Ինչպե՞ս տնօրինեմ փողը
ԳԼՈՒԽ 19
Ինչպե՞ս տնօրինեմ փողը
Հաճա՞խ ես հայտնվում «ֆինանսական կրիզիսի» մեջ։
□ Երբեք
□ Երբեմն
□ Հաճախ
Հաճա՞խ ես գնում այնպիսի բաներ, որոնք չափազանց թանկ են քեզ համար։
□ Երբեք
□ Երբեմն
□ Հաճախ
Հաճա՞խ ես գնում այնպիսի բաներ, որոնք զեղչված են, բայց դրանց կարիքը չունես։
□ Երբեք
□ Երբեմն
□ Հաճախ
ՓՈՂԸ քեզ երբեք չի՞ բավականացնում։ Գուցե մտածում ես. «Եթե շատ փող ունենայի, թանկանոց հեռախոս կգնեի։ Եթե աշխատավարձս բարձր լիներ, կգնեի այն կոշիկները, որոնք այնքա՜ն «անհրաժեշտ» են ինձ»։
Կամ հնարավոր է՝ ունես նույն խնդիրը, ինչ Ջոանը, որն ասում է. «Երբեմն ընկերներս ինչ-որ տեղ են հրավիրում ու դրա համար փող է պետք։ Կուզեի նրանց հետ լավ ժամանակ անցկացնել, բայց ստիպված մերժում եմ՝ ասելով. «Չեմ կարող գալ, փող չունեմ»»։Սակայն լավ կլինի՝ սովորես ճիշտ տնօրինել քո ունեցած փողը և ոչ թե վհատվես, որ շատ փող չունես։ Ինչ խոսք, կարող ես հետաձգել այս հարցը, քանի դեռ ծնողներիդ հետ ես ապրում։ Բայց մտածիր. կթռչեի՞ր պարաշյուտով, եթե չիմանայիր այն օգտագործելու ձևը։ Իջնելու ընթացքում գուցե գլխի ընկնեիր, թե ինչ պետք է անես։ Սակայն ճիշտ չէ՞ր լինի, որ նախքան թռչելը սովորեիր այն օգտագործելու հիմնական սկզբունքները։
Նմանապես, քանի դեռ ապրում ես ծնողներիդ հետ, սովորիր փողը ճիշտ տնօրինել, որ հետագայում կարողանաս ինքնուրույն լուծել ֆինանսական խնդիրները։ Սողոմոն թագավորը գրել է. «Փողը պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7։12)։ Սակայն փողը քեզ կպաշտպանի մի պայմանով՝ եթե սովորես ճիշտ ու խելամտորեն ծախսել այն։ Այդ դեպքում քեզ վստահ կզգաս ու կվայելես ծնողներիդ վստահությունն ու հարգանքը։
Սովորիր հիմնական սկզբունքները
Երբևէ հարցրե՞լ ես ծնողներիդ, թե ինչպես են տնօրինում փողը։ Օրինակ՝ գիտե՞ս, թե ամեն ամիս որքան գումար է տրամադրվում ջրի, էլեկտրականության և գազի վարձերին, թե որքան գումար է ծախսվում սննդի, մեքենայի
և այլ բաների վրա։ Մի՛ մոռացիր, որ քո համար էլ են ծախսեր արվում։ Երբ առանձին ապրես, այս բոլոր ծախսերը ինքդ պետք է կատարես։ Հետևաբար, խնդրիր ծնողներիդ, որ ցույց տան վարձերի թղթերը և բացատրեն, թե ինչպես են բյուջե կազմում դրանց համար։Մի աստվածաշնչյան առակ ասում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը, և հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում» (Առակներ 1։5)։ Աննան հենց այսպես էլ վարվեց. հետևեց իր ծնողների տված առաջնորդությանը։ Նա պատմում է. «Հայրս սովորեցնում էր ինձ, թե ինչպես ընտանեկան բյուջե կազմեմ։ Նա բացատրում էր, որ շատ կարևոր է կազմակերպված լինել ու գրի առնել, թե ինչն է վճարվել և ինչը՝ ոչ»։
Մայրը նույնպես գործնական խորհուրդներ էր տալիս Աննային։ «Նա սովորեցնում էր ինձ, որ նախքան ինչ-որ բան գնելը համեմատեմ գները։ Փոքր գումարով մայրիկն այնքան բան էր կարողանում գնել»։ Ի՞նչ օգուտներ ստացավ Աննան։ Նա ասում է. «Այժմ կարողանում եմ ինքս տնօրինել իմ ֆինանսները։ Նախապես որոշում եմ, թե ինչ ծախսեր պետք է անեմ, և միտքս հանգիստ է, որ պարտքեր չունեմ»։
Հաշվի առ որոշ դժվարություններ
Ինչ խոսք, հեշտ է տնօրինել փողը, եթե ապրում ես ծնողներիդ հետ, ու նրանք քեզ որոշակի գումար են տալիս, կամ էլ ինքդ ես փող աշխատում։ Ինչո՞ւ։ Քանի որ ծախսերի մեծ մասը ծնողներդ են վճարում, իսկ դու քո գումարի մեծ մասը ծախսում ես ուզածդ բանը գնելու համար։ Այս դեպքում փող ծախսելը հաճելի բան է։
Սակայն խնդիրներ կարող են առաջանալ, եթե հասակակիցներդ դրդեն քեզ ծախսելու ավելին, քան կարող ես։ 21-ամյա Ելենան ասում է. «Հասակակիցներիս համար գնումներ կատարելը զվարճության պես մի բան է։ Երբ նրանց հետ ինչ-որ տեղ եմ գնում, ապա փող ծախսելը պարտադիր է»։
Բնական է, որ ուզում ես քայլ գցել հասակակիցներիդ հետ։ Բայց հարցրու ինքդ քեզ. «Փող եմ ծախսում այն պատճառով, որ ի վիճակի՞ եմ, թե՞ չեմ ուզում ամոթով մնալ ընկերներիս առաջ»։ Շատերը փող են ծախսում, որպեսզի ուրիշների վրա տպավորություն թողնեն։ Այդպես նրանք ձեռք են բերում ընկերներ, որոնք սիրում են իրենց ոչ թե այն բանի համար, թե ով են իրենք, այլ թե ինչ ունեն։ Նման հակվածությունը կարող է ֆինանսական լուրջ խնդիրների դուռ բացել, հատկապես եթե վարկաքարտ ես օգտագործում։ Ինչպե՞ս կարող ես կանխել դա։
Փողի հետ խաղ չեն անում
Արդյոք ճի՞շտ է մեկ օրվա մեջ օգտվել վարկաքարտի ողջ հնարավորությունից կամ ծախսել ամբողջ աշխատավարձը։ Լավ կլինի հետևել Ելենայի օրինակին։ Նա ասում է. «Երբ ընկերներիս հետ ինչ-որ տեղ եմ
գնում, պլանավորում եմ, թե ինչքան եմ ծախսելու, և հենց այդքան գումար եմ հանում իմ հաշվից։ Բացի այդ, գնումներ եմ կատարում այն ընկերներիս հետ, որոնք խնայողաբար են ծախսում իրենց փողը և խրախուսում են ինձ նախքան առաջին պատահած բանը գնելը ուշադրություն դարձնել գնին»։Եթե վարկաքարտ ես օգտագործում, ահա մի քանի խորհուրդներ։
● Գրի առ, թե ինչ գնումներ ես կատարել, որ հետո համեմատես քո ամսական հաշիվների հետ ու համոզվես, որ չես վճարում չգնված բաների համար։
● Վարկաքարտի հաշիվները անմիջապես վճարիր և հնարավորության դեպքում՝ ամբողջությամբ։
● Զգույշ եղիր, երբ հեռախոսով կամ ինտերնետով հայտնում ես քո վարկաքարտի համարը և վավերականության ժամկետը։
● Մի՛ օգտագործիր վարկաքարտը կանխիկ դրամ ստանալու համար, քանի որ բարձր տոկոս կվճարես։
● Երբեք ոչ ոքի մի՛ տուր քո վարկաքարտը, նույնիսկ ընկերոջդ։
Անգամ եթե շատ փող ունես, արդյո՞ք բոլոր ֆինանսական խնդիրներդ կլուծվեն։ Դժվար թե։ Պատկերացրու՝ մեքենա ես վարում։ Եթե չես կարողանում կառավարել
մեքենան կամ եթե աչքերդ կապած ես քշում, տեղ կհասնե՞ս զուտ այն պատճառով, որ մեքենայի բաքում լիքը բենզին կա։ Նմանապես, եթե չես սովորում ճիշտ տնօրինել փողը, ապա որքան էլ շատ փող վաստակես, միևնույնն է, խնդիրներդ չեն պակասի։Գուցե մտածում ես, որ կարողանում ես ճիշտ տնօրինել փողը։ Բայց կարո՞ղ ես հիշել, թե որքան գումար ես ծախսել անցած ամիս և ինչի վրա։ Դժվարանո՞ւմ ես։ Այդ դեպքում նկատի առ հետևյալ խորհուրդները, որոնք կօգնեն, որ դո՛ւ տնօրինես փողը, ոչ թե փողը՝ քեզ։
1. Գրառումներ արա։ Մեկ ամսվա ընթացքում գրի առ, թե երբ ու որքան գումար ես ստանում։ Գրիր նաև, թե ինչ ես գնել և ինչ գնով։ Ամսվա վերջում եկամուտդ համեմատիր ծախսերի հետ։
163-րդ էջի աղյուսակը։ Առաջին սյունակում նշիր այն եկամուտները, որ ստանալու ես ամսվա ընթացքում։ Երկրորդ սյունակում նշիր, թե որքան գումար ու ինչի վրա ես պատրաստվում ծախսել, և հետևիր քո կազմած ցուցակին։ Երրորդ սյունակում գրի առ քո կատարած ծախսերը, ինչպես նաև ավելացրու չնախատեսված ծախսերը։
2. Բյուջե կազմիր։ Տե՛ս3. Եղիր ճկուն։ Եթե նկատում ես, որ պլանավորածից շատ ես ծախսում ու պարտքեր են կուտակվում, փոփոխություններ մտցրու։ Վճարիր պարտքերդ։ Փող ծախսելու հարցում ղեկը քո ձեռքը վերցրու։
Եթե ճիշտ ծախսես փողը, այն լավ ծառա կլինի։ Այո՛, փող աշխատելը և ծախսելը կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում։ Բայց փորձիր հավասարակշռված լինել։ Մեթյու անունով մի երիտասարդ ասում է. «Թեև փողը կարևոր բան է, բայց այն ամենակարևորը չէ։ Փողը երբեք չպետք է մեր ընտանիքից ու Եհովայից ավելի կարևոր լինի»։
Դու ապրում ես աղքատ ընտանիքո՞ւմ։ Եթե այո, ի՞նչ կարող ես անել։
ԱՍՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Փողը պաշտպանություն է տալիս, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12)։
ԱՌԱՋԱՐԿ
Խանութ գնալիս ցուցակ կազմիր, թե ինչ պետք է գնես։ Վերցրու այնքան գումար, որքան քեզ պետք է, և ցուցակի սահմաններից դուրս մի՛ արի։
ԳԻՏԵԻ՞Ր
Եթե վարկաքարտի մեջ 2 000 դոլար պարտք ունես, որի տարեկան տոկոսադրույքը 18,5 տոկոս է, և դու վերադարձնում ես այն՝ կատարելով նվազագույն վճարումները, ապա պարտքդ մարելու համար քեզնից կպահանջվի 11 տարի։ Բացի այդ, տոկոսի դիմաց լրացուցիչ կվճարես 1 934 դոլար։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Ծախսերիս հետևելու համար ես ․․․․․
Վարկաքարտը օգտագործելուց առաջ ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ պետք է սովորես ճիշտ տնօրինել փողը, քանի դեռ ապրում ես ծնողներիդ հետ։
● Ինչո՞ւ հեշտ չէ տնօրինել փողը։
● Ինչպե՞ս կարող ես փողի միջոցով օգնել ուրիշներին։
[մեջբերում 162-րդ էջի վրա]
«Երբ բյուջե եմ կազմում, շատ փող եմ խնայում ու չեմ գնում բաներ, որոնք ինձ անհրաժեշտ չեն» (Լիա)։
[շրջանակ 158-րդ էջի վրա]
ի՞նչ է ասում փողը քո մասին
Ինչի՞ վրա ես ծախսում գումարդ։ Եթե կանոնավոր փող ես ծախսում ուրիշներին օգնելու համար, այդ դեպքում ոչ միայն խոսքով, այլև գործով ցույց ես տալիս, որ անկեղծորեն հոգ ես տանում ուրիշների մասին (Հակոբոս 2։14–17)։ Երբ կանոնավոր փող ես նվիրաբերում ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար, «պատվում ես Եհովային քո արժեքավոր բաներով» (Առակներ 3։9)։ Իսկ եթե փողը ծախսում ես միայն քո կարիքների ու ցանկությունների համար, ինչի՞ մասին է դա վկայում։ Ինչպիսի՞ անձնավորություն ես դու։
[աղյուսակ 163-րդ էջի վրա]
վարժություն
Իմ ամսական բյուջեն
Պատճենիր այս էջը
Բյուջե ծախսերի համար
ՍՆՈՒՆԴ
․․․․․
ՀԱԳՈՒՍՏ
․․․․․
ՀԵՌԱԽՈՍ
․․․․․
ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ՈՒՐԻՇ
․․․․․
Ընդհանուր՝
․․․․․
Ռեալ ծախսեր
ՍՆՈՒՆԴ
․․․․․
ՀԱԳՈՒՍՏ
․․․․․
ՀԵՌԱԽՈՍ
․․․․․
ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
․․․․․
ՈՒՐԻՇ
․․․․․
Ընդհանուր՝
․․․․․
[նկար 160-րդ էջի վրա]
Անխոհեմաբար փող ծախսելը նույնն է, ինչ աչքերը կապած մեքենա վարելը