Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս լավ ժամանակ անցկացնեմ

Ինչպե՞ս լավ ժամանակ անցկացնեմ

ԳԼՈՒԽ 32

Ինչպե՞ս լավ ժամանակ անցկացնեմ

Նշիր՝ ճիշտ է, թե սխալ։

Աստվածաշնչի համաձայն՝

չի կարելի սպորտով զբաղվել,

□ Ճիշտ է □ Սխալ է

բոլոր ֆիլմերն ու հեռուստահաղորդումները վատ ազդեցություն են թողնում,

Ճիշտ է Սխալ է

պարերի բոլոր տեսակներն անընդունելի են։

□ Ճիշտ է □ Սխալ է

ՆՈՐԻՑ շաբաթն անցավ։ Դու զբաղված էիր դասերով։ Տան գործերը նույնպես ավարտին ես հասցրել։ Բայց արյունդ եռում է. լի ես երիտասարդական ավյունով ու էներգիայով (Առակներ 20։29)։ Առջևում շաբաթ-կիրակի է, և դու ուզում ես զվարճանալ։

Հավանաբար դասընկերներդ մտածում են, որ դու չես կարող զվարճանալ, քանի որ Աստվածաշունչը մեղք է համարում զվարճությունը։ Բայց արդյո՞ք այդպես է։ Քննենք նախորդ էջում նշված երեք պնդումները և տեսնենք, թե ինչ է Աստվածաշնչում ասվում զվարճությունների մասին։

Չի կարելի սպորտով զբաղվել։

Սխալ է։ Աստվածաշունչն ասում է. «Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։ Այսօր կան բազմաթիվ սպորտաձևեր, որոնք թե՛ զվարճալի են, թե՛ օգտակար, օրինակ՝ թենիսը, բասկետբոլը, ֆուտբոլը, վոլեյբոլը, չմուշկներով ու դահուկներով սահելը և այլն։

Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ զգուշանալու անհրաժեշտություն չկա։ Նկատի առնենք վերը նշված աստվածաշնչյան համարի համատեքստը։ Երիտասարդ Տիմոթեոսին Պողոս առաքյալն ասաց. «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը օգտակար է ամեն բանի համար, քանի որ այն ներառում է ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը»։ Պողոսի խոսքերը մեզ հիշեցնում են, որ մեր կյանքում առաջին տեղում պետք է միշտ Աստված լինի։ Իսկ ինչպե՞ս կարող ես Աստծու հանդեպ քո նվիրվածությունը ցույց տալ որևէ սպորտաձև ընտրելիս։ Նկատի առ հետևյալ երեք հարցերը։

1. Որքա՞ն վտանգավոր է այս սպորտաձևը։ Մի՛ առաջնորդվիր հասակակիցներիդ ոգևորիչ մեկնաբանություններով։ Քննիր փաստերը։ Օրինակ՝ ի՞նչ վիճակագրական տվյալներ կան դժբախտ պատահարների մասին։ Անվտանգության ի՞նչ կանոններ կան։ Վտանգի հավանականությունը նվազեցնելու համար ի՞նչ պատրաստվածություն և մարզում է հարկավոր։ Ինչ խոսք, ցանկացած տեղում կարող ես վնասվածքներ ստանալ կամ մահանալ։ Բայց ո՞րն է տվյալ սպորտաձևի իմաստը կամ նպատակը։ Արդյոք այն չէ՞, որ քեզ կոչ է արվում դեմ առ դեմ կանգնել վտանգին կամ նույնիսկ մահվանը։

Կյանքը պարգև է Աստծու կողմից։ Իսրայելացիներին տրված Օրենքի համաձայն՝ նա, ով պատահմամբ ինչ-որ մեկի մահվան պատճառ էր դառնում, խիստ պատժի էր ենթարկվում (Ելք 21։29; Թվեր 35։22–25)։ Ուստի Աստծու ժողովուրդը պետք է հետևեր անվտանգության կանոններին (2 Օրենք 22։8)։ Այսօր նույնպես քրիստոնյաները պետք է հարգանք դրսևորեն կյանքի հանդեպ։

2. Այդ սպորտով զբաղվելու ժամանակ ո՞ւմ հետ ես շփվելու։ Եթե դու մարմնամարզական լավ տվյալներ ունես, հասակակիցներդ և ուսուցիչներդ թերևս հորդորեն միանալ դպրոցական որևէ թիմի։ Դու գուցե շատ ցանկանաս ընդունել նրանց առաջարկը։ Մարկ անունով մի քրիստոնյա երիտասարդ ասում է. «Ծնողներս թույլ չեն տալիս, որ մեր դպրոցում որևէ թիմի անդամ լինեմ։ Դա անարդար է»։ Բայց ծնողներիդ տարհամոզելու փոխարեն՝ հաշվի առ հետևյալ փաստերը. մարզումներն ու մրցումները սովորաբար արվում են դասերից հետո։ Եթե մարզիչդ պոտենցիալ է տեսնում քո մեջ, ապա կքաջալերի ավելի շատ ժամանակ տրամադրել սպորտին։ Իսկ եթե դժվարությամբ ես հաջողությունների հասնում, միևնույնն է, քեզ կհորդորի ավելի շատ մարզվել։ Բացի այդ, թիմի անդամները շատ մտերիմ են լինում իրար հետ։ Նրանք միասին են ուրախանում հաղթանակներով և միասին էլ տխրում են իրենց պարտություններով։

Հիմա հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս ինձ վրա կազդի այն, որ ազատ ժամանակս նվիրեմ մարզումներին ու փորձերին։ Վտանգավոր չի՞ լինի, որ մտերիմ լինեմ այնպիսի երիտասարդների հետ, ովքեր չունեն իմ կրոնական համոզմունքները (1 Կորնթացիներ 15։33)։ Ի՞նչ եմ զոհելու այդ թիմում խաղալու համար։

3. Որքա՞ն ժամանակ ու փող է ծախսվելու տվյալ սպորտաձևի համար։ Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք այս սպորտաձևը կխլի իմ այն ժամանակը, որը նախատեսել եմ հոգևոր գործերի ու դասերիս համար։ Որքա՞ն փող անհրաժեշտ կլինի։ Ես այդքան փող ունե՞մ»։ Այս հարցերի պատասխանները կօգնեն քեզ ճիշտ առաջնահերթություններ դնելու քո կյանքում։

Բոլոր ֆիլմերն ու հեռուստահաղորդումները վատ ազդեցություն են թողնում։

Սխալ է։ Աստվածաշունչը քրիստոնյաներին պատվիրում է «կառչել բարուն» և «հեռու մնալ ամեն տեսակ չարությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21, 22)։ Ոչ բոլոր ֆիլմերն ու հեռուստահաղորդումներն են հակասում այս սկզբունքներին *։

Անկասկած, ընկերների հետ ֆիլմ դիտելը միասին ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն է։ Լիա անունով մի աֆրիկուհի ասում է. «Հենց ուզում եմ ֆիլմ դիտել, զանգում եմ ընկերուհուս ու մի խումբ ենք հավաքում»։ Սովորաբար Լիան ու նրա ընկերները ցերեկային ժամերի են գնում ֆիլմ դիտելու։ Հետո ծնողները միանում են նրանց ու գնում են ինչ-որ տեղ ընթրելու։

Թեև ֆիլմերն ու հեռուստատեսությունը վերջին հարյուրամյակում են ի հայտ եկել, դրանց հիմքում ընկած է մարդու վաղեմի հետաքրքրությունը տպավորիչ պատմությունների հանդեպ։ Հիսուսը կարողանում էր տարբեր պատմություններ պատմելով հասնել մարդկանց սրտերին։ Օրինակ՝ բարի սամարացու մասին նրա առակը կարեկցանք է առաջացնում մեր մեջ և օգտակար բաներ սովորեցնում (Ղուկաս 10։29–37

Այսօր էլ շատ ֆիլմեր որոշակի բաներ են սովորեցնում։ Դրանք աննկատ կերպով դիտողին մղում են արդարացնելու բռնությունը կամ կարեկցելու ֆիլմի հերոսին, որը հանցագործ է։ Եթե զգույշ չլինես, կսկսես հասկացողությամբ վերաբերվել հանցագործին՝ հուսալով, որ նա հաջողության կհասնի, և մտքումդ կարդարացնես նրա անբարո կամ դաժան արարքները։ Ինչպե՞ս կարող ես խուսափել այս ծուղակն ընկնելուց։

Երբ որոշում ես ինչ-որ ֆիլմ կամ հաղորդում դիտել, հարցրու ինքդ քեզ. «Այս ֆիլմը կամ հաղորդումը կօգնի՞ ինձ կարեկից լինելու (Եփեսացիներ 4։32)։ Չի՞ դրդի արդյոք ուրախանալու ուրիշի փորձանքի վրա (Առակներ 17։5)։ Այն դիտելուց հետո դժվար չի՞ լինի ատել չարությունը (Սաղմոս 97։10)։ Ամբարիշտների կողմը դիրք չե՞մ բռնի (Սաղմոս 26։4, 5)»։

Գովազդների և մեկնաբանությունների միջոցով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ բովանդակություն ունի ֆիլմը։ Բայց չարժե միամտորեն «հավատալ ամեն խոսքի» (Առակներ 14։15)։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ մեկնաբանությունները ինչ-որ մեկի կարծիքն են, իսկ գովազդատուները հաճախ կոծկում են, որ ֆիլմում կան անվայել տեսարաններ։ Մարի անունով մի աղջիկ ասում է. «Հաճախ դերասանական կազմից արդեն պարզ է դառնում, թե ֆիլմն ինչպիսին կլինի»։

Կարելի է նաև ֆիլմի մասին կարծիք հարցնել ժողովի այն երիտասարդներից, ովքեր բարձր են գնահատում աստվածաշնչյան սկզբունքները։ Բայց հիշիր, որ մարդիկ սովորաբար պատմում են այն, ինչ իրենց է դուր եկել։ Ուստի կարող ես հարցնել, թե ինչը նրանց դուր չի եկել։ Օրինակ՝ կոնկրետ հարցրու՝ կա արդյոք բռնություն, անվայել տեսարաններ, ոգեհարցություն։ Ծնողներդ նույնպես կարող են խորհուրդ տալ։ Վանեսան ասում է. «Ես խորհրդակցում եմ ծնողներիս հետ։ Եթե նրանք ասում են, որ դա նորմալ ֆիլմ է, դիտում եմ»։

Հարկավոր է լրջորեն վերաբերվել ֆիլմերի կամ հաղորդումների ընտրությանը։ Ինչո՞ւ. քո կատարած ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ կա սրտումդ և ինչն ես կարևորում (Ղուկաս 6։45)։ Նաև երևում է, թե ինչպիսի մարդիկ են քեզ դուր գալիս, ինչ խոսելաձև է ընդունելի քեզ, ինչ բարոյական արժեքներ ունես։ Ուստի ուշադիր եղիր։

Պարերի բոլոր տեսակներն անընդունելի են։

Սխալ է։ Երբ իսրայելացիներն անցան Կարմիր ծովը ու փրկվեցին եգիպտացիների ձեռքից, Մարիամը և բոլոր կանայք դափերով դուրս եկան ու սկսեցին պարել (Ելք 15։20)։ Մեկ ուրիշ հաղթանակի առիթով Հեփթայեի աղջիկը դուրս եկավ հորն ընդառաջ՝ «դափ նվագելով ու պարելով» (Դատավորներ 11։34

Մեր օրերում նույնպես շատ մշակույթներում ընդունված է, որ թե՛ երիտասարդները, թե՛ մեծերը հավաքույթների ժամանակ պարեն։ Բայց պետք է մի բան հիշել։ Թեև Աստվածաշունչը չի արգելում հավաքույթներ կազմակերպել, այդուհանդերձ զգուշացնում է, որ հարբեցողություններով ու խրախճանքներով չտարվենք (Գաղատացիներ 5։19–21)։ Եսայիա մարգարեն գրել է. «Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ոգելից խմիչք փնտրելու, ովքեր նստելով մինչև ուշ երեկո՝ բորբոքվում են գինով։ Նրանց խնջույքներին քնար ու տավիղ, դափ ու սրինգ կա, ինչպես նաև գինի, բայց Եհովայի գործերին չեն նայում» (Եսայիա 5։11, 12

Նման հավաքույթների ժամանակ «ոգելից խմիչք» էին օգտագործում, իսկ երաժշտությունն անկառավարելի էր։ Խնջույքը սկսվում էր առավոտյան ու տևում էր մինչև ուշ երեկո։ Ուշադրություն դարձրու, որ մարդիկ այնպիսի տրամադրվածություն ունեին, որ ասես Աստված չկա։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված դատապարտում էր նման հավաքույթները։

Եթե քեզ հրավիրել են խնջույքի, որտեղ պարեր են լինելու, հարցրու ինքդ քեզ. «Ովքե՞ր են ներկա լինելու այդ հավաքույթին։ Ի՞նչ համբավ ունեն նրանք։ Ո՞վ է կազմակերպիչը։ Ո՞վ է հետևելու կարգուկանոնին։ Ծնողներս ի՞նչ կարծիք ունեն։ Ինչպիսի՞ պարեր են լինելու»։ Շատ պարեր ուժգին զգացմունքներ և սեռական ցանկություններ են գրգռում։ Եթե սկսես պարել կամ պարզապես դիտել, կկարողանա՞ս «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18

Իսկ ի՞նչ անել, եթե քեզ հրավիրում են գիշերային ակումբ։ Շոն անունով մի երիտասարդ, ով նախքան քրիստոնյա դառնալը հաճախ է ժամանակ անցկացրել պարային ակումբներում, ասում է. «Այնտեղ սովորաբար ցածրորակ երաժշտություն է հնչում, իսկ պարերն անբարո են։ Նման տեղեր մարդիկ մեկ նպատակով են գալիս»։ Շոնի խոսքերով՝ նրանց նպատակն է ինչ-որ մեկի հետ սեքսով զբաղվել։ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո Շոնը փոխեց իր տեսակետը։ Ի՞նչ եզրակացության նա եկավ. «Այդ ակումբները քրիստոնյաների համար չեն»։

Զգոն լինելու կարևորությունը

Քո կարծիքով՝ ե՞րբ է զինվորն առավել խոցելի՝ մարտի դաշտո՞ւմ, թե՞ իր զինակիցների հետ հանգստանալիս։ Ինչ խոսք, երբ հանգստանում է ընկերների հետ։ Նմանապես, երբ դու դպրոցում ես կամ աշխատավայրում, զգոն վիճակում ես, քանի որ միշտ հետևում ես, թե արդյոք որևէ տեղից քեզ հոգևոր վտանգ չի սպառնում։ Բայց երբ ընկերներիդ հետ ես ժամանակ անցկացնում, թերևս առավել խոցելի ես, քանի որ հավանականություն կա, որ բարոյական չափանիշներդ պահելու հարցում զիջումների կգնաս։

Հասակակիցներիցդ ոմանք գուցե ծաղրեն քեզ, որ Աստվածաշնչի բարոյական բարձր չափանիշներով ես առաջնորդվում հանգստի ու զվարճությունների հարցում։ Նման ճնշման կարող ես ենթարկվել անգամ նրանց կողմից, ովքեր մեծացել են Եհովայի վկաների ընտանիքում։ Սակայն այդպիսի պատանիների խիղճը դաղված է (1 Տիմոթեոս 4։2)։ Նրանք կարող են քեզ անհավասարակշռված կամ չափից շատ արդար համարել։ Բայց մի՛ հանձնվիր։ «Մաքուր խիղճ» պահպանիր (1 Պետրոս 3։16

Կարևորը քո մասին Եհովայի կարծիքն է, ոչ թե հասակակիցներիդ։ Ուստի եթե ընկերներդ սկսեն ճնշել քեզ, որ չլսես խղճիդ ձայնին, ուրեմն ժամանակն է նոր ընկերներ փնտրելու (Առակներ 13։20)։ Հիշիր, դու ես քո բարոյական արժեքները պահողը, նաև այն ժամանակ, երբ զվարճանում ես ընկերներիդ հետ (Առակներ 4։23

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 37-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Պոռնկագրությունը երբեք այսքան հասանելի չի եղել։ Ինչպե՞ս կարող ես խուսափել այս ծուղակն ընկնելուց։

[ծանոթագրություն]

^ պարբ. 22 Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս 1-ին հատորի 36-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես.... քայլիր աչքերիդ տեսածով ու քո սրտի ուզած ճանապարհներով։ Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված այդ ամենի համար քեզ դատաստանի է կանչելու» (Ժողովող 11։9

ԱՌԱՋԱՐԿ

Հարցրու ծնողներիդ, թե արդյոք չեն ցանկանա ծրագրել ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ անջատել հեռուստացույցը և ընտանիքով հաճելի ժամանակ անցկացնել։

ԳԻՏԵԻ՞Ր

Երգն ու պարը ճշմարիտ երկրպագության կարևոր մաս էր իսրայելացիների համար (Սաղմոս 150։4

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե ինձ հրավիրեն դասերից հետո միանալու սպորտային թիմի, ես կասեմ՝ ․․․․․

Եթե ֆիլմը, որը դիտում եմ ընկերներիս հետ, կասկածելի թվա, ես կասեմ՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները խուսափեն վտանգավոր սպորտաձևերից։

Ինչպե՞ս կարող ես որոշել՝ ֆիլմը ընդունելի է, թե ոչ։

Ինչպե՞ս կարող ես կողմնորոշվել, թե պարային որ ոճերն են ընդունելի։

[մեջբերում 269-րդ էջի վրա]

«Շատ եմ սիրում պարել, բայց հասկացա, որ կարևոր է լսել ծնողներիս։ Թույլ չեմ տալիս, որ պարերը դուրս մղեն իմ կյանքից ավելի կարևոր բաները» (Թինա)։

[նկար 268-րդ էջի վրա]

Զինվորը խոցելի է, երբ մարտադաշտում չէ։ Իսկ դու առավել խոցելի ես, երբ ընկերներիդ հետ ես ժամանակ անցկացնում