Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր կազմակերպությունը
Տասնչորսերորդ գլուխ
Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր կազմակերպությունը
1. Ի՞նչ է հայտնում Աստվածաշունչը Եհովայի կազմակերպության մասին, և ինչո՞ւ է դա կարևոր մեզ համար։
ԱՍՏՎԱԾ ունի՞ կազմակերպություն։ Ներշնչված Գրությունները հայտնում են, որ այո, ունի։ Իր Խոսքում Աստված տալիս է այդ կազմակերպության մի մասի՝ երկնային կազմակերպության վեհ նկարագրությունը (Եզեկիէլ 1։1, 4–14; Դանիէլ 7։9, 10, 13, 14)։ Ու թեպետ այն մարդկանց համար անտեսանելի է, սակայն այսօր մեծ ազդեցություն է թողնում ճշմարիտ երկրպագուների կյանքի վրա (Դ Թագաւորաց 6։15–17)։ Եհովայի կազմակերպությունն ունի նաև տեսանելի մաս՝ երկրային կազմակերպությունը։ Աստվածաշունչն օգնում է մեզ հասկանալ, թե այդ ինչ կազմակերպություն է, և ինչպես է Եհովան առաջնորդում այն։
Ինչպես ճանաչել տեսանելի կազմակերպությունը
2. Ի՞նչ նոր ժողով հիմնեց Եհովան։
2 Իսրայել ազգը 1 545 տարի շարունակ համարվում էր Եհովայի ժողովը (Գործք 7։38, Արևմտ. Աստ.)։ Սակայն նա թերացավ Աստծո օրենքները պահելու հարցում, իսկ հետագայում չընդունեց նրա հարազատ Որդուն։ Արդյունքը եղավ այն, որ Եհովան վերջնականապես մերժեց այդ ժողովը։ Հենց դա ի նկատի ուներ Հիսուսը, երբ հրեաներին ասաց. «Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթէոս 23։38)։ Դրանից հետո Աստված հիմնեց մի նոր ժողով, որի հետ էլ նոր ուխտ հաստատեց։ Այդ ժողովը պետք է բաղկացած լիներ 144 000 անհատներից, որոնց Աստված ընտրել էր երկնքում իր Որդուն միանալու համար (Յայտնութիւն 14։1–4)։
3. Ի՞նչ իրադարձություն տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, որը բացահայտ կերպով ցույց տվեց, որ Աստված այժմ գործում էր նոր ժողովի միջոցով։
3 Մ.թ. 33–ի Պենտեկոստեին նոր ժողովի առաջին անդամները օծվեցին Եհովայի սուրբ ոգով։ Այդ նշանավոր իրադարձության մասին հետևյալն ենք կարդում. «Երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան» (Գործք 2։1–4)։ Այդպիսով Աստծո ոգին բացահայտ կերպով ցույց տվեց, որ Աստված այժմ մարդկանց այդ խմբի միջոցով էր գործում, որպեսզի Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ իրագործեր իր նպատակը։
4. Ո՞վ է այսօր կազմում Եհովայի տեսանելի կազմակերպությունը։
4 Այսօր երկրի վրա ապրում է 144 000–ի մնացորդը միայն։ Սակայն, որպես կատարում աստվածաշնչային մարգարեության, «ուրիշ ոչխարների» մասը կազմող մեծ բազմությունը՝ իր միլիոնավոր անդամներով, համագործակցում է օծյալ մնացորդի հետ։ Հիսուսը՝ Բարի Հովիվը, ուրիշ ոչխարներին միավորել է մնացորդի հետ, որպեսզի նրանք միասին կազմեն մեկ հոտ՝ մեկ Հովվի ղեկավարության ներքո (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։11, 16)։ Այդ երկու խմբերը միասին կազմում են մեկ միավորված ժողով՝ Եհովայի տեսանելի կազմակերպությունը։
Կառույցն աստվածապետական է
5. Ո՞վ է առաջնորդում Աստծո կազմակերպությունը և ինչպե՞ս։
5 «Կենդանի Աստուծոյ եկեղեցի» սուրբգրային արտահայտությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ով է առաջնորդում այդ ժողովը, կամ՝ կազմակերպությունը։ Վերջինս աստվածապետական է, այսինքն՝ Աստծո կողմից ղեկավարվող։ Եհովան իր ժողովրդին առաջնորդություն է տալիս իր ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, ինչպես նաև Հիսուսի միջոցով, որին նա նշանակել է որպես ժողովի անտեսանելի Գլուխ (Ա Տիմոթէոս 3։14, 15; Եփեսացիս 1։22, 23; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
6. ա) Ինչի՞ց է երևում, որ առաջին դարում ժողովը երկնային առաջնորդություն էր ստանում։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսն այսօր էլ ժողովի Գլուխն է։
6 Այն, որ Աստծո ժողովուրդը նման առաջնորդություն էր ստանում, բացահայտ դարձավ Պենտեկոստեի օրը (Գործք 2։14–18, 32, 33)։ Դա երևաց նաև այն ժամանակ, երբ Եհովայի հրեշտակի ղեկավարությամբ բարի լուրը հասավ Աֆրիկա, և երբ տարսոնացի Սողոսի հավատափոխ լինելիս Հիսուսի ձայնը առաջնորդություն ցույց տվեց։ Այդ առաջնորդությունը երևաց նաև այն ժամանակ, երբ Պետրոսը սկսեց քարոզել հեթանոսներին (Գործք 8։26, 27; 9։3–7; 10։9–16, 19–22)։ Սակայն, հետագայում երկնքից այլևս ձայն չլսվեց, ոչ մի հրեշտակ չերևաց, և սուրբ ոգու ոչ մի պարգև հրաշքի ձևով չտրվեց։ Մինչդեռ Հիսուսը խոստացել էր. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։20; Ա Կորնթացիս 13։8)։ Այսօր Եհովայի վկաներն ընդունում են Հիսուսի առաջնորդությունը։ Առանց նրա առաջնորդության՝ հնարավոր չէր լինի, մեծ հակառակություններ դիմագրավելով, Թագավորության մասին լուրը հռչակել։
7. ա) Ո՞վ է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան». ինչո՞ւ ես այդպես պատասխանում։ բ) Ի՞նչ հանձնարարություն տրվեց «ծառային»։
7 Իր մահից քիչ առաջ Հիսուսն իր աշակերտներին հայտնեց «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» մասին, որին ինքը՝ Տերը, հատուկ պատասխանատվություն էր վստահելու։ Այդ «ծառան» արդեն գործելու էր, երբ Տերը երկինք համբարձվեր, և շարունակելու էր կատարել իր գործը, երբ Քրիստոսը անտեսանելիորեն վերադառնար իր թագավորական զորությամբ։ Այդ նկարագրությունը հազիվ թե վերաբերեր մեկ հոգու. այն մատնացույց է անում Քրիստոսի օծյալ ժողովին։ Հիսուսն այդ ժողովին անվանեց իր «ծառան», քանի որ իր արյունով էր գնել նրան։ Նա այդ ժողովի անդամներին հանձնարարություն տվեց, որ նրանք աշակերտներ պատրաստեն ու կանոնավորաբար նրանց կերակուր մատակարարեն և «նորանց [հոգևոր] կերակուրը տա[ն] ժամանակին» (Մատթէոս 24։45–47; 28։19; Եսայիա 43։10; Ղուկաս 12։42; Ա Պետրոս 4։10)։
8. ա) Ի՞նչ պատասխանատվություններ ունի ծառա դասակարգն այսօր։ բ) Ինչո՞ւ է մեզ համար կարևոր ընդունել այդ դասակարգի միջոցով Աստծո մատուցած կրթությունը։
8 Քանի որ ծառա դասակարգը անձնվիրաբար կատարում էր Տիրոջ գործը նրա անտեսանելի վերադարձի ժամանակ՝ 1914 թ.–ին, ուստի փաստերը ցույց են տալիս, որ 1919 թ.–ին այդ դասակարգին ավելի մեծ պատասխանատվություններ վստահվեցին։ Հետագա տարիների ընթացքում Թագավորության մասին աշխարհածավալ վկայություն տրվեց. արդյունքում Եհովայի երկրպագուների մեծ բազմություն հավաքվեց, որը պետք է վերապրի մեծ նեղությունից (Մատթէոս 24։14, 21, 22; Յայտնութիւն 7։9, 10)։ Այդ մեծ բազմությունը ևս հոգևոր կերակուրի կարիք ունի, որը նա ստանում է ծառա դասակարգի միջոցով։ Ուստի Եհովայի հաճությունը շահելու համար պետք է ընդունենք այդ միջոցով մատուցվող ուսուցումը և գործենք դրա համաձայն։
9, 10. ա) Ի՞նչ կառույց էր գործում առաջին դարում՝ ուսմունքների հետ կապված հարցերը լուծելու և բարի լուրի քարոզչությունն առաջնորդելու համար։ բ) Ի՞նչ կառույց է գործում այսօր՝ Եհովայի ժողովրդի գործունեությունը կոորդինացնելու համար։
9 Ժամանակ առ ժամանակ քրիստոնեական ուսմունքների և գործունեությունների հետ կապված հարցեր կարող են առաջ գալ։ Ինչպե՞ս վարվել նման դեպքերում։ «Գործք Առաքելոց» գրքի 15–րդ գլխում նկարագրվում է, թե ինչպես լուծվեց հեթանոս նորահավատների հետ առնչվող հարցը։ Այդ խնդրի մասին հայտնեցին Երուսաղեմում գտնվող առաքյալներին ու երեցներին, որոնք այդ ժամանակ կազմում էին կենտրոնական կառավարիչ մարմինը։ Ճիշտ է, այդ մարդիկ անսխալական չէին, բայց Աստված նրանց միջոցով էր գործում։ Ի՞նչ արեցին նրանք. քննեցին այդ խնդրին վերաբերող սուրբգրային համարները և այն փաստը, որ Աստծո սուրբ ոգին բացահայտ ազդեցություն էր ունեցել հեթանոսներին քարոզելու գործում, որից հետո որոշում կայացրին։ Աստված օրհնեց այդ որոշումը (Գործք 15։1–29; 16։4, 5)։ Բացի այդ, կենտրոնական մարմինը որոշ քրիստոնյաների ուղարկում էր՝ Թագավորության լուրը ավելի հեռու տարածքներում քարոզելու։
10 Մեր օրերում Եհովայի տեսանելի կազմակերպության Կառավարիչ մարմինը գտնվում է Վկաների գլխավոր վարչությունում և բաղկացած է ոգով օծված եղբայրներից, որոնք տարբեր երկրներից են։ Հիսուս Քրիստոսի գլխավորության ներքո Կառավարիչ մարմինը մաքուր երկրպագությունը տարածում է աշխարհի բոլոր երկրներում, կոորդինացնում է Եհովայի վկաների տասնյակ հազարավոր ժողովների քարոզչական գործունեությունը։ Կառավարիչ մարմնի անդամները գործում են նույն սկզբունքով, ինչ որ Պողոս առաքյալը, որն իր քրիստոնյա հավատակիցներին գրեց. «Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք» (Բ Կորնթացիս 1։24)։
11. ա) Ի՞նչ կարգով են նշանակվում երեցներն ու ծառայող օգնականները։ բ) Ինչո՞ւ պետք է սերտորեն համագործակցենք նշանակված եղբայրների հետ։
11 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ժողովներին հոգ տանելու նպատակով Կառավարիչ մարմինը ընտրում է որակյալ եղբայրների, որոնք էլ իրենց հերթին երեցներ և ծառայող օգնականներ են նշանակում՝ ժողովներին հոգ տանելու համար։ Իսկ թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն նշանակում ստացող եղբայրները, արձանագրված է Աստվածաշնչում։ Բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ նրանք կատարյալ չեն և կարող են սխալներ թույլ տալ։ Այն երեցները, որոնք առաջարկում են այդ եղբայրների թեկնածությունը, ինչպես նաև նշանակումը հաստատող երեցները լուրջ պատասխանատվություն են կրում Աստծո առջև (Ա Տիմոթէոս 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9)։ Ուստի նրանք աղոթքով Աստծուց իր ոգու օգնությունն են խնդրում և առաջնորդություն փնտրում նրա ներշնչյալ Խոսքում (Գործք 6։2–4, 6; 14։22)։ Եկեք, ուրեմն, ցույց տանք, որ գնահատում ենք այս «մարդկանց [«տեսքով», ՆԱ] պարգեւները», որոնք օգնում են մեզ հասնելու «հաւատքի .... միութեանը» (Եփեսացիս 4։8, 11–16)։
12. Ո՞րն է կանանց դերը աստվածապետական կառույցում։
12 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ժողովում վերակացությունն իրագործում են տղամարդիկ։ Սակայն դա չի նսեմացնում կանանց, քանի որ նրանցից ոմանք երկնային Թագավորության ժառանգորդների թվում են, իսկ քարոզչական գործի մեծ մասը հենց կանայք են կատարում (Սաղմոս 68։11, ՆԱ)։ Բացի այդ, իրենց ընտանեկան պարտականությունները պարտաճանաչ կերպով կատարելով՝ նրանք բարձր են պահում ժողովի պատիվը (Տիտոս 2։3–5)։ Իսկ ժողովում ուսուցանելու գործը տղամարդկանց է հանձնարարված (Ա Տիմոթէոս 2։12, 13)։
13. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը երեցներին իրենց ունեցած դիրքի առնչությամբ։ բ) Ո՞ր առանձնաշնորհյալ գործին կարող են մասնակցել բոլոր քրիստոնյաները։
13 Այն մարդիկ, ովքեր աշխարհում բարձր դիրք են գրավում, համարվում են կարևոր անձնավորություններ, սակայն Աստծո կազմակերպության մեջ կարգն այսպես է. «Ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ’լինի» (Ղուկաս 9։46–48; 22։24–26)։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս երեցներին զգույշ լինել, որ չիշխեն Աստծո հոտի անդամների վրա, այլ օրինակ ծառայեն նրանց (Ա Պետրոս 5։2, 3)։ Բոլոր Եհովայի վկաները՝ կին թե տղամարդ (և ոչ թե սոսկ մի քանի ընտրվածներ), հիանալի հնարավորություն ունեն ներկայացնելու տիեզերքի Գերիշխանին, խոնարհությամբ խոսելու նրա անունից և ամենուրեք պատմելու նրա Թագավորության մասին։
14. Հիշատակված սուրբգրային համարների օգնությամբ քննարկիր ներքոհիշյալ հարցերը։
14 Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյոք իսկապես հասկանում և գնահատո՞ւմ եմ այն, թե ինչպես է Եհովան առաջնորդում իր տեսանելի կազմակերպությունը։ Դա երևո՞ւմ է արդյոք իմ խոսքերում և գործերում, արտահայտվո՞ւմ է իմ վերաբերմունքի մեջ»։ Այդպիսի վերլուծություն կատարելու համար խորհրդածենք ներքոհիշյալ հարցերի շուրջ.
Եթե իսկապես ընդունում եմ, որ Քրիստոսն է ժողովի Գլուխը, այդ դեպքում, հետևյալ համարներից ելնելով, ի՞նչ պետք է անեմ ես (Մատթէոս 24։14; 28։19, 20; Յովհաննէս 13։34, 35)։
Ո՞ւմ եմ պատվում, երբ գնահատում եմ հոգևոր պարգևներն ու այն միջոցառումները, որ մատուցում է ծառա դասակարգը Կառավարիչ մարմնի միջոցով (Ղուկաս 10։16)։
Ինչպե՞ս պետք է ժողովի բոլոր անդամները, և հատկապես երեցները վերաբերվեն մյուսներին (Հռովմայեցիս 12։10)։
15. ա) Եհովայի կազմակերպության հանդեպ մեր վերաբերմունքով ի՞նչ ենք ցույց տալիս։ բ) Ինչպե՞ս կարող ենք ուրախացնել Եհովայի սիրտը և փաստել, որ Սատանան ստախոս է։
15 Այսօր Եհովան մեզ առաջնորդում է իր տեսանելի կազմակերպության միջոցով, որի առաջնորդը Քրիստոսն է։ Հաստատված այս կարգի նկատմամբ մեր վերաբերմունքով մենք ցույց ենք տալիս, թե գերիշխանության հարցում ինչ դիրք ենք գրավում (Եբրայեցիս 13։17)։ Սատանան պնդում է, թե մեր ամենամեծ մտահոգությունը մեր անձի կարևորությունն է։ Բայց եթե մենք ծառայենք ինչպես հարկն է և խուսափենք այնպիսի բաներ անելուց, որոնցով ավելորդ ուշադրություն կհրավիրենք մեր անձի վրա, կփաստենք, որ Սատանան ստախոս է։ Եթե սիրում ու հարգում ենք ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրներին և ‘երեսպաշտություն չենք անում մեր շահի համար’, ուրախացնում ենք Եհովայի սիրտը (Յուդա 16; Եբրայեցիս 13։7)։ Եհովայի կազմակերպությանը հավատարիմ մնալով՝ մենք ցույց ենք տալիս, որ Եհովան է մեր Աստվածը, և որ մենք միավորված ենք նրա երկրպագության մեջ (Ա Կորնթացիս 15։58)։
Կրկնենք թեման
• Ո՞րն է Եհովայի տեսանելի կազմակերպությունն այսօր։ Ո՞րն է նրա նպատակը։
• Ո՞վ է ժողովի Գլուխը, և ի՞նչ տեսանելի միջոցներով է նա սիրալիր առաջնորդություն ցույց տալիս։
• Ի՞նչ տեսակետ պետք է զարգացնենք Եհովայի կազմակերպության անդամների նկատմամբ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 133–րդ էջի վրա]
Եհովան մեզ առաջնորդում է իր տեսանելի կազմակերպության միջոցով, որի առաջնորդը Քրիստոսն է