Ծնողների դերը
Հեշտ չէ այսօրվա հասարակության մեջ երեխաներին այնպես դաստիարակել, որ նրանք դառնան հավասարակշռված անհատներ։
ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը հրապարակեց մի հարցման արդյունքներ, որն անցկացվել էր երեխաների դաստիարակության հարցում հաջողության հասած ծնողների շրջանում։ Նրանց երեխաները, որոնք արդեն քսանմեկն անց էին, «բոլորն էլ կայացած, գործունյա մարդիկ էին, հասարակության լիարժեք անդամներ»։ Ծնողներին հետևյալ հարցն էր ուղղվել. «Ձեր փորձի հիման վրա ի՞նչ խորհուրդ կտայիք մյուս ծնողներին»։ Պատասխանները հիմնականում այսպիսին էին՝
«սեր դրսևորելու հարցում ժլատ մի՛ եղեք», «տեղին խրատեք», «միասին ժամանակ անցկացրեք», «սովորեցրեք նրանց տարբերել ճիշտը սխալից», «ստեղծեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ», «ուշադիր լսեք նրանց», «քարոզ կարդալու փոխարեն՝ գործնական խորհուրդներ տվեք», «եղեք իրատես»։Սակայն միայն ծնողները չէ, որ օգնում են երեխաներին հասարակության լիարժեք անդամ դառնալու։ Այս հարցում մեծ դեր ունեն նաև մանկավարժները։ Երկար տարիներ դպրոցում աշխատած մի խորհրդատու ասաց. «Պարտադիր կրթության գլխավոր նպատակն է՝ օգնել ծնողներին մեծացնելու մտավոր, ֆիզիկական, էմոցիոնալ առումներով լիարժեքորեն ձևավորված անհատներ»։
Փաստորեն, ծնողների և մանկավարժների նպատակը մեկն է՝ երեխաներին այնպես կրթել ու դաստիարակել, որ հետագայում նրանք դառնան հասուն, հավասարակշռված, կենսուրախ անհատներ և իրենց տեղը գտնեն հասարակության մեջ։
Համագործակցություն, ոչ թե պայքար
Երբ ծնողները չեն համագործակցում մանկավարժների հետ, խնդիրներ են առաջ
գալիս։ Օրինակ՝ որոշ ծնողների ամենևին չի անհանգստացնում այն, թե ինչպես են սովորում իրենց երեխաները, իսկ մյուսները պայքարի մեջ են մտնում ուսուցիչների հետ։ Ահա թե ինչ է նշում այս առնչությամբ ֆրանսիական մի լրագիր. «Ուսուցիչները վաղուց արդեն չեն դիտվում որպես երեխաների կրթության հարցում միակ իրավասություն ունեցողները։ Ծնողները, չափից շատ կարևորություն տալով իրենց երեխաների հաջողությանը, քննադատորեն են վերաբերվում դասագրքերին, դասավանդման մեթոդներին և շատ սուր են արձագանքում, երբ երեխան առաջին անգամ վատ գնահատական է ստանում»։ Նման վերաբերմունքը ոտնձգություն է ուսուցչի իրավասությունների հանդեպ։Եհովայի վկաները գիտակցում են, որ իրենց երեխաների համար շատ ավելի լավ է լինում, երբ իրենք՝ որպես ծնողներ, համագործակցում են ուսուցիչների հետ և ակտիվորեն, բայց ողջամտության սահմաններում հետաքրքրվում են իրենց երեխաների ուսմամբ։ Նրանք հասկանում են, որ նման համագործակցությունը անչափ կարևոր է, քանի որ ուսուցչի աշխատանքը գնալով դժվարանում է։
Ժամանակակից դպրոցների խնդիրները
Լինելով հասարակական կառույց՝ դպրոցները բախվում են այն նույն խնդիրներին, որոնք առկա են տվյալ հասարակության մեջ։ Տարիների ընթացքում այդ խնդիրները զգալիորեն շատացել են ու սրվել։ Նկարագրելով, թե Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում ինչ իրավիճակ է տիրում՝ «Նյու Յորք թայմս» թերթը հետևյալն է նշում. «Աշակերտները դասերի ժամանակ քնում են, միմյանց սպառնում են միջանցքների պատերին խզբզած նկարներով ու գրություններով, նվաստացնում են լավ սովորող աշակերտներին.... Գրեթե բոլոր դպրոցականներն էլ ինչ-որ դժվարություններ են կրում կյանքում. մանկահասակ երեխա են խնամում, ունեն բանտարկված ծնողներ, բռնության են ենթարկվում հանցագործ խմբերի կողմից։ Շաբաթվա ցանկացած օր միջին հաշվով աշակերտների մեկ հինգերորդը բացակայում է դասերից» (The New York Times)։
Հատկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս դպրոցներում տիրող բռնությունը, որը գնալով աճող լուրջ խնդիր է ողջ
աշխարհում։ Նախկինում միայն ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հրմշտոցներն ու ծեծկռտուքները այսօր վերածվել են մշտական բնույթ կրող փոխհրաձգությունների և դանակահարությունների։ Զենքի օգտագործումը սովորական բան է դարձել, հարձակումները կատարվում են ավելի մեծ դաժանությամբ, երեխաներն ավելի հաճախ, ավելի հեշտությամբ և ավելի վաղ հասակից են դիմում բռնության։Ինչ խոսք, ոչ բոլոր երկրներում է իրավիճակն այս աստիճան ծայրահեղ։ Այնուամենայնիվ, բազմաթիվ ուսուցիչներ ամբողջ աշխարհում բախվում են «Պուեն» շաբաթաթերթում նկարագրված իրողությանը. «Ուսուցչին այլևս չեն հարգում, նա ոչ մի հեղինակություն չունի» (Le Point)։
Իշխանության և հեղինակության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր երեխաների համար։ Ուստի Եհովայի վկաները ձգտում են իրենց երեխաների մեջ իշխանության հանդեպ հարգանք ու հնազանդություն սերմանել, հատկություններ, որոնց բացակայությունը այսօր շատ է զգացվում դպրոցում։