Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաները ձգտում են իրենց երեխաների մեջ սերմանել ճշմարիտ քրիստոնեական արժեքներ

Հարգանքի արժանի բարոյական արժեքներ

Հարգանքի արժանի բարոյական արժեքներ

Պատմության ընթացքում եղել են խիզախ տղամարդիկ և կանայք, որոնք իրենց ժամանակներում տարածված կարծիքին հակառակ են վարվել։ Նրանք իրենց համոզմունքների համար ենթարկվել են քաղաքական, կրոնական և ռասայական բռնության, հաճախ նույնիսկ վճարել են սեփական կյանքով։

ՎԱՂ քրիստոնյաները աչքի են ընկել բացառիկ խիզախությամբ։ Մեր թվարկության առաջին երեք դարերի ընթացքում նրանք դաժան հալածանքների են ենթարկվել, և նրանցից շատերը հեթանոս հռոմեացիների կողմից մահապատժի են ենթարկվել կայսրին երկրպագելուց հրաժարվելու համար։ Երբեմն արենայում զոհասեղան էին դնում, և ազատություն ստանալու համար քրիստոնյաները պետք է ընդամենը մի պտղունց խունկ գցեին դրա վրա վառվող կրակի մեջ՝ այդպիսով ընդունելով կայսրի աստվածային լինելը։ Սակայն քչերը օգտվեցին այդ հնարավորությունից։ Մեծամասնությունը գերադասեց մահանալ, քան ուրանալ իր հավատը։

Մեր օրերում Եհովայի վկաները նույն դիրքորոշումն ունեն. նրանք չեն միջամտում քաղաքականությանը։ Օրինակ՝ պատմականորեն հաստատված փաստ է այն, որ նրանք աննկուն են մնացել նացիզմի կատաղի հարձակումների ներքո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում քաղաքականության մեջ չեզոք լինելու և «Հայլ Հիտլեր» չարտասանելու պատճառով Գերմանիայի Վկաների մոտ մեկ քառորդը կորցրեց իր կյանքը հիմնականում համակենտրոնացման ճամբարներում։ Երեխաներին բաժանում էին Վկա ծնողներից։ Սակայն, չնայած ուժգին ճնշմանը, երեխաները հաստատուն մնացին և չտրվեցին այն մարդկանց ազդեցությանը, ովքեր փորձում էին նրանց ստիպել ընդունել հակասուրբգրային ուսմունքներ։

Դրոշին պատիվ տալը

Այսօր Եհովայի վկաներն այդպիսի դաժան հետապնդման չեն ենթարկվում։ Այնուամենայնիվ, երբեմն թյուրըմբռնում է առաջանում, երբ պատանի Վկաները չեն մասնակցում ազգը փառաբանող արարողությունների, օրինակ՝ դրոշին պատիվ տալուն։

«Կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մատթեոս 22։21, «Արարատ» թարգմանություն)

Եհովայի վկաները իրենց երեխաներին չեն սովորեցնում համոզել ուրիշներին, որ պատիվ չտան դրոշին, քանի որ դա յուրաքանչյուր անհատի որոշումն է։ Սակայն Վկաների դիրքորոշումը հստակ է. նրանք պատիվ չեն տալիս ոչ մի պետության դրոշի։ Այդուհանդերձ, նրանք անհարգալից վերաբերմունք դրսևորելու միտում չունեն։ Վկաները հարգում են այն երկրի դրոշը, որտեղ ապրում են, և իրենց հարգանքը ցույց են տալիս՝ այդ երկրի օրենքներին հնազանդվելով։ Նրանք երբեք չեն մասնակցում որևէ հակակառավարական գործունեության։ Վկաները ընդունում են, որ կառավարությունները գոյություն ունեն Աստծու թույլտվությամբ՝ նրա «սահմանած կառույցն» են։ Հնազանդվելով Աստծու տված պատվերին՝ նրանք վճարում են հարկերը և հարգում են «վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1–7)։ Ավելին, այդպես վարվելով՝ նրանք կատարում են Քրիստոսի պատվերը. «Կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մատթեոս 22։21, «Արարատ» թարգմանություն)։

Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Եհովայի վկաները դրոշին պատիվ չեն տալիս»։ Պատճառն այն է, որ դրոշին պատիվ տալը նրանք համարում են երկրպագության ձև, իսկ երկրպագություն պետք է մատուցել միայն Աստծուն։ Նրանք, Աստծուց բացի, ուրիշ որևէ մեկի կամ որևէ բանի չեն երկրպագում (Մատթեոս 4։10; Գործեր 5։29)։ Վկաները գնահատում են, երբ մանկավարժները հարգում են իրենց տեսակետը և Վկա երեխաներից չեն պահանջում դեմ գնալ իրենց համոզմունքներին։

Միայն Եհովայի վկաները չէ, որ դրոշին պատիվ տալը կապում են երկրպագության հետ։ Դա են փաստում հետևյալ մեկնաբանությունները։

«Սկզբնական շրջանում դրոշները գրեթե միշտ կրոնական բնույթ են կրել.... Ըստ ամենայնի, պետական դրոշներին սրբության երանգ տալու նպատակով միշտ դիմել են կրոնի օգնությանը» («Encyclopædia Britannica», ընդգծումը մերն է)։

«Դրոշը խաչի նման սուրբ է.... Երկրների օրենքների և կանոնների մեջ պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ օգտագործված են խիստ ազդեցիկ արտահայտություններ՝ «ծառայել դրոշին».... «պատվել դրոշին», «նվիրված լինել դրոշին»» («The Encyclopedia Americana», ընդգծումը մերն է)։

«Քրիստոնյաները հրաժարվում էին.... [Հռոմի] կայսրին զոհեր մատուցելուց. այսօր դա գրեթե նույնն է, ինչ դրոշին պատիվ տալուց կամ պետությանը հավատարմության երդում տալուց հրաժարվելը» (Those About to Die, Դանիել Պ. Մանիքս, 1958 թ., էջ 135)։

Եբրայեցի երեք երիտասարդները հրաժարվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի առաջ խոնարհվելուց

Մեկ անգամ ևս նշենք, որ դրոշին պատիվ տալուց հրաժարվելը որևէ պետության կամ ղեկավարի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում չէ։ Վկաները պարզապես չեն ցանկանում երկրպագել պետության խորհրդանիշ հանդիսացող որևէ բանի՝ խոնարհվելով դրա առաջ կամ պատիվ տալով դրան։ Նրանք ընդօրինակում են աստվածաշնչյան ժամանակներում ապրող երեք եբրայեցի երիտասարդներին, որոնք հրաժարվեցին Դուրայի դաշտում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի առաջ խոնարհվելուց (Դանիել, 3-րդ գլուխ)։ Հետևաբար, անգամ երբ ուրիշները պատիվ են տալիս դրոշին և հավատարմության երդում տալիս պետությանը, Եհովայի վկաների երեխաները հետևում են Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճին և հարգալից կերպով հրաժարվում են այդ հանդիսավոր արարողություններին մասնակցելուց։ Նույն պատճառով նրանք նաև չեն մասնակցում ազգային հիմնի կատարմանը։

Ծնողների իրավունքը

Այսօր աշխարհի պետությունների մեծ մասը հարգում է իրենց համոզմունքների համաձայն երեխաներին կրոնական դաստիարակություն տալու ծնողների իրավունքը։ Եվ այդ դիրքորոշմանը կողմ են նաև բոլոր կրոնները, ինչպես երևում է կաթոլիկ եկեղեցու հետևյալ կանոնից, որն ուժի մեջ է մինչ օրս. «Երեխաներին կյանք տալով՝ ծնողները նրանց կրթելու լուրջ պատասխանատվություն են ստանձնում և իրավասու են այդպես վարվելու. ահա թե ինչու առաջին հերթին ծնողնե՛րը պետք է իրենց երեխաներին տան քրիստոնեական կրթություն՝ եկեղեցու դավանաբանությանը ներդաշնակ» (կանոն 226)։

Վկաներն իրենց երեխաներին սովորեցնում են ուշադիր լինել ուրիշների նկատմամբ

Եհովայի վկաներն էլ նույն բանն են ցանկանում. որ հարգվի երեխաներին քրիստոնեական կրթություն տալու իրենց իրավունքը։ Լինելով հոգատար ծնողներ՝ նրանք ձգտում են իրենց երեխաների մեջ սերմանել ճշմարիտ քրիստոնեական արժեքներ, այդ թվում՝ սեր մերձավորի հանդեպ ու հարգանք մարդկանց ունեցվածքի նկատմամբ։ Նրանք ցանկանում են հետևել Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին, որ գրել էր Եփեսոսի քրիստոնյաներին. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4

Կրոնապես բաժանված ընտանիքներ

Կան ընտանիքներ, որտեղ ծնողներից միայն մեկն է Եհովայի վկա։ Նման պարագայում Վկա ծնողը ընդունում է, որ ոչ Վկա կողակիցը նույնպես իրավունք ունի երեխաներին դաստիարակելու իր համոզմունքների համաձայն։ Տարբեր կրոնական համոզմունքները երեխաների վրա գրեթե երբեք բացասաբար չի անդրադառնում։ * Այսպես թե այնպես յուրաքանչյուր երեխա ինքը պետք է որոշի, թե կրոնական որ ուղղությանը հետևի։ Ինչ խոսք, ոչ բոլոր երեխաներն են նախընտրում ընդունել իրենց ծնողների կրոնը, անկախ նրանից՝ ծնողները Եհովայի վկաներ են, թե ոչ։

Երեխաների խղճի ազատության իրավունքը

Արժե նաև նշել, որ Եհովայի վկաներն այն կարծիքին են, որ անչափ կարևոր է հարգել յուրաքանչյուր քրիստոնյայի խիղճը (Հռոմեացիներ, 14-րդ գլուխ)։ 1989 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված երեխայի իրավունքների կոնվենցիան ճանաչեց երեխայի «մտքի, խղճի և կրոնի ազատության» իրավունքը, ինչպես նաև իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը, որը պետք է հաշվի առնվի նրան առնչվող յուրաքանչյուր հարցում։

Չկան երկու միանման երեխաներ։ Հետևաբար, խելամիտ է ակնկալել, որ դպրոցական հանձնարարությունների և այլ հարցերի հետ կապված աշակերտները տարբեր որոշումներ կկայացնեն, անկախ նրանից՝ Վկա են, թե ոչ։ Վստահ ենք, որ դուք էլ եք հարգում յուրաքանչյուրի խղճի ազատության իրավունքը։

^ պարբ. 18 Փիլիսոփայության դոկտոր Ստիվեն Քարր Ռուբենը, խոսելով այն երեխաների մասին, ում ծնողները տարբեր կրոններ են դավանում, իր գրքում նշում է. «Երեխաները շփոթության մեջ են ընկնում այն դեպքում, երբ ծնողները [հասարակության մեջ] երկակի կյանքով են ապրում, անհետևողական են, թաքցնում են իրենց ով լինելը և խուսափում են կրոնական թեմաներ քննարկելուց։ Իսկ երբ ծնողներն ազնիվ ու անկեղծ են և հստակ հայտնում են, թե ինչ համոզմունքներ ու արժեքներ ունեն և թե ինչպես են վերաբերվում տարբեր տոնակատարությունների, երեխաները կրոնի հետ կապված հարցերում իրենց ավելի ապահով ու ինքնավստահ են զգում։ Իսկ դա անչափ կարևոր է առհասարակ նրանց ինքնահարգանքի ձևավորման և հասարակության մեջ ինքնահաստատման հարցում» (Raising Jewish Children in a Contemporary World)։