդյոք աստվածապետական գործերին հատկացված իմ ժամանակը»։

Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք Աստծո հետ

Առակաց 3։5, 6 «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։

Մատթէոս 4։10 «Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր»։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք նման կերպով եմ վերաբերվում Աստծուն։ Իմ առօրյա կյանքը, նաև այն, թե ինչպես եմ հաղթահարում դժվարությունները, ցույց տալի՞ս են, որ նվիրված եմ Աստծուն և վստահում եմ նրան»։

Որքա՞ն կարևոր է ձեզ համար Աստվածաշունչն ընթերցելը և այն խորապես ուսումնասիրելը

Յովհաննէս 17։3 «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, թե ինչպիսի տեղ եմ հատկացնում Աստծո Խոսքի ընթերցանությանը և կարդացածի շուրջ խորհելուն, ցույց տալի՞ս է, որ իրոք հավատում եմ Աստվածաշնչին»։

Որքա՞ն կարևոր է ձեզ համար ներկա գտնվել քրիստոնեական ժողովի հանդիպումներին

Եբրայեցիս 10։24, 25 «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը,.... բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է»։

Սաղմոս 122։1 «Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք»։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ ապրելակերպով փաստո՞ւմ եմ, որ գնահատում եմ այն առաջնորդությունը, որը տալիս է Աստծո Խոսքը։ Անցյալ ամսվա ընթացքում արդյոք բաց չե՞մ թողել ժողովի որևէ հանդիպում՝ նախապատվությունը տալով մեկ այլ բանի»։

Ջանասիրաբար քարոզո՞ւմ եք մարդկանց Աստծո և նրա նպատակի մասին

Մատթէոս 24։14 «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի.... վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը»։

Մատթէոս 28։19, 20 «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք.... Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն»։

Սաղմոս 96։2 «Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը»։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյոք այս գործն իմ կյանքում զբաղեցնո՞ւմ է այն տեղը, որին արժանի է։ Արդյոք իմ մասնակցությունն այս գործում ցույց տալի՞ս է իմ խորը համոզվածությունն այն բանում, որ ապրում ենք շատ կարևոր ժամանակներում»։