Նրա մասին բոլոր մարգարեներն են վկայել
Չորրորդ գլուխ
Նրա մասին բոլոր մարգարեներն են վկայել
1. Հիսուս Քրիստոսի մինչմարդկային կյանքի մասին ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ նրա ու Եհովայի միջև մտերիմ փոխհարաբերություններ էին հաստատված։
«ՀԱՅՐԸ սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է» (Յովհաննէս 5։20)։ Ինչպիսի՜ ջերմ փոխհարաբերություններ Որդու և Հոր՝ Եհովայի միջև։ Այդ մտերիմ փոխհարաբերությունները սկիզբ առան Որդու ստեղծման օրից, նրա որպես մարդ ծնվելուց անհամար հազարամյակներ առաջ։ Նա Աստծո միածին Որդին էր, միակը, որին Եհովան մենակ ստեղծեց։ Իսկ ամեն բան երկնքում և երկրի վրա ստեղծվել է այս քնքշորեն սիրված առաջնեկ Որդու միջոցով (Կողոսացիս 1։15, 16)։ Նա նաև ծառայում էր որպես Աստծո Խոսք՝ Պատգամավոր, որի միջոցով Աստծո կամքը հաղորդվում էր մյուսներին։ Հենց այս՝ Աստծո կողմից հատուկ սիրված Որդին դարձավ Հիսուս Քրիստոս մարդը (Առակաց 8։22–30; Յովհաննէս 1։14, 18; 12։49, 50)։
2. Որքա՞ն մեծ է Հիսուսի դերը աստվածաշնչյան մարգարեություններում։
2 Նախքան առաջնեկ Որդու որպես մարդ հրաշքով ծնվելը՝ արդեն բազում մարգարեություններ էին գրվել նրա մասին։ Պետրոս առաքյալը Կոռնելիոսին վկայություն տալիս ասաց. «Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին» (Գործք 10։43)։ Հիսուսի դերը՝ նկարագրված Աստվածաշնչում, այնքան մեծ է, որ հրեշտակներից մեկը Հովհաննես առաքյալին ասաց. «Յիսուսի [մասին] վկայութիւնը մարգարէութեան հոգին է» (Յայտնութիւն 19։10)։ Այդ մարգարեությունները հստակորեն ցույց էին տալիս, որ նա է Մեսիան և մատնացույց էին անում այն, թե Աստծո նպատակների կատարման մեջ ինչ տարբեր դերեր նա պիտի ունենար։ Այս ամենը պետք է որ խորապես հետաքրքրի մեզ։
Ինչ են բացահայտել մարգարեությունները
3. ա) Ծննդոց 3։15–ի մարգարեության մեջ ո՞վ է ներկայացնում օձին, ‘կնոջը’ և ‘օձի սերնդին’։ բ) Ինչո՞ւ ‘օձի գլուխը ջախջախելը’ պետք է մեծապես հետաքրքրի Եհովայի ծառաներին։
3 Այդ մարգարեություններից առաջինն ասվեց Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո։ Եհովան ասաց օձին. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Այդ մարգարեությունն իրականում Սատանային էր ուղղված, որը ներկայացված է որպես օձ։ ‘Կինը’ Եհովային անձնվիրաբար ծառայող հրեշտակներից բաղկացած նրա երկնային կազմակերպությունն է, որը Եհովայի համար հավատարիմ կնոջ պես է։ ‘Օձի սերունդը’ ընդգրկում է այն բոլոր հրեշտակներին ու մարդկանց, ովքեր Սատանայի ոգին են ցուցաբերում՝ հակառակվելով Եհովային ու նրա ժողովրդին։ ‘Օձի գլուխը ջախջախելը’ նշանակում է ապստամբ Սատանայի վերջնական կործանումը. այն հոգևոր անձնավորության, ով զրպարտեց Եհովային և մարդկությանը ցավ ու տառապանք բերեց։ Իսկ ո՞վ էր հանդիսանում ‘սերնդի’ գլխավոր մասը, որը պիտի ջախջախեր օձի գլուխը։ Դարերի ընթացքում դա մի ‘խորհուրդ’ էր (Հռովմայեցիս 16։20, 25, 26)։
4. Ինչպե՞ս է Հիսուսի տոհմաբանությունն ապացուցում, որ նա է խոստացված Սերունդը։
4 Մարդկության պատմության մոտ 2 000–րդ տարում Եհովան լրացուցիչ մանրամասնություններ ներկայացրեց։ Նա նշեց, որ Սերունդը պետք է հայտնվեր Աբրահամի տոհմից (Ծննդոց 22։15–18)։ Սակայն դեպի Սերունդը տանող տոհմաբանական գիծը կախված էր ոչ թե զուտ մարմնական սերնդից, այլ Աստծո ընտրությունից։ Չնայած Աբրահամը սիրում էր Հագարից ծնված իր որդի Իսմայելին, Եհովան ասաց նրան. «Իմ ուխտը կ’հաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կ’ծնէ» (Ծննդոց 17։18–21)։ Ավելի ուշ այդ ուխտը հաստատվեց ոչ թե Իսահակի առաջնեկի՝ Եսավի, այլ նրա եղբայր Հակոբի հետ, որից էլ առաջացան Իսրայելի 12 ցեղերը (Ծննդոց 28։10–14)։ Ժամանակի ընթացքում նշվեց, որ Սերունդը պիտի ծնվեր Հուդայի ցեղից և ապա՝ նրա ցեղից եկող Դավթի տոհմից (Ծննդոց 49։10; Ա Մնացորդաց 17։3, 4, 11–14)։
5. Հիսուսի երկրային ծառայության սկզբում ի՞նչը ակնհայտ դարձրեց, որ նա էր Մեսիան։
5 Իսկ որո՞նք են Սերունդը բնորոշող մյուս ապացույցները։ Խոստացված Սերնդի որպես մարդ ծնվելուց ավելի քան 700 տարի առաջ Գրություններում մատնանշվեց, որ նրա ծննդավայրը լինելու է Բեթլեհեմ քաղաքը։ Նաև նշվեց, որ Սերնդի «ելքը վաղուց՝ յաւիտենական օրերից է», այն ժամանակվանից, երբ նա ստեղծվեց երկնքում (Միքիա 5։2)։ Իսկ Դանիել մարգարեի միջոցով մարգարեացվել էր երկրի վրա որպես Մեսիա նրա հայտնվելու ճշգրիտ ժամանակը (Դանիէլ 9։24–26)։ Եվ երբ Հիսուսն օծվեց սուրբ ոգով ու այդ պահին դարձավ Եհովայի Օծյալը, Աստված անձամբ երկնքից վկայեց, որ նա է իր Որդին (Մատթէոս 3։16, 17)։ Սերունդը երևան եկավ... Հետևաբար՝ Փիլիպպոսը համոզվածությամբ կարող էր ասել. «Նա որի մասին գրեց Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ Յովսէփի որդի Յիսուսին» (Յովհաննէս 1։45)։
6. ա) Հիսուսի մահից հետո ի՞նչ հասկացան նրա հետևորդները։ բ) Ո՞վ էր ‘կնոջ սերնդի’ գլխավոր մասը, և ի՞նչ է նշանակում այն, որ նա ‘օձի գլուխը կջախջախի’։
6 Ժամանակի ընթացքում Հիսուսի հետևորդները հասկացան, որ նրա մասին բազում մարգարեական վկայակոչումներ կան, որոնք ներշնչված Գրությունների մի մասն են կազմում (Ղուկաս 24։27)։ Ավելի հստակ դարձավ, որ Հիսուսն է ‘կնոջ սերնդի’ գլխավոր մասը. նա է, որ ‘օձի գլուխը պիտի ջախջախի’՝ ոչնչացնի Սատանային։ Հիսուսի միջոցով է, որ պետք է իրագործվեն մարդկությանը վերաբերող Աստծո բոլոր խոստումները. խոստումներ, որոնց անձկությամբ սպասում ենք (Բ Կորնթացիս 1։20)։
7. Մարգարեություններում նշված Անձնավորությանը բնորոշելուց բացի՝ ի՞նչն է օգտակար հասկանալ։
7 Ինչպիսի՞ ազդեցություն պետք է թողնի այս ամենը մեզ վրա։ Աստվածաշունչը պատմում է մի եթովպացի ներքինու մասին, որը կարդում էր Փրկչի և Մեսիայի գալստյանը վերաբերող վերոհիշյալ մարգարեություններից մի քանիսը։ Կարդացածը չհասկանալով՝ նա շփոթված հարցրեց Փիլիպպոսին. «Մարգարէն սա ո՞ւմ համար է ասում»։ Պատասխանը ստանալուց հետո ներքինին դրանով չբավարարվեց։ Փիլիպպոսի բացատրությունն ուշադրությամբ լսելուց հետո նա հասկացավ, որ իր կողմից քայլեր են պահանջվում, որպեսզի իր երախտագիտությունը ցույց տա կատարված այդ մարգարեության համար։ Նա հասկացավ, որ անհրաժեշտ է մկրտվել (Գործք 8։32–38; Եսայիա 53։3–9)։ Իսկ դո՞ւ։
8. ա) Ինչի՞ նախանշանն էր հանդիսանում Աբրահամի արարքը, երբ նա պետք է զոհաբերեր Իսահակին։ բ) Ինչո՞ւ Եհովան Աբրահամին ասաց, որ բոլոր ազգերը նրանից եկող Սերնդի միջոցով կօրհնվեն, և ի՞նչ առնչություն ունի դա մեզ հետ։
8 Ե՛կ մտածենք նաև այն ազդեցիկ պատմության մասին, երբ Աբրահամը զոհաբերում էր Սարրայից ծնված իր միակ որդուն՝ Իսահակին (Ծննդոց 22։1–18)։ Այդ արարքը նախանշանն էր այն բանի, թե ինչ պետք է աներ Եհովան. նա պետք է զոհաբերեր իր միածին Որդուն. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Դա մեզ վստահություն է ներշնչում, քանի որ եթե Եհովան իր միածին Որդուն տվեց, որպեսզի իրագործվի իր նպատակը, ուրեմն նա նաև ‘ամեն բան կշնորհի մեզ’ (Հռովմայեցիս 8։32)։ Բայց իր հերթին ի՞նչ է մեզանից պահանջվում։ Ինչպես արձանագրված է Ծննդոց 22։18–ում, Եհովան Աբրահամին ասաց, որ բոլոր ազգերը նրանից եկող Սերնդի միջոցով կօրհնվեն ‘նրա համար, որ [Աբրահամը Եհովայի] ձայնին ականջ դրեց’։ Մենք էլ պետք է լսենք Եհովային և իր Որդուն. «Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ» (Յովհաննէս 3։36)։
9. Եթե երախտապարտ ենք հավիտենական կյանքի հույսի համար, որը հնարավոր է դարձել Հիսուսի զոհագործության շնորհիվ, ի՞նչ պետք է անենք։
9 Եթե երախտապարտ ենք հավիտենական կյանքի հույսի համար, որը հնարավոր է դարձել Հիսուսի զոհագործության շնորհիվ, մեր մեջ ցանկություն կառաջանա անելու այն ամենը, ինչ որ Եհովան պատվիրում է մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այդ բոլորի հիմքում սերն է ընկած՝ Աստծո և մերձավորի հանդեպ սերը (Մատթէոս 22։37–39)։ Հիսուսը ցույց տվեց, որ մեր սերն առ Աստված պետք է մղի մեզ սովորեցնելու մյուսներին ‘պահել ամեն ինչ, որ Հիսուսը պատվիրեց մեզ’ (Մատթէոս 28։19, 20)։ Նաև պիտի ցանկանանք այդ սերը տարածել Եհովայի հավատարիմ երկրպագուների վրա, որոնց հետ կանոնավորաբար ‘ժողովվում ենք’ (Եբրայեցիս 10։25; Գաղատացիս 6։10)։ Իսկ լսելով Աստծուն և իր Որդուն՝ չպիտի մտածենք, որ նրանք մեզանից կատարելություն են պահանջում։ Եբրայեցիս 4։15–ում ասվում է, որ Հիսուսը, լինելով մեր քահանայապետը, ‘մեր տկարություններին կարեկից է լինում’։ Որքա՜ն մխիթարիչ է դա մեզ համար, հատկապես երբ աղոթքով մոտենում ենք Աստծուն Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի վերջինիս օգնությամբ կարողանանք հաղթահարել մեր տկարությունները (Մատթէոս 6։12)։
Հավատ ցուցաբերիր Քրիստոսի հանդեպ
10. Ինչո՞ւ էր փրկությունը հնարավոր միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։
10 Երուսաղեմի հրեական Ատյանի առջև Հիսուսի մասին մարգարեությունը պարզաբանելուց հետո Պետրոս առաքյալը տպավորիչ խոսքերով եզրափակեց. «Էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ» (Գործք 4։12)։ Քանի որ Ադամի բոլոր ժառանգները մեղքի մեջ են ծնվել, նրանց մահը չունի այն արժեքը, որը կարող է կիրառվել որպես փրկանք որևէ մեկի համար։ Սակայն Հիսուսը կատարյալ էր, և նրա կյանքը քավիչ ուժ ուներ (Սաղմոս 49։6–9; Եբրայեցիս 2։9)։ Նա Աստծուն մատուցեց մի փրկանք, որը լիովին համարժեք էր Ադամի կորցրած կատարյալ կյանքին (Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Դա մեր առջև Աստծո նոր աշխարհում հավիտենական կյանքի դուռ բացեց։
11. Բացատրիր, թե ինչպես կարող է Հիսուսի զոհաբերությունը մեծ օգուտներ բերել մեզ։
11 Փրկանքը մեզ հնարավորություն է տալիս օգուտներ քաղելու նույնիսկ հիմա։ Օրինակ՝ թեև մեղավոր ենք, սակայն Հիսուսի զոհաբերության շնորհիվ մեղքերի թողություն ստանալով՝ կարող ենք մաքուր խիղճ ձեռք բերել։ Դա անհամեմատ ավելին է, քան կարող էին ձեռք բերել իսրայելացիները՝ Մովսիսական օրենքով պահանջվող անասնական զոհեր մատուցելով (Գործք 13։38, 39; Եբրայեցիս 9։13, 14; 10։22)։ Այնուամենայնիվ, որպեսզի թողություն ստանանք, պետք է անկեղծորեն ընդունենք, որ Քրիստոսի զոհաբերության կարիքն ունենք. «Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից» (Ա Յովհաննէս 1։8, 9)։
12. Ինչո՞ւ է ջրի մկրտությունն անհրաժեշտ քայլ Աստծո առջև բարի խղճմտանք ձեռք բերելու համար։
12 Ինչպե՞ս կարող են մեղավոր մարդիկ Հիսուսի և նրա զոհաբերության հանդեպ հավատ դրսևորել։ Երբ առաջին դարում մարդիկ քրիստոնյա դարձան, նրանք հրապարակավ դրսևորեցին իրենց հավատը։ Ինչպե՞ս։ Մկրտվելով։ Ինչո՞ւ. որովհետև Հիսուսը պատվիրեց, որ իր բոլոր աշակերտները մկրտվեն (Մատթէոս 28։19, 20; Գործք 8։12; 18։8)։ Անհատին ոչինչ ետ չի պահի այդ քայլն անելուց, եթե իր սրտում նա երախտագիտության զգացում ունի այն թանկարժեք պարգևի համար, որը Եհովան մատուցել է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այդպիսի անհատը հարկ եղած փոփոխությունները կմտցնի իր կյանքում, աղոթքով կնվիրվի Եհովային և իր նվիրումը կխորհրդանշի ջրի մկրտությամբ։ Հավատի նման դրսևորման միջոցով է, որ նա Աստծուն խնդրանք է ուղղում, որպեսզի «բարի խղճմտանք» ձեռք բերի (Ա Պետրոս 3։21)։
13. Եթե գիտենք, որ մեղք ենք գործել, ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։
13 Ինչ խոսք, մեղավոր հակումները նույնիսկ մկրտությունից հետո կշարունակեն ի հայտ գալ։ Ի՞նչ անել։ Հովհաննես առաքյալն ասաց. «Սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար» (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ինչ մեղք էլ գործենք, կարող ենք ներում ստանալ, եթե այդ մասին միայն աղոթենք Աստծուն։ Ոչ։ Ներում ստանալու բանալին անկեղծ զղջումն է։ Օգնության կարիք կարող է զգացվել քրիստոնեական ժողովի ավելի տարեց ու փորձառու անհատների կողմից։ Մենք պետք է խոստովանենք, որ սխալ ենք թույլ տվել ու անկեղծորեն զղջանք մեր արածի համար, ինչպես նաև լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի դա չկրկնվի (Գործք 3։19; Յակոբոս 5։13–16)։ Այդպես վարվելով՝ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն իր օգնության ձեռքը կմեկնի մեզ, և մենք կկարողանանք դարձյալ շահել Եհովայի բարեհաճությունը։
14. ա) Բացատրիր, թե Հիսուսի զոհաբերությունը է՛լ ինչ հրաշալի օգուտ է բերել մեզ։ բ) Եթե իրոք հավատ ունենք, ի՞նչ պետք է անենք։
14 Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը երկնքում հավիտյան ապրելու հնարավորության դուռ է բացել «փոքր հոտի» համար, որ Ծննդոց 3։15–ում հիշատակված սերնդի լրացուցիչ մասն է կազմում (Ղուկաս 12։32; Գաղատացիս 3։26–29)։ Այդ զոհաբերությունը նաև երկրային դրախտում հավիտյան ապրելու հնարավորություն է ընձեռել միլիարդավոր այլ մարդկանց (Սաղմոս 37։29; Յայտնութիւն 20։11, 12; 21։3, 4)։ Հավիտենական կյանքը «Աստուծոյ շնորհք[ն է]՝.... մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23; Եփեսացիս 2։8–10)։ Եթե մենք հավատով ենք լցված այդ ‘շնորհի’՝ պարգևի հանդեպ և երախտապարտ ենք այն բանի համար, թե ինչ ճանապարհով է այդ կյանքը հնարավոր դարձել, ուրեմն դա բացահայտորեն ցույց կտանք։ Եթե գիտակցում ենք, թե ի՜նչ զարմանալի ձևով է Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով իր կամքը կատարել, և թե յուրաքանչյուրիս համար որքա՜ն կարևոր է ճշգրտորեն հետևել Հիսուսի հետքերին, ապա քրիստոնեական ծառայությունը կդարձնենք մեր կյանքի ամենակարևոր գործունեությունը։ Մեր հավատը հայտնի կլինի, եթե Աստծո այդ հոյակապ նվերի մասին ուրիշներին էլ համոզվածությամբ պատմենք (Գործք 20։24)։
15. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը նպաստում միասնությանը։
15 Ի՜նչ հիասքանչ և միասնությանը նպաստող ազդեցություն ունի նման հավատը։ Վերջինիս օգնությամբ մենք մտերմանում ենք Եհովայի և նրա Որդու հետ, ինչպես նաև քրիստոնեական ժողովում մեր հավատակիցների հետ (Ա Յովհաննէս 3։23, 24)։ Այդ միասնությանը նպաստող հավատը մեզ նաև ուրախություն է պատճառում, քանի որ Եհովան իր Որդուն սիրով «մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է [բացի Աստծո անունից]. որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ փառքի համար» (Փիլիպպեցիս 2։9–11)։
Կրկնենք թեման
• Մեսիայի հայտնվելուց հետո ինչո՞ւ էր նրա բնորոշումն ակնհայտ բոլոր նրանց համար, ովքեր իրոք հավատում էին Աստծո Խոսքին։
• Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ցույց տանք մեր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի զոհաբերության դիմաց։
• Ի՞նչ օգուտներ է մեզ արդեն բերել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։ Երբ աղոթում ենք Եհովային՝ մեղքերի թողություն ստանալու համար, ո՞ր դեպքում Քրիստոսի զոհաբերությունը կօգնի մեզ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 36–րդ էջի վրա]
Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին, որ նրանք սովորեցնեն մարդկանց Աստծո պատվիրանները պահել