Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կրթական ծրագրեր

Կրթական ծրագրեր

Եհովայի վկաները ամբողջ աշխարհում հայտնի են իրենց աստվածաշնչյան կրթական գործունեությամբ։

ՔԱՆԻ ՈՐ Վկաները մեծ կարևորություն են տալիս աստվածաշնչյան կրթական գործունեությանը, ոմանք թերևս մտածեն, թե նրանց չի հետաքրքրում աշխարհիկ կրթությունը։ Սակայն դա այդպես չէ։ Ուրիշներին սովորեցնելու համար նախ ինքդ պետք է սովորես, իսկ դրա համար անհրաժեշտ է ստանալ լավ կրթություն։ Այդ պատճառով Եհովայի վկաները ոչ միայն լավագույնս օգտվում են աշխարհիկ կրթությունից, այլև տարիների ընթացքում Դիտարանի ընկերության կազմակերպած տարբեր կրթական ծրագրերից և դասընթացներից։ Դրանց շնորհիվ Վկաները և ուրիշ մարդիկ մտային, բարոյական և հոգևոր առումներով շատ բարելավումներ են արել իրենց կյանքում և անձնավորության մեջ։

Շատ երկրներում Վկաները կանգնել են մի խնդրի առաջ. ինչպես ուսուցանել այն մարդկանց, ովքեր թերի կրթություն են ստացել կամ ընդհանրապես չեն ստացել, ինչի պատճառով էլ գրել-կարդալ չգիտեն։ Այս նպատակով Դիտարանի ընկերությունը գրաճանաչության դասընթացներ է կազմակերպել։

Օրինակ՝ 1949-ից սկսած՝ Եհովայի վկաները դասընթացներ են անցկացնում Նիգերիայում։ Այս դասընթացների շնորհիվ տասնյակ հազարավոր նիգերիացիներ սովորել են կարդալ։ Մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Նիգերիայում Վկաների ավելի քան 90 տոկոսը կրթված է, մինչդեռ բնակչության մնացած մասի համար այս ցուցանիշը 50 տոկոսից էլ ցածր է։ Իսկ Մեքսիկայում Եհովայի վկաները դասընթացներ են անցկացնում 1946 թվականից սկսած։ Ընդամենը մեկ տարում 6 500-ից ավելի անհատներ գրել-կարդալ են սովորել։ Ընդհանուր առմամբ օգնություն է տրամադրվել ավելի քան 100 000 մարդկանց։ Տարիների ընթացքում այդպիսի դասընթացներ կազմակերպվել են նաև այլ երկրներում, օրինակ՝ Բոլիվիայում, Կամերունում, Նեպալում և Զամբիայում։ Եհովայի վկաները նաև տպագրել են «Վարժվիր գրել-կարդալու մեջ» (անգլ., ռուս.) գրքույկի ավելի քան յոթ միլիոն օրինակ 100-ից ավելի լեզուներով։

Այն երկրներում, որտեղ Վկաները անցկացրել են այդ դասընթացները, կրթական գերատեսչությունները հաճախ են իրենց գնահատանքն արտահայտել նրանց կատարած աշխատանքի համար։ Մեքսիկայում կրթական համակարգի մի պետաշխատող գրեց. «Ես գնահատում եմ ձեր համագործակցությունը և մեր կառավարության անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ առաջադիմական գործունեության համար, որ անում եք հօգուտ մարդկանց՝ գիտության լույս սփռելով անուսում մարդկանց մեջ.... Հաջողություն եմ ցանկանում ձեր կրթական աշխատանքում»։

Լրացուցիչ կրթություն

Ժողովի հանդիպումներին մասնակցողները սովորում են՝ ինչպես հանրության առջև ելույթներ ներկայացնել

Քանի որ Եհովայի վկաները լուրջ են վերաբերվում Աստվածաշնչի կրթական գործունեությանը, ձգտում են բարելավել Աստվածաշնչի ուսմունքներն ուրիշներին բացատրելու իրենց ունակությունը։ Օրինակ՝ աշխարհով մեկ սփռված ավելի քան 119 000 ժողովներում անցկացվում է կրթական ծրագիր, որի ժամանակ ժողովի անդամները հմտանում են հանրության առաջ կարդալու և խոսելու հարցում։ Ծրագրին կարող են ցուցակագրվել նույնիսկ երեխաները, որոնք կարդալ գիտեն, և դա, անշուշտ, օգուտ է բերում նրանց նաև այլ բնագավառներում, այդ թվում՝ դպրոցում սովորելիս։ Զարմանալի չէ, որ շատ մանկավարժներ ասում են, որ Վկա աշակերտները կարողանում են ճիշտ արտահայտել իրենց մտքերը։

Բոլորին քաջալերվում է ջանասեր լինել ընթերցանության հարցում։ Ցանկալի է նաև, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա գրադարան՝ հրատարակությունների լայն ընտրանիով

Ավելին, Եհովայի վկաների բոլոր ժողովներին խրախուսվում է իրենց Թագավորության սրահում կամ այն վայրում, որտեղ անցկացվում է ժողովի հանդիպումը, ունենալ գրադարան՝ համալրված Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներով, ինչպես նաև բառարաններով և այլ օգտակար աշխատություններով։ Այս գրադարանը մատչելի է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են ժողովի հանդիպումներին։ Բոլորին քաջալերվում է ջանասեր լինել ընթերցանության հարցում։ Ցանկալի է նաև, որ յուրաքանչյուր ընտանիք նույնպես ունենա գրադարան՝ հրատարակությունների լայն ընտրանիով, որպեսզի գոհացնի երեխաների և տան մյուս անդամների կարիքները։

Կրթական այլ ծրագրեր

Դիտարանի ընկերությունը դպրոցներ է կազմակերպում նաև տղամարդկանց ու կանանց համար, որտեղ նրանք միսիոներական ծառայության են պատրաստվում։ Կազմակերպվում են նաև դպրոցներ նրանց համար, ովքեր ժողովում ունեն տարբեր պատասխանատվություններ։ Այս դպրոցները փաստում են, որ Եհովայի վկաները մեծ նշանակություն են տալիս կրթությանը։