Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ եմ խաղալ էլեկտրոնային խաղեր

Կարո՞ղ եմ խաղալ էլեկտրոնային խաղեր

ԳԼՈՒԽ 30

Կարո՞ղ եմ խաղալ էլեկտրոնային խաղեր

ԲՐԱՅԵՆՆ ասում է. «Էլեկտրոնային խաղերը շատ հետաքրքիր են։ Խաղի ընթացքում դու կարող ես այնպիսի բաներ անել, որ իրական կյանքում երբեք չես անի, քանի որ լուրջ պրոբլեմներ կունենաս»։ Դեբորային նույնպես դուր է գալիս էլեկտրոնային խաղեր խաղալը։ Սակայն նա ասում է. «Խաղերը կարող են ժամանակատար լինել, ինչպես նաև կախվածություն առաջացնել»։

Էլեկտրոնային խաղերը միայն նորագույն տեխնոլոգիաներով ժամանցի ձև չեն։ Ճիշտ է, դրանք որոշակի հմտություն են պահանջում, բայցև օգնում են, որ ժամանակը հետաքրքիր անցնի, ինչպես նաև կարող են սրել քո ռեակցիան։ Որոշ խաղեր նույնիսկ կարող են ավելացնել քո գիտելիքները մաթեմատիկայից և նպաստել սահուն ընթերցանությանը։ Բացի այդ, վերջին էլեկտրոնային խաղը հաճախ դպրոցականների զրույցների գլխավոր թեման է։ Եթե դու խաղացել ես այդ խաղը, ուրեմն հասակակիցներիդ հետ խոսելու բան կունենաս։

Ինչ խոսք, լավ կլինի ընտրել այնպիսի խաղ, որը ոչ միայն հետաքրքիր է, այլև ընդունելի քրիստոնյայի համար։ Սակայն ինչո՞ւ պետք է զգույշ լինես։

Խաղերի մյուս «երեսը»

Ցավոք, բոլոր խաղերը չէ, որ անվնաս են։ Դրանց մեծ մասը դրդում է անելու այն, ինչ Աստվածաշունչը կոչում է «մարմնի գործեր»՝ անմաքուր գործեր, որոնք Աստծու Խոսքում դատապարտվում են (Գաղատացիներ 5։19–21

18-ամյա Ադրիանը խոսում է մի հանրահայտ խաղի մասին, որտեղ «ավազակախմբերը կռվում են իրար հետ, հերոսներն օգտագործում են թմրանյութեր, բացահայտորեն զբաղվում սեքսով, հայհոյում են, ծեծուջարդ անում։ Արյունալի տեսարանները պատկերվում են ամենայն մանրամասնությամբ»։ Որոշ խաղեր էլ ջատագովում են ոգեհարցությունը։ Երբ նոր խաղ է դուրս գալիս, նախորդն արդեն անհետաքրքիր է դառնում։ Այս բռնի խաղերից շատերը կարելի է ուրիշների հետ խաղալ ինտերնետով ցանկացած պահի։ Այդ հնարավորությունը տեսախաղերը նորովի է ներկայացնում։ 19 տարեկան Ջեյմսն ասում է. «Տանդ նստած կարող ես համակարգչի միջոցով մրցել աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկ ուրիշ մարդու հետ»։

Անչափ տարածված են այն խաղերը, որոնք հնարավորություն են տալիս ընտրելու հերոսներին։ Մասնակիցները ստեղծում են օնլայն կերպարներ, որոնք կարող են լինել մարդիկ, կենդանիներ կամ այս երկուսի համակցությունը։ Համակարգչային աշխարհում «ապրող» այդ հերոսներով հազարավոր մարդիկ են խաղում։ Այդ աշխարհում կան խանութներ, ավտոմեքենաներ, դիսկոտեկներ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ, որոնք, ըստ էության, իրական աշխարհի պատճենն են։ Խաղացողները կարող են խաղի ընթացքում հաղորդագրություններ ուղարկել միմյանց, մինչ հերոսները, որոնք կոչվում են «ավատարներ», ինչ-որ բան են անում։

Ովքե՞ր են «ապրում» այդ վիրտուալ աշխարհում։ Հանցագործներ՝ մաֆիոզներ, սուտենյորներ, անբարոյականներ, շորթողներ, խաբեբաներ, մարդասպաններ։ Ուստի խաղացողներն անում են այնպիսի բաներ, որ երբեք չէին անի իրական կյանքում։ Մի քանի կոճակների միջոցով իրական խաղացողները ավատարներին դրդում են սեքսով զբաղվելու, իսկ այդ ընթացքում մասնակիցները հաղորդագրությունների միջոցով խոսում են սեքսի մասին։ Որոշ խաղեր մասնակիցներին հնարավորություն են տալիս վիրտուալ սեքսով զբաղվելու երեխաներ հիշեցնող ավատարների հետ։ Զարմանալի չէ, որ հոգեբաններն անհանգստացած են, որ մարդիկ նման այլասերված գործողություններով խաղեր են ստեղծում։

Ինչո՞ւ է կարևոր, թե ինչ խաղ կընտրես

Բռնի կամ անբարո խաղեր խաղացողները գուցե ասեն. «Ոչ մի վնաս էլ չկա։ Դա ընդամենը խաղ է»։ Բայց մի՛ խաբվիր նման սխալ դատողություններով։

Աստվածաշունչն ասում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։ Եթե սովորություն ունես խաղալու բռնի, անբարո էլեկտրոնային խաղեր, ապա կարելի՞ է ասել, որ միտքդ մաքուր և ուղիղ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնություն դիտելը ագրեսիվ է դարձնում մարդկանց։ Իրականում, որոշ մասնագետներ ասում են, որ էլեկտրոնային խաղերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա, քան հեռուստատեսությունը, քանի որ մարդիկ անմիջական մասնակցություն են ունենում դրանցում։

Բռնի կամ անբարո խաղեր խաղալը նման է ռադիոակտիվ նյութերով խաղալուն. վատ հետևանքները գուցեև անմիջապես չզգացվեն, բայց դրանք անխուսափելի են։ Ինչո՞ւ։ Ճառագայթման մեծ քանակը քայքայում է ստամոքսի լորձաթաղանթը, ինչի պատճառով բակտերիաները աղիքներից մտնում են արյուն, և անհատը հիվանդանում է։ Նմանապես, սեքսի ակնհայտ տեսարանները և սարսափելի վայրագությունները կարող են վնասել քո «ամոթի զգացումը» և ստիպել քեզ, որ թույլ տաս՝ մարմնավոր ցանկությունները ղեկավարեն մտքերդ ու գործողություններդ (Եփեսացիներ 4։19; Գաղատացիներ 6։7, 8

Ի՞նչ խաղեր կարող եմ խաղալ

Եթե ծնողներդ քեզ թույլ են տալիս համակարգչով խաղալ, ապա ի՞նչ խաղեր կարող ես ընտրել, և որքա՞ն ժամանակ ճիշտ կլինի տրամադրել դրանց։ Ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը։

Իմ ընտրած խաղի պատճառով Եհովան ի՞նչ կմտածի իմ մասին։ Քո ընտրած խաղի պատճառով Աստված կարող է փոխել իր կարծիքը քո մասին։ «Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին, իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին»,— ասվում է Սաղմոս 11։5-ում։ Իսկ ոգեհարցությամբ զբաղվողների մասին Աստծու Խոսքն ասում է. «Բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12)։ Եթե ուզում ենք Աստծու ընկերը լինել, պետք է հետևենք Սաղմոս 97։10-ում գրված խորհրդին. «Ո՛վ դուք Եհովային սիրողներ, ատեցե՛ք չարությունը»։

Ինչպե՞ս խաղը կազդի իմ մտածելակերպի վրա։ Ինքդ քեզ հարցրու. «Եթե խաղամ այս խաղը, ապա ինձ համար հե՞շտ կլինի, թե՞ դժվար «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Այն խաղերը, որոնցում կան սեքսուալ պատկերներ կամ խոսակցություններ, քեզ չեն օգնի միտքդ կենտրոնացնելու արդար, մաքուր և առաքինի բաների վրա (Փիլիպպեցիներ 4։8

Որքա՞ն ժամանակ եմ տրամադրելու այդ խաղին։ Նույնիսկ ամենաանմեղ խաղերը կարող են շատ ժամանակ խլել։ Ուստի թղթի վրա նշիր, թե սովորաբար որքան ժամանակ ես հատկացնում խաղին։ Ժամանակ մնո՞ւմ է ավելի կարևոր գործերի համար։ Սա կօգնի քեզ ճիշտ առաջնահերթություններ դնելու (Եփեսացիներ 5։15, 16

Աստվածաշունչը չի պահանջում, որ դու ամբողջ կյանքդ միայն սովորես կամ աշխատես։ Աստծու Խոսքը հիշեցնում է բոլորիս, որ կա «ծիծաղելու ժամանակ.... և պարելու ժամանակ» (Ժողովող 3։4)։ Նկատի առ, որ «պարել» նշանակում է ոչ թե նստած խաղալ, այլ ֆիզիկական ակտիվ գործողություններ անել։ Ուստի լավ կլինի՝ ազատ ժամանակդ օգտագործես այնպիսի խաղեր խաղալու, որոնք ներառում են շարժում՝ վազք, ցատկ, և ոչ թե ժամերով նստես էկրանի առաջ։

Իմաստուն ընտրություն կատարիր

Անկասկած, էլեկտրոնային խաղերը կարող են զվարճացնել ու թարմացնել քեզ, հատկապես եթե կարողանում ես լավ խաղալ։ Ուստի ընտրությունդ պետք է իմաստնորեն կատարես։ Հարցրու ինքդ քեզ. «Դպրոցում ո՞ր առարկաներից եմ լավ գնահատականներ ստանում»։ Դրանք այն առարկաները չե՞ն, որոնք քեզ դուր են գալիս։ Հաճախ այդպես էլ լինում է։ Որքան առարկան շատ է քեզ դուր գալիս, այնքան ավելի մեծ ազդեցություն է այն թողնում քեզ վրա։ Իսկ հիմա ինքդ քեզ հարցրու. «Ո՞ր խաղն է ամենաշատը ինձ դուր գալիս։ Ի՞նչ է այն սովորեցնում ինձ»։

Այն, որ քո հասակակիցները խաղում են ինչ-որ խաղ, դեռ չի նշանակում, որ դու նույնպես պետք է խաղաս։ Անվախորեն կայացրու քո որոշումը և ճիշտ ընտրություն կատարիր։ Իսկ ամենակարևորը, առաջնորդվիր Աստվածաշնչի հետևյալ խորհրդով. «Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Սիրո՞ւմ ես երաժշտություն։ Իսկ գերի՞ ես դրան։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ո՛վ դուք Եհովային սիրողներ, ատեցե՛ք չարությունը» (Սաղմոս 97։10

ԱՌԱՋԱՐԿ

Հակիրճ նկարագրիր այն խաղը, որ ուզում ես խաղալ։ Բացատրիր խաղի նպատակը և այն, թե ինչ պետք է անես դրան հասնելու համար։ Այդ նկարագրությունը համեմատիր այս գլխում նշված աստվածաշնչյան սկզբունքների հետ և հետո որոշիր՝ արժե այն խաղալ, թե ոչ։

ԳԻՏԵԻ՞Ր

2006 թ.-ին Ամստերդամում (Նիդերլանդներ) բացվեց աշխարհում առաջին վերականգնողական հիվանդանոցը, որտեղ բուժում են միայն էլեկտրոնային խաղերից կախվածություն ունեցողներին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե ընկերս ինձ առաջարկի խաղալ բռնի կամ անբարո խաղ, ես կասեմ՝ ․․․․․

Ես կկրճատեմ էլեկտրոնային խաղերին տրամադրվող ժամանակը մինչև ․․․․․ մեկ շաբաթվա մեջ և այդ նպատակով ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ էլեկտրոնային խաղերը մարդու մտածելակերպի և զգացմունքների վրա։

Ինչո՞ւ է կարևոր խաղ ընտրելիս հաշվի առնել Եհովայի սահմանած բարոյական չափանիշները։

Ինչպե՞ս կարող ես օգնել փոքր եղբորդ կամ քրոջդ, որը տարված է վնասակար խաղով։

[մեջբերում 249-րդ էջի վրա]

«Շատ խաղեր քեզ անզգա են դարձնում բռնության, հայհոյանքի և անբարոյության հանդեպ։ Արդյունքում նման բաները քեզ համար նորմալ են դառնում իրական կյանքում։ Ուստի խաղեր ընտրելիս պետք է շատ զգույշ լինել» (Էմի)։

[նկար 250-րդ էջի վրա]

Բռնի կամ անբարո խաղեր խաղալը նման է ռադիոակտիվ նյութերով խաղալուն. վատ հետևանքները գուցեև անմիջապես չզգացվեն, բայց դրանք անխուսափելի են