Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թագավորություն, որ «յաւիտեանս չի աւերուիլ»

Թագավորություն, որ «յաւիտեանս չի աւերուիլ»

Տասներորդ գլուխ

Թագավորություն, որ «յաւիտեանս չի աւերուիլ»

1. Մարդկային ողջ պատմության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ո՞ր իրողությունն են շեշտում։

 ԱՇԽԱՐՀԻ իրադարձություններն ամեն օր շեշտում են այն իրողությունը, որ մարդիկ, մերժելով Եհովայի գերիշխանությունը և ձգտելով ինքնուրույն կառավարել, երջանկություն ձեռք չեն բերել։ Ոչ մի կառավարման համակարգ չի կարողացել բոլոր մարդկանց օգտին ծառայել։ Թեև այսօր գիտության ասպարեզում մարդիկ աննախադեպ հաջողությունների են հասել, սակայն նրանք ի վիճակի չեն մեկընդմիշտ բուժելու հիվանդությունները կամ վերջ դնելու մահին. նրանք չեն կարող նույնիսկ մեկ հոգու անմահություն պարգևել։ Մարդկային կառավարություններին չի հաջողվել կանգնեցնել պատերազմները, բռնությունը, ոճրագործությունը, կաշառակերությունը կամ աղքատությունը։ Շատ երկրներում դաժան ղեկավարները շարունակում են ճնշում բանեցնել իրենց հպատակների վրա (Ժողովող 8։9)։ Ժամանակակից տեխնոլոգիայի, ինչպես նաև մարդկային ագահության ու տգիտության պատճառով աղտոտվում է շրջակա միջավայրը, ապականվում է օդը, հողը և ջուրը։ Տնտեսության բնագավառի աշխատողների անտնտեսվարության պատճառով շատերը չեն կարողանում կյանքի համար նույնիսկ ամենաանհրաժեշտ բաները ձեռք բերել։ Հազարամյակներ տևող մարդկային ղեկավարության մասին կարելի է հետևյալն ասել. «Մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23

2. Ո՞րն է մարդկային խնդիրների լուծման միակ միջոցը։

2Իսկ ո՞ր կառավարությունը կարող է լուծել այս խնդիրները. Աստծո Թագավորությունը, որի մասին Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։ Աստծո երկնային Թագավորությունը Բ Պետրոս 3։13–ում նկարագրվում է որպես ‘նոր երկինք’, որը ղեկավարելու է «նոր երկրին», այսինքն՝ մարդկային արդար հասարակությանը։ Աստծո երկնային Թագավորությունն այնքան կարևոր է, որ Հիսուս Քրիստոսն իր քարոզում գլխավորապես այդ մասին էր խոսում (Մատթէոս 4։17)։ Նա ցույց տվեց, թե այն մեր կյանքում ինչպիսի տեղ պետք է զբաղեցնի՝ ասելով. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Մատթէոս 6։33

3. Ինչո՞ւ է անչափ կարևոր հիմա՛ Աստծո Թագավորության մասին սովորելը։

3Շատ կարևոր է հիմա՛ սովորել այդ Թագավորության մասին, որովհետև շուտով այն մեկընդմիշտ փոխելու է ղեկավարությունը երկրի վրա։ Դանիէլ 2։44–ում նախագուշակված է. «Այն թագաւորների [ներկա կառավարությունների] օրերումը երկնքի Աստուածը [երկնքում] մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ [մարդիկ այլևս երբեք չեն կառավարի]. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մեր օրերի] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Ուրեմն՝ Թագավորությունը կեզրափակի այս վերջին օրերը՝ չար համակարգն ամբողջությամբ կործանելով։ Եվ իշխելու իրավունքն այդ ժամանակ անվիճելիորեն կպատկանի երկնային Թագավորությանը։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ այդ թեթևացումն այժմ շատ մոտ է։

4. Թագավորության հետ կապված՝ ի՞նչ տեղի ունեցավ երկնքում 1914 թ.–ին, և ինչո՞ւ է դա մեզ համար կարևոր։

4Քրիստոս Հիսուսը 1914 թ.–ին գահ բարձրացավ որպես Թագավոր և հեղինակություն ստացավ՝ ‘տիրապետելու իր թշնամիների մեջ’ (Սաղմոս 110։1, 2)։ Նաև այդ տարվանից սկսվեցին ներկա չար համակարգի ‘վերջին օրերը’ (Բ Տիմոթէոս 3։1–5, 13)։ Այդ ժամանակ էր, որ երկնքում կատարվեցին Դանիել մարգարեին տրված մարգարեական տեսիլքի իրադարձությունները։ «Հինաւուրցը»՝ Եհովա Աստված, «մարդի որդիին» տվեց «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն»։ Շարունակելով տեսիլքի նկարագրությունը՝ Դանիելն ավելացրեց. «Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ» (Դանիէլ 7։13, 14)։ Հենց այս՝ Հիսուսի ձեռքում գտնվող երկնային Թագավորության միջոցով է, որ Աստված արդարությունը սիրող բոլոր անձանց համար հնարավոր կդարձնի վայելել այն անհամար բարիքները, որոնք նա նախատեսել էր առաջին մարդկային զույգի համար Դրախտում։

5. Թագավորության առնչությամբ՝ ինչպիսի՞ մանրամասնություններ պետք է անչափ հետաքրքրեն մեզ և ինչո՞ւ։

5Ցանկանո՞ւմ ես այդ Թագավորության անձնվեր հպատակներից մեկը լինել։ Եթե այո, ուրեմն քեզ, անշուշտ, շատ հետաքրքիր կլինի իմանալ այդ երկնային կառավարության կառուցվածքի ու գործելակերպի մասին. իմանալ, թե ինչով է զբաղված այդ կառավարությունն այժմ, ինչ է անելու ապագայում, և ինչ է քեզանից ակնկալվում՝ որպես հպատակ։ Այս Թագավորության մասին ավելի շատ բան իմանալու հետ մեկտեղ՝ կաճի քո երախտագիտությունը։ Եթե հնազանդվում ես Աստծո Թագավորությանը, ուրեմն ավելի պատրաստված կլինես մյուսներին պատմելու այն հիանալի բաների մասին, որ երկնային Թագավորությունը կբերի հնազանդ մարդկությանը (Սաղմոս 48։12, 13

Աստծո Թագավորության կառավարիչները

6. ա) Համաձայն Գրությունների՝ ո՞ւմ գերիշխանությունն է դրսևորվում Մեսիական թագավորության միջոցով։ բ) Ինչպիսի՞ ազդեցություն պետք է գործեն մեզ վրա Թագավորության մասին գիտելիքները։

6Նախևառաջ մեզ համար հստակ է դառնում, որ Մեսիական թագավորությունը Եհովայի գերիշխանության դրսևորումն է։ Եհովան անձամբ տվեց իր Որդուն «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն»։ Իսկ երբ Աստծո Որդին որպես թագավոր իշխելու իրավունք ստացավ, երկնային արարածները բացականչեցին. «Աշխարհքի թագաւորութիւնները [«թագաւորութիւնը», ԷԹ] մեր Տիրոջը [Եհովա Աստծունը] եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա [Եհովան] կը թագաւորէ յաւիտեանս յաւիտենից» (Յայտնութիւն 11։15)։ Ուստի սովորելով, թե ինչ է Թագավորությունը, և ինչ է այն հիմա իրագործում՝ կմոտենանք անձամբ Եհովային։ Շնորհիվ այդ գիտելիքների՝ մեր մեջ, անշուշտ, ցանկություն կառաջանա առհավետ ենթարկվելու նրա գերիշխանությանը։

7. Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում այն, որ Եհովայի Ներկայացուցիչը Հիսուս Քրիստոսն է։

7Խորհենք նաև այն մասին, որ Հիսուսը Եհովայի կողմից գահ է բարձրացվել՝ որպես իր Ներկայացուցիչը։ Լինելով «ճարտարապետ», որն օգնում էր Աստծուն երկիրը և մարդկանց ստեղծելիս՝ Հիսուսը յուրաքանչյուրիցս ավելի լավ գիտի մեր կարիքները։ Բացի այդ, մարդկային պատմության սկզբից ևեթ նա ցույց էր տալիս, որ իր «զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակաց 8։30, 31; Կողոսացիս 1։15–17)։ Իսկ նրա մեծագույն սերը մարդկանց հանդեպ կայանում է նրանում, որ նա իր հոժար կամքով երկիր եկավ ու իր կյանքը որպես փրկանք տվեց մեզ համար (Յովհաննէս 3։16)։ Դրանով՝ նա մեզ համար հնարավորություն ստեղծեց ազատվելու մեղքի ու մահվան կապանքներից և վայելելու հավիտենական կյանքը (Մատթէոս 20։28

8. ա) Ի տարբերություն մարդկային կառավարիչների՝ ի՞նչ երաշխիք կա, որ Աստծո կառավարությունը հարատև կլինի։ բ) Ի՞նչ կապ գոյություն ունի «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» և երկնային կառավարության միջև։

8Աստծո Թագավորությունը հաստատուն և հավերժ գործող կառավարություն է։ Դրա երաշխիքն այն է, որ Եհովայի վրա մահը չունի իշխանություն (Սաղմոս 146։3–5, 10)։ Ի տարբերություն մարդկային կառավարիչների՝ Հիսուս Քրիստոսը, որին Աստված վստահել է թագավորական իշխանությունը, նույնպես անմահ է (Հռովմայեցիս 6։9; Ա Տիմոթէոս 6։15, 16)։ Հիսուսի հետ երկնային գահերին կնստեն Աստծուն անձնվիրաբար ծառայող նրա՝ 144 000 իշխանակիցները, որոնք ընտրված են «ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից»։ Նրանց էլ է անմահություն տրվում (Յայտնութիւն 5։9, 10; 14։1–4; Ա Կորնթացիս 15։42–44, 53)։ Նրանց մեծամասնությունն այժմ երկնքում է, իսկ մնացորդը դեռևս երկրի վրա է ու ներկայացնում է այսօրվա «հաւատարիմ եւ իմաստուն ծառային», որը հոգ է տանում Թագավորության շահերի մասին (Մատթէոս 24։45–47

9, 10. ա) Թագավորությունը ո՞ւմ պառակտող ու պղծող ազդեցությունն է վերացնելու։ բ) Եթե չենք ցանկանում Աստծո Թագավորության թշնամիները դառնալ, ինչի՞ց պետք է խուսափենք։

9Շուտով՝ իր նշանակած ժամանակին, Եհովան իր դատավճիռը գործադրող երկնային ուժերին կուղարկի՝ երկիրը մաքրելու։ Նրանք հավիտյան կոչնչացնեն այն մարդկանց, ովքեր գիտակցաբար մերժում են ճանաչել նրա գերիշխանությունը և ընդունել այն ամենը, ինչ որ նա սիրով տրամադրել է Հիսուս Քրիստոսի միջոցով (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Դա տեղի է ունենալու Եհովայի օրը՝ այն վաղո՜ւց սպասված օրը, երբ նա կարդարացվի՝ որպես Տիեզերքի Գերիշխան։ «Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. որ.... նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից [երկրից]» (Եսայիա 13։9)։ «Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր» (Սոփոնիա 1։15

10Բոլոր կեղծ կրոնները և բոլոր մարդկային կառավարություններն իրենց զորքերով, որոնց հմտորեն բանեցնում է այս աշխարհի անտեսանելի և չար ղեկավարը, մեկընդմիշտ կոչնչացվեն։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են կառչած մնալ այս աշխարհին՝ եսասիրական, անազնիվ ու անբարո կյանք վարելով, նույնպես կոչնչանան։ Սատանան ու նրա դևերը հազար տարով անդունդը կնետվեն՝ չկարողանալով որևէ ազդեցություն գործել երկրի բնակիչների վրա։ Եվ այդժամ Աստծո Թագավորությունն ամբողջովին իր ձեռքը կվերցնի երկրի վրա կատարվող բոլոր գործերը։ Ինչպիսի՜ սփոփանք արդարությունը սիրող մարդկանց համար (Յայտնութիւն 18։21, 24; 19։11–16, 19–21; 20։1, 2

Թագավորության նպատակների իրականացումը. ինչպե՞ս

11. ա) Ինչպե՞ս է Մեսիական թագավորությունն իրագործելու երկրի առնչությամբ Եհովայի նպատակը։ բ) Ի՞նչ է Թագավորությունն իրականացնելու մարդկանց համար։

11Մեսիական թագավորությունն ամբողջությամբ իրագործելու է երկրի առնչությամբ Աստծո սկզբնական նպատակը (Ծննդոց 1։28; 2։8, 9, 15)։ Մինչև այժմ մարդիկ չեն օժանդակել այդ նպատակի կատարմանը։ Սակայն «գալու աշխարհը» (Արևմտ. Աստ.) հպատակվելու է մարդու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նրանք, ովքեր կփրկվեն Եհովայի օրը, երբ նա, գործի դնելով իր դատավճիռը, կկործանի ներկա համակարգը, միասնաբար կաշխատեն Քրիստոս Թագավորի կառավարության ներքո՝ ուրախությամբ հնազանդվելով նրա ղեկավարությանը։ Այդ ժամանակ ամբողջ երկիրը դրախտի կվերածվի (Եբրայեցիս 2։5–9)։ Բոլոր մարդիկ լիուլի կօգտվեն իրենց ձեռքի գործերից և կվայելեն երկրի առատ պտուղները (Սաղմոս 72։1, 7, 8, 16–19; Եսայիա 65։21, 22

12. Ինչպե՞ս են Թագավորության հպատակները մտային ու ֆիզիկական առումով կատարելության հասնելու։

12Երբ Ադամն ու Եվան ստեղծվեցին, նրանք կատարյալ էին, և Աստծո նպատակն էր, որ նրանք երկիրը բնակեցնեին իրենց՝ մտային ու ֆիզիկական առումով կատարյալ զավակներով։ Այդ նպատակն իր հոյակապ կատարումը կունենա Թագավորության իշխանության ներքո։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ վերացվեն մեղքի բոլոր հետևանքները։ Այդ է պատճառը, որ Հիսուսը ծառայում է ոչ միայն որպես Թագավոր, այլ նաև Քահանայապետ։ Մեծ համբերատարություն ցուցաբերելով՝ նա կօգնի իրեն հնազանդ հպատակներին օգուտներ քաղել իր զոհաբերած մարդկային կյանքի մեղքեր քավող արժեքից։

13. Թագավորության իշխանության ներքո մարդկանց ֆիզիկական առողջությունը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվելու։

13Թագավորության իշխանության ներքո երկրի բնակիչների ֆիզիկական առողջությունը զարմանահրաշ փոփոխությունների է ենթարկվելու։ «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։ Հիվանդության հասցրած վերքերը կվերացվեն, ծեր մարդկանց թորշոմած մարմինները երեխայի մարմնից ավելի փափուկ կլինեն, իսկ խրոնիկական հիվանդություններն իրենց տեղը կզիջեն կայտառ առողջությանը։ «Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին» (Յոբ 33։25)։ Կգա այն օրը, երբ ոչ ոք պատճառ չի ունենա ասելու. «Հիւանդ եմ»։ Ինչո՞ւ. որովհետև աստվածավախ մարդկությունը կազատվի մեղքից և դրա ողբերգական հետևանքներից (Եսայիա 33։24, Արևմտ. Աստ.; Ղուկաս 13։11–13)։ Այո, «կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4

14. Կատարելությունը նաև ի՞նչ է ընդգրկում։

14Սակայն կատարյալ լինելն ավելին է ընդգրկում, քան միայն առողջ միտք ու մարմին ունենալը։ Հարկավոր է Եհովայի հատկություններն արտացոլել ինչպես հարկն է, քանզի մենք ստեղծվել ենք ‘Աստծո պատկերով ու նրա նմանությամբ’ (Ծննդոց 1։26)։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է բավականաչափ կրթություն ստանալ։ Նոր աշխարհում ‘արդարությունը կբնակվի’։ Ինչպես մարգարեացավ Եսայիան, ‘աշխարհի բնակիչները արդարություն կսովորեն’ (Բ Պետրոս 3։13; Եսայիա 26։9)։ Այդ հատկության շնորհիվ այսօր խաղաղություն է հաստատվում տարբեր ռասաների պատկանող մարդկանց, մտերիմ ընկերների, ընտանիքի անդամների միջև, և որ ամենակարևորն է, խաղաղ հարաբերություններ են հաստատվում անձամբ Աստծո հետ (Սաղմոս 85։10–13; Եսայիա 32։17)։ Նրանք, ովքեր արդարություն են սովորում, գնալով ավելի խորը կհասկանան, թե որն է Աստծո կամքը իրենց առնչությամբ։ Քանի որ նրանց սրտում խորապես կարմատավորվի սերն առ Աստված, ուստի իրենց կյանքի յուրաքանչյուր ասպարեզում կհետևեն նրա հրահանգներին։ Նրանք կկարողանան Հիսուսի նման ասել. ‘Ես միշտ իմ հորը հաճելի բաներն եմ անում’ (Յովհաննէս 8։29)։ Որքա՜ն հաճելի կլինի կյանքը, երբ շրջապատված լինենք այդպիսի մարդկանցով...

Իրագործումներ, որ արդեն ակնհայտ են

15. Պարբերությանը հաջորդող հարցերի օգնությամբ նշիր Թագավորության իրագործումները և ցույց տուր, թե ինչ պետք է անենք այսօր։

15Աստծո Թագավորության և նրա հպատակների փայլուն իրագործումներն արդեն ակնհայտ են։ Պարբերությանը հաջորդող հարցերն ու սուրբգրային համարները կհիշեցնեն մեզ դրանցից մի քանիսի մասին, ինչպես նաև այն, թե այսօր ի՛նչ կարող են անել և ի՛նչ պետք է անեն Թագավորության հպատակները։

 Նախևառաջ ո՞ւմ դեմ է Թագավորությունը քայլեր ձեռնարկել և ի՞նչ արդյունքներով (Յայտնութիւն 12։7–10, 12

 Քրիստոսի գահ բարձրանալուց ի վեր՝ ո՞ր խմբի մնացած անդամների հավաքն է սկսվել (Յայտնութիւն 14։1–3

 Համաձայն Հիսուսի մարգարեության՝ ի՞նչ աշխատանք է նա կատարելու մեծ նեղությունը սկսվելուց հետո, ինչպես արձանագրված է Մատթէոս 25։31–33–ում։

 Ի՞նչ նախապատրաստական աշխատանք է կատարվում այսօր։ Ովքե՞ր են դրան մասնակցում (Սաղմոս 110։3; Մատթէոս 24։14; Յայտնութիւն 14։6, 7

 Ինչո՞ւ քաղաքական և կրոնական հակառակորդներին չի հաջողվում կանգնեցնել քարոզչական աշխատանքը (Զաքարիա 4։6; Գործք 5։38, 39)։

 Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում նրանց կյանքում, ովքեր հնազանդվում են Թագավորության կառավարմանը (Եսայիա 2։4; Ա Կորնթացիս 6։9–11

Հազարամյա թագավորություն

16. ա) Որքա՞ն ժամանակ է ղեկավարելու Քրիստոսը։ բ) Ի՞նչ հրաշալի բաներ պիտի տեղի ունենան այդ ժամանակաշրջանում և դրանից հետո։

16Սատանային ու նրա դևերին անդունդը նետելուց հետո Հիսուս Քրիստոսն ու իր 144 000 ժառանգակիցները հազար տարի կկառավարեն որպես թագավորներ ու քահանաներ (Յայտնութիւն 20։6)։ Այդ ընթացքում մարդիկ կբերվեն կատարելության, իսկ Ադամի փոխանցած մեղքն ու մահը իսպառ կվերանա։ Հազարամյա թագավորության վերջում՝ իր հանձնարարությունը որպես մեսիական Թագավոր և Քահանա հաջողությամբ կատարելուց հետո, Հիսուսը «թագաւորութիւնը [իր] Հօրը կ’տայ.... որ Աստուած լինի ամենը ամենում» (Ա Կորնթացիս 15։24–28)։ Դրանից հետո Սատանան կարճ ժամանակով ազատ կարձակվի, որպեսզի մեղքից ազատված մարդկությանը Եհովայի տիեզերական գերիշխանությունը պաշտպանելու հարցում վերջնական փորձության ենթարկի։ Այդ փորձությունից հետո Եհովան կոչնչացնի Սատանային և նրա կողմը դիրք բռնող ապստամբներին (Յայտնութիւն 20։7–10)։ Նրանք, ովքեր կպաշտպանեն Եհովայի գերիշխանությունը՝ նրա իշխելու իրավունքը, ամբողջովին ցույց կտան իրենց անսասան անձնվիրությունը։ Այդ ժամանակ նրանք Եհովայի հետ հարկ եղած հարաբերություններ կունենան և նրա կողմից կընդունվեն որպես որդիներ ու դուստրեր, որոնք արժանացել են հավիտենական կյանքին (Հռովմայեցիս 8։21

17. ա) Ի՞նչ է լինելու Թագավորությանը հազար տարվա վերջում։ բ) Ի՞նչ իմաստով Թագավորությունը երբեք «չի քանդուիլ»։

17Այնուհետև Հիսուսի ու նրա 144 000 օգնականների դերը երկրի նկատմամբ կփոխվի։ Ինչպիսի՞ն կլինի նրանց գործունեությունն ապագայում։ Աստվածաշունչը մեզ չի տեղեկացնում այդ մասին։ Սակայն եթե մենք հավատարմորեն աջակցենք Եհովայի գերիշխանությանը, Հազարամյա թագավորության վերջում կենդանի կմնանք ու կտեսնենք, թե Եհովան ինչ մտադրություններ ունի ինչպես նրանց, այնպես էլ ակնածանք ներշնչող ողջ տիեզերքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Քրիստոսի հազարամյա ղեկավարությունը «յաւիտենական իշխանութիւն է» լինելու, և իր Թագավորությունը «չի քանդուիլ» (Դանիէլ 7։14)։ Ի՞նչ իմաստով։ Նախ՝ այն, որ կառավարման ղեկը չի անցնի նրանց ձեռքը, ովքեր այլ նպատակներ ունեն, որովհետև անձամբ Եհովան է կառավարելու։ Ապա՝ Թագավորությունը երբեք «չի քանդուիլ», որովհետև նրա իրագործումները հավիտյան են մնալու (Դանիէլ 2։44)։ Մեսիական Թագավորն ու Քահանան, ինչպես նաև նրա համագործակից թագավորներն ու քահանաները հավիտյան պատվի պիտի արժանանան Եհովային ուղղված իրենց անմնացորդ ծառայության համար։

Կրկնենք թեման

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծո Թագավորությունն է մարդկության խնդիրների միակ լուծումը։ Ե՞րբ սկսեց ղեկավարել Աստծո Թագավորության Թագավորը։

• Ի՞նչն է հատկապես քեզ դուր գալիս՝ կապված Աստծո Թագավորության և նրա իրագործումների հետ։

• Թագավորության ո՞ր իրագործումներն են արդեն ակնհայտ, և ի՞նչ տեղ ունենք մենք դրանում։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 93–րդ էջի վրա]

Աստծո Թագավորության ներքո բոլոր մարդիկ ‘արդարություն կսովորեն’