Նրանք «այս աշխարհքիցը չեն»
Տասնութերորդ գլուխ
Նրանք «այս աշխարհքիցը չեն»
1. ա) Մահից առաջ Հիսուսն իր աղոթքում ի՞նչ խնդրեց իր աշակերտների համար։ բ) Ինչո՞ւ է այդքան կարևոր «աշխարհքիցը չ[լինելը]»։
ԻՐ ՄԱՀՎԱՆԸ նախորդող գիշերը Հիսուսն իր աշակերտների համար աղոթքով դիմեց Հորը։ Նախապես իմանալով, որ Սատանան մեծ ճնշում էր բանեցնելու նրանց վրա՝ իր աղոթքում նա ասաց. «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։ Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։15, 16)։ Ինչո՞ւ է այդքան կարևոր աշխարհից զատված լինելը. որովհետև Սատանան է այս աշխարհի իշխանը։ Ուստի քրիստոնյաները չեն ցանկանում լինել այն աշխարհից, որը նրա իշխանության տակ է գտնվում (Ղուկաս 4։5–8; Յովհաննէս 14։30; Ա Յովհաննէս 5։19)։
2. Ո՞ր հարցերում Հիսուսը աշխարհի մի մասը չէր։
2 Այն, որ Հիսուսը աշխարհից չէր, չի նշանակում, որ նա մարդկանց չէր սիրում։ Ընդհակառակը՝ նա բժշկեց հիվանդներին, կենդանացրեց մահացածներին և մարդկանց սովորեցրեց Աստծո Թագավորության մասին։ Նա նույնիսկ իր կյանքը տվեց հանուն մարդկության։ Սակայն նա դատապարտեց այն մարդկանց չար վերաբերմունքն ու գործերը, ովքեր Սատանայի աշխարհի ոգին էին դրսևորում։ Հետևաբար նա զգուշացրեց այնպիսի բաների դեմ, ինչպիսիք են՝ անբարո ցանկությունները, նյութապաշտությունը և բարձր դիրք ունենալու ձգտումը (Մատթէոս 5։27, 28; 6։19–21; Ղուկաս 20։46, 47)։ Այնպես որ զարմանալի չէ, որ Հիսուսը հեռու էր մնում քաղաքականությունից։ Չնայած նա ազգությամբ հրեա էր, բայց հռոմեացիների ու հրեաների միջև տեղի ունեցող քաղաքական ընդհարումներին չէր մասնակցում։
«Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»
3. ա) Հրեա կրոնական առաջնորդներն ի՞նչ մեղադրանք ներկայացրին Պիղատոսին Հիսուսի մասին և ինչո՞ւ։ բ) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը չէր ուզում երկրային թագավոր դառնալ։
3 Եկ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ հրեա կրոնական առաջնորդները ձերբակալեցին Հիսուսին և տարան հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի մոտ։ Իրականում, նրանց զայրացրել էր այն, որ Հիսուսը քողազերծել էր իրենց կեղծավորությունը։ Որպեսզի հռոմեացի կառավարիչը Հիսուսի դեմ որոշակի միջոցներ ձեռք առներ, նրանք այս մեղադրանքը ներկայացրին. «Սորան գտանք որ ազգին մոլորեցնում էր՝ եւ արգելում էր կայսրին հարկ տալ՝ ինքն իրան համար ասելով, թե Քրիստոս՝ թագաւորն է» (Ղուկաս 23։2)։ Ինչ խոսք, դա բացահայտ սուտ էր, քանի որ դրանից մեկ տարի առաջ, երբ մարդիկ ուզում էին Հիսուսին թագավոր դարձնել, նա մերժեց նրանց (Յովհաննէս 6։15)։ Հիսուսը գիտեր, որ ապագայում ինքը երկնային Թագավոր էր լինելու (Ղուկաս 19։11, 12)։ Նաև գիտեր, որ ոչ թե մարդկանց կողմից էր թագավոր նշանակվելու, այլ Եհովայի։
4. Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը հարկեր տալու վերաբերյալ։
4 Հիսուսի ձերբակալությունից ընդամենը երեք օր առաջ փարիսեցիները փորձում էին դրդել նրան, որ նա հարկեր տալու մասին մեղադրական ինչ–որ բան ասեր։ Սակայն Հիսուսն ասաց. «Ցոյց տուէք ինձ մի դահեկան [հռոմեական մետաղադրամ]։ Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։ Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն» (Ղուկաս 20։20–25)։
5. ա) Ի՞նչ սովորեցրեց Հիսուսն իր աշակերտներին իր ձերբակալության ժամանակ։ բ) Ի՞նչ բացատրություն տվեց Հիսուսը Պիղատոսին։ գ) Ինչո՞վ ավարտվեց Հիսուսի դատը։
5 Ոչ, Հիսուսը չէր սովորեցնում ժողովրդին ապստամբել պետական իշխանությունների դեմ։ Երբ զինվորները մեծ ամբոխի ուղեկցությամբ եկան Հիսուսին ձերբակալելու,Պետրոսը, սուրը հանելով, հարվածեց կանգնածներից մեկին և կտրեց նրա ականջը։ Բայց Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն» (Մատթէոս 26։51, 52)։ Իսկ երբ հաջորդ օրը Հիսուսին կանգնեցրին Պիղատոսի առջև, նա այսպիսի խոսքեր ասաց. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը» (Յովհաննէս 18։36)։ Պիղատոսն ընդունեց, որ «ոչ մի յանցանք» չկա Հիսուսին դատելու։ Սակայն ենթարկվելով ամբոխի ճնշմանը՝ նա հրամայեց Հիսուսին «խաչել», այսինքն՝ ցիցը բարձրացնել (Ղուկաս 23։13–15; Յովհաննէս 19։12–16)։
Աշակերտները հետևում են Հիսուսի առաջնորդությանը
6. Ի՞նչ էին անում վաղեմի քրիստոնյաները՝ ցույց տալու համար, որ թեպետ մերժում էին աշխարհի ոգին, բայց սիրում էին մարդկանց։
6 Այսպիսով՝ Հիսուսի աշակերտները հասկացան, թե ինչ էր հարկավոր անել աշխարհից զատված մնալու համար։ Դա նշանակում էր մերժել աշխարհի չար ոգին ու գործերը, որոնց թվում էին հռոմեական կրկեսներում ու թատրոններում ցուցադրվող անբարո զվարճություններն ու բռնությունը։ Նման դիրքորոշում ունենալու պատճառով աշակերտներին մարդատյաց էին անվանում։ Մինչդեռ նրանք բոլորովին էլ մարդկանց չէին ատում, ընդհակառակը՝ ջանում էին օգնել նրանց օգուտներ քաղել փրկության համար Աստծո ձեռնարկած միջոցներից։
7. ա) Ի՞նչ հալածանքներ են կրել վաղեմի քրիստոնյաները աշխարհի մասը չլինելու պատճառով։ բ) Ինչպե՞ս էին նրանք վերաբերվում պետական իշխանություններին ու հարկեր վճարելու պահանջին և ինչո՞ւ։
7 Հիսուսի հետևորդները շատ հալածանքներ են կրել, ինչպես և ինքը՝ Հիսուսը։ Հաճախ նրանք հալածվել են կառավարիչների կողմից, քանի որ վերջիններս բավարար չափով տեղեկություններ չեն ունեցել աշակերտների գործունեության մասին։ Չնայած դրան՝ հռոմեացի քրիստոնյաներին ուղղած իր նամակում (մոտավորապես մ.թ. 56–ին) Պողոսը հորդորեց նրանց «հնազանդ[վել] բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից»։ Սա չի խոսում այն մասին, որ Եհովան է հաստատում այս աշխարհի կառավարությունները. նա թույլատրում է վերջիններիս գոյությունը այնքան ժամանակ, մինչև որ իր Թագավորությունը կսկսի իշխել ողջ երկրի վրա։ Ուստի Պողոսը խորհուրդ տվեց քրիստոնյաներին հարգել պետական իշխանություններին և վճարել հարկերը (Հռովմայեցիս 13։1–7; Տիտոս 3։1, 2)։
8. ա) Ո՞ր չափով պետք է քրիստոնյաները հնազանդվեն բարձր իշխանություններին։ բ) Ինչպե՞ս էին վաղեմի քրիստոնյաները հետևում Հիսուսի օրինակին։
8 Այնուամենայնիվ, պետական իշխանություններին հնազանդվելը պետք է լինի հարաբերական և ոչ թե բացարձակ։ Դա նշանակում է, որ երբ մարդկային օրենքները հակասում են Աստծո օրենքներին, Եհովային ծառայողները նրա օրենքներին պետք է հնազանդվեն։ Մի պատմական գրքում վաղեմի քրիստոնյաների մասին հետևյալն է ասվում. «Քրիստոնյաները չէին կատարում Հռոմի քաղաքացիների որոշ պարտականություններ։ Զինվորական ծառայության մասնակցելը դեմ էր .... քրիստոնյաների դավանանքին։ Նրանք քաղաքական պաշտոն չէին գրավում։ Նրանք չէին երկրպագում կայսրին» («On the Road to Civilization—A World History»)։ Երբ հրեական բարձրագույն դատարանը «պատուիրելով պատվիրեց» աշակերտներին չքարոզել, նրանք պատասխանեցին. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։27–29)։
9. ա) Ինչո՞ւ մ.թ. 66–ին Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները որոշակի քայլեր ձեռնարկեցին։ բ) Ինչո՞ւ է դա լավ օրինակ մեզ համար։
9 Քաղաքական պայքարներում և պատերազմներում աշակերտները բացարձակ չեզոք դիրք էինք գրավում։ Մ.թ. 66–ին Հրեաստանում բնակվող հրեաները ապստամբեցին կայսեր դեմ։ Շուտով հռոմեական բանակը պաշարեց Երուսաղեմը։ Ի՞նչ էին անում քաղաքում գտնվող քրիստոնյաները։ Նրանք հիշում էին քաղաքից փախչելու մասին Հիսուսի նախազգուշական խոսքերը։ Ուստի, երբ հռոմեացիները ժամանակավորապես նահանջեցին, քրիստոնյաները, անցնելով Հորդանան գետը, փախան Փելլա կոչվող լեռնային շրջանը (Ղուկաս )։ Նրանց ցուցաբերած չեզոքությունը լավ օրինակ է մեր օրերի հավատարիմ քրիստոնյաների համար։ 21։20–24
Քրիստոնյաները չեզոքություն են պահպանում այս վերջին օրերին
10. ա) Ի՞նչ կարևոր գործ են կատարում Եհովայի վկաները և ինչո՞ւ։ բ) Ո՞ր հարցում են նրանք չեզոքություն պահպանում։
10 Կարո՞ղ ենք արդյոք պատմական արձանագրություններում հիշատակում գտնել որևէ խմբի մասին, որի անդամները, հետևելով վաղեմի քրիստոնյաների օրինակին, չեզոքություն են պահպանել այս վերջին ժամանակներում։ Այո՛, այդպիսի խումբ եղել է, և դրանք Եհովայի վկաներն են։ Նրանք անդադար քարոզել են, որ Աստծո Թագավորությունը միակ կառավարությունն է, որը հարատև խաղաղություն, ապահովություն ու երջանկություն կպարգևի արդարություն սիրող անհատներին (Մատթէոս 24։14)։ Իսկ ազգամիջյան ընդհարումներում նրանք բացարձակ չեզոքություն են պահպանել։
11. ա) Ինչպիսի՞ հակադրություն ենք տեսնում Եհովայի վկաների ցուցաբերած չեզոքության և հոգևորականության գործերի միջև։ բ) Ինչպիսի՞ն է Եհովայի վկաների վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր մասնակցում են քաղաքականությանը։
11 Մինչդեռ այս աշխարհի հոգևորականությունը ակտիվորեն մասնակցում է քաղաքական գործերին։ Որոշ երկրներում հոգևորական խավի ներկայացուցիչները ընտրությունների ժամանակ առաջարկված թեկնածուների օգտին կամ նրանց դեմ արշավներ են կազմակերպում։ Մի քանիսը նույնիսկ քաղաքական պաշտոն են զբաղեցնում։ Ոմանք էլ ճնշում են բանեցնում քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս հոգևորականության համար շահավետ ծրագրեր ընդունեն։ Իսկ ինչ վերաբերում է Եհովայի վկաներին, նրանք ոչ մի կերպ չեն միջամտում քաղաքականությանը։ Եվ ոչ էլ արգելում են ուրիշներին կուսակցությունների մեջ մտնել, քաղաքական պաշտոնի ձգտել կամ ընտրություններին մասնակցել։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտները պետք է աշխարհից զատված լինեն, հետևաբար Եհովայի վկաները քաղաքականությանը միջամուխ չեն լինում։
12. Ի՞նչ տխուր հետևանքներ է բերել այն, որ աշխարհի կրոնները չեզոքություն չեն պահպանել։
12 Ինչպես նախագուշակել էր Հիսուսը, ազգերն այսօր անընդհատ պատերազմական բախումների մեջ են։ Պայքար է գնում նույնիսկ միևնույն ազգին պատկանող տարբեր խմբավորումների միջև (Մատթէոս 24։3, 6, 7)։ Գրեթե բոլոր դեպքերում կրոնական առաջնորդները թիկունք են կանգնել միմյանց դեմ պայքարող ազգերից կամ միևնույն ազգին պատկանող խմբավորումներից որևէ մեկին և նույնը հրահրել են իրենց հետևորդներին։ Ի՞նչ հետևանքով. հետևանքն այն է, որ միևնույն կրոնը դավանող մարդիկ սպանում են իրար միայն այն պատճառով, որ տարբեր ազգի կամ ցեղի են պատկանում։ Իսկ դա, անշուշտ, հակառակ է Աստծո կամքին (Ա Յովհաննէս 3։10–12; 4։8, 20)։
13. Ի՞նչ են ցույց տալիս փաստերը Եհովայի վկաների չեզոքության մասին։
13 Եհովայի վկաները, սակայն, բացարձակ չեզոք դիրք են բռնել բոլոր ընդհարումների ժամանակ։ «Դիտարանի» 1939 թ. նոյեմբերի 1–ի համարում (անգլ.) կարդում ենք. «Բոլոր նրանք, ովքեր Տիրոջ կողմն են դիրք բռնել, ազգերի պատերազմներում չեզոքություն պետք է պահպանեն»։ Այսօր նման դիրքորոշում ունեն ցանկացած ազգի պատկանող և ցանկացած հանգամանքներում ապրող Եհովայի վկաները։ Նրանք թույլ չեն տալիս, որ աշխարհը պառակտող քաղաքականությունն ու պատերազմները քայքայեն իրենց միջազգային եղբայրությունը։ Նրանք ձուլում են «իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ»։ Լինելով չեզոք՝ նրանք այլևս չեն սովորում պատերազմել (Եսայիա 2։3, 4; Բ Կորնթացիս 10։3, 4)։
14. Ի՞նչ հալածանքներ են կրել Եհովայի վկաները աշխարհից զատված մնալու պատճառով։
14 Ի՞նչ հետևանքներ է ունեցել նրանց չեզոքությունը։ Դրանցից մեկի մասին Հիսուսը ժամանակին ասել է. «Որովհետեւ աշխարհքիցը չէք, .... նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Յովհաննէս 15։19)։ Բազմաթիվ Եհովայի վկաներ բանտարկվել են միայն այն պատճառով, որ Աստծուն են ծառայում։ Շատերն էլ, առաջին դարի քրիստոնյաների նման, չարչարվել են, նույնիսկ սպանվել։ Եվ այս ամենի պատճառն այն է, որ Սատանան՝ «այս աշխարհքի աստուածը», հակառակություն է ցույց տալիս Եհովայի ծառաներին, որոնք զատված են իր իշխանության տակ գտնվող այս աշխարհից (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 12։12)։
15. ա) Դեպի ո՞ւր են ընթանում բոլոր ազգերը։ բ) Ինչո՞ւ է աշխարհից զատված լինելն այդքան կարևոր։
15 Եհովայի ծառաները երջանիկ են, որ այս աշխարհից չեն, քանի որ աշխարհի բոլոր ազգերը ընթանում են դեպի կործանում Արմագեդոնին (Դանիէլ 2։44; Յայտնութիւն 16։14, 16; 19։11–21)։ Մենք էլ կարող ենք զերծ մնալ այդ ոչնչացումից, եթե աշխարհից հեռու մնանք։ Որպես միավորված ժողովուրդ՝ մենք նվիրված ենք Աստծո երկնային Թագավորությանը։ Ճիշտ է, աշխարհից զատված լինելու պատճառով շատերն են մեզ ծաղրում ու հալածում։ Սակայն շուտով վերջ կտրվի դրան, քանի որ Սատանայի իշխանության տակ գտնվող ներկա չար աշխարհը մեկընդմիշտ կբնաջնջվի։ Իսկ Եհովային ծառայողները կդառնան Աստծո Թագավորության իշխանության ներքո արդար, նոր աշխարհի հավիտենական բնակիչները (Բ Պետրոս 3։10–13; Ա Յովհաննէս 2։15–17)։
Կրկնենք թեման
• Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, թե ինչ է նշանակում «աշխարհքիցը չ[լինելը]»։
• Ինչպե՞ս էին վաղեմի քրիստոնյաները վերաբերվում ա) աշխարհի ոգուն, բ) աշխարհի իշխաններին, գ) հարկերը վճարելուն։
• Ի՞նչ միջոցներով են Եհովայի վկաները ցույց տալիս իրենց քրիստոնեական չեզոքությունն այսօր։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 165–րդ էջի վրա]
Հիսուսը բացատրեց, որ ինքը և իր հետևորդները «աշխարհքիցը չ[էին]»