Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածապաշտությունն ընտանիքում

Աստվածապաշտությունն ընտանիքում

Տասնյոթերորդ գլուխ

Աստվածապաշտությունն ընտանիքում

1. Աստծո Խոսքում տրված առաջնորդությանը հետևելն ի՞նչ դրական ազդեցություն է թողել շատ ընտանիքների վրա։

 ԵՀՈՎԱՆ ամուսնության Հիմնադիրն է։ Իր Խոսքի միջոցով նա ընտանիքներին լավագույն առաջնորդությունն է տալիս։ Այդ առաջնորդությանը հետևելով՝ շատերը կարողացել են հաջող ընտանիք ստեղծել։ Ոմանք, օրինակ, պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը, ինչը շատ գովելի է։ Ոմանք էլ հրաժարվել են արտամուսնական կապերի մեջ մտնելուց։ Իսկ այն տղամարդիկ, որոնք մի ժամանակ իրենց կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն են գործադրել, փոխել են իրենց վերաբերմունքը՝ սովորել են բարություն ու քնքշություն ցուցաբերել։

2. Քրիստոնյայի ընտանեկան կյանքի վերաբերյալ ի՞նչ հարցեր կարող են ծագել. ուրիշ ինչե՞ր են ներգրավված ընտանեկան կյանքի մեջ։

2Հնարավոր է՝ քրիստոնյայի ընտանեկան կյանքի վերաբերյալ ծագեն որոշ հարցեր, ինչպես օրինակ՝ որքա՞ն երկար պետք է տևի ամուսինների համատեղ կյանքը, ի՞նչ պետք է անեն նրանք՝ իրենց ընտանեկան պարտականությունները կատարելու համար, և ինչպե՞ս պետք է վերաբերվեն ընտանիքի մյուս անդամներին (Եփեսացիս 5։33–6։4)։ Մի բան է իմանալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում ընտանեկան կյանքի մասին, և բոլորովին այլ բան է կիրառել դա կյանքում։ Անշուշտ, մեզանից և ոչ մեկը չի ցանկանա նմանվել այն մարդկանց, որոնց Հիսուսը դատապարտեց Աստծո պատվիրանները չկատարելու համար։ Նրանք սխալմամբ կարծում էին, թե բավական է միայն կրոնասեր լինել (Մատթէոս 15։4–9)։ Մինչդեռ մենք ուզում ենք, որ մեր աստվածապաշտությունը երևա ոչ միայն դրսում, այլև մեր ընտանիքներում։ Այո՛, մեր ցանկությունն է անկեղծ աստվածապաշտություն ցույց տալ, որը «մեծ շահավաճառութիւն է», այսինքն՝ շատ օգտավետ է (Ա Տիմոթէոս 5։4; 6։6; Բ Տիմոթէոս 3։5)։

Որքա՞ն պետք է տևի ամուսինների համատեղ կյանքը

3. ա) Ի՞նչ տխուր վախճան են ունենում շատ ամուսնություններ, և այս հարցում ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը։ բ) Օգտվելով քո Աստվածաշնչից՝ պատասխանիր պարբերության տակ տրված հարցերին։

3Ամուսնություններն այսօր գնալով ավելի ու ավելի անկայուն են դառնում։ Որոշ ամուսնական զույգեր երկար տարիներ համատեղ ապրելուց հետո հանկարծ որոշում են ամուսնալուծվել և մեկ ուրիշի հետ ամուսնանալ։ Չենք զարմանում, երբ հաճախ լսում ենք, որ ամուսնությունից կարճ ժամանակ անց երիտասարդ զույգերն արդեն առանձին են ապրում։ Անկախ այն բանից, թե այս հարցին ինչպես են վերաբերվում մյուսները՝ մեր ցանկությունը պետք է լինի Եհովային հաճեցնելը։ Իսկ դրա համար եկ քննենք ներքոհիշյալ հարցերը և դրանց համապատասխան սուրբգրային համարները, որպեսզի հասկանանք, թե, ըստ Աստվածաշնչի, որքան պետք է տևի ամուսինների համատեղ կյանքը։

 Որքա՞ն պետք է միասին ապրեն կողակիցներն ամուսնությունից հետո (Մարկոս 10։6–9; Հռովմայեցիս 7։2, 3

 Միայն ո՞ր դեպքում կարող են զույգերն ամուսնալուծվել՝ հնարավորություն ունենալով նորից ամուսնանալու՝ համաձայն Աստծո կամքի (Մատթէոս 5։31, 32; 19։3–9

 Ո՞րն է Եհովայի տեսակետը այն ամուսնալուծությունների վերաբերյալ, որոնք, համաձայն իր Խոսքի, անթույլատրելի են (Մաղաքիա 2։13–16

 Ըստ Աստվածաշնչի՝ կարո՞ղ է արդյոք առանձին ապրելը ամուսինների միջև ծագած խնդիրների լուծման միջոց լինել (Ա Կորնթացիս 7։10–13

 Ո՞ր դեպքերում է թույլատրելի ամուսինների՝ միմյանցից առանձին ապրելը (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.; Ղուկաս 4։8; Ա Տիմոթէոս 5։8)։

4. Ո՞րն է պատճառը, որ որոշ ամուսնություններ կայուն են։

4Լինում են նաև հաջող, կայուն ամուսնություններ։ Ինչպե՞ս։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ ամուսնանալու լուրջ նպատակ ունեցող զույգերը հապշտապ քայլերի չեն դիմում, այլ սպասում են, մինչև որ երկուսն էլ հասունանան։ Սակայն նվազ կարևոր չէ նաև այնպիսի ամուսին ընտրելը, որը ունենա նույն հետաքրքրությունները, ինչ որ ինքը, և որի հետ նա կկարողանա առանց կաշկանդվելու քննարկել ցանկացած նյութ։ Բայց շատ ավելի կարևոր է այնպիսի կողակից ընտրելը, որը սիրում է Եհովային ու պրոբլեմները լուծելու հարցում որպես հեղինակություն ընդունում է Աստծո Խոսքը (Սաղմոս 119։97, 104; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Այդպիսի անհատը երբեք չի մտածի, որ, եթե իր ամուսնությունը հաջող չլինի, ապա ազատ կարող է թողնել կողակցին՝ առանձին ապրել կամ ամուսնալուծվել։ Նաև նա մատնացույց չի անի իր կողակցի թերությունները և դա որպես պատրվակ չի օգտագործի իր պարտականությունները չկատարելու համար։ Ընդհակառակը՝ նա կփորձի իր ընտանեկան պրոբլեմների գործնական լուծումը գտնել։

5. ա) Ի՞նչ դեր է խաղում Եհովայի հանդեպ անձնվիրություն ցույց տալը ամուսնության մեջ։ բ) Ի՞նչ օգուտներ կարող է իր հետ բերել Եհովայի չափանիշները պահելը նույնիսկ հակառակությունների հանդիպելիս։

5Սատանայի նպատակն է ապացուցել, որ մենք կթողնենք Եհովայի ուղիները, եթե տառապանքներ կրենք (Յոբ 2։4, 5; Առակաց 27։11)։ Մինչդեռ բազմաթիվ Եհովայի վկաներ, որոնք տառապել են իրենց կողակիցների ցույց տված հակառակությունից ու հալածանքներից, չեն դրժել իրենց ամուսնական երդումը։ Նրանք շարունակում են անձնվիրություն ցույց տալ Եհովայի հանդեպ ու հավատարիմ մնալ նրա պատվերներին (Մատթէոս 5։37)։ Ոմանք էլ, համբերելով, մեծ ուրախություն են ապրել, երբ իրենց ամուսինները միացել են իրենց Եհովային ծառայելու մեջ նույնիսկ երկար տարիների հակառակությունից հետո (Ա Պետրոս 3։1, 2)։ Իսկ այն քրիստոնյաները, որոնց կողակիցները այդպես էլ չեն փոխում իրենց վերաբերմունքը, կամ որոնք լքել են նրանց Եհովային ծառայելու պատճառով, վստահ են, որ իրենց ընտանիքներում աստվածապաշտություն դրսևորելով՝ անշուշտ օրհնություններ կստանան (Սաղմոս 55։22; 145։16

Ամեն մեկն իր բաժինն է բերում

6. Ո՞ր սկզբունքի հանդեպ պետք է հարգանք դրսևորել բարեհաջող ամուսնություն ունենալու համար։

6Ինչ խոսք, բարեհաջող ընտանիք ստեղծելու համար բավական չէ միայն համատեղ կյանքով ապրելը։ Հիմնական պահանջը ամուսիններից այն է, որ նրանցից յուրաքանչյուրը հարգանք դրսևորի ընտանիքում Եհովայի հաստատած գլխավորության սկզբունքի հանդեպ։ Դա նպաստում է ընտանիքում կարգ ու կանոն պահպանելուն և ապահովության զգացում է ներշնչում ընտանիքի անդամներին։ Ա Կորնթացիս 11։3–ում կարդում ենք. «Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած»։

7. Ինչպե՞ս պետք է գլխավորության սկզբունքը գործադրվի ընտանիքում։

7Նկատեցի՞ր՝ ինչ է ասվում այդ համարի սկզբում։ Այո՛, այնտեղ ասվում է, որ տղամարդը Գլուխ ունի, որն է՝ Քրիստոսը, որին էլ նա պետք է հնազանդվի։ Իսկ դա նշանակում է, որ ամուսինը գլխավորություն գործադրելիս պետք է դրսևորի Հիսուսի ցուցաբերած հատկությունները։ Իր հերթին՝ Հիսուսը հպատակվում է Եհովային, անկեղծորեն սիրում իր ժողովը ու հոգ տանում նրա մասին (Ա Տիմոթէոս 3։15)։ Նա նույնիսկ իր «անձը մատնեց նորա համար»։ Հիսուսը հպարտ կամ աննրբանկատ անձնավորություն չէ. նա «հեզ [է] եւ սրտով խոնարհ»։ Հիսուսի գլխավորությանը հպատակվող մարդիկ իրենց «անձերի համար հանգստութիւն» են գտնում։ Իր ընտանիքի անդամներին նման ձևով վերաբերվելով՝ ամուսինը ցույց է տալիս, որ հպատակվում է Քրիստոսին։ Այդ պարագայում քրիստոնյա կնոջ համար օգտակար և հաճելի կլինի համագործակցել իր ամուսնու հետ ու ենթարկվել նրան (Եփեսացիս 5։25–33; Մատթէոս 11։28, 29; Առակաց 31։10, 28

8. ա) Ո՞րն է պատճառը, երբ կարող է թվալ, թե որոշ ընտանիքներում քրիստոնեավայել վարք դրսևորելը ցանկալի արդյունքներ չի բերում։ բ) Ի՞նչ կարող ենք անել նման իրավիճակում հայտնվելիս։

8Սակայն, խնդիրներ միշտ էլ կլինեն։ Օրինակ՝ եթե ընտանիքի անդամներից մեկին դուր չի գալիս, երբ իրեն ինչ–որ հարցում ուղղություն են ցույց տալիս, պատճառը կարող է լինել այն, որ նման վրդովմունք արտահայտելը նրա մեջ խորը արմատներ է գցել վաղուց, երբ նա դեռ չէր սկսել կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։ Գուցե թվա, թե մեղմ տոնով ասված խնդրանքներն ու քաղաքավարի վերաբերմունքը ոչ մի արդյունք էլ չեն տալիս։ Սակայն մենք գիտենք, որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս մի կողմ դնել ամեն տեսակի «բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն» (Եփեսացիս 4։31)։ Իսկ ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամի հետ, այսպես ասած, ուրիշ ոչ մի «լեզվով» հնարավոր չէ խոսել։ Հիշենք, որ Հիսուսը չէր փորձում նմանվել նրանց, ովքեր սպառնալիքի էին դիմում և կշտամբում էին ուրիշներին, այլ ապավինում էր իր Հորը (Ա Պետրոս 2։22, 23)։ Հետևաբար երբ ներընտանեկան կոնֆլիկտներ են ծագում, ցույց տուր քո աստվածապաշտությունը և աշխարհի ճանապարհներին հետևելու փոխարեն՝ օգնության համար աղոթքով Եհովային դիմիր (Առակաց 3։5–7

9. Ընտանեկան հարցերում մանրախնդիր լինելու փոխարեն՝ ի՞նչ են սովորել շատ քրիստոնյա ամուսիններ։

9Թեպետ միշտ չէ, որ արագ բարեփոխումներ են նկատվում, սակայն վստահորեն կարող ենք ասել, որ համբերատարությամբ և ջանասիրությամբ Աստվածաշնչի խորհուրդներին հետևելը իրոք որ արդյունավետ է։ Շատ ամուսիններ խոստովանում են, որ իրենց ամուսնական կյանքը նկատելի բարեփոխվել է այն բանից հետո, երբ հասկացել են, թե ինչպես է Քրիստոսը վերաբերվում ժողովին։ Թեպետ այդ ժողովի անդամները կատարյալ մարդիկ չեն, այնուամենայնիվ, Հիսուսը սիրում է իր ժողովը, լավ օրինակ է ծառայում նրան և Աստվածաշնչի միջոցով օգնում է, որպեսզի այն բարելավվի։ Այդ ժողովի համար նա նույնիսկ իր կյանքն է զոհել (Ա Պետրոս 2։21)։ Հիսուսի օրինակը շատ ամուսինների է մղել ընտանիքում գլխավորություն վերցնելու և իրենց ընտանիքի անդամներին սիրալիր օգնություն ցույց տալու։ Նման պատրաստակամությունը ավելի լավ արդյունքներ է բերում, քան ընտանեկան հարցերում մանրախնդիր լինելը կամ էլ խռով մնալը։

10. ա) Ո՞ր դեպքերում ամուսինը կամ կինը (նույնիսկ քրիստոնյա) կարող է իր վերաբերմունքով բարդություններ ստեղծել ընտանեկան կյանքում։ բ) Ի՞նչ կարելի է անել իրավիճակը հարթելու համար։

10Ի՞նչ կարելի է անել, եթե ամուսինը զգայուն չէ ընտանիքի անդամների էմոցիոնալ կարիքների նկատմամբ կամ եթե Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելու մեջ և այլ գործերում նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցնում։ Կամ ի՞նչ կարելի անել, եթե կինը ոչ մի հարցում չի համագործակցում ամուսնու հետ և աստվածահաճո հնազանդություն ցույց չի տալիս։ Ոմանք լավ արդյունքների են հասել, երբ հարգալից կերպով քննարկել են իրենց ընտանեկան պրոբլեմները (Ծննդոց 21։10–12; Առակաց 15։22)։ Բայց նույնիսկ եթե արդյունքներն այն չլինեն, ինչ որ ակնկալում էինք, այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր բաժինը բերել, որպեսզի ընտանիքում համերաշխություն պահպանվի։ Իսկ որպեսզի դա մեզ հաջողվի, պետք է ձգտենք Աստծո ոգու պտուղը ցուցաբերել և նրբազգաց լինել ընտանիքի բոլոր անդամների հանդեպ (Գաղատացիս 5։22, 23)։ Դրական տեղաշարժեր կնկատենք ոչ թե սպասելով, որ դիմացինը քայլեր անի, այլ եթե ինքներս մեր ձեռքից եկածն անենք և դրանով ցույց տանք, որ աստվածապաշտություն ենք դրսևորում (Կողոսացիս 3։18–21

Որտե՞ղ գտնել պատասխաններ

11, 12. Երջանիկ ընտանիք ստեղծելու համար ինչպիսի՞ օգնություն է մեզ տալիս Եհովան։

11Ընտանեկան խնդիրների վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար մարդիկ շատ աղբյուրների են դիմում։ Սակայն մենք գիտենք, որ ամենալավ խորհուրդները արձանագրված են Աստծո Խոսքում, և երախտապարտ ենք, որ իր տեսանելի կազմակերպության միջոցով Աստված օգնում է մեզ դրանք կիրառել կյանքում։ Իսկ դու լիարժեք կերպով օգտվո՞ւմ ես այդ օգնությունից (Սաղմոս 119։129, 130; Միքիա 4։2

12Ժողովի հանդիպումներին ներկա լինելուց բացի՝ կանոնավորաբար ժամանակ տրամադրո՞ւմ ես Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությանը։ Այն ընտանիքները, որոնք հետևում են այս խորհրդին, կարողանում են երկրպագության մեջ միասնական լինել։ Աստծո Խոսքն իրենց կյանքում կիրառելով՝ նրանք իրենց ընտանեկան կյանքն ավելի բովանդակալից են դարձնում (Բ Օրինաց 11։18–21

13. ա) Որտե՞ղ կարող ենք գտնել ընտանեկան կյանքին վերաբերող հարցերի պատասխանները։ բ) Ի՞նչ պետք է ցույց տան մեր կայացրած բոլոր որոշումները։

13Հնարավոր է՝ ընտանեկան կյանքին վերաբերող հարցեր ունենաս, ինչպես ասենք՝ հղիությունը կանխելու հարցը։ Կամ այն, թե ինչ–ինչ հանգամանքներում թույլատրելի՞ է արդյոք արհեստական վիժումը։ Եթե երեխան շատ քիչ հետաքրքրություն է ցույց տալիս հոգևորի հանդեպ, ի՞նչ չափի ակնկալիքներ պետք է ունենալ նրանից ընտանիքի մյուս անդամների հետ միասին երկրպագությանը մասնակցելու հարցում։ Նման շատ հարցեր քննարկվել են Եհովայի վկաների կողմից հրատարակված գրականության մեջ։ Քեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար սովորիր օգտվել Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված միջոցներից, օրինակ՝ հրատարակությունների ցանկից։ Եթե ցանկում նշված հրատարակությունը չունես քո անձնական գրադարանում, օգտվիր Թագավորության սրահի գրադարանից։ Կամ գուցե հնարավորություն ունես դրանք համակարգչի օգնությամբ գտնելու։ Այդ հարցերը կարող ես քննարկել նաև հասուն քրիստոնյաների հետ։ Սակայն մի ակնկալիր, որ բոլոր հարցերի համար միշտ հստակ պատասխան կստանաս՝ այո կամ ոչ։ Հաճախ դու ինքդ (լինես ամուրի թե ամուսնացած) պետք է որոշես, թե ինչ է հարկավոր անել։ Քո կայացրած որոշումները ցույց կտան, որ աստվածապաշտություն ես դրսևորում ոչ միայն տանից դուրս, այլև ընտանիքում (Հռովմայեցիս 14։19; Եփեսացիս 5։10

Կրկնենք թեման

• Եհովային նվիրված լինելն ինչպե՞ս է առնչվում ամուսնական կողակցին հավատարիմ մնալու հետ։

• Ընտանեկան խնդիրների պատճառով ծանր իրավիճակում հայտնվելիս ի՞նչը կօգնի մեզ աստվածահաճո վարք դրսևորել։

• Նույնիսկ եթե ընտանիքի մյուս անդամներն ինչ–որ հարցում թերանում են, մենք ինքներս ինչպե՞ս կարող ենք հարթել իրավիճակը։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 155–րդ էջի վրա]

Ընտանիքում գլխավորություն գործադրելիս ամուսինը պետք է ցուցաբերի նույն հատկությունները, ինչ որ ցուցաբերեց Հիսուսը

[Նկար 157–րդ էջի վրա]

Կանոնավոր ընտանեկան ուսումնասիրությունը միավորում է ընտանիքի անդամներին