«Առաջ Աստուծոյ արքայութիւնը» փնտրիր
Տասնմեկերորդ գլուխ
«Առաջ Աստուծոյ արքայութիւնը» փնտրիր
1. ա) Հիսուսն ինչո՞ւ խրախուսեց իրեն լսողներին նախ Թագավորությունը փնտրել։ բ) Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
ԱՎԵԼԻ քան 1 900 տարի առաջ Գալիլեայում մի առիթով Հիսուսն իրեն լսողներին ասաց. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք [«փնտրեք», ՆԱ]»։ Իսկ ինչո՞ւ էր դա այդքան հրատապ։ Արդյոք Քրիստոսը թագավորական աթոռին չէ՞ր նստելու միայն դարեր հետո։ Այո՛, բայց հենց Մեսիական թագավորության միջոցով էր, որ Եհովան արդարացնելու էր իր գերիշխանությունը և իրագործելու էր երկրի առնչությամբ իր վեհ նպատակը։ Ուստի ամեն ոք, ով իսկապես գիտակցում է դրա կարևորությունը, պետք է Թագավորությունն իր կյանքում առաջին տեղը դնի։ Եթե դա պահանջվում էր առաջին դարում, ապա առավել ևս այն պահանջվում է մեր օրերում, քանի որ Քրիստոսն արդեն գահակալված Թագավոր է։ Այս առնչությամբ ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ. «Իմ ապրելակերպով ցույց տալի՞ս եմ արդյոք, որ նախ Աստծո Թագավորությունն եմ փնտրում» (Մատթէոս 6։33)։
2. Սովորաբար մարդիկ ինչի՞ են ձգտում։
2 Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր անհատներ իրոք նախ Թագավորությունն են փնտրում։ Այն, որ նրանք պաշտպանում են Թագավորության շահերը, ցույց են տալիս՝ Եհովային նվիրվելով և նրա կամքը կատարելը իրենց կյանքում գլխավոր տեղը դնելով։ Սակայն մարդկանց մեծամասնությունը աշխարհային գործերով է տարված։ Նրանց կյանքի նպատակը գումար վաստակելն է, հարստություն դիզելը, զվարճանալը կամ էլ իրենց ողջ ուժն ու եռանդը ներդնելով՝ կարիերա ձեռք բերելը։ Իրենց ապրելակերպով նրանք ցույց են տալիս, որ առաջին հերթին իրենց հետաքրքրում է սեփական եսը, նյութական կարողություններն ու անձնական հաճույքները։ Այդպիսի մարդկանց համար Աստված երկրորդական տեղում է, եթե իհարկե նրանք հավատում են Աստծո գոյությանը (Մատթեոս 6։31, 32)։
3. ա) Հիսուսը խորհուրդ տվեց ի՞նչ գանձեր փնտրել և ինչո՞ւ։ բ) Ինչո՞ւ հարկ չկա չափից ավել մտահոգվելու նյութականի մասին։
3 Սակայն Հիսուսն իր աշակերտներին հետևյալ խորհուրդը տվեց. «Գանձեր մի դիզէք երկրիս վերայ»։ Ինչո՞ւ. քանի որ այդ գանձերից՝ նյութական ունեցվածքից և ոչ մեկը հավիտյան չի կարող գոյություն ունենալ։ «Բայց գանձեր դիզեցէք երկնքումը»,— խորհուրդ տվեց Հիսուսը։ Ինչպե՞ս. Եհովային ծառայելով։ Հիսուսը նաև խրախուսեց իր հետևորդներին «պարզ» պահել իրենց աչքը՝ ողջ ուշադրությունն ու եռանդը Եհովայի կամքը կատարելու վրա կենտրոնացնելով։ «Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային»,— ասաց նրանց Հիսուսը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նյութական կարիքների՝ ուտելիքի, հագուստի և կացարանի մասին։ «Հոգս մի՛ անէք»,— խորհուրդ տվեց Հիսուսը։ Նա իր աշակերտների ուշադրությունը հրավիրեց թռչունների վրա. Աստված կերակրում է նրանց։ Ապա՝ ծաղիկների վրա. Աստված հագցնում է նրանց։ Մի՞թե Եհովայի բանական արարածները շատ ավելի թանկ չեն։ «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք [«փնտրեք», ՆԱ],— ասաց Հիսուսը.— եւ այդ ամենքը [ինչ որ անհրաժեշտ է] կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։19–34)։ Իսկ քո գործերը ցույց տալի՞ս են, որ հավատում ես այդ խոստմանը։
Թույլ մի տուր, որ Թագավորության ճշմարտությունը «խեղդվի» քո մեջ
4. Եթե անհատը չափազանց մեծ նշանակություն է տալիս նյութականին, ինչպիսի՞ն կարող է լինել հետևանքը։
4 Ինչ խոսք, տեղին է ընտանիքի կամ անձնական կարիքները բավարարելու մասին մտահոգվելը։ Սակայն, եթե անհատի ուշադրությունը չափից դուրս կենտրոնացված է նյութական իրերի վրա, հետևանքը կարող է աղետալի լինել։ Նույնիսկ եթե նա ասի, թե հավատ է ընծայում Թագավորությանը, բայց իր սրտում առաջնային տեղ գրավեն այլ բաներ, Թագավորության ճշմարտությունը «կխեղդվի» (Մատթէոս 13։18–22)։ Օրինակ՝ մի հարուստ, երիտասարդ իշխան հարցրեց Հիսուսին. «Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Ճիշտ է, նա բարոյապես մաքուր կյանք էր վարում և մարդկանց հետ լավ էր վերաբերվում, սակայն սրտով չափից ավել կապված էր իր ունեցվածքի հետ։ Նա չէր կարող հրաժարվել իր նյութական կարողությունից՝ Քրիստոսի հետևորդը դառնալու համար։ Դա էր պատճառը, որ նա բաց թողեց Քրիստոսի հետ երկնային Թագավորության մեջ լինելու հնարավորությունը։ Այս դեպքի հետ կապված՝ Հիսուսն ասաց. «Ի՞նչքան դժուար է, որ հարստութիւն ունեցողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն» (Մարկոս 10։17–23)։
5. ա) Ինչո՞վ բավականանալու խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս է Սատանան «արծաթասիրութիւնը» որպես ծուղակ օգտագործում։
5 Տարիներ անց Պողոս առաքյալը նամակ գրեց Տիմոթեոսին, որն այն ժամանակ ապրում էր Եփեսոս քաղաքում՝ առևտրի խոշոր կենտրոնում։ Իր նամակում Պողոսն այսպիսի հիշեցում արեց. «Ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք»։ Ինչպես տեսնում ենք, տեղին է, երբ աշխատում ենք մեր կամ մեր ընտանիքի համար «կերակուր եւ հագուստ» ձեռք բերելու նպատակով։ Բայց Պողոսը նաև զգուշացնում է. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ»։ Սատանան խորամանկ է։ Սկզբում՝ նա կարող է փոքր բաներով հրապուրել մարդուն։ Ապա՝ փոքրին կարող են հաջորդել ավելի մեծերը։ Դա կարող է լինել բարձր պաշտոնի կամ ավելի եկամտաբեր աշխատանքի հնարավորություն ստեղծելը, որը կզբաղեցնի այն ժամանակը, որ մինչ այդ հոգևորին էր տրվում։ Եթե զգուշություն չցուցաբերենք, «արծաթասիրութիւնը» կարող է «խեղդել» Թագավորության շահերը, որոնք, ինչ խոսք, ավելի կարևոր են։ Այդ ծուղակն ընկնելու մասին Պողոսը հետևյալն է գրում. «[Արծաթասիրությանը] մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։7–10)։
6. ա) Նյութապաշտության ծուղակը չընկնելու համար ի՞նչ պետք է անենք։ բ) Չնայած աշխարհի ներկայիս տնտեսական վիճակին՝ ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։
6 Իր քրիստոնյա եղբոր հանդեպ անկեղծ սեր տածելով՝ Պողոսը խրախուսեց Տիմոթեոսին՝ ասելով. «Փախիր սորանցից....։ Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը» (Ա Տիմոթէոս 6։11, 12)։ Որպեսզի չտարվենք նյութապաշտությամբ, որը հատուկ է այս աշխարհին, պետք է մեծ ջանքեր գործադրենք։ Եվ եթե գործենք մեր հավատին ներդաշնակ, ապա Եհովան երբեք չի թողնի մեզ։ Չնայած գների աստիճանական բարձրացմանը և համատարած գործազրկությանը՝ Եհովան հոգ կտանի, որ ունենանք այն ամենը, ինչը որ մեզ անհրաժեշտ է։ Պողոս առաքյալը գրում է. «Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ [Աստված] ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը» (Եբրայեցիս 13։5, 6)։ Իսկ Դավիթ թագավորը գրեց. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ» (Սաղմոս 37։25)։
Վաղեմի աշակերտների օրինակը
7. Քարոզչության հետ կապված՝ ի՞նչ հրահանգներ տվեց Հիսուսն իր աշակերտներին, և ինչո՞ւ էին դրանք տեղին։
7 Իր առաքյալներին համապատասխան ուսուցում տալուց հետո Հիսուսը նրանց ուղարկեց՝ բարի լուրը քարոզելու, և պատվիրեց հռչակել. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Ի՜նչ հուզիչ լուր էր դա։ Հիսուս Քրիստոսը՝ Մեսիական թագավորը, իրենց կողքին էր։ Եվ քանի որ առաքյալներն իրենց անձերը նվիրել էին Աստծո ծառայությանը, Հիսուսը հավաստիացրեց նրանց, որ Աստված հոգ կտանի իրենց մասին։ Նա ասաց. «Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։ Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտէղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք» (Մատթէոս 10։5–10; Ղուկաս 9։1–6)։ Եհովան հոգ էր տանելու, որպեսզի նրանց ամենօրյա կարիքների մասին իրենց իսրայելացի հայրենակիցները մտածեին, որոնց մոտ ընդունված էր օտարականներին հյուրասիրություն ցույց տալը։
8. ա) Ինչո՞ւ մահից քիչ առաջ Հիսուսի տված հրահանգները՝ քարոզչության հետ կապված, տարբեր էին առաջինից։ բ) Նոր հանգամանքերում դարձյալ ի՞նչը պետք է առաջնային լիներ Հիսուսի հետևորդների կյանքում։
8 Հետագայում՝ իր մահից քիչ առաջ, Հիսուսը զգուշացրեց իր առաքյալներին, որ ապագայում նրանք ծառայելու էին այլ հանգամանքների ներքո։ Իրենց գործունեության դեմ իշխանությունների հակառակության պատճառով իսրայելացիներն այլևս պատրաստակամորեն նրանց հյուրասիրություն ցույց չէին տալու։ Բացի այդ, նրանք շուտով սկսելու էին Թագավորության պատգամը հեթանոսների շրջանում քարոզել։ Այժմ արդեն առաքյալները պետք է «քսակ» ու «պարկ» վերցնեին իրենց հետ։ Ինչպիսին էլ որ լիներ պարագան, նրանք պետք է շարունակեին նախ Եհովայի Թագավորությունն ու նրա արդարությունը փնտրել և պետք է համոզված լինեին, որ Աստված անպայման կօրհնի կերակուր ու հագուստ ձեռք բերելու իրենց ջանքերը (Ղուկաս 22։35–37)։
9. Իր ֆիզիկական կարիքները հոգալու հետ մեկտեղ՝ Պողոսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ Թագավորությունն իր կյանքում առաջին տեղում էր դասում, և ի՞նչ խորհուրդ տվեց նա այդ առնչությամբ։
9 Հիսուսի խորհուրդը կիրառելու մեջ հրաշալի օրինակ էր Պողոս առաքյալը։ Նա իր կյանքը ծառայության շուրջն էր կառուցում (Գործք 20։24, 25)։ Երբ մեկնում էր նոր տարածք՝ քարոզելու, նա ինքն էր հոգում իր կարիքները։ Ինչպե՞ս. վրանագործությամբ զբաղվելով։ Պողոսը չէր ակնկալում, որ ուրիշները հոգ տանեին իր մասին (Գործք 18։1–4; Ա Թեսաղոնիկեցիս 2։9)։ Սակայն նա երախտապարտ էր իր հանդեպ ցույց տրված հյուրասիրության ու իր ստացած նվերների համար, որոնցով հավատակիցները դրսևորում էին իրենց սերը (Գործք 16։15, 34; Փիլիպպեցիս 4։15–17)։ Պողոսը հորդորեց քրիստոնյաներին, որ քարոզելը պատճառ չդառնա անտեսելու իրենց ընտանեկան պարտականությունները, այլ որ հավասարակշռեն դրանք զանազան պարտականությունների հետ։ Նա խորհուրդ տվեց նրանց աշխատասեր լինել, սիրել իրենց ընտանիքները և իրենց ունեցածից բաժին հանել նաև մյուսներին (Եփեսացիս 4։28; Բ Թեսաղոնիկեցիս 3։7–12)։ Նա հորդորեց նրանց ապավինել Աստծուն և ոչ թե նյութական կարողություններին, նաև խրախուսեց այնպիսի կյանք վարել, որով ցույց կտային, որ իրոք հասկանում են, թե ի՛նչն է կյանքում ավելի կարևոր։ Հիսուսի ուսուցումների համաձայն՝ դա նշանակում է փնտրել նախ Աստծո Թագավորությունը և նրա արդարությունը (Փիլիպպեցիս 1։9–11)։
Թագավորությունը կյանքում առաջին տեղը դիր
10. Ի՞նչ է նշանակում նախ Թագավորությունը փնտրել։
10 Ի՞նչ չափով ենք մենք մասնակցում Թագավորության բարի լուրը տարածելու գործին։ Դա մասամբ կախված է մեր հանգամանքներից և այն բանից, թե որքան բարձր ենք այն գնահատում։ Հիշիր, որ Հիսուսը չասաց, թե կարող ես Թագավորությունը փնտրել այն ժամանակ, երբ անելու ոչինչ չես ունենա։ Գիտակցելով Թագավորության կարևորությունը՝ նա արտացոլեց իր Հոր կամքը, երբ ասաց. «Աստուծոյ արքայութիւնը խնդրեցեք [«շարունակաբար փնտրեք», ՆԱ] (Ղուկաս 12։31)։ Թեպետ իրենց կամ իրենց ընտանիքների կարիքները բավարարելու համար մեզանից շատերը պետք է աշխատեն, բայց եթե մենք հավատք ունենանք, մեր կյանքը կպտտվի Թագավորության գործի շուրջը. գործ, որն Աստծուց ենք ստացել։ Բայց չպետք է մոռանանք նաև մեր ընտանեկան պարտականությունների մասին (Ա Տիմոթէոս 5։8)։
11. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ բոլորը հավասարապես չեն տարածի Թագավորության պատգամը։ բ) Ի՞նչ հանգամանքներ կարող են դեր խաղալ այն բանում, թե անհատը ինչ չափով կարող է մասնակցել Թագավորության գործին։
11 Ոմանք ի վիճակի են ավելի շատ ժամանակ տրամադրել Թագավորության բարի լուրի քարոզչությանը, քան մյուսները։ Սակայն Հիսուսն իր՝ տարբեր հողերում ցանված սերմերի մասին առակում ցույց տվեց, որ բոլոր նրանք, ում սրտերը նման են բարի հողի, պտղաբեր կլինեն։ Իսկ ո՞ր չափով։ Մարդկանց հանգամանքները տարբեր են։ Տարիքը, առողջական վիճակը և ընտանեկան պարտականությունները դրանցից միայն մի քանիսն են։ Բայց եթե անհատը խորապես գնահատում է բարի լուրի կարևորությունը, նա բավականին մեծ գործ կանի (Մատթէոս 13։23)։
12. Ի՞նչ հոգևոր նպատակի մասին կարող են խորհել հատկապես երիտասարդները։
12 Լավ կլինի, եթե մենք որոշակի նպատակներ դնենք մեր առջև, որոնք կօգնեն մեզ ընդարձակել Թագավորության մեր ծառայությունը։ Երիտասարդների համար լուրջ խորհրդածության առարկա կարող է դառնալ երիտասարդ, եռանդուն քրիստոնյա Տիմոթեոսի թողած հրաշալի օրինակը (Փիլիպպեցիս 2։19–22)։ Մի՞թե պատանիների համար կա ավելի օգտակար գործ, քան դպրոցն ավարտելուց հետո լիաժամ ծառայություն սկսելը։ Իրենց առջև հասանելի հոգևոր նպատակներ դնելով՝ օգուտներ կքաղեն նաև տարեցները։
13. ա) Ո՞վ պետք է որոշի, թե ո՛ր չափով կարող ենք մասնակցել Թագավորության ծառայությանը։ բ) Եթե մենք իսկապես նախ Թագավորությունն ենք փնտրում, դրանով ի՞նչ ենք փաստում։
13 Փոխարեն քննադատելու նրանց, ովքեր, մեր կարծիքով, ավելին անելու հնարավորություն ունեն՝ մենք, հավատքից մղված, կաշխատենք բարեփոխումներ կատարել մեր կյանքում, որպեսզի կարողանանք Աստծուն ծառայել լիարժեք կերպով, որքանով որ թույլ են տալիս մեր անձնական հանգամանքները (Հռովմայեցիս 14։10–12; Գաղատացիս 6։4, 5)։ Ինչպես երևում է Հոբի օրինակից, Սատանան պնդում է, թե մեր գլխավոր մտահոգությունը մեր նյութական ունեցվածքն է, անձնական հարմարավետությունն ու մեր բարեկեցությունը, և թե մենք Աստծուն ծառայում ենք՝ եսասիրական մղումներից ելնելով։ Բայց եթե իսկապես առաջին հերթին Թագավորությունն ենք փնտրում, դրանով փաստում ենք, որ Բանսարկուն մեծ ստախոս է։ Նաև ցույց ենք տալիս, որ Աստծո ծառայությունը մեր կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում։ Այսպիսով՝ թե՛ գործով և թե՛ խոսքով մենք ապացուցում ենք, որ անկեղծ սեր ենք տածում Եհովայի հանդեպ, անձնվիրաբար պաշտպանում ենք նրա գերիշխանությունը և սիրում ենք մեր դրացուն (Յոբ 1։9–11; 2։4, 5; Առակաց 27։11)։
14. ա) Ինչո՞ւ է օգտակար ծառայության համար անձնական գրաֆիկ ունենալը։ բ) Շատ Վկաներ ո՞ր չափով են մասնակցում քարոզչական ծառայությանը։
14 Անձնական գրաֆիկ ունենալով՝ մենք կկարողանանք սովորականից ավելի արդյունավետ օգտագործել մեր ժամանակը։ Եհովան նույնպես ‘որոշած ժամանակ’ ունի իր նպատակը իրագործելու համար (Ելից 9։5; Դանիէլ 8։19)։ Եթե հանգամանքները թույլ են տալիս, ցանկալի է շաբաթական մեկ կամ երկու անգամ՝ նախապես պայմանավորված ժամի, մասնակցել քարոզչական ծառայությանը։ Ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր Եհովայի վկաներ կարողացել են ծառայել որպես ենթառահվիրաներ՝ բարի լուրը քարոզելուն օրական մոտ երկու ժամ տրամադրելով։ Հարյուր հազարավոր ուրիշ Վկաներ էլ ծառայել են որպես ընդհանուր ռահվիրաներ՝ օրական երկուսուկես ժամ տրամադրելով Թագավորության պատգամը հռչակելուն։ Իսկ հատուկ ռահվիրաներն ու միսիոներները ավելի շատ ժամանակ են նվիրում ծառայությանը։ Կարելի է նաև առիթներ փնտրել՝ Թագավորության հույսի մասին ոչ պաշտոնական վկայություն տալու (Յովհաննէս 4։7–15)։ Մեր ցանկությունը պետք է լինի ծառայել այնքան, որքան թույլ են տալիս մեր հնարավորությունները։ Հիսուսն ասել է. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14; Եփեսացիս 5։15–17)։
15. Քո կարծիքով, ժամանակահարմա՞ր է արդյոք Ա Կորնթացիս 15։58–ում արձանագրված խորհուրդը։
15 Եհովայի վկաները, անկախ իրենց ազգային պատկանելիությունից, աշխարհի բոլոր անկյուններում միասնաբար մասնակցում են այս առանձնաշնորհյալ գործին։ Նրանք հետևում են Աստվածաշնչի հետևյալ խորհրդին. «Հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիս 15։58)։
Կրկնենք թեման
• Երբ Հիսուսը հորդորեց շարունակել «առաջ Աստուծոյ արքայութիւնը» փնտրել, համաձայն այս խոսքերի՝ ի՞նչը կյանքում պետք է երկրորդական համարել։
• Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք մեր և մեր ընտանիքի ֆիզիկական կարիքները հոգալու վերաբերյալ։ Այս հարցում Աստված ինչպե՞ս կօգնի մեզ։
• Ծառայության ո՞ր ձևերին կարող ենք մասնակցել։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 107–րդ էջի վրա]
Եհովայի վկաներն այսօր բոլոր երկրներում քարոզում են բարի լուրը մինչև վախճանի գալը