Եհովայի նպատակը հասնում է իր փառավոր կատարմանը
Քսանմեկերորդ գլուխ
Եհովայի նպատակը հասնում է իր փառավոր կատարմանը
1, 2. ա) Ո՞րն է Եհովայի նպատակը՝ կապված իր բանական արարածների հետ։ բ) Ովքե՞ր էին մտնում Եհովայի երկրպագուների միասնական ընտանիքի մեջ։
ԲՈԼՈՐ բանական արարածները միավորված երկրպագում են միակ ճշմարիտ Աստծուն և վայելում են Աստծո որդիների փառավոր ազատությունը. ահա թե որն է Եհովայի սիրասուն նպատակը։ Դա նաև արդարությունը սիրող մարդկանց անկեղծ ցանկությունն է։
2 Եհովայի այս վեհ նպատակը սկսեց կատարվել նրա արարչագործության հենց սկզբից։ Նախ նա արարեց իր Որդուն, որը հետագայում՝ իր հարությունից հետո դարձավ «[Աստծո] փառքի լոյսը .... եւ նորա էութեան նկարագիրը» (Եբրայեցիս 1։1–3)։ Այդ Որդին յուրահատուկ էր, քանի որ անմիջականորեն Աստծո կողմից էր ստեղծվել։ Ապա՝ այդ Որդու միջոցով ստեղծվեցին մյուս բոլոր արարածները. սկզբում հրեշտակները՝ երկնքում, և հետո մարդիկ՝ երկրի վրա (Յոբ 38։7; Ղուկաս 3։38)։ Նրանք միասին կազմում էին մեկ տիեզերական ընտանիք։ Իսկ Եհովան նրանց բոլորի Աստվածն էր, Տիեզերքի Գերիշխանը և սիրառատ Հայրը։
3. ա) Բոլորս էլ ի՞նչ ենք ժառանգել մեր առաջին ծնողներից։ բ) Ի՞նչ միջոց ձեռնարկեց Եհովան Ադամի ժառանգների համար։
3 Երբ մեր առաջին ծնողները՝ որպես գիտակցաբար մեղք գործողներ, դատապարտվեցին մահվան, վտարվեցին Եդեմից և մերժվեցին Եհովայի կողմից։ Այդպիսով՝ նրանք զրկվեցին Աստծո տիեզերական ընտանիքի անդամները լինելու հնարավորությունից (Ծննդոց 3։22–24; Բ Օրինաց 32։4, 5)։ Քանի որ մենք բոլորս նրանց ժառանգներն ենք, ուստի ծնվել ենք մեղավոր հակումներով։ Սակայն Եհովան գիտեր, որ Ադամի ու Եվայի ժառանգների մեջ կլինեին արդարություն սիրող անհատներ։ Հետևաբար նա ձեռնարկեց մի միջոց, որպեսզի այդ մարդիկ կարողանային հասնել «Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան[ը]» (Հռովմայեցիս 8։20, 21)։
Իսրայելը կորցրեց իր առանձնաշնորհյալ դիրքը
4. Ինչի՞ հնարավորություն տվեց Եհովան հին իսրայելացիներին։
4 Ադամին ստեղծելուց մոտ 2 500 տարի անց Եհովան հնարավորություն տվեց որոշ մարդկանց իր հետ հատուկ փոխհարաբերություններ ունենալ։ Նա ընտրեց հին իսրայելացիներին՝ իր ժողովուրդը լինելու, և տվեց նրանց իր Օրենքը (Ծննդոց 12։1, 2)։ Մեծացրեց նրանց, դարձրեց ազգ և նրանց միջոցով սկսեց ի կատար ածել իր նպատակը (Բ Օրինաց 14։1, 2; Եսայիա 43։1)։ Սակայն, քանի որ իսրայել ազգը ևս մեղքի ու մահվան կապանքների մեջ էր, չէր կարող վայելել այն փառավոր ազատությունը, որ վայելում էին Ադամն ու Եվան։
5. Ինչպե՞ս Իսրայելը կորցրեց իր առանձնաշնորհյալ դիրքը։
5 Չնայած իրենց անկատար վիճակին՝ իսրայելացիները սկզբում բարի անուն ունեին Աստծո մոտ։ Նրանք պետք է հարգանք տածեին Եհովայի հանդեպ՝ որպես իրենց Հոր, և պետք է գործեին՝ նրա նպատակի համաձայն։ Դրա կարևորությունը շեշտեց Հիսուսը (Մատթէոս 5։43–48)։ Բայց նրանք թերացան այդ հարցում։ Թեպետ Հիսուսի օրերում ապրող հրեաներն ասում էին, թե «մէկ Հայր ունի[ն], այսինքն Աստուած», սակայն Հիսուսն ասաց, որ նրանց գործերը և դրսևորած ոգին հակասում էին այդ պնդմանը (Յովհաննէս 8։41, 44, 47)։ Մ.թ. 33–ին Աստված չեղյալ համարեց Օրենքը, և Իսրայելն այլևս առանձնահատուկ հարաբերություններ չէր վայելում Աստծո հետ։ Բայց դա նշանակո՞ւմ է արդյոք, որ մարդիկ այլևս երբեք չէին կարողանա մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծո հետ։
Հավաքվում է այն, «ինչ որ երկնքումն է»
6. Ո՞րն է Եփեսացիս 1։9, 10 համարներում Պողոսի նշած «տնտեսութեան» նպատակը։
6 Պողոս առաքյալն ասաց, որ կլինեն մարդիկ, ովքեր Աստծո հետ կունենան առանձնահատուկ փոխհարաբերություններ։ Օրինակ՝ նա գրում է այն մասին, թե ինչ է արել Աստված, որպեսզի իր հանդեպ հավատ դրսևորող անհատները իր մեծ ընտանիքի անդամները դառնան. «[Աստված] ցոյց տ[վեց] մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում. ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում» (Եփեսացիս 1։9, 10)։ Այս ‘տնտեսությունը’ Հիսուս Քրիստոսի տնօրինության տակ է։ Նրա միջոցով մարդկանց համար հնարավոր դարձավ աստվածահաճո դիրք ձեռք բերել։ Այդ մարդկանցից միայն սահմանափակ թվով անհատներ երկնային կյանքի հեռանկարն ունեն։ Մինչդեռ մեծամասնությունը հավիտյան կբնակվի երկրի վրա։
7. Ովքե՞ր են կազմում այն, «ինչ որ երկնքումն է»։
7 Նախ՝ սկսած մ.թ. 33–ի Պենտեկոստեից՝ հատուկ ուշադրություն դարձվեց այն ամենի վրա, «ինչ որ երկնքումն է»։ Վերջինս ներկայացնում է նրանց, ովքեր Քրիստոսի հետ միասին երկնային Թագավորության ժառանգակիցներն են լինելու։ Աստված նրանց արդարացված հռչակեց, քանի որ նրանք Հիսուսի զոհաբերությանը հավատ են ընծայում (Հռովմայեցիս 5։1, 2)։ Ժամանակի ընթացքում այդ հրեաներին միացան նաև հեթանոսները, և այն, «ինչ որ երկնքումն է», այսինքն՝ ժառանգորդների թիվը պետք է կազմեր 144 000 (Գաղատացիս 3։26–29; Յայտնութիւն 14։1)։ Այժմ երկրի վրա ապրում է նրանց մնացորդը միայն։
Հավաքվում է այն, «ինչ որ երկրում» է
8. Ովքե՞ր են կազմում այն, «ինչ որ երկրում» է, և ի՞նչ փոխհարաբերություններ են վայելում Եհովայի հետ։
8 Այդ նույն տնտեսության մեջ հավաքվում է նաև այն, «ինչ որ երկրում» է։ Այսօր տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց հավաքը, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույսն ունեն։ Թագավորության ժառանգորդների հետ միավորված՝ նրանք փառաբանում են Եհովայի անունը և գովաբանում նրա երկրպագությունը (Եսայիա 2։2, 3; Սոփոնիա 3։9)։ Նրանք Եհովային կոչում են «Հայր», քանի որ ընդունում են, որ նա է կյանքի աղբյուրը։ Նրանք «կանգնած են» Աստծո առաջ, քանի որ հավատում են Հիսուսի թափած արյանը (Յայտնութիւն 7։9, 14)։ Սակայն իրենց անկատարության պատճառով նրանք դեռևս չեն կարող լիարժեքորեն Աստծո որդիներ համարվել. դա կլինի ապագայում։
9. Ի՞նչ խոստման մասին է մեզ հայտնում Հռովմայեցիս 8։21–ը։
9 Երկրային կյանքի հույս ունեցող այդ անհատներն այսօր անհամբերությամբ սպասում են այն ժամանակին, երբ մարդ արարածն «ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուի» (Հռովմայեցիս 8։21)։ Այդ ազատագրումը կսկսվի, երբ Քրիստոսն իր երկնային զորքերի հետ միասին իր ավարտին հասցնի մեծ նեղությունը, որի գագաթնակետը կլինի Արմագեդոն պատերազմը։ Սատանայի իշխանության տակ գտնվող ողջ չար համակարգի համար դա ոչնչացում կնշանակի, այնուհետև կսկսվի Քրիստոսի Հազարամյա թագավորությունը, որն իր հետ օրհնություններ կբերի ողջ մարդկությանը (Յայտնութիւն 19։17–21; 20։6)։
10. Եհովայի բոլոր ծառաները փառաբանության ի՞նչ երգ են երգելու։
10 Ինչպիսի՜ ցնծություն կլինի այն օրը, երբ Եհովայի երկրային ծառաները կկրկնեն նրա երկնային ծառաների այս բերկրալի խոսքերը. «Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան» (Յայտնութիւն 15։3, 4)։ Այո՛, Եհովայի բոլոր ծառաները կմիավորվեն միակ ճշմարիտ Աստծո երկրպագության մեջ։ Նույնիսկ մահացածները կյանքի կվերադառնան և հնարավորություն կունենան փառաբանության խոսքեր հղել Եհովային (Գործք 24։15)։
Հրաշալի ազատությունն առջևում է
11. Ի՞նչ հրաշալի ազատություն է սպասում մեծ նեղությունից վերապրողներին։
11 Մեծ նեղությունից հետո, որի գագաթնակետն Արմագեդոն պատերազմն է, երկիրը իսպառ կմաքրվի չարությունից։ Բանսարկու Սատանան այլևս «այս աշխարհքի աստուածը» չի լինի։ Եհովայի երկրպագուներն այլևս չեն ենթարկվի նրա վնասակար ազդեցությանը (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 20։1, 2)։ Կեղծ կրոնն այլևս սխալ չի ներկայացնի Եհովային և մարդկային հասարակության վրա պառակտիչ ազդեցություն չի թողնի։ Ճշմարիտ Աստծո ծառաներն այլևս անարդար վերաբերմունքի չեն արժանանա, ինչպես նաև մարդկային կառավարությունների կողմից չեն շահագործվի։ Ի՜նչ հրաշալի ազատություն է մեզ սպասում։
12. Մարդկությունն ինչպե՞ս կազատվի մեղքից ու նրա հետևանքներից։
12 Հիսուսը՝ «Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը», իր զոհաբերության արժեքով կջնջի մարդկության մեղքերը (Յովհաննէս 1։29)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ներեց մի անդամալույծի մեղքերը, ինչը ցույց տվեց՝ նրան բժշկելով (Մատթէոս 9։1–7; 15։30, 31)։ Նույնանման կերպով, լինելով Աստծո Թագավորության երկնային Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը հրաշքով կբուժի կույրերին, համրերին, խուլերին, հաշմանդամներին, հոգեկան հիվանդներին և այլ հիվանդություններով տառապողներին (Յայտնութիւն 21։3, 4)։ Բոլոր հնազանդ մարդիկ կազատվեն «մեղքի օրէնք[ից]», այնպես որ նրանց մտքերն ու գործերը հաճելի կլինեն ոչ միայն իրենց, այլ նաև Աստծուն (Հռովմայեցիս )։ Հազարամյա թագավորության վերջում նրանք կատարելության կհասնեն և միակ ճշմարիտ Աստծո «պատկերովը եւ.... նմանութեան պէս» կլինեն ( 7։21–23Ծննդոց 1։26)։
13. Հազարամյա թագավորության վերջում Քրիստոսն ի՞նչ պիտի անի և ի՞նչ արդյունքով։
13 Մարդկանց կատարելության հասցնելուց հետո Հիսուսն իր Հորը կվերադարձնի իրեն տրված իշխանությունը, որ ստացել էր այդ նպատակը իրագործելու համար. «Թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտքերի տակ դնէ» (Ա Կորնթացիս 15։24, 25)։ Հազարամյա թագավորությունը ամբողջությամբ կիրագործի այդ նպատակը, ուստի Եհովայի և մարդկանց միջև, այսպես կոչված, միջանկյալ օղակի՝ միջնորդող կառավարության անհրաժեշտություն այլևս չի զգացվի։ Եվ քանի որ մեղքն ու մահն իսպառ կվերանան, և մարդկությունը վերջնականապես կազատվի դրանցից, Հիսուսը մինչև վերջ կատարած կլինի Փրկչի իր դերը։ Ահա թե ինչպես է դա բացատրվում Աստվածաշնչում. «Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. որ Աստուած լինի ամենը ամենում» (Ա Կորնթացիս 15։28)։
14. Ի՞նչ փորձություն կանցնի կատարելության հասած մարդկությունը և ինչո՞ւ։
14 Դրանից հետո կատարելության հասած մարդկությանը հնարավորություն կտրվի ցույց տալու, որ իրենց կատարած ընտրությունը միակ ճշմարիտ Աստծուն հավիտյան ծառայելն է։ Դրա համար, մինչ Եհովայի կողմից կընդունվեն ինչպես որդիներ, կատարելության հասած այդ արարածները վերջնական փորձությունը կանցնեն։ Սատանան ու իր դևերը ազատ կարձակվեն։ Սակայն այս փորձությունը ոչ մի հարատև չարիք կամ ցավ չի պատճառի նրանց, ովքեր իսկապես սիրում են Եհովային։ Իսկ այն անհատները, ովքեր, անհավատարիմ գտնվելով, թույլ կտան, որ Սատանան ազդեցություն գործի իրենց վրա, և Եհովայի հանդեպ անհնազանդություն ցույց կտան, Աստված մեկընդմիշտ կոչնչացնի առաջին ապստամբ արարածի՝ Սատանայի, ու նրա դևերի հետ միասին (Յայտնութիւն 20։7–10)։
15. Մեկ անգամ ևս ի՞նչ կանեն Եհովայի բոլոր բանական արարածները։
15 Ապա Եհովան բոլոր կատարյալ մարդկանց, ովքեր վերջին փորձության ժամանակ հավատարմորեն կպաշտպանեն իր գերիշխանությունը, կընդունի ինչպես իր որդիներ։ Այդ ժամանակից սկսած՝ նրանք լիարժեք կերպով կվայելեն Աստծո որդիների փառավոր ազատությունը և կլինեն Աստծո տիեզերական ընտանիքի լիիրավ անդամները։ Բոլոր երկնային և երկրային բանական արարածները մեկ անգամ ևս կմիավորվեն միակ ճշմարիտ Աստծո երկրպագության մեջ։ Եվ այսպես՝ Եհովայի նպատակը կհասնի իր փառավոր կատարմանը... Իսկ դու ցանկանո՞ւմ ես լինել այդ երջանիկ ու հավիտենական տիեզերական ընտանիքի մեկ անդամը։ Եթե այո, ապա ուշադրություն ընծայիր Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Կրկնենք թեման
• Նախքան Եդեմի պարտեզում բարձրացված ըմբոստությունը՝ ինչպիսի՞ հարաբերություններ էին տիրում Եհովայի և նրա բոլոր երկրպագուների միջև։
• Ի՞նչ պատասխանատվություն է դրված Աստծո ծառաների առջև։
• Ուրիշ ովքե՞ր պետք է դառնան Աստծո որդիները, և դա ինչպե՞ս է առնչվում միացյալ երկրպագության վերաբերյալ Եհովայի նպատակի հետ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 190–րդ էջի վրա]
Հնազանդ մարդկությունը կվայելի կյանքը համերկրային դրախտում