Մեծ բազմությունը՝ Եհովայի աթոռի առջև
Տասներեքերորդ գլուխ
Մեծ բազմությունը՝ Եհովայի աթոռի առջև
1. ա) Ի՞նչ է պատահել նախաքրիստոնեական ժամանակների ծառաներին, և ի՞նչ պետք է պատահի 144 000 օծյալներին, մինչև որ նրանք կստանան իրենց պարգևը։ բ) Ի՞նչ հեռանկար ունեն այսօր ապրող «շատ ժողովուրդի», կամ՝ մեծ բազմության անդամները։
ԱՍՏԾՈ վաղեմի հավատարիմ ծառաները՝ Աբելից սկսած մինչև Հովհաննես Մկրտիչը, Աստծո կամքը կատարելը իրենց կյանքում առաջին տեղում էին դնում։ Սակայն նրանք բոլորն էլ վաղուց մահացել են և սպասում են իրենց հարությանը, որ կստանան երկրի վրա՝ Աստծո հաստատած նոր աշխարհում։ 144 000 օծյալ քրիստոնյաները, որոնք Քրիստոսի հետ կառավարելու են Աստծո երկնային Թագավորության մեջ, նույնպես պետք է մահանան մինչև իրենց երկնային պարգևը ստանալը։ Իսկ Յայտնութիւն 7։9–ը ցույց է տալիս, որ այս վերջին օրերում «մի շատ ժողովուրդ», կամ՝ մեծ բազմություն, որ հավաքվել է բոլոր ազգերից, մահ չի տեսնի, այլ երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարն ունի։ Իսկ դու նրանց թվո՞ւմ ես։
Ինչպես ճանաչել մեծ բազմությանը
2. Աստծո ծառաներն աստիճանաբար ի՞նչ հստակ հասկացողություն ձեռք բերեցին Յայտնութիւն 7։9–ում նկարագրվող մեծ բազմությանը ճանաչելու վերաբերյալ։
2 1923 թ.–ին Եհովայի ծառաները հասկացան, որ Մատթէոս 25։31–46-ում արձանագրված Հիսուսի առակում նկարագրվող «ոչխարները», ինչպես նաև Յովհաննէս 10։16–ում հիշատակվող «ուրիշ ոչխարները» այն մարդիկ են, որոնք հնարավորություն ունեն հավիտյան ապրելու երկրի վրա։ Իսկ 1931–ին նրանց համար պարզ դարձավ, որ Եզեկիէլ 9։1–11-ում նկարագրված անհատները, որոնց ճակատների վրա նշան է արվում, նույնպես երկրային կյանքի հույս ունեցողներն են։ Ապա՝ 1935–ին հասկացան, որ մեծ բազմությունը կազմում է «ուրիշ ոչխարներ» դասակարգի մի մասը, որի մասին խոսեց Հիսուսը։ Այսօր այդ մեծ բազմության թիվը միլիոնների է հասնում։
3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «կանգնած [էին] աթոռի առաջին» արտահայտությունը չի վերաբերում երկնային կյանքի կոչվածներին։
3 Յայտնութիւն 7։9–ում նկարագրվող տեսիլքում մեծ բազմությունը պատկերված չէ որպես մարդկանց խումբ, որ գտնվում է երկնքում։ Աստծո «աթոռի առաջին» կանգելու համար պարտադիր չէր, որ նրանք երկնքում գտնվեին։ Նրանք պարզապես պետք է Աստծո աչքի առաջ լինեին (Սաղմոս 11։4)։ Այն, որ մեծ բազմությունը, «որ ոչ ով չէր կարող համարել», կոչված չէ երկնային կյանքի, կարող ենք տեսնել, եթե մեծ բազմության անսահմանափակ թիվը համեմատենք Յայտնութիւն 7։4–8-ում և 14։1–4-ում նկարագրվող մարդկանց սահմանափակ թվի հետ։ Այդ համարներից պարզ երևում է, որ երկրից երկնային կյանքի կոչված անհատների թիվը 144 000 է կազմում։
4. ա) Ի՞նչ է «մեծ նեղութիւնը», որից պետք է վերապրի մեծ բազմությունը։ բ) Ովքե՞ր են միանում մեծ բազմությանը երկրպագության մեջ, ինչպես արձանագրված է Յայտնութիւն 7։11, 12–ում։
4 Յայտնութիւն 7։14–ում մեծ բազմության մասին կարդում ենք. «Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը»։ Նրանք վերապրում են ամենածանր նեղությունից, որ պատմության ընթացքում երբևէ տեսել է մարդկությունը (Մատթէոս 24։21)։ Իսկ երբ իրենց ստացած փրկության համար Աստծուն և Քրիստոսին հայտնում են իրենց երախտագիտությունը, բոլոր հավատարիմ երկնային արարածները նրանց են միանում՝ բարձրաձայն ասելով. «Ամէն. օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն» (Յայտնութիւն 7։11, 12)։
Ցույց են տալիս, որ արժանի են
5. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է պահանջվում մեծ բազմության անդամներից մեկը լինելու համար։
5 Այն, որ մեծ բազմությունը վերապրում է մեծ նեղությունից, ներդաշնակ է Եհովայի արդար չափանիշներին։ Աստվածաշնչում պարզ ցույց են տրված այն հատկությունները, որ պետք է ունենան մեծ նեղությունից ազատվողները։ Իսկ դա նշանակում է, որ արդարություն սիրող անհատները արդեն այսօր կարող են ցույց տալ, որ արժանի են փրկության։ Ի՞նչ պետք է անեն նրանք։
6. Ինչո՞ւ է տեղին մեծ բազմությանը նմանեցնել ոչխարների։
6 Ոչխարը հեզ ու հնազանդ կենդանի է։ Ուստի, երբ Հիսուսն ասաց, որ ունի նաև ուրիշ ոչխարներ, որոնք երկնային դասակարգի մեջ չեն մտնում, նա ի նկատի ուներ մարդկանց այն խմբին, որը հավիտյան ապրելու ցանկություն ունենալուց բացի՝ պետք է հնազանդվեր իր ուսուցումներին։ «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են»,— ասում է նա (Յովհաննէս 10։16, 27)։ Այդ մարդիկ նրանք են, ովքեր իսկապես լսում են, թե ինչ է ասում Հիսուսը, հնազանդորեն կատարում են այդ ամենը և դառնում նրա աշակերտները։
7. Ինչպիսի՞ հատկություններ պետք է մշակեն Հիսուսի հետևորդները։
7 Ուրիշ ի՞նչ հատկություններ պետք է իրենց մեջ մշակեն Հիսուսի այդ հետևորդները։ Աստծո Խոսքը պատասխանում է. «Ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը .... եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը» (Եփեսացիս 4։22–24)։ Նրանք իրենց մեջ մշակում են այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են Աստծո ծառաների միությանը՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։
8. Ինչի՞ է հանդիպելու մեծ բազմությունը մնացորդին թիկունք կանգնելիս։
8 Մեծ բազմությունը աջակցություն է ցույց տալիս երկնային կյանքի հույս ունեցող փոքրաթիվ ծառաներին, որոնք առաջնորդություն են վերցնում քարոզչական գործում (Մատթէոս 24։14; 25։40)։ Ուրիշ ոչխարները ցույց են տալիս այդ աջակցությունը, թեպետ գիտեն, որ հակառակության են հանդիպելու, քանի որ վերջին օրերի սկզբին Հիսուս Քրիստոսն իր հրեշտակների հետ միասին Սատանային ու նրա դևերին երկնքից վայր է նետել։ Իսկ դա նշանակում էր «վա՜յ երկրին.... որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։7–12)։ Այդ է պատճառը, որ Սատանան ավելի է սաստկացնում Աստծո ծառաների դեմ իր հակառակությունը, որովհետև գիտի, որ մոտենում է ներկա համակարգի վերջը։
9. Ի՞նչ հաջողության են հասել Աստծո ծառաները բարի լուրը քարոզելու գործում, և ո՞րն է պատճառը։
9 Չնայած ծանր հալածանքներին՝ քարոզչական գործը շարունակում է առաջ ընթանալ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջերին Թագավորության քարոզիչների թիվը ընդամենը մի քանի հազար էր կազմում. այսօր նրանց թիվը միլիոնների է հասնում։ Ո՞րն է պատճառը. այն, որ Եհովան խոստացել է. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի» (Եսայիա 54։17)։ Նույնիսկ առաջին դարում հրեական գերագույն դատարանի՝ Ատյանի անդամներից մեկը եկավ այն համոզման, որ Աստծո գործը հնարավոր չէ խափանել։ Հիսուսի աշակերտների մասին նա այսպիսի խոսքեր ասաց փարիսեցիներին. «Թողէք դորանց. որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ գործը մարդկանցից է, կ’քանդուի. բայց եթէ Աստուածանից է, չէք կարող քանդել դորան. մի գուցէ Աստուծոյ դէմ կռիւ անող էլ գտնուիք» (Գործք 5։38, 39)։
10. ա) Ի՞նչ է ցույց տալիս մեծ բազմության անդամների ճակատներին արված «նշանը»։ բ) Ինչպե՞ս են Աստծո ծառաները հնազանդվում ‘երկնքից լսվող ձայնին’։
10 Մեծ բազմության անդամները նկարագրվում են որպես փրկության համար ընտրված, կամ՝ ‘նշան արված’ մարդիկ (Եզեկիէլ 9։4–6)։ Նրանց վրա արված «նշանը» ցույց է տալիս, որ նրանք նվիրվել են Աստծուն, մկրտվել են ինչպես Հիսուսի աշակերտներ և ձգտում են դառնալ քրիստոսանման անձնավորություններ։ Նրանք հնազանդվում են ‘երկնքից լսվող ձայնին’, որը Սատանայի իշխանության տակ գտնվող կեղծ կրոնի համաշխարհային կայսրության առնչությամբ զգուշացնում է. «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք» (Յայտնութիւն 18։1–5)։
11. Ինչպե՞ս են մեծ բազմության անդամները ցույց տալիս, որ Եհովայի ծառաներն են։
11 Նաև, Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Անտեսելով այդ պատգամը՝ այս աշխարհի կրոններին հարող մարդիկ պատերազմներում սպանում են իրենց իսկ կրոնը դավանողներին հաճախ լոկ այն պատճառով, որ վերջիններս պատկանում են ուրիշ ազգի։ Աստծո Խոսքն ասում է. «Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։ ....Իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս ինչպէս Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց» (Ա Յովհաննէս 3։10–12)։
12. Մեծ նեղության ժամանակ Եհովան ի՞նչ կանի այն կրոնական ‘ծառերին’, որոնք չար պտուղներ են բերում։
12 Հիսուսն ասաց. «Ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց» (Մատթէոս 7։17–20)։ Շուտով՝ մեծ նեղության ժամանակ, Եհովան կոչնչացնի այս աշխարհի կրոնների բերած «պտուղները», որոնք ցույց են տալիս, որ նրանք չար ‘ծառեր’ են (Յայտնութիւն 17։16)։
13. Ինչպե՞ս է մեծ բազմությունը ցույց տալիս, որ արժանի է փրկվելու մեծ նեղությունից։
13 Յայտնութիւն 7։9–15-ը ուշադրություն է դարձնում մի շարք գործոնների վրա, որոնք մեծ բազմությանը առաջնորդում են դեպի փրկություն։ Այնտեղ նկարագրվում է, որ նրանք միավորված «կանգնած [են] [Եհովայի] աթոռի առաջին» և պաշտպանում են նրա տիեզերական գերիշխանությունը։ Նրանք «իրանց հանդերձները լուաց[ել] եւ սպիտակացր[ել են] Գառի արիւնովը» և ցույց են տալիս, որ գնահատում են Հիսուսի մատուցած զոհը, որը մեղքեր քավելու ուժ ունի (Յովհաննէս 1։29)։ Նրանք իրենց նվիրել են Աստծուն և այդ նվիրումը խորհրդանշել՝ ջրի մեջ ընկղմվելով։ Ուստի նրանք մաքրված են Աստծո աչքին, ինչը ակնհայտ է իրենց սպիտակ հանդերձներից, և «պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր»։ Ի՞նչ կարող ես անել դու, որպեսզի կյանքդ ավելի ներդաշնակ լինի այդ նկարագրությանը։
Օգուտներ՝ այսօր
14. Որո՞նք են այն օգուտներից մի քանիսը, որ հիմա արդեն Եհովայի ծառաները ստանում են։
14 Հավանաբար, հիմա արդեն դու աննկարագրելի օգուտներ ես ստացել՝ միանալով Աստծուն ծառայողներին։ Օրինակ՝ Եհովայի արդար նպատակների մասին սովորելով՝ իմացար, որ քեզ պայծառ ապագա է սպասում։ Հետևաբար, այժմ դու կյանքի իսկական նպատակ ունես, այն է՝ ծառայել ճշմարիտ Աստծուն՝ հավիտյան երկրի վրա ապրելու ուրախ հեռանկարն ունենալով։ Այո՛, Թագավոր Հիսուս Քրիստոսը «[մեծ բազմությանը] կ’առաջնորդէ .... դէպի կենդանի ջրերի աղբիւրներ» (Յայտնութիւն 7։17)։
15. Ինչպիսի՞ օգուտներ են ստանում Եհովայի վկաները՝ քաղաքականությանը և բարոյականությանը վերաբերող հարցերում Աստվածաշնչի սկզբունքներին հետևելով։
15 Հրաշալի օգուտներից մեկն էլ, որ վայելում է մեծ բազմությունը, ամբողջ աշխարհում Եհովայի ծառաների միջև տիրող սերն է, միությունն ու համերաշխությունը։ Քանի որ մենք բոլորս էլ միևնույն հոգևոր կերակուրից ենք օգտվում, բոլորս էլ հնազանդվում ենք միևնույն օրենքներին ու սկզբունքներին, որոնք գտնվում են Աստծո Խոսքում։ Ահա թե ինչու մենք պառակտված չենք քաղաքական կամ ազգայնամոլական գաղափարախոսություններով։ Նաև, մենք պահում ենք բարոյական այն բարձր չափանիշները, որ Աստված պահանջում է իր ժողովրդից (Ա Կորնթացիս 6։9–11)։ Այսպիսով՝ Աստծո ժողովրդի մեջ գոյություն չունեն կռիվներ, պառակտումներ ու անբարո վարք. երևույթներ, որոնք բնորոշ են այս աշխարհին։ Այդ մարդիկ վայելում են հոգևոր դրախտը։ Տեսնենք, թե ինչպես է դա նկարագրվում Եսայիա 65։13, 14–ում։
16. Չնայած կյանքում հանդիպող խնդիրներին՝ ի՞նչ հույս են տածում մեծ բազմության անդամները։
16 Սակայն դա չի նշանակում, որ Եհովայի երկրային ծառաները կատարյալ են։ Նրանք բախվում են նույն խնդիրների հետ, ինչ որ այս աշխարհում ապրողները. դժվարություններ են դիմագրավում կամ դառնում են պատերազմների անմեղ զոհեր։ Նրանք էլ են հիվանդանում, տառապանք կրում, մահանում։ Սակայն նրանք հավատում են, որ նոր աշխարհում Աստված «կ’ջնջէ .... բոլոր արտասուքը [իրենց] աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։
17. Ի՞նչ հրաշալի ապագա է սպասում ճշմարիտ Աստծո երկրպագուներին՝ անկախ այն բանից, թե ինչ կպատահի նրանց այսօր։
17 Եթե նույնիսկ այսօր դու կորցնես կյանքդ ծերության, հիվանդության, դժբախտ պատահարի կամ հալածանքի պատճառով, Եհովան հարություն կտա քեզ, և դու կապրես Դրախտում (Գործք 24։15)։ Որից հետո դու կշարունակես վայելել հոգևոր խնջույքը Քրիստոսի Հազարամյա թագավորության իշխանության ներքո։ Աստծո հանդեպ քո սերը կաճի, երբ տեսնես նրա նպատակների փառավոր կատարումը։ Իսկ այն ֆիզիկական օգուտները, որ կտա քեզ Եհովան, էլ ավելի կխորացնեն այդ սերը (Եսայիա 25։6–9)։ Ի՜նչ հրաշալի ապագա է սպասում Աստծո ժողովրդին։
Կրկնենք թեման
• Ի՞նչ արտասովոր իրադարձության հետ է Աստվածաշունչը կապում մեծ բազմության փրկությունը։
• Ի՞նչ պետք է անենք, եթե իսկապես ցանկանում ենք լինել Աստծո հավանությունն ունեցող այդ մեծ բազմության անդամներից մեկը։
• Որքա՞ն կարևոր են քեզ համար այն օրհնությունները, որ այսօր վայելում է մեծ բազմությունը և դեռ պետք է վայելի Աստծո նոր աշխարհում։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 123–րդ էջի վրա]
Մեծ բազմության միլիոնավոր անդամները միավորված երկրպագում են ճշմարիտ Աստծուն