Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գրքույկի նպատակը

Գրքույկի նպատակը

ՀՈԼԱՆԴԱՑԻ փիլիսոփա Սպինոզան գրել է. «Ես ձգտում եմ չծիծաղել մարդկանց արարքների վրա, չողբալ նրանց համար, չատել նրանց, այլ հասկանալ»։ Ձեր առջև, ուսուցիչնե՛ր, դժվար առաջադրանք է դրված՝ հասկանալ, թե աշակերտները, այդ թվում՝ Եհովայի վկաների երեխաները ինչ ընտանիքում են մեծանում, ինչ հայացքներ ու համոզմունքներ ունեն։ Երբեմն գուցե թվա, թե Վկաների երեխաները ընդունված կարգին հակառակ են վարվում։ Բայց եթե աշակերտի վարվելակերպի հիմքում ընկած են կրոնական և բարոյական համոզմունքներ, ապա պետք է դա հաշվի առնել։ Այս գրքույկը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, և դրա նպատակն է՝ օգնել ուսուցիչներին ավելի լավ հասկանալ Եհովայի վկաների երեխաներին։ Հուսով ենք՝ այս գրքույկը կհետաքրքրի ձեզ։

Հասկանալ, թե ինչին է հավատում անհատը, չի նշանակում ընդունել նրա կրոնական համոզմունքներն ու հետևել դրանց, մյուս կողմից՝ համոզմունքների մասին տեղեկացնել չի նշանակում հավատափոխ անել դիմացինին։ Այս գրքույկի նպատակը չէ ձեզ կամ ձեր աշակերտներին պարտադրել Վկաների կրոնական տեսակետները։ Մեր ցանկությունն է պարզապես տեղեկացնել, թե Վկա ծնողները ինչ համոզմունքներ և սկզբունքներ են սովորեցնում իրենց երեխաներին, ինչն էլ կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այդ երեխաներին և ավելի արդյունավետորեն աշխատել նրանց հետ։ Ինչ խոսք, միշտ չէ, որ երեխաները վարվում են այնպես, ինչպես իրենց ծնողներն են սովորեցնում, քանի որ յուրաքանչյուր երեխա ի վերջո ձևավորում է իր սեփական խիղճը։

Ինչպես ցանկացած ծնող, Եհովայի վկաները նույնպես ցանկանում են, որ իրենց երեխաները հնարավորինս շատ օգուտ քաղեն միջնակարգ կրթությունից։ Ուստի երեխաներին սովորեցնում են համագործակցել ուսուցիչների հետ։ Վկա ծնողներն ու նրանց երեխաները շատ են գնահատում, երբ ուսուցիչները հարգանքով և ըմբռնումով են վերաբերվում իրենց։

Այսօր Եհովայի վկաները հայտնի են ամբողջ աշխարհում։ Սակայն երբեմն նրանց սխալ են հասկանում։ Հուսով ենք, որ այս գրքույկը կօգնի ձեզ ավելի ճիշտ հասկանալ Վկա աշակերտներին և պատկերացում կազմել այն մասին, թե ինչու են նրանք որոշ դեպքերում այլ ձևով վարվում։