Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամուր բռնիր Աստծո Խոսքը

Ամուր բռնիր Աստծո Խոսքը

Երրորդ գլուխ

Ամուր բռնիր Աստծո Խոսքը

1. ա) Հին Իսրայելն ինչպե՞ս համոզվեց, որ Աստծո խոսքերը վստահության են արժանի։ բ) Ինչո՞ւ է դա մեզ հետաքրքրում։

 «ԴՈՒՔ ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձէր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ» (Յեսու 23։14–16)։ Ահա այն խոսքերը, որ Հեսուն ասաց Իսրայելի ծերերին Խոստացյալ երկրում հաստատվելուց հետո։ Այո՛, ժամանակը փաստեց, որ Եհովայի խոստումները վստահության են արժանի։ Աստվածաշնչի այս, ինչպես նաև մյուս արձանագրությունները պահվել են մեզ համար, որպեսզի ‘հույս ունենանք’ (Հռովմայեցիս 15։4

2. ա) Ի՞նչ իմաստով է Աստվածաշունչը «Աստծու ներշնչումով.... գրված»։ բ) Այդ գիտությունը մեզ ինչո՞ւմ է պարտավորեցնում։

2Թեև Աստվածաշունչը գրի է առնվել մոտ 40 մարդկանց կողմից, սակայն անձամբ Եհովան է գրքի Հեղինակը։ Ուրեմն այնտեղ զետեղված յուրաքանչյուր միտք նրա ակտիվ ղեկավարության ներքո՞ է գրվել։ Այո՛։ Աստված դա իրագործել է իր զորեղ սուրբ ոգու՝ իր գործուն ուժի միջոցով։ Պողոս առաքյալն իրավացիորեն ասաց. «Ամեն Գիրք աստուածաշունչ են [«Աստծու ներշնչումով են գրված», ԱՆԹ, ծան.].... որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած»։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ, ովքեր համոզվել են դրանում, ուշադրություն են դարձնում Աստվածաշնչի վրա և իրենց կյանքը կառուցում այդ գրքի ուսուցումների հիման վրա (Բ Տիմոթէոս 3։16, 17; Ա Թեսաղոնիկեցիս 2։13

Օգնիր մարդկանց գնահատելու այն

3. Ո՞րն է լավագույն միջոցը՝ օգնելու նրանց, ովքեր համոզված չեն, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է։

3Մեր զրուցակիցներից շատերը համամիտ չեն մեզ, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։ Հաճախ լավագույն միջոցն այն է, որ բացենք Աստվածաշունչը և ցույց տանք մարդկանց, թե ինչ է այնտեղ գրված։ «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է.... քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ «Աստուծոյ խօսքը» մեռած պատմություն չէ. այն կենդանի է։ Աստվածաշնչի մարգարեությունները հաղթական երթով ընթանում են դեպի իրենց կատարումը։ Աստվածաշնչյան լուրը անհատի սրտի ճիշտ մղումների վրա ավելի զորեղ ազդեցություն է թողնում, քան ցանկացած խոսք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել։

4. Աստվածաշնչյան ճշմարտությունների մասին ո՞ր տեղեկություններն են փոխել որոշ մարդկանց վերաբերմունքն այդ գրքի հանդեպ և ինչո՞ւ։

4Աստծո անունը Աստվածաշնչում տեսնելուց հետո շատերի մեջ ցանկություն է առաջացել այն ավելի խորը քննելու։ Ոմանք էլ որոշել են ուսումնասիրել Աստվածաշունչը՝ տեսնելով, թե ինչպես է այն բացահայտում կյանքի իմաստը, պատասխանում այն հարցին, թե ինչու է Աստված թույլ տալիս չարությունը, ինչ է ասում ընթացիկ իրադարձությունների նշանակության կամ երկրային դրախտում հավիտյան ապրելու հույսի մասին։ Իսկ այն երկրներում, որտեղ որոշ կրոնական սովորությունների պատճառով մարդիկ իրենց վրա զգում են չար ոգիների ազդեցությունը, նրանցից շատերի մեջ հետաքրքրություն է արթնացել, երբ Աստվածաշնչից տեղեկացել են, թե որն է նման ազդեցության պատճառը, և թե ինչպես կարելի է ազատություն գտնել։ Ինչո՞ւ են նման տեղեկություններն ազդեցություն թողնում անկեղծ մարդկանց վրա. որովհետև նման կարևոր հարցերի վերաբերյալ հուսալի տեղեկություն հաղորդող միակ աղբյուրը Աստվածաշունչն է (Սաղմոս 119։130

5. ա) Ի՞նչ պատճառներով մարդիկ կարող են չհավատալ Աստվածաշնչին։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նման մարդկանց։

5Իսկ ի՞նչ անել, երբ մարդիկ ասում են, թե չեն հավատում Աստվածաշնչին։ Ավարտե՞լ խոսակցությունը։ Եթե անհատը պատրաստ է տրամաբանելու՝ ո՛չ։ Գուցե նման մարդիկ Աստվածաշունչը համարում են քրիստոնեական աշխարհին պատկանող գիրք։ Իսկ քրիստոնեական աշխարհի պատմությունն իր ողջ կեղծավորությամբ, քաղաքականությանը միջամուխ լինելով, ինչպես նաև ժողովրդից ամեն կերպ փող կորզելու համար իր գործադրած անդադար ջանքերով կարող է Աստվածաշնչի հանդեպ նրանց բացասական տրամադրվածության պատճառը հանդիսանալ։ Ինչո՞ւ չհարցնել, թե արդյոք դա՞ է պատճառը։ Այն փաստը, որ Աստվածաշունչը դատապարտում է քրիստոնեական աշխարհի ուղիները, ինչպես նաև տարբերություն դնում այդ աշխարհի և ճշմարիտ քրիստոնեության միջև, կարող է արթնացնել նրանց հետաքրքրությունը (Միքիա 3։11, 12; Մատթէոս 15։7–9; Յակոբոս 4։4

6. ա) Ի՞նչն է անձամբ քեզ համոզում, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է։ բ) Ի՞նչ լրացուցիչ փաստեր կարելի է ներկայացնել՝ օգնելու մարդկանց երախտապարտ լինել այն գրքի համար, որն իրոք Աստծուն է պատկանում։

6Մյուսներին կարող է օգնել Աստվածաշնչի՝ Աստծո կողմից ներշնչված լինելու վերաբերյալ փաստերի բաց քննարկումը։ Իսկ ի՞նչ հստակ ապացույցներ ունես դու, որ Աստվածաշունչը Եհովա Աստծո գիրքն է։ Այն, թե ինչ է Աստվածաշունչն ասում իր ծագմա՞ն մասին։ Թե՞ այն, որ գիրքը պարունակում է ապագայի վերաբերյալ բազմաթիվ մարգարեություններ՝ իր մանրամասնություններով. մարգարեություններ, որոնք գալիս են գերմարդկային աղբյուրից (Բ Պետրոս 1։20, 21)։ Միգուցե այն, որ Աստվածաշունչը աչքի է ընկնում զարմանալի ներքին ներդաշնակությա՞մբ՝ չնայած նրան, որ գրի է առնվել 40 մարդկանց կողմից ավելի քան 1 600 տարիների ընթացքում։ Թե՞ դա գրքի գիտականորեն ճշգրիտ լինելն է՝ ի տարբերություն մյուս գրությունների, որոնք գրվել են այդ ժամանակներում։ Գուցե Աստվածաշունչը գրի առնողների անկեղծությո՞ւնն է ապացույցդ կամ էլ այն փաստը, որ գիրքը մինչև օրս պահպանվել է՝ չնայած այն ոչնչացնելու թշնամիների ջանքերին։ Ինչը որ անձամբ քեզ տպավորել է, կարող ես օգտագործել մյուսներին օգնելու համար։ a

Աստվածաշնչի մեր ընթերցանությունը

7, 8. ա) Աստվածաշնչին հավատալու հարցում ուրիշներին օգնություն ցույց տալուց բացի՝ մենք ինքներս ի՞նչ պետք է անենք։ բ) Աստվածաշունչը անհատապես կարդալուց և ուսումնասիրելուց բացի՝ ուրիշ ի՞նչ օգնության կարիք ունենք։ գ) Անձամբ դու ինչպե՞ս ես հասկացել Եհովայի նպատակները։

7Աստվածաշնչին հավատալու հարցում ուրիշներին օգնություն ցույց տալուց բացի՝ մենք ինքներս պետք է ժամանակ հատկացնենք, որպեսզի կարդանք այն ամեն օր։ Իսկ դու այդպես վարվո՞ւմ ես։ Աշխարհում մինչև այժմ լույս տեսած բոլոր գրքերի հետ համեմատած՝ Աստվածաշունչը ամենակարևոր գիրքն է։ Սակայն, միայն ինքնուրույն կարդալը ամենևին էլ չի նշանակում, որ այլևս ոչ մի բանի կարիք չունենք։ Գրությունները զգուշացնում են մեկուսանալու վտանգի մասին։ Ճիշտ չէ մտածել, որ ինքնուրույն փնտրտուքներով կկարողանանք գտնել ցանկացած հարցի պատասխանը։ Եթե ցանկանում ենք հավասարակշռված քրիստոնյաներ լինել, ուստի ոչ միայն անձնական ուսումնասիրության, այլ նաև Աստծո ժողովրդի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելու կարիքն ունենք (Առակաց 18։1, Արևմտ. Աստ., ծան.; Եբրայեցիս 10։24, 25

8Այս հարցի հետ կապված՝ Աստվածաշունչը պատմում է մի եթովպացի իշխանի մասին, որի մոտ, երբ նա Եսայիայի մարգարեությունն էր կարդում, հրեշտակներից մեկը քրիստոնյա ավետարանիչ Փիլիպպոսին է ուղարկում։ Վերջինս հարցնում է նրան. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ»։ Եթովպացին խոնարհությամբ պատասխանում է. «Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ»։ Նա խնդրում է Փիլիպպոսին բացատրել իրեն Գրությունների այդ հատվածը։ Ինչպես տեսնում ենք, Փիլիպպոսը Աստվածաշնչի ինքնուրույն ընթերցող չէր, և նա Գրությունների այդ հատվածի վերաբերյալ իր անձնական կարծիքը չհայտնեց։ Բանն այն է, որ Փիլիպպոսը սերտ համագործակցության մեջ էր Աստծո տեսանելի կազմակերպության հետ, և հենց դա է պատճառը, որ նա կարողացավ օգնել եթովպացուն օգուտներ քաղելու այն ուսուցումից, որ Եհովան տալիս է իր կազմակերպության միջոցով (Գործք 6։5, 6; 8։5, 26–35)։ Նմանապես և այսօր ոչ ոք ինքնուրույն չի կարող Եհովայի նպատակները ճիշտ հասկանալ։ Մենք բոլորս էլ այն օգնության կարիքն ունենք, որը Եհովան սիրով տրամադրում է իր տեսանելի կազմակերպության միջոցով։

9. Աստվածաշունչն ընթերցելու ո՞ր ծրագիրը կարող է օգտակար լինել բոլորիս համար։

9Որպեսզի կարողանանք հասկանալ Աստվածաշունչը, Եհովայի կազմակերպությունը տարբեր հրատարակություններում մեզ մատակարարում է Գրությունների վրա հիմնված հիասքանչ նյութեր։ Բացի այդ, Եհովայի վկաների ժողովներում ամբողջ աշխարհով մեկ անցկացվող Աստվածապետական ծառայության դպրոցում գործում է Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու ծրագիր։ Սուրբ Գրությունների անձնական ուսումնասիրությունից մեծ օգուտներ կարելի է ստանալ (Սաղմոս 1։1–3; 19։7, 8)։ Ջա՛նք թափիր Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու համար։ Եթե նույնիսկ ոչ բոլոր բաներն ես ամբողջությամբ հասկանում, այնուամենայնիվ, Գրությունների մասին ընդհանուր կարծիք կազմելը շատ արժեքավոր է։ Օրինակ՝ օրական ընթերցելով ընդամենը չորս կամ հինգ էջ մոտ մեկ տարում կկարողանաս ամբողջ Աստվածաշունչն ընթերցել։

10. ա) Ե՞րբ ես ընթերցում Աստվածաշունչը։ բ) Ովքե՞ր կարող են մասնակցել Աստվածաշնչի ընթերցանությանը, և ինչո՞ւ է կարևոր կանոնավորություն պահպանելը։

10Իսկ ե՞րբ ես ընթերցում Աստվածաշունչը։ Եթե պլանավորես օրական կարդալ նույնիսկ 10–15 րոպե, մեծ օգուտներ կքաղես։ Իսկ եթե դա էլ չկարողանաս անել, գոնե փորձիր յուրաքանչյուր շաբաթվա համար հատուկ ծրագիր կազմել և հետևել այդ ծրագրին։ Եթե ամուսնացած ես, կողակցիդ հետ միասին կարող ես մեծ բավականություն ստանալ Աստվածաշնչի միասնական բարձրաձայն ընթերցանությունից։ Իսկ եթե ընտանիքում գրաճանաչ երեխաներ կան, նրանք նույնպես կարող են հերթով մասնակցել բարձրաձայն ընթերցանությանը։ Աստվածաշնչի ընթերցանությունը հաց ուտելու նման պետք է ամբողջ կյանքի մի մասը կազմող սովորություն լինի։ Հայտնի է, որ եթե մարդը թերի է սնվում, նրա առողջությունը աստիճանաբար քայքայվում է։ Նմանապես, մեր հոգևոր, ուստիև հավիտենական կյանքը կախված է այն բանից, թե կանոնավորաբար սնվում ենք արդյոք ‘Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով’ (Մատթէոս 4։4

Մեր նպատակը

11. Աստվածաշունչը կարդալիս ի՞նչ նպատակ պիտի դնենք մեր առջև։

11Աստվածաշունչը կարդալիս ի՞նչ նպատակ պիտի դնենք մեր առջև։ Մեր նպատակը չպիտի լինի ընդամենը մի քանի էջ ընթերցելը։ Մեր շարժառիթը պետք է լինի Աստծուն ավելի լավ ճանաչելը, նրա հանդեպ սեր զարգացնելն ու նրան ընդունելի երկրպագություն մատուցելը (Յովհաննէս 5։39–42)։ Մենք պետք է ունենանք նույն տրամադրվածությունը, ինչպես որ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը, որն ասաց. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4

12. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ «ճշգրիտ գիտություն» ձեռք բերել, և ի՞նչ ջանքեր են հարկավոր դրան հասնելու համար։ բ) Ո՞ր չորս կետերը կիրառելով՝ մենք կարող ենք օգտակար ձևով վերլուծել այն, ինչ կարդում ենք Աստվածաշնչում (տե՛ս 30–րդ էջի շրջանակը)։ գ) Պարբերությանը հաջորդող հարցերին պատասխանելիս մեկնաբանիր այս պարբերության մեջ ներկայացված չորս կետերը։ Բացիր այն աստվածաշնչային համարները, որոնք նշված են, բայց մեջբերված չեն։

12Եհովայից նման ուսուցում ստանալով՝ պետք է ձգտենք «ճշգրիտ գիտություն» ձեռք բերել։ Առանց դրա մենք ինչպե՞ս կկարողանանք Աստծո Խոսքը ինչպես հարկն է կիրառել մեր կյանքում և այն ճիշտ ձևով բացատրել մարդկանց (Կողոսացիս 3։10, ՆԱ; Բ Տիմոթէոս 2։15)։ Ճշգրիտ գիտություն ձեռք բերելու համար հարկավոր է ուշադրությամբ կարդալ։ Եվ եթե ընթերցվող հատվածը խորը մտքեր է պարունակում, լավ կլինի այն կարդալ մի քանի անգամ, որպեսզի իմաստը հասկանալի լինի։ Նաև օգուտներ կստանանք, եթե ժամանակ հատկացնենք կարդացածի շուրջ խորհելու. խորհելու տարբեր տեսանկյուններից։ 30–րդ էջի վրա ներկայացված են չորս կարևոր կետեր, որոնք կարող ենք ի նկատի ունենալ կարդացածի շուրջ խորհելիս։ Կիրառելով այս կետերից մեկը կամ մի քանիսը՝ Գրությունների շատ հատվածներ կարելի է օգտակար ձևով վերլուծել։ Պատասխանելով պարբերությանը հաջորդող հարցերին՝ կտեսնես, թե ինչպես կարելի է դա անել։

1) Հաճախ Աստվածաշնչից կարդացած հատվածը կարող է որոշ տեղեկություն հաղորդել, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Օրինակ՝ Սաղմոս 139։13, 14–ից իմանում ենք այն մասին, թե ինչ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Աստված դեռ չծնված երեխայի նկատմամբ. «Դու.... ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է»։ Որքա՜ն սքանչելի են Եհովայի ստեղծագործությունները։ Այն, թե ինչպես է ստեղծվել մարդը, խոսում է Եհովայի՝ մեր հանդեպ տածած մեծ սիրո մասին։

Յովհաննէս 14։9, 10–ում արձանագրված Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ ինչպես նա էր վերաբերվում մարդկանց, այնպես էլ Եհովան կվերաբերվեր նրանց։ Ելնելով դրանից՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել Եհովայի մասին, եթե նկատի առնենք այն դեպքերը, որոնք արձանագրված են Ղուկաս 5։12, 13 և 7։11–15 համարներում։

2) Մտածիր, թե տվյալ հատվածը ինչպես է կապված Աստվածաշնչի թեմայի հետ, որն է՝ Եհովայի գերիշխանության արդարացումը և նրա անվան սրբացումը Հիսուս Քրիստոսի՝ խոստացյալ Սերնդի ղեկավարած Թագավորության միջոցով։

Ինչպե՞ս են ընդգծում Աստվածաշնչի թեման Եզեկիել և Դանիել մարգարեները (Եզեկիէլ 38։21–23; Դանիէլ 2։44; 4։17; 7։9–14

Ինչպե՞ս է Աստվածաշունչը հստակորեն ցույց տալիս, որ խոստացված Սերունդը Հիսուսն է (Գաղատացիս 3։16

Ինչպե՞ս է «Յայտնութիւն» գիրքը նկարագրում Թագավորության՝ իր փառահեղ գագաթնակետին հասնելը (Յայտնութիւն 11։15; 12։7–10; 17։16–18; 19։11–16; 20։1–3; 21։1–5

3) Հարցրու ինքդ քեզ, թե ինչպես կարող ես կարդացածդ կիրառել։ Օրինակ՝ «Ելից» գրքից մինչև «Երկրորդ Օրինաց» գիրքը կարդում ենք իսրայել ազգի գործած անբարո վարքի և ըմբոստ կեցվածքի մասին։ Ահա՛ թե ինչ դաս կարող ենք քաղել. նման կեցվածքն ու գործերը ծանր հետևանքներ են ունենում։ Ուրեմն՝ պետք է ձգտենք հաճեցնել Եհովային և չհետևենք իսրայելացիների վատ օրինակին։ «Այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ» (Ա Կորնթացիս 10։11

Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն արձանագրությունից, որտեղ խոսվում է այն մասին, որ Կայենը սպանեց Աբելին (Ծննդոց 4։3–12; Եբրայեցիս 11։4; Ա Յովհաննէս 3։10–15; 4։20, 21

Աստվածաշնչի խորհուրդը՝ ուղղված երկնային հույս ունեցող քրիստոնյաներին, արդյոք կիրառելի՞ է նրանց համար, ովքեր երկրի վրա հավիտենական կյանքով ապրելու հույսն ունեն (Թուոց 15։16; Յովհաննէս 10։16

Թեպետ քրիստոնեական ժողովում բարի անուն ունենք, կա՞ն արդյոք մեզ քաջ ծանոթ աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կարող էինք ավելի լայնորեն կիրառել մեր կյանքում (Բ Կորնթացիս 13։5; Ա Թեսաղոնիկեցիս 4։1

4) Ինչպե՞ս կարող ես քո կարդացածն օգտագործել ուրիշներին օգնելու նպատակով։ Սովորաբար մարդկանց մտահոգում են իրենց առողջության հետ կապված խնդիրները։ Այդպիսի մարդկանց հետ զրուցելիս մենք կարող ենք նրանց համար կարդալ այն հատվածը, որտեղ Հիսուսը բուժում է հիվանդներին. դա իր հերթին ցույց է տալիս, թե նա ինչ պիտի անի ավելի մեծ մասշտաբով, երբ՝ որպես Աստծո Թագավորության Թագավոր, անմիջականորեն ղեկավարի երկրի վրա. «Շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր.... եւ նա նորանց բժշկեց» (Մատթէոս 15։30

Ո՞ւմ կարող էիր օգնել՝ կարդալով Հայրոսի աղջկա հարության մասին արձանագրությունը (Ղուկաս 8։41, 42, 49–56

13. Ինչպիսի՞ արդյունքներ կարող ենք ակնկալել, եթե շարունակենք Աստվածաշունչն ընթերցել և ուսումնասիրել Եհովայի կազմակերպության հետ միասին։

13Որքա՜ն օգտակար կարող է դառնալ Աստվածաշնչի ընթերցանությունը, եթե վերոհիշյալ չորս կետերի օգնությամբ խորհենք կարդացածի շուրջ։ Անկասկած, Աստվածաշունչ կարդալը հեշտ գործ չէ։ Սակայն այն կարող է օգտակար լինել մեր ողջ կյանքի ընթացքում։ Կարդալով Գրությունները՝ մենք հոգևորապես կզորանանք։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը մեզ կմոտեցնի մեր սիրելի Հայր Եհովային և մեր քրիստոնյա եղբայրներին։ Հենց դա էլ կօգնի մեզ հետևելու «կենաց խօսքը ամուր բռնել[ու]» խորհրդին (Փիլիպպեցիս 2։16, Արևմտ. Աստ.

[Ծանոթագրություններ]

a Քննարկելու համար, թե ինչու է Աստվածաշունչը ուշադրության արժանի գիրք, տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

Կրկնենք թեման

• Ինչո՞ւ է Աստվածաշունչը գրի առնվել և պահվել մինչև մեր օրերը։

• Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին գնահատելու Աստվածաշունչը։

• Ինչո՞ւ է Աստվածաշնչի կանոնավոր անձնական ուսումնասիրությունն օգտակար։ Ո՞ր չորս կետերը կիրառելով՝ կարող ենք կարդացածը օգտակար ձևով վերլուծել։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 30–րդ էջի վրա]

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՈՐԵՎԷ ՀԱՏՎԱԾ ԿԱՐԴԱԼԻՍ ԽՈՐՀԻՐ՝

Ինչ է այն պատմում Եհովայի անձնավորության մասին

Ինչպես է այն կապված Աստվածաշնչի գլխավոր թեմայի հետ

Ինչ ազդեցություն պետք է այն թողնի իմ կյանքի վրա

Ինչպես կարող եմ այն օգտագործել ուրիշներին օգնելու նպատակով