Միասնություն երկրպագության մեջ մեր օրերում. ի՞նչ է այն նշանակում
Առաջին գլուխ
Միասնություն երկրպագության մեջ մեր օրերում. ի՞նչ է այն նշանակում
1, 2. ա) Ի՞նչ ազդեցիկ գործունեություն է ծավալվել մեր օրերում։ բ) Ի՞նչ հիասքանչ հույս ունեն ազնվասիրտ մարդիկ։
ԱՄԲՈՂՋ աշխարհով մեկ մի ազդեցիկ գործունեություն է ծավալվել. գործունեություն, որի նպատակն է՝ միասնություն երկրպագության մեջ։ Այդ գործունեության արդյունքում համախմբվում են բոլոր ազգերին, ցեղերին և լեզուներին պատկանող միլիոնավոր մարդիկ։ Տարեցտարի նրանց թիվն ավելանում է։ Այդ մարդիկ Աստվածաշնչում ներկայացված են որպես Եհովայի «վկաներ» և «շատ ժողովուրդ», կամ՝ մեծ բազմություն։ Նրանք «պաշտում են [Աստծուն] ցերեկ եւ գիշեր» (Եսայիա 43։10–12; Յայտնութիւն 7։9–15)։ Ինչո՞ւ. որովհետև ճանաչում են Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո։ Դա նրանց մղում է իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծո արդար չափանիշներին։ Նրանք նաև հավաստիացել են, որ ապրում են ներկա չար աշխարհի վերջին օրերում, որն Աստված շուտով կործանելու է և այն փոխարինելու դրախտային նոր աշխարհով (Բ Տիմոթէոս 3։1–5, 13; Բ Պետրոս 3։10–13)։
2 Աստվածաշնչում կան այսպիսի խոստումներ. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։ «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։
3. Ինչի՞ շնորհիվ է ձեռք բերվում իրական միասնությունը երկրպագության մեջ։
3 Նրանք, ովքեր այսօր միանում են ճշմարիտ երկրպագությանը, այդ նոր աշխարհի առաջին բնակիչները կդառնան։ Սովորելով, թե ինչում է կայանում Աստծո կամքը՝ այդ անհատները ներդնում են իրենց ողջ կարողությունը՝ այն կատարելու համար։ Սրա կարևորությունն ընդգծելով՝ Հիսուսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Ի՞նչ է այն նշանակում
4. ա) Ի՞նչ է նշանակում այն, որ բազում մարդիկ մեր օրերում միավորվում են ճշմարիտ երկրպագության մեջ։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում այդ միավորումը։
4 Ի՞նչ է նշանակում այն, որ բազում մարդիկ մեր օրերում միավորվում են ճշմարիտ երկրպագության մեջ։ Դա վառ ապացույցն է այն բանի, որ մենք այսօր կանգնած ենք այն օրվա շեմին, երբ Աստված վերջ կդնի այս չար աշխարհին և դրանից անմիջապես հետո կհաստատի նոր աշխարհը։ Մենք այս կարևոր միավորման մասին խոսող աստվածաշնչյան մարգարեությունների կատարման ականատեսներն ենք։ Ահա այդ մարգարեություններից մեկը. «Եւ [այս] վերջին օրեր[ում] պիտի լինի որ Տիրոջ տան սարը [իր վեր խոյացած ճշմարիտ երկրպագությունը] հաստատուն պիտի լինի սարերի գլխին [երկրպագության մյուս ձևերից ավելի բարձր].... եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան. եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք իր շաւիղներովը» (Միքիա 4։1, 2; Սաղմոս 37։34)։
5, 6. ա) Ի՞նչ իմաստով են ազգերը դառնում դեպի Եհովան։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
5 Իսկ Եհովայի երկրպագության հոգևոր տան ներկայացուցիչները ոչ թե բոլոր ազգերն են՝ միասին վերցրած, այլ այդ ազգերին պատկանող միլիոնավոր առանձին անհատներ։ Նրանք սովորում են Եհովա Աստծո սիրալիր նպատակի մասին, ինչպես նաև ծանոթանում այդ հրապուրիչ անձնավորության հետ, ինչը խորապես հուզում է նրանց սիրտը։ Նրանք խոնարհաբար հետաքրքրվում են, թե Աստված իրենցից ինչ սպասելիքներ ունի։ Այդ մարդկանց աղոթքները նման են սաղմոսերգուի հետևյալ աղոթքին. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը» (Սաղմոս 143։10)։
6 Իսկ դու տեսնո՞ւմ ես քեզ այն մեծ բազմության մեջ, որին Եհովան այժմ միավորում է միասնական երկրպագության մեջ։ Երախտապա՞րտ ես արդյոք Եհովային՝ Աստվածաշնչի Հեղինակին, նրա Խոսքից ստացած ուսուցման համար։ Որքանո՞վ ես պատրաստ ‘գնալու իր շավիղներով’։
Ինչպես հասնել միասնության երկրպագության մեջ
7. ա) Միասնությունը երկրպագության մեջ ի վերջո ի՞նչ չափերի է հասնելու։ բ) Ինչո՞ւ է կարևոր հիմա՛ Եհովայի երկրպագուներից մեկը դառնալ, և այս հարցում ինչպե՞ս կարող ենք մյուսներին էլ օգնել։
7 Եհովայի նպատակն է, որ բոլոր բանական էակները միավորված լինեն ճշմարիտ երկրպագության մեջ։ Որքա՜ն ենք սպասում այն օրվան, երբ բոլոր կենդանի արարածները կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն (Սաղմոս 103։19–22)։ Սակայն մինչ այդ, Եհովան պետք է ոչնչացնի բոլոր նրանց, ովքեր մերժում են կատարել իր արդար կամքը։ Նա ողորմածաբար նախազգուշացնում է, թե ինչ է անելու և հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց ամենուրեք փոխելու իրենց կյանքի ընթացքը (Եսայիա 55։6, 7)։ Այդ նպատակով այսօր «ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» հետևյալ կոչն է արվում. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին» (Յայտնութիւն 14։6, 7)։ Ընդունե՞լ ես այս հրավերը։ Եթե այո, ապա առանձնաշնորհում ունես ուրիշներին էլ հրավիրելու, որպեսզի նրանք էլ ճանաչեն ու երկրպագեն ճշմարիտ Աստծուն։
8. Աստվածաշնչի հիմնական ուսուցումները սովորելուց հետո հետագա ի՞նչ առաջադիմության պետք է ջանասիրաբար ձգտենք։
8 Սակայն Եհովայի նպատակն այն չէ, որ իրեն երկրպագեն մարդիկ, ովքեր ասում են, թե հավատում են Աստծուն, բայց միևնույն ժամանակ շարունակում են ընթանալ իրենց նախընտրած ուղիով։ Աստված ցանկանում է, որ մարդիկ ‘լցվեն նրա կամքի գիտությունով’ և արտացոլեն դա իրենց կյանքում (Կողոսացիս 1։9, 10)։ Հետևաբար, երախտապարտ անձինք, ովքեր սովորում են Աստվածաշնչի հիմնական ուսուցումները, ձգտում են քրիստոնեական հասունության։ Նրանք ցանկանում են ավելի լավ ճանաչել Եհովային, խորացնել ու ընդլայնել Աստվածաշնչի վերաբերյալ իրենց հասկացողությունը և այն ամբողջությամբ կիրառել իրենց կյանքում։ Նրանք ցանկանում են արտացոլել մեր երկնային Հոր հատկությունները և իրերին նայել նրա տեսանկյունից։ Դա նրանց մղում է կատարելու այն փրկարար աշխատանքը, որն այսօր Աստված ծավալել է ողջ աշխարհով մեկ։ Դու էլ ունե՞ս նման ցանկություն (Մարկոս 13։10; Եբրայեցիս 5։12–6։3)։
9. Ինչի՞ շնորհիվ է իրական միասնությունն առկա։
9 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ծառայում են Եհովային, միասնական պետք է լինեն (Եփեսացիս 4։1–3)։ Այսօր այդ միասնությունն իրոք առկա է՝ չնայած նրան, որ ապրում ենք պառակտված աշխարհում և պայքարում ենք մեր սեփական անկատարության դեմ։ Հիսուսը սրտահույզ աղոթք բարձրացրեց առ Աստված, որ իր աշակերտները մեկ լինեն և իրական միասնություն վայելեն։ Իսկ ինչի՞ շնորհիվ է նման միասնությունն առկա։ Նախ՝ շնորհիվ այն բանի, որ նրանք լավ փոխհարաբերություններ են հաստատել Եհովայի և իր Որդու հետ, և հետո՝ որ նրանք միավորված են միմյանց հետ (Յովհաննէս 17։20, 21)։ Այս ամենին հասնելու համար իր օգնությունն է ցույց տալիս քրիստոնեական ժողովը. կազմակերպություն, որի միջոցով Եհովան առաջնորդում է իր ժողովրդին։
Ի՞նչ գործոններ են աջակցում միասնությանը
10. ա) Ի՞նչ հատկություններ կզարգացնենք, եթե դիմենք Աստվածաշնչին՝ մեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար։ բ) Վերլուծիր քրիստոնյաների միասնությանն աջակցող գործոնները՝ պատասխանելով այս պարբերությանը հաջորդող հարցերին։
10 Այժմ քննարկենք այն յոթ հիմնական գործոնները, որոնք աջակցում են միասնությանը երկրպագության մեջ։ Պատասխանելով դրանց ուղեկցող հարցերին՝ հայտնիր քո կարծիքը, թե ինչպես է յուրաքանչյուր կետ ազդում քո՝ Եհովայի և հավատակիցներիդ հանդեպ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Եթե բացենք աստվածաշնչյան համարները, որոնք նշված են, բայց մեջբերված չեն ու տրամաբանենք դրանց շուրջ, կկարողանանք մեր մեջ զարգացնել աստվածային իմաստություն, խոհեմություն և ըմբռնողություն. հատկություններ, որոնց կարիքը բոլորս էլ ունենք (Առակաց 5։1, 2; Փիլիպպեցիս 1։9–11)։ Քննենք այդ գործոնները մեկ առ մեկ։
1) Մենք ընդունում ենք Եհովայի՝ ճիշտն ու սխալը բնորոշող չափանիշներ սահմանելու իրավունքը։ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։
Որոշումներ կայացնելիս ինչո՞ւ պետք է Եհովայի խորհուրդն ու առաջնորդությունը փնտրենք (Սաղմոս 146։3–5; Եսայիա 48։17)։
2) Մենք առաջնորդվում ենք Աստծո Խոսքով։ «Դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ» (Կա՞ արդյոք վտանգ, եթե անենք այն, ինչը զգում ենք, որ ճիշտ է (Առակաց 14։12; Երեմիա 10։23, 24; 17։9)։
Ի՞նչ պետք է անենք, եթե չգիտենք, թե ինչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը որևէ հարցի շուրջ (Առակաց 2։3–5; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
3) Մենք բոլորս օգուտներ ենք քաղում հոգևոր սննդի միևնույն ծրագրից։ «Եւ քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն» (Եսայիա 54։13)։ «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ [կործանման] օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։24, 25)։
Ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր լիովին օգտվում են Եհովայի մատուցած հոգևոր սննդից (Եսայիա 65։13, 14)։
4) Մեր Առաջնորդը Հիսուս Քրիստոսն է և ոչ թե որևէ մարդ։ «Դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք։ Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։ Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը» (Մատթէոս 23։8–10)։
Արդյոք մեզանից որևէ մեկը պե՞տք է կարծի, որ վերադաս է մյուսներից (Հռովմայեցիս 3։23, 24; 12։3)։
5) Մենք ընդունում ենք, որ Աստծո Թագավորությունը՝ որպես կառավարություն, մարդկության միակ հույսն է։ «Դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Մատթէոս 6։9, 10, 33)։
Միքիա 4։3; Ա Յովհաննէս 3։10–12)։
Ինչպե՞ս է ‘նախ արքայությունը խնդրելն’ օգնում մեզ պահպանելու մեր միասնությունը (6) Սուրբ ոգին Եհովայի երկրպագուների մեջ Աստծո հատկություններն է առաջ բերում, որոնք անչափ կարևոր են քրիստոնեական միասնության համար։ «Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։
Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստծո սուրբ ոգին մեր մեջ իր պտուղն առաջ բերի (Գործք 5։32)։
Ինչպե՞ս է Աստծո ոգին ազդում հավատակիցների հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա (Յովհաննէս 13։35; Ա Յովհաննէս 4։8, 20, 21)։
7) Աստծո բոլոր ճշմարիտ երկրպագուները քարոզում են Թագավորության բարի լուրը։ «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։
Ի՞նչը պետք է մեզ մղի, որ ցանկանանք լիակատար մասնակցություն ունենալ այս քարոզչական գործունեության մեջ (Մատթէոս 22։37–39; Հռովմայեցիս 10։10)։
11. Երբ աստվածաշնչյան ճշմարտությունը կիրառում ենք մեր կյանքում, ի՞նչ արդյունքների ենք հասնում։
11 Եհովային միասնաբար երկրպագելը մեզ ավելի է մտերմացնում նրա հետ և հնարավորություն է տալիս մեր հավատակիցների հետ թարմացնող ընկերակցություն վայելել։ Սաղմոս 133։1–ում ասվում է. «Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ [«միաբանութեամբ», Արևմտ. Աստ.] բնակուեն»։ Որքա՜ն թարմացուցիչ է դուրս գալ այս եսասեր, անբարո ու դաժան աշխարհից և միանալ նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են Եհովային ու հնազանդվում նրա օրենքներին։
Խուսափիր պառակտող ազդեցություններից
12. Ինչո՞ւ է հարկավոր խուսափել անկախության ոգի դրսևորելուց։
12 Որպեսզի պահպանենք մեզ համար անչափ թանկ մեր համաշխարհային միասնությունը, պետք է խուսափենք պառակտող ազդեցություններից։ Այդպիսի ազդեցություններից է Աստծո և նրա օրենքների հանդեպ դրսևորվող անկախության ոգին։ Եհովան օգնում է մեզ խուսափելու նման ազդեցությունից՝ քողազերծելով դրա հեղինակին՝ Բանսարկու Սատանային (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 12։9)։ Սատանան այն անձնավորությունն է, որը դրդեց Ադամին ու Եվային արհամարհել Աստծո պատվիրանը և նրա կամքին հակառակ որոշում կայացնել։ Արդյունքներն աղետալի եղան ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար (Ծննդոց 3։1–6, 17–19)։ Ամբողջ աշխարհն է վարակված անկախության ոգով։ Այդ իսկ պատճառով մենք պիտի մեր մեջ ճնշենք նման ոգին։
13. Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք անկեղծորեն նախապատրաստվում ենք Աստծո արդար նոր աշխարհում ապրելու։
13 Ե՛կ մտածենք Եհովայի հիանալի նպատակի մասին, որի համաձայն նա ներկա չար աշխարհը փոխարինելու է նոր երկնքով ու նոր երկրով, «որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Դա մեզ չի՞ մղում հիմա արդեն նախապատրաստվելու, որպեսզի կարողանանք ապրել այդ արդար աշխարհում։ Իսկ դրա համար հարկավոր է ուշադրություն դարձնել Աստվածաշնչի հստակ խորհրդին. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ» (Ա Յովհաննէս 2։15)։ Հետևաբար, պիտի զգուշանանք այս աշխարհի ոգուց՝ անկախ դիրք բռնելուց, սեփական անձին չափազանց մեծ կարևորություն տալուց, անբարոյությունից ու բռնությունից։ Դա մեզ կհաջողվի անել, եթե ձգտենք լսել Եհովային և ի սրտե հնազանդվենք նրան՝ չնայած մեր սխալ ցանկություններին ու մեր անկատար էությանը։ Մեր ողջ կյանքի ընթացքը պիտի ակնհայտ դարձնի, որ մեր ուշադրությունն ու մղումներն ամբողջությամբ կենտրոնացած են Աստծո կամքը կատարելու վրա (Սաղմոս 40։8)։
14. ա) Ինչո՞ւ է կարևոր ա՛յժմ օգտվել Եհովայի ճանապարհների մասին սովորելու հնարավորությունից և սովորածը կիրառել մեր կյանքում։ բ) Պարբերության մեջ նշված աստվածաշնչյան համարներն ի՞նչ են նշանակում անձամբ քեզ համար։
14 Մոտենում է Եհովայի նշանակած ժամանակը, երբ նա կկործանի ներկա ամբարիշտ համակարգը և նրանց, ովքեր նախընտրում են այս աշխարհի մտածելակերպն ու ապրելակերպը։ Նա չի՛ ուշանա։ Այո՛, Եհովան չի հետաձգի այդ ժամանակը կամ փոխի իր չափանիշները՝ ընդառաջելու այն մարդկանց, ովքեր շարունակում են կառչած մնալ աշխարհին և, առանց վճռականություն ցուցաբերելու, իմիջիայլոց սովորում Աստծո կամքն ու հազիվ թե այն կիրառում իրենց կյանքում։ Հիմա՛ է գործելու ժամանակը (Ղուկաս 13։23, 24; 17։32; 21։34–36)։ Ուրեմն որքա՜ն հաճելի է տեսնել, թե մեծ բազմությունն ինչպես է օգտվում նման հիանալի հնարավորությունից, ջանասիրաբար փնտրում այն ղեկավարությունը, որը Եհովան տալիս է իր Խոսքի ու կազմակերպության միջոցով և միասնաբար քայլում նրա ճանապարհներով դեպի նոր աշխարհ։ Որքան ավելի շատ սովորենք Եհովայի մասին, այնքան ավելի կսիրենք ու կցանկանանք ծառայել նրան։
Կրկնենք թեման
• Ո՞րն է Եհովայի նպատակը՝ կապված երկրպագության հետ։
• Աստվածաշնչի հիմնական ուսուցումները սովորելուց հետո հետագա ի՞նչ առաջադիմության պետք է ջանասիրաբար ձգտենք։
• Ի՞նչ կարող է մեզանից յուրաքանչյուրն անել, որպեսզի Եհովայի երկրպագուների և մեր միջև միասնություն տիրի։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 4–րդ էջի վրա]
«Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը»