Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս ձերբազատվեմ թմրանյութերից

Ինչպե՞ս ձերբազատվեմ թմրանյութերից

ԳԼՈՒԽ 35

Ինչպե՞ս ձերբազատվեմ թմրանյութերից

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ունե՞ս թմրանյութից։ Գուցե գիտես, թե ինչ վնաս է հասցնում այն ուղեղիդ և օրգանիզմիդ։ Թերևս նույնիսկ փորձել ես ձերբազատվել այս սովորությունից, բայց հետո սայթաքել ես։ Եթե այո, մի՛ հուսահատվիր։ Կան մարդիկ, ովքեր հաղթահարել են իրենց կախվածությունը, դու նույնպես կարող ես։ Տեսնենք, թե երեք տարբեր մարդիկ ինչպես են հաղթահարել այդ սովորությունը։

ԱՆՈՒՆ՝ Մարթա

ԻՄ ԾԱԳՈՒՄԸ։ Մայրս ամուսնացած չէր, երբ ծնվեցի։ Ես ու քույրս մեծացել ենք առանց հոր։ Մոտ 12 տարեկանից մորաքրոջս հետ, որը շատ էր սիրում պարել, սկսեցի դիսկոտեկներ գնալ։ Շատ ընկերասեր էի և շուտով ընկերացա նրանց հետ, ովքեր վատ սովորություններ ունեին։ 13 տարեկանում թմրանյութեր փորձեցի։ Նաև սկսեցի կոկաին օգտագործել։ Սկզբում հաճույք էի ստանում թմրադեղերից։ Բայց մի որոշ ժամանակ անց հալյուցինացիաների մեջ ընկա և սկսեցի վախենալ ամեն ինչից։ Երբ թմրանյութի ազդեցությունն անցնում էր, ինքնասպանություն գործելու մտքերով էի համակվում։ Շատ էի ուզում թողնել թմրանյութերը, բայց կամքի ուժ չունեի։

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՑԻ։ Սկսեցի մտածել Աստծու մասին և նույնիսկ մի քանի անգամ եկեղեցի հաճախեցի։ Սակայն դա ավելի ընկճեց ինձ։ 18 տարեկանում սկսեցի ապրել ընկերոջս հետ, հետո երեխա ունեցանք։ Որդի ունենալուց հետո ավելի շատ ցանկացա փոխել ապրելակերպս։ Նախկին ընկերուհիներիցս մեկը նույնպես տեղափոխվել էր այդ շրջան և ապրում էր իմ տան դիմաց։ Նա այցելեց ինձ, որ իմանա, թե ինչպես եմ։ Ես սիրտս բացեցի նրա առաջ։ Ընկերուհիս ասաց, որ Եհովայի վկա է դարձել, և առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես համաձայնվեցի։

Հասկացա, որ իմ ապրելակերպը չի հաճեցնում Աստծուն և պետք է թողնեմ թմրանյութերն ու ծխելը։ Բայց թմրանյութերը ուժեղ ազդեցություն ունեին ինձ վրա։ Օրը մի քանի անգամ աղաչում էի Եհովային, որ օգնի ինձ ձերբազատվելու այդ վատ սովորությունից։ Ուզում էի նրա հավանությանն արժանանալ (Առակներ 27։11)։ Վեց ամիս Աստվածաշունչ ուսումնասիրելուց ու Եհովայի վկաների հետ շփվելուց հետո կարողացա հրաժարվել թմրանյութերից։ Այժմ կյանքս իմաստով է լցվել։ Այլևս վհատված չեմ։ Ես հանդիպեցի մի հրաշալի քրիստոնյայի և ամուսնացա։ Որդուս դաստիարակել եմ աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Շատ շնորհակալ եմ Եհովային, որ լսեց իմ աղոթքները և օգնեց ինձ։

ԱՆՈՒՆ՝ Մարսիո

ԻՄ ԾԱԳՈՒՄԸ։ Մեծացել եմ Սան Պաուլու նահանգի (Բրազիլիա) Սանտու Անդրե խիտ բնակեցված քաղաքի արվարձաններում։ Վաղ տարիքից սկսել եմ ծխախոտ, թմրադեղեր օգտագործել ու գողությամբ զբաղվել։ Ընկերներիցս մի քանիսը մեքենա էին գողանում և զբաղվում էին թմրադեղերի առք ու վաճառքով։ Նրանցից մեկը առանց փողի թմրադեղեր էր առաջարկում մեր տեղանքում ապրող պատանիներին։ Մի անգամ փորձելուց հետո դառնում էին նրա հաճախորդը։

Ոստիկանությունը միշտ հսկում էր մեր տարածքը։ Մի քանի անգամ ձերբակալվել եմ խուլիգանության համար։ Մի անգամ էլ ձերբակալվել եմ թմրադեղերի առք ու վաճառքով զբաղվելու կասկածանքով։ Բանդայի գողացած ապրանքներն ու զենքերը բազմիցս պահել եմ իմ տանը։

Մարդիկ վախենում էին ինձնից։ Աչքերս միշտ արյունոտ էին։ Երբեք չէի ժպտում։ Մարդասպանի տեսք ունեի։ Իմ անունը «Թուֆաո» (Թայֆուն) էին դրել, քանի որ ուր գնում էի, խնդիրներ էի ստեղծում։ Նաև խմում էի և անբարո կյանքով էի ապրում։ Ընկերներիցս շատերը մահացան կամ բանտ ընկան։ Ես այնքան վհատված էի, որ մի օր ծառից պարան կախեցի և փորձեցի կախվել։

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՑԻ։ Խնդրում էի Աստծուն, որ օգնի ինձ։ Ի վերջո, հանդիպեցի Եհովայի վկաներին և սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իմացա, որ Աստված անուն ունի՝ Եհովա, հոգատար է և օգնում է նրանց, ովքեր ուզում են ապրել իր չափանիշներով (Սաղմոս 83։18; 1 Պետրոս 5։6, 7)։ Շատ փոփոխություններ պետք է անեի իմ կյանքում։ Ամենադժվարն այն էր, որ պետք է սովորեի ժպտալ։

Անդադար խնդրում էի Եհովային օգնության համար և կիրառում էի աստվածաշնչյան խորհուրդները։ Խզեցի կապերս իմ նախկին ընկերների հետ և այլևս չէի գնում բարեր։ Փոխարենը՝ շփվում էի նրանց հետ, ովքեր ապրում են աստվածաշնչյան չափանիշներով։ Ճիշտ է, պայքարի մեջ եմ, բայց այլևս գող չեմ և խնդիրներ չեմ ստեղծում։ Ավելի քան տասը տարի է, ինչ ձերբազատվել եմ թմրանյութերից։

ԱՆՈՒՆ՝ Քրեյգ

ԻՄ ԾԱԳՈՒՄԸ։ Մեծացել եմ Հարավային Ավստրալիայի ֆերմաներից մեկում։ Հայրս հարբեցող էր, և ծնողներս բաժանվեցին, երբ ես ութ տարեկան էի։ Մայրս կրկին ամուսնացավ, ու ես նրա հետ ապրեցի մինչև 17 տարեկան։ Այդ տարի սովորեցի ոչխարներ խուզել ու սկսեցի ապրել խուզողների բանդաների հետ, որոնք տեղից տեղ էին տեղափոխվում՝ աշխատանք գտնելու նպատակով։ Սկսեցի տարբեր թմրադեղեր օգտագործել և չարաշահել ալկոհոլը։ Մազերս երկարացրի։ Հետո հյուսեցի դրանք և ուլունքներ ամրացրի։ Վատ բնավորություն ձեռք բերեցի, դարձա նախանձ ու բռնի մարդ։ Շատ եմ բանտարկվել։

Տեղափոխվեցի Արևմտյան Ավստրալիայի մի փոքր քաղաք ու սկսեցի ապրել ընկերուհուս հետ, որը տեղի հյուրանոցում բարմենուհի էր։ Երկուսս ծխում էինք, խմում և մարիխուանա էինք աճեցնում։

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՑԻ։ Նոր էինք հավաքել մարիխուանայի բերքը, երբ Եհովայի վկաները թակեցին մեր կիսախարխուլ տան դուռը։ Ես չընդունեցի նրանց ասածները։ Սակայն ժամանակի ընթացքում համոզվեցի, որ Աստվածաշնչի խոսքերը ճշմարիտ են։ Հետո աստիճանաբար հաղթահարեցի խնդիրներս։

Շուտով հասկացա, որ պետք է վերջ տամ մարիխուանա օգտագործելու սովորությանս։ Ի՞նչ պետք է անեի։ Շատ ջանք էի ներդրել, որ մարիխուանա աճեցնեմ, ուստի սկզբում որոշեցի, որ բերքը ուրիշին կտամ։ Սակայն հետո մտածեցի, որ դա ճիշտ չէ. պետք է ամբողջությամբ վերացնեմ այն։ Գլխավորապես աղոթքի օգնությամբ կարողացա թողնել թմրանյութերն ու ալկոհոլը։ Աստծուն խնդրում էի, որ իր ոգին տա, որպեսզի կարողանամ հաղթանակած դուրս գալ այս պայքարից։ Նաև կապերս խզեցի այն մարդկանց հետ, ովքեր դրդում էին ինձ վատ բաներ անելու։ Որքան շատ էի սովորում ու կիրառում այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, այնքան ավելի էի լցվում ապահովության զգացումով, ինչի շնորհիվ ձերբազատվեցի իմ թերություններից։ Ընկերուհիս նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և փոխեց իր ապրելակերպը։ Մենք ամուսնացանք։ Արդեն 21 տարի է, ինչ ապրում ենք առողջ կյանքով, և այժմ մեծացնում ենք երկու երեխաների։ Վախով եմ լցվում, երբ մտածում եմ, թե ինչի նման կլիներ կյանքս, եթե Եհովայի օգնությամբ փոփոխություններ չանեի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Եհովան իմ ուժն ու զորությունն է» (Եսայիա 12։2

ԱՌԱՋԱՐԿ

Հնարավորինս հեռու մնա քո անցյալին առնչվող մարդկանցից, վայրերից և այլ բաներից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդկանց տեսնելը կամ այդ վայրերում լինելը գուցե քո մեջ նորից թմրանյութեր օգտագործելու ցանկություն առաջացնի։

ԳԻՏԵԻ՞Ր

Թմրանյութերի գործածությունը կարող է փոխել ուղեղի կառուցվածքը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե սայթաքեմ, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ անհատը պետք է կտրուկ փոփոխություններ անի, եթե ուզում է ձերբազատվել թմրանյութերից։

● Ինչպե՞ս կարող է Աստծու մասին գիտելիքներ ստանալը օգնել անհատին։

[մեջբերում 253-րդ էջի վրա]

«Աստվածաշնչի բարձր չափանիշներով ապրելու շնորհիվ երջանիկ եմ, իսկ կյանքս իմաստով է լցված» (Մարթա)։

[նկար 256-րդ էջի վրա]

Կախվածությունը հաղթահարելը նման է այրվող տնից փախչելուն. շատ բաներ ես թողնում հետևում, բայց փրկում ես կյանքդ