Շարունակիր համարձակորեն քարոզել Աստծո Խոսքը
Տասնիններորդ գլուխ
Շարունակիր համարձակորեն քարոզել Աստծո Խոսքը
1. ա) Ի՞նչ բարի լուր էին քարոզում Հիսուսի աշակերտները, և հրեաներից ոմանք ինչպե՞ս արձագանքեցին այդ լուրին։ բ) Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։
ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 2 000 տարի առաջ Եհովա Աստված իր Որդի Հիսուս Քրիստոսին Թագավոր օծեց ապագայում ամբողջ երկրի վրա իշխելու համար։ Կրոնական հակառակորդների սադրանքով նրան մահապատժի ենթարկեցին, սակայն Եհովան նրան հարություն տվեց։ Այսպիսով՝ Հիսուսի միջոցով հնարավոր դարձավ հավիտենական կյանքը։ Իսկ երբ նրա աշակերտները սկսեցին հրապարակայնորեն քարոզել այդ հրաշալի լուրը, հալածանքների մեծ ալիք բարձրացավ նրանց դեմ։ Ոմանք բանտարկվեցին, նույնիսկ խարազանվեցին և հրաման ստացան Հիսուսի մասին չխոսել (Գործք 4։1–3, 17; 5։17, 18, 40)։ Ի՞նչ արեցին նրանք։ Իսկ ի՞նչ կանեիր դո՛ւ նման իրավիճակում հայտնվելիս։ Կշարունակեի՞ր համարձակորեն քարոզել բարի լուրը։
2. ա) Ի՞նչ հրաշալի լուր է պետք հռչակել այսօր։ բ) Ո՞վ առանձնաշնորհում ունի բարի լուրը քարոզելու։
2 Աստծո Թագավորության Թագավոր Հիսուս Քրիստոսը 1914 թ.–ին գահակալվեց երկնքում, որպեսզի իշխի «[իր] թշնամիների մէջ» (Սաղմոս 110։2)։ Այդ իրադարձությունից հետո Սատանան և իր դևերը վայր գցվեցին երկրի վրա (Յայտնութիւն 12։1–5, 7–12)։ Այդ ժամանակվանից սկսվեցին ներկա չար համակարգի վերջին օրերը։ Երբ այդ օրերն ավարտվեն, Աստված կոչնչացնի Սատանայի իշխանության տակ գտնվող ներկա ողջ համակարգը (Դանիէլ 2։44; Մատթէոս 24։21)։ Նրանք, ովքեր կվերապրեն այս կործանումից, հնարավորություն կունենան հավիտենական կյանքով ապրելու մի երկրում, որը դրախտի է վերածվելու։ Եթե դու ընդունել ես այս բարի լուրը, անշուշտ կցանկանաս այդ մասին ուրիշներին էլ պատմել (Մատթէոս 24։14)։ Իսկ ի՞նչ արձագանք կարող ես ակնկալել։
3. ա) Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում Թագավորության պատգամին։ բ) Ի՞նչ հարցի առջև ենք մենք այսօր կանգնած։
3 Թագավորության բարի լուրը քարոզելիս ոմանք գուցե ընդունեն այն, մինչդեռ մարդկանց մեծամասնությունը անտարբերություն ցույց կտա (Մատթէոս 24։37–39)։ Կլինեն մարդիկ, ովքեր կծաղրեն կամ կհակառակվեն քեզ։ Ինչպես զգուշացրեց Հիսուսը, այդ հակառակությունը կարող է գալ հենց քո հարազատների կողմից (Ղուկաս 21։16–19)։ Հնարավոր է՝ աշխատակիցներդ կամ համադասարանցիներդ լինեն հակառակվողները։ Այսօր որոշ երկրներում Եհովայի վկաների գործունեությունը պետականորեն արգելված է։ Այդպիսի պարագաներում հայտնվելիս կշարունակե՞ս արդյոք համարձակորեն քարոզել Աստծո պատգամը, ‘հաստատ կմնա՞ս հավատի մեջ’ (Ա Կորնթացիս 16։13)։
Քո զորությանը մի ապավինիր
4. ա) Որպեսզի ցույց տանք, որ Եհովայի հավատարիմ ծառաներն ենք, ի՞նչ պետք է անենք։ բ) Ինչո՞ւ է այդքան կարևոր քրիստոնեական հանդիպումներին հաճախելը։
4 Եհովայի հավատարիմ ծառան լինելու համար կարևոր է ամուր կառչել նրա տված պարգևներին։ Այդ պարգևներից են ժողովի հանդիպումները։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս չթողնել այդ հանդիպումները (Եբրայեցիս 10։23–25)։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել են Եհովային, ջանքեր են գործադրել, որպեսզի կանոնավորաբար հաճախեն այդ հանդիպումներին։ Այդ հանդիպումների ժամանակ մենք հարստացնում ենք Աստվածաշնչի մեր գիտելիքները։ Նաև խորացնում ենք հիմնական ուսուցումների մեր հասկացողությունը և կյանքում դրանք կիրառելու նոր ուղիների մասին ենք սովորում։ Մտերմանում ենք մեր քրիստոնյա եղբայրների հետ Եհովային միասնաբար երկրպագելու մեջ և զորություն ենք ստանում Աստծո կամքը կատարելու համար։ Եհովայի ոգին ժողովի միջոցով մեզ առաջնորդություն է տալիս, և այդ ոգու շնորհիվ Հիսուսի ներկայությունն ենք զգում (Մատթէոս 18։20; Յայտնութիւն 3։6)։
5. Ինչպե՞ս են անցկացվում ժողովի հանդիպումներն այն վայրերում, որտեղ Վկաների գործունեությունն արգելված է։
5 Կանոնավորաբար հաճախո՞ւմ ես ժողովի բոլոր հանդիպումներին և կյանքում կիրառո՞ւմ ես այն ամենը, ինչ որ լսում ես այնտեղ։ Այն վայրերում, որտեղ Եհովայի վկաների գործունեությունը պետականորեն արգելված է, երբեմն անհրաժեշտ է լինում հանդիպումները բնակարաններում անցկացնել փոքր խմբերով։ Հանդիպումների վայրն ու ժամը կարող են տարբեր լինել և ոչ այնքան հարմար. հնարավոր է՝ դրանցից մի քանիսը նույնիսկ ուշ երեկոյան անցկացվեն։ Սակայն, չնայած վտանգներին կամ անձնական անհարմարություններին՝ մեր հավատարիմ եղբայրներն ու քույրերը ջանք չեն խնայում, որպեսզի ներկա գտնվեն յուրաքանչյուր հանդիպմանը։
6. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ապավինում ենք Եհովային, և դա ինչպե՞ս կօգնի մեզ շարունակել համարձակորեն քարոզել։
6 Որպեսզի ապավինենք Եհովային, պետք է միշտ սրտանց աղոթենք նրան և գիտակցենք, որ նրա օգնության կարիքն ունենք։ Նույնը կարելի՞ է ասել քո մասին։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը միշտ աղոթում էր Աստծուն (Ղուկաս 3։21; 6։12, 13; 22։39–44)։ Իսկ ցիցը բարձրացվելուց մի օր առաջ նա աշակերտներին պատվիրեց. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Մարկոս 14։38)։ Գուցե մեզ համար փորձություն լինի Թագավորության պատգամի հանդեպ մարդկանց դրսևորած անտարբերությունը, և դա պատճառ հանդիսանա, որ մենք նվազ ակտիվ դառնանք ծառայության մեջ։ Նաև հնարավոր է՝ փորձության մեջ ընկնենք, երբ մարդիկ մեզ ծաղրեն կամ հալածեն, և դրա հետևանքը լինի այն, որ պրոբլեմներից խուսափելու համար դադարենք քարոզել։ Սակայն եթե անկեղծորեն աղոթենք Աստծուն և համարձակորեն խոսելու համար խնդրենք իր ոգու օգնությունը, նման փորձությունները մեզ թևաթափ չեն անի (Ղուկաս 11։13; Եփեսացիս 6։18–20)։
Համարձակորեն տրված վկայություններ
7. ա) Ինչո՞ւ է «Գործք Առաքելոց» գրքի հաղորդագրությունը արժանի մեր ուշադրությանը։ բ) Պատասխանիր պարբերության տակ տրված հարցերին և բացատրիր, թե ինչպես կարող է այդ տեղեկությունը օգտակար լինել մեզ համար։
7 «Գործք Առաքելոց» գրքում տեղ գտած հաղորդագրությունը արժանի է բոլորիս ուշադրությանը։ Այնտեղ խոսվում է այն մասին, թե առաքյալներն ու աշակերտները (մարդիկ, որոնք ունեցել են նույն այն զգացումները, ինչ որ մենք ունենք), ինչպես են դիմագրավել դժվարությունները և փաստել, որ Եհովայի համարձակ ու հավատարիմ վկաներն են։ Եկ ներքոհիշյալ հարցերի և վկայակոչված սուրբգրային համարների օգնությամբ քննարկենք մի հատված այդ հաղորդագրությունից։ Իսկ մինչ այդ, մտածիր, թե անձամբ դու ինչպես կարող ես օգուտներ քաղել այն համարներից, որոնք կկարդանք։
Առաքյալներն ունեի՞ն արդյոք բարձրագույն կրթություն։ Նրանք ի ծնե զե՞րծ էին վախի զգացումից՝ անկախ այն բանից, թե ինչ կպատահեր (Յովհաննէս 18։17, 25–27; 20։19; Գործք 4։13)։
Ի՞նչը Պետրոսին խիզախություն տվեց՝ համարձակորեն խոսելու Սինեդրիոնի՝ Ատյանի առջև, որը դատապարտել էր Աստծո Որդուն (Մատթէոս 10։19, 20; Գործք 4։8)։
Ի՞նչ գործ էին կատարում առաքյալները Սինեդրիոն բերվելուց առաջ՝ մի քանի շաբաթների ընթացքում (Գործք 1։14; 2։1, 42)։
Երբ իշխանները հրամայեցին առաքյալներին այլևս չքարոզել Հիսուսի անունով, ի՞նչ պատասխան տվեցին Պետրոսն ու Հովհաննեսը (Գործք 4։19, 20)։
Բանտարկությունից ազատվելուց հետո առաքյալները օգնության համար կրկին ո՞ւմ դիմեցին։ Խնդրեցի՞ն արդյոք նրանք, որ հալածանքին վերջ տրվեր. հապա ի՞նչ խնդրեցին (Գործք 4։24–31)։
Երբ հակառակորդները փորձում էին կանգնեցնել քարոզչական գործը, Եհովան ո՞ւմ միջոցով օգնեց իր ծառաներին (Գործք 5։17–20)։
Ինչպե՞ս առաքյալները ցույց տվեցին, որ հասկանում են, թե որն է իրենց ազատ արձակման պատճառը (Գործք 5։21, 41, 42)։
Նույնիսկ այն ժամանակ, երբ հալածանքների պատճառով աշակերտները ցրված էին, ո՞ր գործն էին շարունակում կատարել (Գործք 8։3, 4; 11։19–21)։
8. Ի՞նչ լավ արդյունքներ բերեց վաղեմի աշակերտների ծառայությունը, և ինչպե՞ս կարող ենք մենք էլ մասնակցել քարոզչական գործին։
8 Բարի լուրի քարոզչությունը անպտուղ գործ չէր։ Դա երևում է այն բանից, որ մ.թ. 33–ին Պենտեկոստեի օրը մոտ 3 000 հոգի մկրտվեց։ «Շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց» (Գործք 2։41; 4։4; 5։14)։ Ժամանակի ընթացքում քրիստոնյա դարձավ նույնիսկ տարսոնացի Սողոսը, որը դաժանորեն հալածում էր Աստծո ժողովրդին։ Նա սկսեց համարձակորեն քարոզել ճշմարտությունը և հետագայում հայտնի դարձավ Պողոս առաքյալ անունով (Գաղատացիս 1։22–24)։ Առաջին դարում սկսված գործը շարունակվում է մինչև օրս։ Այս վերջին օրերում այդ գործը մեծ թափ է ստացել և հասել մինչև երկրի բոլոր անկյունները։ Այդ գործին մասնակցելու առանձնաշնորհում ունենք նաև մենք, և մեզ համար կարող են օրինակ լինել նախկինում Աստծուն անձնվիրաբար ծառայած վկաները։
9. ա) Ի՞նչ կերպերով էր Պողոսը վկայություն տալիս։ բ) Իսկ ի՞նչ կերպերով ես դո՛ւ տարածում Թագավորության պատգամը։
9 Ի՞նչ քայլերի դիմեց Պողոսը, երբ իմացավ Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունը։ «Շուտով .... Քրիստոսին քարոզեց, թէ Սա է Աստուծոյ Որդին» (Գործք 9։20)։ Պողոսը երախտապարտ էր իր հանդեպ ցույց տրված Աստծո շնորհի համար և գիտակցում էր, որ բոլոր մարդիկ ունեն բարի լուրի կարիքը։ Նա ազգությամբ հրեա էր և համաձայն այն ժամանակվա սովորության՝ գնում էր ժողովարաններն ու քարոզում։ Պողոսը նաև քարոզում էր՝ տնից տուն գնալով, և զրուցում էր մարդկանց հետ շուկաներում։ Նա պատրաստ էր տեղափոխվել ուրիշ տարածքներ՝ բարի լուրը քարոզելու (Գործք 17։17; 20։20; Հռովմայեցիս 15։23, 24)։
10. ա) Ինչպե՞ս էր Պողոսը ցույց տալիս, որ քարոզելու գործում համարձակ լինելուց բացի՝ նաև խորաթափանց էր։ բ) Այդ հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին, երբ քարոզում ենք մեր բարեկամներին, աշխատակիցներին կամ համադասարանցիներին։
10 Բացի այն, որ Պողոսը համարձակ անձնավորություն էր՝ նա նաև խորաթափանց էր. մենք էլ պետք է աշխատենք այդպիսի հատկություններ մշակել մեր մեջ։ Իսկ ինչի՞ց էր երևում նրա խորաթափանցությունը. հրեաների հետ, օրինակ, նա խոսում էր նրանց նախահայրերին տված Աստծո խոստումների հիման վրա, որպեսզի գրավեր նրանց դեպի ճշմարտությունը։ Հույների հետ իր զրույցները հիմնում էր այնպիսի հասկացությունների վրա, որոնք ծանոթ էին նրանց։ Վկայություն տալիս նա երբեմն պատմում էր իր անձնական օրինակը, թե ինչպես է իմացել ճշմարտությունը։ «Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ»,— ասաց նա (Ա Կորնթացիս 9։20–23; Գործք 22։3–21)։
11. ա) Ի՞նչ էր անում Պողոսը, երբ հանդիպում էր հակառակորդների անվերջ հալածանքներին։ բ) Ո՞ր դեպքերում իմաստուն կլինի Պողոսի օրինակին հետևել, և ինչպե՞ս կարելի է դա անել։ գ) Որտեղի՞ց ենք զորություն ստանում քարոզչությունը համարձակորեն շարունակելու համար։
11 Երբ հակառակության պատճառով թվում էր, թե խելամիտ քայլ կլիներ միառժամանակ մեկ ուրիշ վայրում քարոզել, Պողոսն այդպես էլ վարվում էր։ Նա չէր համառում մնալ նույն վայրում և բախվել իր հակառակորդների անվերջ ընդհարումներին (Գործք 14։5–7; 18։5–7; Հռովմայեցիս 12։18)։ Սակայն նա երբեք չէր ամաչում բարի լուրը քարոզել (Հռովմայեցիս 1։16)։ Ինչ խոսք, հակառակորդների վիրավորական, նույնիսկ բռնի վերաբերմունքը տհաճ էր Պողոսին, սակայն նա ‘համարձակություն ստացավ մեր Աստծով’ շարունակել քարոզչությունը։ Նա ասաց. «Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի» (Ա Թեսաղոնիկեցիս 2։2; Բ Տիմոթէոս 4։17)։ Քրիստոնեական ժողովի Գլուխը՝ Քրիստոսը, շարունակում է զորացնել մեզ, որպեսզի մենք ի վիճակի լինենք կատարել այն գործը, որի մասին նա ինքն էր նախագուշակել մեր օրերի համար (Մարկոս 13։10)։
12. Ի՞նչն է ցույց տալիս, որ քրիստոնյաները համարձակորեն քարոզում են, և ի՞նչն է ընկած դրա հիմքում։
12 Մենք բոլոր հիմքերն ունենք շարունակելու Աստծո խոսքերը համարձակորեն քարոզելու գործը, ինչպես որ արեցին Հիսուսն ու առաջին դարի մյուս հավատարիմ ծառաները։ Դա չի նշանակում լինել անխոհեմ կամ ստիպել մարդկանց լսելու բարի լուրը, երբ նրանք չեն ցանկանում։ Սակայն մենք չենք դադարեցնում մեր գործը մարդկանց անտարբերության պատճառով, ոչ էլ լռում ենք հակառակության հանդիպելիս։ Հիսուսի նման, մենք էլ ենք ընդունում, որ Աստծո Թագավորությունը իրավասություն ունեցող միակ կառավարությունն է, որ իշխելու է ամբողջ երկրի վրա։ Մենք համարձակորեն ենք քարոզում, քանի որ ներկայացնում ենք Եհովային՝ Տիեզերքի Գերիշխանին, և քանի որ մեր հռչակած լուրը ոչ թե մեզանից է, այլ Եհովայից։ Իսկ Եհովայի հանդեպ սերը պետք է լինի մեր ամենամեծ մղումը՝ նրան փառաբանելու (Փիլիպպեցիս 1։27, 28; Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
Կրկնենք թեման
• Ինչո՞ւ է կարևոր Թագավորության պատգամը հաղորդել հնարավորին չափ շատ մարդկանց, սակայն ինչպիսի՞ վերաբերմունքի կարող ենք հանդիպել։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովային ծառայելիս չենք ապավինում մեր զորությանը։
• Ի՞նչ արժեքավոր դասեր ենք սովորում «Գործք Առաքելոց» գրքից։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկար 173–րդ էջի վրա]
Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Եհովայի ծառաները համարձակորեն քարոզում են Աստծո խոսքը