Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս փող աշխատեմ

Ինչպե՞ս փող աշխատեմ

ԳԼՈՒԽ 18

Ինչպե՞ս փող աշխատեմ

«Շատ եմ սիրում գնումներ անել» (Լորի Էն)։

«Այնքան լավ բաներ կան, որ ուզում եմ ունենալ, բայց ծնողներս չեն կարող գնել» (Մայք)։

ԹԵՐԵՎՍ դու էլ ես ուզում ինչ-որ բան գնել և մտածում ես փող աշխատելու մասին։ Գուցե ուզում ես փող վաստակել, որ ծնողներիդ օգնես։ Նույնիսկ եթե մեծ ներդրում էլ չանես ընտանեկան բյուջեի մեջ, միևնույնն է, կթեթևացնես ծնողներիդ բեռը՝ վճարելով հագուստիդ և այլ անհրաժեշտ բաների համար։

Ցանկացած իր գնելու համար փող է հարկավոր։ Թեև Հիսուսը խոստացավ, որ Աստված հոգ կտանի նրանց մասին, ովքեր նախ Աստծու Թագավորությունն են փնտրում, այդուհանդերձ, քրիստոնյան չի կարող ձեռքերը ծալած նստել (Մատթեոս 6։33; Գործեր 18։1–3; 2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։ Այդ դեպքում ինչպե՞ս փող աշխատել։ Եվ ամենակարևորը, ինչպե՞ս չկորցնել հավասարակշռությունը այս հարցում։

Ինչպես աշխատանք գտնել

Եթե ուզում ես ինչ-որ բան գնել, իսկ ծնողներդ ի վիճակի չեն քեզ օգնելու, ապա գուցե մտածես փող վաստակելու մասին։ Խոսիր ծնողներիդ հետ։ Նրանք թերևս կուրախանան։ Ենթադրենք՝ ծնողներդ համաձայն են, և քո տարիքում էլ արգելված չէ աշխատելը, բայց ինչպե՞ս աշխատանք գտնես։ Ահա չորս առաջարկ։

Ասա, որ աշխատանք ես փնտրում։ Քո հարևաններին, ուսուցիչներին, բարեկամներին կարող ես ասել, որ աշխատանք ես փնտրում։ Եթե ամաչում ես, հարցրու, թե ինչ աշխատանք են նրանք կատարել, երբ քո տարիքում են եղել։ Որքան շատ մարդ իմանա, այնքան աշխատանք գտնելու ավելի շատ հնարավորություններ կբացվեն։

Օգտվիր տարբեր հնարավորություններից։ Երբ թերթում կամ ինտերնետում հայտարարություն ես կարդում, արձագանքիր։ Ուշադրություն դարձրու նաև խանութներում, դպրոցում կամ հասարակական այլ վայրերում փակցված հայտարարություններին։ Դեյվ անունով մի երիտասարդ ասում է. «Ես հենց այդպես աշխատանք գտա։ Թերթում մի հայտարարություն կարդացի և ուղարկեցի իմ ռեզյումեն, իսկ հետո զանգահարեցի»։ Եթե այս տարբերակը չգործի, որևէ գործատիրոջ ասա, թե ինչ օգտակար ծառայություններ կարող ես մատուցել։

Ռեզյումե կազմիր ու տարածիր։ Գրի առ քո մասին կարճ տեղեկություն, և թե ինչպես կարող են քեզ հետ կապ հաստատել։ Թվարկիր, թե ինչ հմտություններ ունես և ինչ աշխատանքներ կարող ես անել։ Մտածում ես, թե շատ բան չե՞ս կարող գրել։ Այդ դեպքում լավ մտածիր։ Երբևէ հոգ տարե՞լ ես կրտսեր եղբորդ կամ քրոջդ մասին, երբ ծնողներդ տանը չեն եղել, կամ ինչ-որ մեկի երեխային խնամե՞լ ես։ Ուրեմն դու վստահելի անձնավորություն ես։ Երբևէ հայրիկիդ օգնե՞լ ես մեքենան նորոգելու։ Ուրեմն գլուխ ես հանում նման բաներից։ Իսկ կարողանո՞ւմ ես օգտվել համակարգչից կամ տպել։ Տեխնոլոգիայից բարձր գնահատականներ ստանո՞ւմ ես։ Գործատերերի համար այսպիսի տեղեկությունները շատ արժեքավոր են։ Ուստի ռեզյումեի մեջ նշիր այս ամենը և ուղարկիր տարբեր ֆիրմաներ, բաժանիր ընկերներիդ, բարեկամներիդ։ Հնարավոր է՝ այն ընկնի նրա ձեռքը, ով աշխատող է փնտրում։

Ինքդ աշխատանք ստեղծիր։ Մտածիր, թե հարևանության մեջ ինչ-որ մեկը կարիք ունի՞ որևէ ծառայության։ Եթե կենդանիներ ես սիրում, կարող ես հարևանիդ առաջարկել, որ հոգ կտանես նրա կենդանու մասին։ Կամ գուցե որևէ երաժշտական գործիք ես նվագում ու կարող ես սովորեցնել ուրիշներին։ Միգուցե սիրում ես կար ու ձև անել։ Քրիստոնյան չպետք է ամաչի կատարել նույնիսկ ցածր համարվող աշխատանք (Եփեսացիներ 4։28)։ Անշուշտ, այսպիսի գործեր անելու համար պետք է ձգտում ունենաս, լինես կարգապահ և նախաձեռնող։

Խորհուրդ. նախքան որևէ գործ սկսելը հաշվիր ծախսերդ ու ծանրութեթև արա գործին առնչվող բոլոր հարցերը (Ղուկաս 14։28–30)։ Նախևառաջ խոսիր ծնողներիդ հետ։ Կարող ես խոսել նաև նրանց հետ, ովքեր այդպիսի աշխատանք կատարելու փորձ ունեն։ Հաշվի առ, թե պետք է արդյոք հարկեր վճարես։ Գուցե պետք է թույլտվություն ստանաս կամ արտոնագիր ձեռք բերես։ Կարող ես մանրամասն տեղեկություններ ստանալ տեղի գործատերերից կամ գործակալություններից (Հռոմեացիներ 13։1

Եղիր հավասարակշռված

Պատկերացրու՝ հեծանիվ ես քշում, բայց ձեռքիդ շատ բան կա՝ դպրոցական պայուսակ, գնդակ, տուփեր։ Ինչ խոսք, դժվար կլինի հավասարակշռություն պահել։ Նույն բանը կլինի, եթե քեզ ծանրաբեռնես աշխատանքով և չափից շատ ժամանակ ու էներգիա ծախսես։ Դա կարող է ազդել գնահատականներիդ և առողջությանդ վրա։ Բայց ամենավտանգավորն այն է, որ լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով թերևս դժվարանաս կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, Աստվածաշունչ ուսումնասիրել ու մասնակցել քարոզչությանը։ Միշելն ասում է. «Ես բաց էի թողնում ժողովները, որովհետև դպրոցից ու աշխատանքից հետո շատ հոգնած էի լինում»։

Թույլ մի տուր, որ փող վաստակելը քո կյանքում ամենակարևոր բանը դառնա։ Հիսուսն ասաց, որ երջանիկ են նրանք, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Նա նաև նշեց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Մարինա անունով մի աղջիկ հետևեց այս խորհրդին։ Նա ասում է. «Չեմ ուզում տարվել նյութապաշտական ձգտումներով։ Գիտեմ, որ եթե ընկնեմ փող աշխատելու հետևից, ապա դրա դիմաց իմ հոգևոր արժեքներով կվճարեմ»։

Որոշ երկրներում երեխաները ուրիշ ընտրություն չունեն։ Նրանք պետք է շատ աշխատեն, որ իրենց ընտանիքը ծայրը ծայրին հասցնի։ Սակայն եթե դու նման իրավիճակում չես, լավ կլինի պահես հավասարակշռությունդ։ Մասնագետների կարծիքով՝ դպրոցականների համար չափազանց ծանր է շաբաթվա մեջ աշխատել ավելի քան 20 ժամ։ Դա ավելի շուտ վնաս է բերում, քան օգուտ։ Ուստի խորհուրդ է տրվում աշխատել շաբաթական 8-ից 10 ժամ և ոչ ավելի։ Իմաստուն Սողոմոն թագավորն ասել է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6

Հիշիր, որ «հարստության հրապույրը» կարող է փակել հոգևոր ախորժակդ (Մարկոս 4։19)։ Ուստի եթե որոշես աշխատել, գործերդ այնպես կազմակերպիր, որ հոգևոր բաները առաջին տեղում լինեն։ Աղոթիր Եհովային։ Նա ուժ կտա քեզ, որ հաղթահարես դժվարություններն ու չկորցնես հավասարակշռությունդ։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 21-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Փողը քո տե՞րն է, թե՞ ծառան։ Ինչպե՞ս կարող ես այս հարցում ղեկը քո ձեռքում պահել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ծույլը ցանկանում է, բայց նրա հոգին ոչինչ չունի, սակայն ժրաջանների հոգին կպարարտանա» (Առակներ 13։4

ԱՌԱՋԱՐԿ

Քո ռեզյումեն ուղարկիր նույնիսկ այնպիսի ընկերություններ, որտեղ աշխատատեղերը զբաղված են։

ԳԻՏԵԻ՞Ր

Որոշ տեղերում հայտարարվում է աշխատատեղերի միայն 15 տոկոսի մասին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի շատ կլինեն, եթե ես ․․․․․

Ամեն շաբաթ կաշխատեմ ամենաշատը ․․․․․ ժամ։

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ ես ուզում փող վաստակել։

● Ի՞նչ դժվարությունների կբախվես, երբ սկսես աշխատել։

● Ինչպե՞ս կարող ես հավասարակշռված տեսակետ պահպանել փողի վերաբերյալ։

[մեջբերում 153-րդ էջի վրա]

«Եթե երջանկությունդ կախված է իրեր ձեռք բերելուց, ապա դու երբեք երջանիկ չես լինի։ Ամեն անգամ կցանկանաս նոր բան ունենալ։ Պետք է սովորես գոհանալ ունեցածով» (Ջոնաթան)։

[շրջանակ 155-րդ էջի վրա]

Հարգանք, բայց ոչ սեր

Սուր դանակը հմուտ խոհարարի ձեռքում օգտակար գործիք է։ Բայց անփորձ ու ցրված մարդու ձեռքում այն կարող է վնասող գործիք դառնալ։ Փողը սուր դանակի պես է։ Եթե իմաստնորեն տնօրինես այն, ապա օգուտներ կստանաս։ Բայց եթե անզգույշ լինես, քեզ կվնասես։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ փողասեր չդառնանք։ Հարստության հետևից ընկնելով՝ ոմանք զոհել են ընկերների, ընտանիքի անդամների և նույնիսկ Աստծու հետ իրենց փոխհարաբերությունները։ Արդյունքում նրանք «իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Ի՞նչ ենք սովորում. իմաստնորեն օգտագործել փողը, հարգանքով վերաբերվել, բայց չսիրել այն։

[նկար 153-րդ էջի վրա]

Չափից շատ ծանրաբեռնվելով՝ կկորցնես հավասարակշռությունդ