Խորհուրդը լսիր և խրատը ընդունիր
Տասնհինգերորդ գլուխ
Խորհուրդը լսիր և խրատը ընդունիր
1. ա) Ինչո՞ւ բոլորս էլ խորհրդի ու խրատի կարիք ունենք։ բ) Ի՞նչ հարց պետք է քննարկենք։
«ՇԱՏ բաներով մեղանչում ենք ամենս»,— ասվում է Աստվածաշնչում (Յակոբոս 3։2)։ Անշուշտ հիշում ենք դեպքեր, երբ թերացել ենք վարվել այնպես, ինչպես Աստծո Խոսքն է մեզ խորհուրդ տալիս։ Ուստի ճշմարիտ են Աստվածաշնչի խոսքերը, որ ասում են. «Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես» (Առակաց 19։20)։ Անշուշտ, մենք արդեն որոշակի փոփոխություններ կատարել ենք մեր կյանքում՝ համաձայն Աստվածաշնչի ուսմունքների։ Սակայն, ինչպե՞ս ենք արձագանքում, երբ մեր քրիստոնյա հավատակիցը որևէ հարցի կապակցությամբ մեզ խորհուրդ է տալիս։
2. Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ խորհուրդ ենք ստանում։
2 Կան մարդիկ, որոնք խորհուրդ ստանալիս փորձում են արդարացնել իրենց, նվազեցնել հարցի լրջությունը կամ մեղքը ուրիշների վրա բարդել։ Սակայն լավ կլինի լսել տրված խորհուրդը և դրան հետևել (Եբրայեցիս 12։11)։ Իհարկե, չպետք է կատարելություն պահանջել մյուսներից, ոչ էլ անընդհատ խորհուրդներ տալ ոչ էական կամ այնպիսի բաների վերաբերյալ, որոնք, ըստ Աստվածաշնչի, անձնական ընտրության հարց են։ Բացի այդ, կարող է պատահել այնպես, որ խորհուրդ տվող անհատը տեղյակ չլինի բոլոր մանրամասներին։ Նման դեպքերում կարող ենք հարգալից կերպով ներկայացնել դրանք նրա ուշադրությանը։ Սակայն մեր հետագա քննարկման ժամանակ նկատի կառնենք այն պարագան, երբ տրված խորհուրդը կամ խրատը՝ հանդիմանությունը, տեղին է և հիմնված է Աստվածաշնչի վրա։ Ինչպե՞ս վերաբերվել նման խորհրդին։
Ուշադրության արժանի օրինակներ
3, 4. ա) Ի՞նչ արձանագրություններ կան Աստվածաշնչում, որոնք օգնում են մեզ ճիշտ վերաբերվել տրված խորհրդին կամ խրատին։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Սավուղ թագավորը իրեն տրված խորհրդին, և ի՞նչ եղավ արդյունքը։
3 Աստծո Խոսքում կան արձանագրություններ այն անհատների կյանքից, որոնք ընդունել են տեղին տրված խորհուրդը։ Ոմանց էլ խորհրդի հետ նաև խրատ, կամ՝ հանդիմանություն է տրվել։ Այդպիսի անհատներից մեկն էր Իսրայելի Սավուղ թագավորը։ Երբ նրան հրաման տրվեց ոչնչացնել ամաղեկացիներին, նա չհնազանդվեց Եհովային։ Քանի որ ամաղեկացիները հակառակություն էին ցույց տվել Աստծո ծառաներին, Եհովան վճռել էր, որ ո՛չ ամաղեկացիները և ո՛չ էլ նրանց անասունները կենդանի չպետք է մնային։ Բայց Սավուղ թագավորը կենդանի թողեց նրանց թագավորին, ինչպես նաև ամենաընտիր անասուններին (Ա Թագաւորաց 15։1–11)։
4 Եհովան Սամուել մարգարեին ուղարկեց Սավուղի մոտ՝ նրան հանդիմանելու նպատակով։ Ինչպե՞ս արձագանքեց Սավուղը։ Նա պատճառաբանեց, որ ամաղեկացիներին սպանել է, իսկ նրանց թագավորին որոշել է կենդանի թողնել։ Սակայն նրա այդ արարքը հակառակ էր Եհովայի պատվիրածին (Ա Թագաւորաց 15։20)։ Սավուղը փորձեց անասուններին ողջ թողնելու մեղքը բարդել ժողովրդի վրա՝ ասելով. «Ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի» (Ա Թագաւորաց 15։24)։ Նրան, կարծես, ավելի շատ մտահոգում էր իր եսը. նա նույնիսկ խնդրեց Սամուելին, որ ժողովրդի առջև իրեն պատվի (Ա Թագաւորաց 15։30)։ Արդյունքը եղավ այն, որ Եհովան մերժեց նրան՝ որպես թագավորի (Ա Թագաւորաց 16։1)։
5. Ի՞նչ պատահեց Ոզիա թագավորին, երբ նա մերժեց խորհուրդը։
5 Հուդայի Ոզիա թագավորը «յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ» (Բ Մնացորդաց 26։16)։ Մինչդեռ օրենքով միայն քահանաներին էր արտոնված խունկ ծխել։ Երբ քահանայապետը փորձեց կանգնեցնել Ոզիային, վերջինս բարկացավ։ Ի՞նչ եղավ հետո։ Աստվածաշունչը պատասխանում է. «Բորոտությունը երեւեցաւ նորա ճակատին...., որովհետեւ Տէրը նորան զարկել էր։ Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը» (Բ Մնացորդաց 26։19–21)։
6. ա) Ինչո՞ւ թե՛ Սավուղը, թե՛ Ոզիան մերժեցին ընդունել խորհուրդը։ բ) Ինչո՞ւ է խորհուրդը մերժելն այսօր լուրջ խնդիր։
6 Ինչո՞ւ էր թե՛ Սավուղի, թե՛ Ոզիայի համար խորհուրդ ընդունելը դժվար։ Պատճառը հիմնականում նրանց հպարտությունն էր, քանի որ երկուսն էլ չափից դուրս մեծ կարծիք ունեին իրենց մասին։ Այսօր շատերն են այս հատկության պատճառով իրենք իրենց վնասում։ Նրանք կարծում են, որ խորհուրդը լսելով՝ ընդունում են իրենց թուլությունը կամ պատվազուրկ են լինում։ Սակայն հպարտությունը տկարություն է։ Այն անհատի միտքն այնպես է մթագնում, որ նրան տրամադրում է մերժել Եհովայի օգնությունը, որը նա տալիս է իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Հետևաբար Եհովան զգուշացնում է. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18; Հռովմայեցիս 12։3)։
Ընդունիր խորհուրդը
7. Ի՞նչ կարող ենք սովորել նրանից, թե ինչպես Մովսեսն արձագանքեց խորհրդին։
7 Աստծո Խոսքում հանդիպում ենք այնպիսի մարդկանց օրինակների, որոնք ընդունել են իրենց տրված խորհուրդը. մենք էլ կարող ենք նրանցից օրինակ վերցնել։ Եկ նկատի առնենք Մովսեսի օրինակը։ Երբ նրա աները խորհուրդ տվեց նրան, թե ինչպես ավելի ճիշտ կազմակերպի իր ծանր աշխատանքը, Մովսեսն ընդունեց նրա խորհուրդը և անմիջապես հետևեց դրան (Ելից 18։13–24)։ Չէ՞ որ Մովսեսը մեծ հեղինակություն ուներ. այդ դեպքում ինչո՞ւ ընդունեց իրեն տրված խորհուրդը. պատճառն այն է, որ նա խոնարհ էր։ «Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։ Իսկ որքա՞ն կարևոր է խոնարհություն դրսևորելը։ Սոփոնիա 2։3–ը ցույց է տալիս, որ այդ հատկությունը ցուցաբերելը կարող է փրկություն նշանակել։
8. ա) Ի՞նչ մեղքեր գործեց Դավիթը։ բ) Ինչպե՞ս ընդունեց Դավիթը Նաթանի հանդիմանությունը։ գ) Ի՞նչ հետևանքներ ունեցան Դավթի մեղքերը։
8 Դավիթ թագավորը շնություն գործեց Բերսաբեի հետ և փորձեց ծածկել իր մեղքը՝ սպանելով նրա ամուսնուն՝ Ուրիային։ Եհովան Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ՝ նրան հանդիմանելու համար։ Վերջինս զղջաց և անմիջապես ընդունեց իր սխալը։ «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»,— ասաց նա (Բ Թագաւորաց 12։13)։ Չնայած Աստված ընդունեց նրա զղջումը, բայց Դավիթը պետք է կրեր իր գործած սխալի ծանր հետևանքները։ Եհովան ասաց նրան, որ սուրը նրա «տանիցը չի հեռանալ», որ նրա կանայք պետք է տրվեն իր «ընկերին», և որ նրա անօրինության հետևանքով ծնված որդին պիտի «մեռնէ» (Բ Թագաւորաց 12։10, 11, 14)։
9. Ինչի՞ մասին չպետք է մոռանանք խորհուրդ կամ հանդիմանություն ստանալիս։
9 Դավիթ թագավորը գիտեր, որ ողջամիտ խորհուրդը լսելը օգտակար է։ Մի առիթով նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց Եհովային այն անձնավորության համար, որի միջոցով նա խորհուրդ ստացավ (Ա Թագաւորաց 25։32–35)։ Իսկ մենք նման ձևով վարվո՞ւմ ենք։ Եթե այո, ապա կարող ենք ասել, որ այդպիսով մենք կպաշտպանենք մեզ այնպիսի բաներ ասելուց և անելուց, որոնց համար հետո կզղջանք։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվենք այնպիսի իրավիճակում հայտնվելիս, երբ մեզ խորհուրդ են տալիս կամ նույնիսկ հանդիմանում են։ Եկեք երբեք չմոռանանք, որ դա Եհովայի սիրո ապացույցն է, որ նա ցուցաբերում է մեր հավիտենական բարօրության համար (Առակաց 3։11, 12; 4։13)։
Անգնահատելի հատկություններ, որոնք արժե մշակել
10. Հիսուսը ո՞ր հատկության մասին հիշատակեց, որն անհրաժեշտ է Թագավորությունը մտնելու համար։
10 Որպեսզի լավ փոխհարաբերություններ զարգացնենք Եհովայի հետ, ինչպես նաև մեր հավատակիցների, պետք է մեր մեջ որոշակի հատկություններ մշակենք։ Դրանցից մեկի մասին հիշատակեց Հիսուսը. մի մանկահասակ երեխայի կանգնեցնելով իր աշակերտների առջև՝ նա դիմեց նրանց՝ ասելով. «Եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։ Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ» (Մատթէոս 18։3, 4)։ Հիսուսի աշակերտները պետք է խոնարհություն մշակեին իրենց մեջ, քանի որ նրանք վիճում էին, թե ով է իրենցից ամենամեծը (Ղուկաս 22։24–27)։
11. ա) Ո՞ւմ առջև պետք է խոնարհ լինենք և ինչո՞ւ։ բ) Եթե խոնարհ լինենք, ինչպե՞ս կվերաբերվենք մեզ տրված խորհրդին։
11 Իսկ Պետրոս առաքյալը գրեց. «Ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5։5)։ Մենք գիտենք, որ պետք է խոնարհ լինենք Աստծո առջև, բայց այս համարից պարզ երևում է, որ պետք է խոնարհություն դրսևորենք նաև մեր հավատակիցների հետ վերաբերվելիս։ Ուստի՝ երբ նրանք մեզ տեղին խորհուրդ տան, մենք չենք վրդովվի, այլ պատրաստ կլինենք նրանցից սովորելու (Առակաց 12։15)։
12. ա) Ի՞նչն է սերտորեն կապված խոնարհության հետ։ բ) Ինչո՞ւ մեզ պետք է մտահոգի այն, թե ինչ ազդեցություն կթողնի մեր վարքը ուրիշների վրա։
12 Խոնարհությունը սերտորեն կապված է ուրիշների բարօրությամբ հետաքրքրվելու հետ։ Պողոս առաքյալը գրում է. «Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։ ....Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։ Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն» (Ա Կորնթացիս 10։24–33)։ Պողոսը չասաց, թե մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր հաճույքներից, այլ խորհուրդ տվեց խուսափել այնպիսի բան անելուց, որը կարող է դրդել մեկ ուրիշին իր խղճին հակառակ վարվելու։
13. Ո՞ր օրինակը կօգնի մեզ տեսնելու, թե գործնականում կիրառո՞ւմ ենք արդյոք Աստվածաշնչի տված խորհուրդը։
13 Ուրիշների բարօրությունը քո անձնական նախընտրություններից բարձր դասո՞ւմ ես։ Բոլորս էլ պետք է սովորենք այդպես վարվել։ Դա անելու շատ եղանակներ կան։ Օրինակ՝ վերցնենք հագուստն ու հարդարանքը։ Չնայած որ դա ճաշակի հարց է, բոլոր դեպքերում հարկավոր է մնալ Գրությունների սահմանած շրջանակներում։ Դա նշանակում է, որ մեր հագուստն ու հարդարանքը պետք է լինի համեստ, մաքուր ու կոկիկ։ Իսկ եթե իմանաս, որ քո շրջապատում ապրող մարդիկ հագվելակերպիդ կամ հարդարանքիդ պատճառով հրաժարվում են լսել Թագավորության լուրը, հարկ եղած փոփոխությունները կանե՞ս։ Ինչ խոսք, ավելի կարևոր է օգնել մարդկանց հավիտենական կյանք ձեռք բերել, քան մտածել սեփական հաճույքների մասին։
14. Ինչո՞ւ է կարևոր խոնարհություն զարգացնել և հետաքրքրվել ուրիշների բարօրությամբ։
14 Խոնարհ լինելու և ուրիշների բարօրությամբ հետաքրքրվելու հարցում լավ օրինակ թողեց Հիսուսը. նա նույնիսկ լվաց իր աշակերտների ոտքերը (Յովհաննէս 13։12–15)։ Նրա մասին Աստծո Խոսքում ասվում է. «Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց [«մտքով չանցավ», ՆԱ] Աստուծուն հաւասար լինել։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ» (Փիլիպպեցիս 2։5–8; Հռովմայեցիս 15։2, 3)։
Մի մերժիր Եհովայի խրատը
15. ա) Ինչպիսի՞ բարեփոխումներ պետք է կատարենք մեր կյանքում, որպեսզի դառնանք Աստծուն հաճելի անձնավորություն։ բ) Ի՞նչ միջոցներով է Եհովան խորհուրդ և խրատ տալիս բոլորին։
15 Քանի որ մենք բոլորս էլ մեղավոր ենք, ուստի կարիք ունենք մեր վերաբերմունքն ու վարքը փոխելու, եթե ցանկանում ենք արտացոլել Աստծո անձնավորությունը։ Մենք կարիք ունենք «նոր մարդը» հագնելու (Կողոսացիս 3։5–14)։ Խորհուրդ ու խրատ ընդունելով՝ կբացահայտենք այնպիսի մարզեր, որոնցում անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել, և կորոշենք, թե ինչպես դա անել։ Այդ հարցում մեզ համար հիմնական աղբյուր է հանդիսանում Աստվածաշունչը (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունը, ինչպես նաև ժողովի հանդիպումները, որոնք կազմակերպվում են Եհովայի կազմակերպության կողմից, օգնում են մեզ Աստծո Խոսքը կիրառել կյանքում։ Նույնիսկ եթե ինչ–որ խորհուրդ մեզ արդեն ծանոթ է, արդյոք կընդունե՞նք, որ այդ խորհրդի կարիքը հիմա ունենք, և բարեփոխումներ կկատարե՞նք մեր կյանքում։
16. Ինչպիսի՞ օգնություն է մատուցում Եհովան մեզանից յուրաքանչյուրին։
16 Եհովան սիրով հոգ է տանում մեր մասին և օգնում է մեզ դիմագրավել մեր խնդիրները։ Միլիոնավոր մարդիկ օգնություն են ստացել Աստվածաշունչն ուսումնասիրելու շնորհիվ։ Ծնողները խորհուրդ ու խրատ են տալիս իրենց երեխաներին, որպեսզի նրանք խուսափեն այնպիսի վարք դրսևորելուց, որն իր հետ միայն տառապանք ու ցավ է բերում (Առակաց 6։20–23)։ Հաճախ ժողովի անդամները խորհուրդ են հարցնում իրենց փորձառու հավատակիցներից, որպեսզի կատարելագործվեն քարոզչական ծառայության մեջ։ Պատահում է, որ երեցներն են երբեմն խորհուրդ հարցնում իրարից կամ ծառայության մեջ փորձառու որևէ մեկից։ Հոգևոր որակումներ ունեցող քրիստոնյաները Աստվածաշնչի օգնությամբ աջակցություն են ցույց տալիս նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, և դա անում են խոնարհ ոգով։ Իսկ երբ դու ես որևէ մեկին խորհուրդ տալիս, հիշիր, որ պետք է «զգուշա[նաս] քո անձին, որ դու էլ չփորձուիս» (Գաղատացիս 6։1, 2)։ Այո՛, որպեսզի միավորված ծառայենք միակ ճշմարիտ Աստծուն, բոլորս էլ խորհրդի ու խրատի կարիք ունենք։
Կրկնենք թեման
• Ինչպե՞ս է Եհովան սիրով օգնում մեզ տեսնելու այն մարզերը, որոնցում կարիք ունենք բարեփոխություններ կատարելու։
• Ինչո՞ւ են շատերը դժվարանում ընդունել տեղին տրված խորհուրդը, և որքանո՞վ է դա լուրջ։
• Ի՞նչ անգնահատելի հատկություններ պետք է մշակենք մենք, որպեսզի ընդունենք մեզ տրված խորհուրդը, և այս հարցում ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 142–րդ էջի վրա]
Ոզիան մերժեց խորհուրդը և արդյունքում բորոտությամբ պատժվեց
Մովսեսն ընդունեց Հոթորի խորհուրդը և օգուտներ քաղեց