Կրոնների բազմազանության խնդիրը
Որպես մանկավարժ՝ դուք բախվում եք մի խնդրի, որին անցած դարերի ձեր կոլեգաները հազվադեպ են բախվել՝ կրոնական բազմազանությունը։
ՄԻՋԻՆ դարերում միևնույն երկրում ապրող քաղաքացիները սովորաբար նույն կրոնն էին դավանում։ Դեռևս 19 -րդ դարի վերջերին Եվրոպայում հայտնի էին միայն մի քանի հիմնական կրոններ՝ կաթոլիկությունն ու բողոքականությունը (արևմուտքում), ուղղափառությունն ու մահմեդականությունը (արևելքում), ինչպես նաև հուդայականությունը։ Սակայն այսօր թե՛ Եվրոպայում, թե՛ ողջ աշխարհում կրոնական մեծ բազմազանություն է նկատվում։ Շատ երկրներում արմատներ են գցում նորանոր անծանոթ կրոններ, որոնք կա՛մ փոխառվել են տեղի որոշ բնակիչների կողմից, կա՛մ ներգաղթյալներն ու փախստականներն են իրենց հետ բերել։
Օրինակ՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում շատ են մահմեդականները, բուդդայականները և հնդուականները։ Իսկ Եհովայի վկաները, որոնք քրիստոնյաներ են, բարի լուրը ակտիվորեն քարոզում են 239 երկրներում։ Այդ երկրներից 14-ում, առանձին-առանձին վերցրած, ակտիվ անդամների թիվը գերազանցում է 150 000-ը (տես Եհովայի վկաներ՝ համաշխարհային կրոն շրջանակը)։
Կրոնների և հավատալիքների բազմազանությունը կարող է խնդիրներ առաջացնել մանկավարժների համար։ Որոշ հարցեր կարող են առաջանալ ժողովրդականություն վայելող տոների վերաբերյալ, օրինակ՝ պե՞տք է արդյոք յուրաքանչյուր աշակերտի պարտադրել, անկախ իր ունեցած կրոնական հավատալիքներից, մասնակցել բոլոր տոնակատարություններին։ Մեծամասնության կարծիքով՝ դրանց մեջ ոչ մի սխալ բան չկա։ Բայց մի՞թե չպետք է հարգել նաև փոքրամասնության կարծիքը։ Մեկ այլ հարց էլ է ծագում. այն երկրներում, որտեղ, ըստ օրենքի, եկեղեցին անջատ է պետությունից, և կրոնական ուսուցումը չպետք է ընդգրկվի դպրոցական ծրագրի մեջ, տրամաբանակա՞ն
է արդյոք նման տոնակատարությունները պարտադիր դարձնել դպրոցներում։Ծննդյան օրեր
Թյուրըմբռնում կարող է առաջանալ նույնիսկ այն տոնակատարությունների առնչությամբ, որոնք թվում է, թե կապ չունեն կրոնի հետ։ Դրանցից են, օրինակ, ծննդյան տարեդարձները, որոնք հաճախ նշում են դպրոցներում։ Թերևս ձեզ հայտնի է, որ Եհովայի վկաները, թեև հարգում են ծննդյան օրեր նշելու ուրիշների իրավունքը, իրենք անձամբ չեն մասնակցում նման տոնակատարությունների։ Բայց գուցե չգիտեք, թե ինչն է պատճառը։
Ֆրանսիական հայտնի մի հանրագիտարանում (Le livre des religions) այս սովորույթը «ծիսակատարություն» է անվանվում և դասվում է «աշխարհիկ ծեսերի» շարքին։ Թեև ծննդյան տարեդարձ նշելն այսօր համարվում է ընդամենը անվնաս աշխարհիկ սովորույթ, սակայն իրականում այս տոնի արմատները գալիս են հեթանոսությունից։
«Ամերիկյան հանրագիտարանում» ասվում է. «Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Պարսկաստանում տոնում էին աստվածների, թագավորների և ազնվականների ծննդյան օրերը» («The Encyclopedia Americana», 1991)։ Ռալֆ և Ադելին Լինտոնները իրենց՝ «Ծննդյան տոնակատարության ավանդույթները» գրքում բացատրում են, թե ինչպես է ծագել այդ ավանդույթը. «Միջագետքն ու Եգիպտոսը, որոնք հանդիսանում էին քաղաքակրթության բնօրրաններ, առաջին երկրներն էին, որտեղ մարդիկ հիշում էին իրենց ծննդյան օրը և հատուկ նշանակություն էին տալիս դրան։ Հին ժամանակներում ծննդյան ամսաթվերի մասին գրավոր արձանագրություններ պահելը շատ կարևոր էր, քանի որ այդ ամսաթվերը անհրաժեշտ էին հորոսկոպ կազմելու համար» (The Lore of Birthdays)։ Աստղագուշակության հետ այս անմիջական կապը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս բոլոր նրանց, ովքեր, իմանալով Աստվածաշնչի տեսակետը աստղագուշակության վերաբերյալ, հեռու են մնում դրանից (Եսայիա 47։13–15)։
Ուստի զարմանալի չէ, որ, ինչպես նշվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում, «վաղ քրիստոնյաները չէին տոնում նրա [Քրիստոսի] ծնունդը, քանի որ ցանկացած անհատի ծննդյան տոնակատարություն հեթանոսական սովորույթ էին համարում» («The World Book Encyclopedia», հ. 3, էջ 416)։
Եհովայի վկաները, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, չեն նշում ծննդյան տարեդարձներ։ Ինչ խոսք, երեխայի ծնունդը հրաշալի իրադարձություն է, որը մեծ երջանկություն է պատճառում։ Բոլոր ծնողներն էլ ուրախանում են՝ տեսնելով, թե ինչպես է իրենց երեխան տարեցտարի մեծանում։ Եհովայի վկաները նույնպես շատ են սիրում իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին, ուստի հաճույքով նրանց նվերներն են տալիս և ուրախ ժամանակ անցկացնում նրանց հետ։ Սակայն հաշվի առնելով ծննդյան տարեդարձների ծագումը՝ նախընտրում են այդպես վարվել տարվա ուրիշ օրերի (Ղուկաս 15։22–25; Գործեր 20։35)։
Սուրբ ծնունդ
Սուրբ Ծնունդը տոնվում է ամբողջ աշխարհում, նույնիսկ ոչ քրիստոնեական
երկրներում։ Քանի որ քրիստոնյա աշխարհի կրոնների մեծամասնությունը նշում է այս տոնը, շատերը գուցե չհասկանան, թե ինչու Եհովայի վկաները չեն նշում այն։Շատ հանրագիտարաններ հստակ նշում են, որ դեկտեմբերի 25-ը ընտրվել է որպես Քրիստոսի ծննդյան օր, որպեսզի այն համընկնի հռոմեական հեթանոսական հայտնի մի տոնի։ Նկատի առնենք տարբեր հանրագիտարաններից մեջբերված հետևյալ տեղեկությունները։
«Քրիստոսի ծննդյան օրը հայտնի չէ։ Ավետարաններում չի նշվում ո՛չ օրը, ո՛չ էլ ամիսը» («New Catholic Encyclopedia», հ. 3, էջ 656)։
«Սուրբ Ծնունդի սովորությունները՝ թե՛ այնպիսիք, որ այժմ լայնորեն ընդունված են Եվրոպայում, և թե՛ այնպիսիք, որոնց մասին մեզ հին ժամանակներից են տեղեկություններ հասել, մեծ մասամբ քրիստոնեական չեն, այլ հեթանոսական սովորություններ են, որոնք ընդունվել կամ թույլատրվել են եկեղեցու կողմից.... Սուրբ Ծնունդի տոնական արարողությունների համար հիմք է ծառայել Հռոմի Սատուրնալիա տոնը» (Encyclopædia of Religion and Ethics, Էդինբուրգ, 1910, Ջեյմս Հեյսթինգսի խմբագրությամբ, հ. 3, էջ 608, 609)։
«Հին աշխարհի երկրագործ շատ ժողովուրդներ բնության զարթոնքը խորհրդանշող «մեռնող և հառնող» աստվածների (Ադոնիս, Դիոնիսոս, Թամուզ, Միհր, Օսիրիս) պաշտամունքը տոնել են ձմեռային արևադարձին (դեկտեմբերի 21–25)։ Քրիստոնեական եկեղեցին 4-րդ դարի կեսին հարկադրված եղավ ժողովուրդների մեջ արմատավորված այդ տոնը վերափոխել Քրիստոսի Ծննդյան տոնի» («Հայկական սովետական հանրագիտարան», հ. 5, էջ 132)։
«Սուրբ Ծնունդի տոնի ձևավորման հարցում մեծ դեր են ունեցել «անպարտելի արևին» (Միհրին) նվիրված հեթանոսական տոնակատարությունները։ Դեկտեմբերի 25-ը՝ ձմեռային արևադարձի օրը, ի վերջո նույնացվեց Քրիստոսի միջոցով աշխարհում ծագած լույսի հետ, և այդպիսով «անպարտելի արևի» խորհրդաբանությունը վերագրվեց Քրիստոսին» («Brockhaus Enzyklopädie», Գերմանիա, հ. 20, էջ 125)։
Ինչպե՞ս են ոմանք արձագանքել՝ իմանալով Սուրբ Ծնունդի մասին այս փաստերը։ «Բրիտանական հանրագիտարանը» նշում է. «1644-ին անգլիացի պուրիտանները պառլամենտի որոշմամբ արգելեցին [Սուրբ Ծնունդի] ամեն տեսակ տոնակատարություն և կրոնական
արարողություն, քանի որ դա հեթանոսական տոն էր, և կարգադրվեց այդ օրը ծոմ պահել։ Կարլոս II-ը վերականգնեց տոնակատարությունը, սակայն շոտլանդացիները շարունակում էին կառչած մնալ պուրիտանական հայացքներին» (The Encyclopædia Britannica)։ Վաղ քրիստոնյաները չէին տոնում Սուրբ Ծնունդը։ Այսօր Եհովայի վկաները նույնպես չեն նշում այն և չեն մասնակցում այդ տոնի հետ կապված միջոցառումներին։Սակայն Աստվածաշունչը չի արգելում իրար նվերներ տալը կամ ընտանիքի և ընկերների հետ ուրախ ճաշկերույթներ կազմակերպելը։ Հակառակը՝ այն քաջալերում է ծնողներին սովորեցնել իրենց երեխաներին, որ լինեն առատաձեռն ուրիշների հանդեպ, ոչ թե նվերներ տան զուտ այն պատճառով, որ այդպես ընդունված է (Մատթեոս 6։2, 3)։ Եհովայի վկաները սովորեցնում են իրենց երեխաներին հանդուրժող և հարգալից լինել, ինչը նշանակում է նաև հարգել Սուրբ Ծնունդը նշելու ուրիշների իրավունքը։ Եվ նրանք գնահատում են, երբ ուրիշներն էլ հարգում են այդ տոնին չմասնակցելու իրենց որոշումը։
Այլ տոնակատարություններ
Եհովայի վկաները նույն դիրքորոշումն ունեն նաև տարբեր երկրներում նշվող այլ տոների նկատմամբ, որոնք մասամբ կամ ամբողջովին կրոնական բնույթ են կրում, ինչպիսիք են Հունիսյան տոները Բրազիլիայում, Աստվածահայտնության տոնը Ֆրանսիայում, կառնավալը Գերմանիայում, Սեցուբուն տոնը Ճապոնիայում և Հելոուինը Միացյալ Նահանգներում։ Եթե այս կամ այլ տոների վերաբերյալ որևէ հարց ունեք, Եհովայի վկաները և նրանց երեխաները պատրաստ են պատասխանելու ցանկացած հարցի։