Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

‘Պատերազմ չար ոգիների հետ’

‘Պատերազմ չար ոգիների հետ’

Ութերորդ գլուխ

‘Պատերազմ չար ոգիների հետ’

1. Ինչո՞ւ չար ոգիների գործելակերպը պետք է մեզ հետաքրքրի։

 ԼՍԵԼՈՎ չար ոգիների գոյության մասին՝ շատերն են ծիծաղում։ Բայց չարժե ծիծաղել։ Հավատան մարդիկ, թե՝ ոչ, չար ոգիները ոչ միայն գոյություն ունեն, այլև ձգտում են ճնշում բանեցնել յուրաքանչյուր անհատի վրա։ Բացառություն չեն կազմում նաև Եհովայի երկրպագուները։ Դեռ ավելին՝ նրանք չար ոգիների գլխավոր թիրախն են։ Այդ մասին Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է. «Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ [անտեսանելի] իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների [«ոգիների», ԷԹ] հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12)։ Մեր օրերում չար ոգիների բանեցրած ճնշումն ավելի զորեղ է, քան երբևէ, որովհետև Սատանան երկնքից դուրս է նետվել ու մեծ բարկություն ունի՝ գիտենալով, որ իր ժամանակը սպառվում է (Յայտնութիւն 12։12

2. Ո՞ր դեպքում է հնարավոր գերմարդկային ոգիների դեմ պայքարում հաղթանակ տանել։

2Իսկ հնարավո՞ր է գերմարդկային հոգևոր ուժերի դեմ պայքարում հաղթանակ տանել։ Այո, եթե ամբողջությամբ Եհովային ապավինենք։ Պետք է լսենք նրան ու հնազանդվենք նրա Խոսքին։ Այդպես վարվելով՝ կարող ենք զգալի չափով խուսափել ֆիզիկական, բարոյական և էմոցիոնալ վնասներից, որ կրում են Սատանայի ազդեցության տակ գտնվող մարդիկ (Յակոբոս 4։7

‘Երկնավորների մեջ’ եղող ‘աշխարհի աշխարհակալները’

3. Ո՞ւմ դեմ է Սատանան դաժան պայքարի մեջ մտել և ո՞ւմ միջոցով է մղում այդ պայքարը։

3Եհովան պատկերավոր լեզվով նկարագրում է աշխարհի իրադրությունն այնպես, ինչպես տեսնում է իր բարձր դիրքից՝ երկնքից։ Նա Հովհաննես առաքյալին մի տեսիլք ցույց տվեց, որտեղ Սատանան պատկերված էր որպես մի «մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր»։ Այդ վիշապը պատրաստ էր առաջին իսկ հնարավորության դեպքում կուլ տալ Աստծո Մեսիական թագավորությունը, երբ այն ծնվեր երկնքում 1914 թ.–ին։ Դրանում ձախողվելով՝ նա դաժան պայքարի մեջ մտավ այդ Թագավորության երկրային ներկայացուցիչների հետ (Յայտնութիւն 12։3, 4, 13, 17)։ Իսկ ո՞ւմ միջոցով է նա մղում այդ պայքարը. իր մարդկային ներկայացուցիչների։

4. Ո՞վ է մարդկային կառավարությունների զորության և իշխանության աղբյուրը, և որտեղի՞ց է դա մեզ հայտնի։

4Դրանից հետո Հովհաննեսին ցույց տրվեց մի վայրի գազան, որն ուներ յոթ գլուխ և տասը եղջյուր։ Այն իշխանություն ուներ «ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ»։ Այդ գազանը ներկայացնում է համաշխարհային քաղաքական համակարգը։ Հովհաննեսին տեղեկացվեց, որ «վիշապը [Բանսարկու Սատանան] տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն» (Յայտնութիւն 13։1, 2, 7)։ Այո, Սատանան է մարդկային կառավարությունների զորության և իշխանության աղբյուրը։ Ուրեմն, ինչպես Պողոս առաքյալը գրեց, ‘աշխարհի [իսկական] աշխարհակալները չար ոգիներն են, որ երկնավորների մեջ են’, որոնք իրենց հսկողության տակ են պահում մարդկային կառավարությունները։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Եհովային երկրպագել, պետք է այս ամենն ըմբռնեն իր ողջ խորությամբ (Ղուկաս 4։5, 6

5. Քաղաքական ղեկավարներն այսօր ինչի՞ համար են հավաքվում։

5Թեև քաղաքական ղեկավարներից շատերը տարբեր կրոններ են դավանում, սակայն ոչ մի ազգ՝ ամբողջությամբ վերցրած, Եհովայի և իր նշանակած Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի ղեկավարությանը չի հպատակվում։ Նրանք բոլորը թեժ պայքար են մղում իրենց իսկ իշխանության համար։ Ինչպես ցույց է տալիս «Յայտնութիւն» գրքի արձանագրությունը, այսօր «դեւերի ոգիք», կամ՝ դևերի կողմից ներշնչված արտահայտությունները աշխարհի ղեկավարներին հավաքում են «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի»՝ Արմագեդոնի համար (Յայտնութիւն 16։13, 14, 16; 19։17–19

6. Ինչո՞ւ պետք է զգուշություն ցուցաբերենք, որպեսզի խուսափենք Սատանայի համակարգին աջակցելուց։

6Մարդիկ ամեն օր պառակտող ազդեցության են ենթարկվում քաղաքական, հասարակական, տնտեսական և կրոնական բախումների պատճառով։ Այդ ընդհարումների ժամանակ մարդիկ սովորաբար իրենց ազգի, ցեղի, լեզվաընտանիքի կամ հասարակական դասի կողմն են դիրք բռնում՝ լինի դա խոսքով թե գործով։ Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն չեն մասնակցում այդ ընդհարումներին, հաճախ հավանություն են տալիս հակամարտող կողմերից որևէ մեկին։ Սակայն անկախ այն բանից, թե որ անձնավորությանը, շարժմանը կամ ուղղությանն են թիկունք կանգնում՝ իրականում նրանք ո՞ւմ կողմն են դիրք բռնում։ Աստվածաշունչը միանշանակ պատասխան է տալիս. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [«ենթակա [է] Չարին», ԱՆԹ]» (Ա Յովհաննէս 5։19)։ Ինչպե՞ս խուսափել մյուսների նման մոլորության մեջ ընկնելուց. ամբողջությամբ աջակցելով միայն Աստծո Թագավորությանը և աշխարհում տեղի ունեցող ընդհարումների ժամանակ լիակատար չեզոքություն պահպանելով (Յովհաննէս 17։15, 16

Չարի խորամանկ հնարքները

7. Ինչպե՞ս է Սատանան վարպետորեն օգտագործում կեղծ կրոնը։

7Դարեր շարունակ Սատանան կազմակերպել է ֆիզիկական և այլ տեսակի հալածանքներ՝ ճշմարիտ երկրպագությունից մարդկանց հեռացնելու նպատակով։ Բացի այդ, նա կիրառել է շատ խարդախ հնարքներ՝ խորամանկություն և նենգություն։ Կեղծ կրոնի միջոցով նա վարպետորեն մարդկանց մեծամասնությանը խավարի մեջ է պահել՝ ընդ որում դրդելով նրանց հավատալ, որ Աստծուն են ծառայում։ Աստծո մասին ճշգրիտ գիտություն և ճշմարտության հանդեպ սեր չունենալով՝ այդ մարդիկ հրապուրվել են խորհրդավոր, էմոցիաներով զուգորդվող կրոնական արարողություններով կամ էլ տպավորվել ‘զորավոր’ գործերով (Բ Թեսաղոնիկեցիս 2։9, 10ա)։ Աստծո Խոսքը նախազգուշացնում է, որ նույնիսկ ճշմարիտ երկրպագուներից ոմանք «պիտի հեռանան.... եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների [«ուսմունքներու», Արևմտ. Աստ.] վրայ» (Ա Տիմոթէոս 4։1, ԷԹ)։ Իսկ ինչպե՞ս կարող է դա պատահել։

8. Ինչպե՞ս կարող է Սատանան հրապուրել անհատին՝ միանալու կեղծ կրոնին, նույնիսկ եթե նա Եհովային է երկրպագում։

8Խորամանկություն բանեցնելով՝ Բանսարկուն կարող է օգտագործել մարդկանց թուլությունները։ Անհատը մարդավախությո՞ւն ունի։ Եթե այո, ապա կարող է ճնշում զգալ ազգականների կամ հարևանների կողմից՝ մասնակցելու այնպիսի ծեսերի, որոնց արմատները կեղծ կրոնից են սկիզբ առնում։ Հպա՞րտ է. ուրեմն կարող է վիրավորվել խորհուրդ ստանալիս կամ այն դեպքերում, երբ մյուսները չեն պաշտպանում իր տեսակետը (Առակաց 15։10; 29։25; Ա Տիմոթէոս 6։3, 4)։ Փոխանակ Քրիստոսի օրինակին հետևելու և իր մտածելակերպը փոխելու՝ նման անհատը կարող է պաշտպանել նրանց կարծիքը, ովքեր «իր ականջներին հաճելի բաներ» են ասում, թե իբր բավական է միայն Աստվածաշունչ ընթերցելն ու ազնիվ կյանքով ապրելը (Բ Տիմոթէոս 4։3, ԷԹ)։ Սատանայի համար միևնույն է՝ անհատը այլ կրոնական ուղղության կմիանա, թե իր ուզած ձևով կպաշտի Աստծուն։ Նրա նպատակն է, որ մենք Եհովային չպաշտենք այնպես, ինչպես Աստված է մատնանշում իր Խոսքի և կազմակերպության միջոցով։

9. Ինչպե՞ս է Սատանան խորամանկորեն օգտագործում սեռային հարաբերությունները՝ իր նպատակներին հասնելու համար։

9Սատանան նաև խորամանկորեն հրապուրում է մարդկանց՝ սխալ ճանապարհով գոհացում տալու իրենց բնական ցանկություններին, ինչպես օրինակ՝ սեռային հարաբերությունների հարցում։ Մերժելով աստվածաշնչյան բարոյագիտությունը՝ աշխարհում շատերը մինչամուսնական սեռային հարաբերությունները համարում են լիովին թույլատրելի հաճույքի մի ձև կամ իրենց չափահասությունն ապացուցելու միջոց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անհատների մասին, ովքեր ամուսնացած են։ Նրանցից շատերը դավաճանում են իրենց կողակցին։ Նույնիսկ եթե նման բան չի կատարվում, քիչ չէ նրանց թիվը, ովքեր ամուսնալուծվում են կամ առանձնանում իրենց կողակցից՝ մեկ ուրիշի հետ ապրելու մտադրությամբ։ Սատանայի նենգ գործելակերպը հետևյալն է՝ ազդեցություն բանեցնել մարդկանց վրա, որպեսզի հիմա նրանք ապրեն միայն իրենց հաճույքի համար՝ հաշվի չառնելով, թե ինչպես կարող է դա անդրադառնալ մյուսների վրա և մանավանդ Եհովայի ու իր Որդու հետ իրենց ունեցած հարաբերությունների վրա (Ա Կորնթացիս 6։9, 10; Գաղատացիս 6։7, 8

10. Ինչի՞ միջոցով է Սատանան ջանում փոխել մեր մտածելակերպը անբարոյության ու բռնության հետ կապված հարցերում։

10Մեր դեմ Սատանայի օգտագործած հաջորդ զենքը զվարճանալու բնական ցանկությունն է։ Երբ այն բարերար է, կարող է ֆիզիկապես, մտային և էմոցիոնալ առումով թարմություն բերել։ Սակայն ի՞նչ ենք անում, երբ Սատանան ճարպկորեն փորձում է օգտագործել զվարճության առիթները՝ մեր մտածելակերպի վրա ազդելու համար, որպեսզի իրերին դադարենք նայել Աստծո տեսանկյունից։ Օրինակ՝ գիտենք, որ Եհովան ատում է սեռային անբարոյությունն ու բռնությունը։ Երբ նման բաներ ցուցադրվեն ֆիլմերում, հեռուստահաղորդումների կամ թատերական բեմականացումների ժամանակ, կշարունակե՞նք հանգիստ խղճով դիտել։ Հարկավոր է նաև հիշել, որ, իր բանտարկության ժամը մոտենալու հետ մեկտեղ, Սատանան ջանում է աշխարհը լցնել ավելի ստոր ու գարշելի գործերով, այնպես որ «չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով» (Բ Տիմոթէոս 3։13)։ Ուստի՝ պետք է միշտ զգոն լինենք, որպեսզի չընկնենք Սատանայի պատրաստած ծուղակները (Ծննդոց 6։13; Սաղմոս 11։5; Հռովմայեցիս 1։24–32

11. Ինչպե՞ս կարող է ոգեհարցության ծուղակն ընկնել նույնիսկ նա, ով, թեև գիտի ճշմարտությունը, սակայն զգոն չէ։

11Մեզ նաև հայտնի է, որ Եհովայի համար գարշելի են բոլոր նրանք, ովքեր զբաղվում են ոգեհարցության ցանկացած ձևով՝ գուշակությամբ, կախարդությամբ կամ մեռելահարցությամբ (Բ Օրինաց 18։10–12)։ Ի մտի ունենալով դա՝ մենք չենք խորհրդակցի ոգեհարցի հետ և իհարկե չենք հրավիրի նրան մեր տուն՝ կախարդության գործում իր վարպետությունը ցուցադրելու։ Սակայն կլսե՞նք արդյոք նրանց, երբ հայտնվեն մեր հեռուստաէկրաններին կամ Ինտերնետում։ Թեև բուժման համար երբեք չենք դիմի հեքիմին կամ էքստրասենսին՝ նրանից խորհուրդ հարցնելու նպատակով, արդյոք երեք անգամ կթակե՞նք որևէ առարկայի՝ վախենալով, որ մարդկանց կողմից մեզ ուղղված բարի խոսքերը չարիք կբերեն, աչքի ուլունք կկախե՞նք երեխայի դաստակից, հագուստից կամ վերմակից՝ վախենալով, որ, այսպես ասած, չար աչք կդիպչի նրան։ Գիտենալով, որ Աստվածաշունչը դատապարտում է կախարդությունը՝ թույլ կտա՞նք, որ հիպնոսարարը մեր մտքի վրա ազդեցություն գործի (Գաղատացիս 5։19–21

12. ա) Ինչպե՞ս կարող է երաժշտությունն ազդել մեզ վրա՝ դրդելով մեզ սխալ բաների մասին մտածել։ բ) Ինչպե՞ս կարող է անհատի հագվելակերպը, սանրվածքն ու խոսելաձևը ցույց տալ, որ նա հիացած է այն մարդկանցով, որոնց ապրելակերպը Եհովային դուր չի գալիս։ գ) Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք խուսափել Սատանայի խորամանկ հնարքների զոհը դառնալուց։

12Աստվածաշունչն ասում է. «Պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն.... թող [սխալ մղումներով] չ’անուանուի ձեզանում» (Եփեսացիս 5։3–5)։ Իսկ եթե նման թեմաներով երգեր են հնչում հաճելի մեղեդու, գրավիչ հարմոնիայի կամ աշխույժ ռիթմի ուղեկցությամբ, կկրկնե՞նք այդպիսի երգերի բառերը, որոնք փառաբանում են արտամուսնական սեռային հարաբերությունները, թմրամոլությունը կամ այլ սխալ գործեր։ Կամ եթե գիտենք, որ չպիտի ընդօրինակենք այնպիսի մարդկանց ապրելակերպը, ովքեր զբաղվում են նման գործերով, հակվա՞ծ ենք արդյոք մեր հագվելակերպով, սանրվածքով ու խոսելաձևով նմանվելու նրանց։ Որքա՜ն նենգ են Սատանայի մեթոդները, որոնք կիրառելով՝ նա հրապուրում է մարդկանց՝ ընդօրինակելու իր աղտոտված մտածելակերպը (Բ Կորնթացիս 4։3, 4)։ Նրա խորամանկ հնարքների զոհը չդառնալու համար պիտի խուսափենք աշխարհի «հոսանքի» մեջ ընկնելուց։ Պետք է հիշենք, թե ովքեր են ‘այս աշխարհի խավարի աշխարհակալները’ և հաստատակամորեն պայքարենք նրանց ազդեցության դեմ (Ա Պետրոս 5։8

Սպառազինվի՛ր, որպեսզի հաղթես

13. Չնայած անկատարությանը՝ ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը հաղթել Սատանայի ղեկավարած աշխարհին։

13Իր մահից առաջ Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33)։ Նրանք էլ կարող էին հաղթանակ տանել։ Մոտ 60 տարի հետո Հովհաննես առաքյալը գրեց. «Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է» (Ա Յովհաննէս 5։5)։ Մենք ցույց կտանք, որ այդպիսի հավատ ունենք, եթե հնազանդվենք Հիսուսի հրահանգներին և, ինչպես նա, վստահենք Աստծո Խոսքին։ Ուրիշ ի՞նչ է հարկավոր։ Պետք է կառչած մնանք այն ժողովին, որի գլուխն է Հիսուսը։ Իսկ եթե մեղք ենք գործել, պիտի անկեղծորեն զղջանք մեր արածի համար և Հիսուսի զոհաբերության հիման վրա Աստծուց թողություն խնդրենք։ Այսպիսով՝ չնայած մեր անկատարությանը և թույլ տված սխալներին՝ Հիսուսի նման մենք էլ կարող ենք հաղթել (Սաղմոս 130։3, 4

14. Կարդա Եփեսացիս 6։13–17 համարները և կիրառելով պարբերությանը հաջորդող հարցերն ու աստվածաշնչյան համարները՝ ցույց տուր, թե ինչ պաշտպանություն է իրենից ներկայացնում սպառազինության յուրաքանչյուր մասը։

14Հաղթանակի հասնելու համար հարկավոր է «Աստուծոյ սպառազինութիւնը» հագնել՝ չանտեսելով այդ սպառազինության և ոչ մի մասը։ Բաց արա, խնդրեմ, քո Աստվածաշնչում Եփեսացիս 6։13–17 համարները և ընթերցիր այդ սպառազինության նկարագրությունը։ Ապա պատասխանելով պարբերությանը հաջորդող հարցերին՝ մտածիր, թե ինչ պաշտպանություն է իրենից ներկայացնում սպառազինության յուրաքանչյուր մասը։

«Ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած»

Թեպետ գիտենք ճշմարտությունը, սակայն ինչպե՞ս է մեզ պաշտպանում կանոնավոր անձնական ուսումնասիրությունը, աստվածաշնչյան ճշմարտությունների մասին խորհելն ու ժողովներին ներկա գտնվելը (Ա Կորնթացիս 10։12, 13; Բ Կորնթացիս 13։5; Փիլիպպեցիս 4։8, 9

«Արդարութեան զրահը հագած»

Ո՞ւմ արդարության չափանիշներով ենք առաջնորդվում (Յայտնութիւն 15։3

Բացատրիր, թե հոգևոր առումով ինչո՞ւ է վնասակար Եհովայի արդար չափանիշներին չհետևելը (Բ Օրինաց 7։3, 4; Ա Թագաւորաց 15։22, 23

«Ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը»

Ինչո՞ւ է մեզ համար պաշտպանություն ‘կոշիկ հագնելը’, որպեսզի մարդկանց ավետենք Աստծո՝ խաղաղություն հաստատելու նպատակի մասին (Սաղմոս 73։2, 3; Հռովմայեցիս 10։15; Ա Տիմոթէոս 5։13)։

«Հաւատքի վահանն առէք»

Եթե ամուր հավատ ունենք, ինչպե՞ս պետք է հակազդենք մեր սրտում կասկածներ սերմանելու կամ վախ ներշնչելու փորձերին (Դ Թագաւորաց 6։15–17; Բ Տիմոթէոս 1։12)։

«Փրկութեան սաղաւարտն առէք»

Ինչպե՞ս է փրկության հույսն օգնում, որպեսզի խուսափենք նյութապաշտության ծուղակն ընկնելուց (Ա Տիմոթէոս 6։7–10, 19)։

«Հոգու սուրը»

Ինչի՞ վրա պետք է միշտ հույս դնենք, երբ պայքարում ենք կատաղի հարձակումների դեմ՝ ուղղված մեր կամ ուրիշների հոգևորությանը (Սաղմոս 119։98; Առակաց 3։5, 6; Մատթէոս 4։3, 4

Ուրիշ էլ ի՞նչն է կարևոր հոգևոր պայքարում հաջողության հասնելու համար։ Որքա՞ն հաճախ պետք է օգտվենք դրանից։ Ո՞ւմ մասին պետք է հիշենք (Եփեսացիս 6։18, 19

15. Ինչպե՞ս կարող ենք «գրոհել» հոգևոր պայքարում։

15Որպես Քրիստոսի զինվորներ՝ մենք հոգևոր պատերազմին մասնակցող մի մեծ բանակի մասն ենք կազմում։ Եթե զգոնություն պահպանենք և ամբողջությամբ օգտվենք Աստծո սպառազինությունից, չենք զոհվի այս պայքարում։ Ընդհակառակը՝ օգնության աղբյուր կլինենք մեզ հետ միասին մարտնչող Աստծո հավատարիմ ծառաների համար։ Մենք պատրաստ և եռանդուն կլինենք «գրոհելու»՝ տարածելով Աստծո Մեսիական թագավորության մասին բարի լուրը. Թագավորություն, որին այդքան մեծ ցասումով հակառակվում է Սատանան։

Կրկնենք թեման

• Ինչո՞ւ են Եհովայի երկրպագուները աշխարհում տեղի ունեցող ընդհարումների ժամանակ լիակատար չեզոքություն պահպանում։

• Որո՞նք ենք Սատանայի մի քանի խորամանկ հնարքները, որոնք նա կիրառում է քրիստոնյաներին հոգևորապես սպանելու համար։

• Ինչպե՞ս է Աստծո նախատեսած հոգևոր սպառազինությունը պաշտպանում մեզ մեր հոգևոր պայքարում։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 76–րդ էջի վրա]

Ազգերը հավաքվում են Արմագեդոն պատերազմին