Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Սէրը սերտ ունեցէք իրար հետ»

«Սէրը սերտ ունեցէք իրար հետ»

Տասնվեցերորդ գլուխ

«Սէրը սերտ ունեցէք իրար հետ»

1. Հաճախ ի՞նչն է տպավորում նրանց, ովքեր Եհովայի վկաների հանդիպումներին առաջին անգամ են այցելում։

 ԵՐԲ մարդիկ առաջին անգամ այցելում են Եհովայի վկաների ժողովը, նրանց վրա մեծ տպավորություն է թողնում Վկաների ցուցաբերած սերը։ Այդ սերը նրանք տեսնում են, երբ Վկաներն իրենց սրտաբաց ողջունում են, և երբ ջերմորեն շփվում են միմյանց հետ։ Այդ սերը նկատում են նաև նրանք, ովքեր այցելում են մեր համաժողովները։ Մի լրագրող համաժողովներից մեկի մասին հետևյալը գրեց. «Ներկաներից ոչ մեկը թմրանյութի կամ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ [չէ]։ Ոչ մի գոռգոռոց, ոչ մի աղմուկ ու հրմշտոց։ Ոչ մի ծեծկռտոց։ Ոչ ոք չի հայհոյում կամ վիրավորում մյուսին։ Ոչ մի անվայել կատակ, ոչ մի անպարկեշտ խոսք։ Ոչ ոք չի ծխում։ Ոչ մի գողություն։ Ոչ մի դատարկ շիշ գետնին չես տեսնի։ Իսկապես դա մի արտասովոր տեսարան էր»։ Այս ամենը սիրո ապացույց է, այնպիսի սիրո, որը «անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում» (ԷԹ) (Ա Կորնթացիս 13։4–8

2. ա) Ժամանակի ընթացքում ո՞ր չափով պետք է դրսևորենք մեր սերը։ բ) Ընդօրինակելով Քրիստոսին՝ ինչպիսի՞ սեր պետք է զարգացնենք մեր մեջ։

2Եղբայրական սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշան է (Յովհաննէս 13։35)։ Հոգևորապես աճելու հետ մեկտեղ՝ մենք սովորում ենք ավելի մեծ սեր դրսևորել։ Պողոս առաքյալը աղոթում էր, որ իր հավատակիցների սերը «աւելի եւ աւելի հարստանայ» (Փիլիպպեցիս 1։9)։ Հովհաննես առաքյալը նշեց, որ մենք պետք է անձնազոհ սեր դրսևորենք։ Նա գրեց. «Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը» (Ա Յովհաննէս 3։16; Յովհաննէս 15։12, 13)։ Արդյոք պատրա՞ստ ենք մեր կյանքը զոհել հանուն մեր եղբայրների։ Թեպետ սովորաբար նման զոհողության անհրաժեշտություն չի զգացվում, սակայն ջանքեր գործադրո՞ւմ ենք, որպեսզի, ինչ–որ չափով մեզ նեղություն տալով, օգնենք մեր եղբայրներին։

3. ա) Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ սեր դրսևորել։ բ) Ինչո՞ւ է այսօր կարևոր միմյանց հանդեպ անկեղծ սեր դրսևորելը։

3Բացի այն, որ անձնազոհ ոգի դրսևորող գործեր ենք կատարում, պետք է նաև անկեղծ, ջերմ զգացմունքներ տածենք մեր հավատակիցների հանդեպ։ Աստծո Խոսքը խորհուրդ է տալիս. «Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք» (Հռովմայեցիս 12։10)։ Ճիշտ է, բոլորս էլ այդպիսի զգացմունքներ ոմանց հանդեպ տածում ենք։ Սակայն կարո՞ղ ենք սովորել այդպիսի սեր դրսևորել ուրիշների հանդեպ ևս։ Քանի որ մոտենում է իրերի ներկա համակարգի վերջը, մենք ավելի, քան երբևէ պետք է մտերմանանք մեր քրիստոնյա հավատակիցների հետ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն բանի վերջը մօտեցել է....։ Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» (Ա Պետրոս 4։7, 8

Երբ խնդիրներ են ծագում

4. ա) Ի՞նչն է պատճառը, որ երբեմն խնդիրներ են ծագում ժողովի անդամների միջև։ բ) Չնայած միշտ չէ, որ հակված ենք հետևելու Աստվածաշնչի խորհուրդներին, սակայն այդպես վարվելով՝ ի՞նչ օգուտներ կստանանք։

4Անշուշտ, քանի դեռ մենք անկատար ենք, միշտ էլ կլինեն պահեր, երբ մեր արարքներով գուցե վիրավորենք մյուսներին։ Կարող է պատահել նաև այնպես, որ մեր եղբայրները մեղք գործեն մեր դեմ (Ա Յոհվաննէս 1։8)։ Ի՞նչ կանես, եթե հայտնվես նման իրավիճակում։ Այդ առնչությամբ Աստվածաշունչը մեզ հարկ եղած առաջնորդությունն է տալիս։ Բայց չի բացառվում նաև, որ մեր անկատարության պատճառով հակված լինենք անելու այն, ինչը հակառակ է այդ առաջնորդությանը (Հռովմայեցիս 7։21–23)։ Այնուամենայնիվ, եթե մենք ձգտենք կիրառել Աստվածաշնչում արձանագրված խորհուրդները, ցույց կտանք, որ սրտանց ցանկանում ենք հաճեցնել Եհովային։ Այդպես վարվելով՝ մենք նաև ավելի մեծ սեր կդրսևորենք ուրիշների նկատմամբ։

5. Ինչո՞ւ չպետք է շտապենք մեզ վիրավորողին նույն ձևով պատասխանել։

5Մարդիկ իրենց հասցրած վիրավորանքին երբեմն փորձում են նույն ձևով պատասխանել։ Բայց դրանից միայն սրվում է իրավիճակը։ Եթե քեզ հետ էլ նման ձևով են վարվել, մի՛ շտապիր դիմացինիդ փոխհատուցել, թո՛ղ դա Եհովային (Առակաց 24։29; Հռովմայեցիս 12։17–21)։ Ոմանք էլ աշխատում են խուսափել տվյալ անձնավորության հետ շփումից։ Սակայն մեր քրիստոնյա հավատակիցների հետ մենք չպետք է այդպես վարվենք, քանի որ Աստծուն ընդունելի երկրպագությունը մասամբ կախված է այն բանից, թե սիրում ենք արդյոք մեր եղբայրներին (Ա Յովհաննէս 4։20)։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը գրեց. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն [«Աստուած», ԷԹ] էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» (Կողոսացիս 3։13)։ Իսկ դու կարո՞ղ ես այդպես վարվել։

6. ա) Քանի՞ անգամ պետք է ներենք մեր եղբորը։ բ) Ի՞նչ բան գիտակցելով՝ մենք կկարողանանք ներել մեր դեմ գործած մեղքը։

6Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ մեր հավատակիցներից մեկը անընդհատ մեղք է գործում մեր դեմ, բայց ոչ այնպիսի մեղք, որի պատճառով կարող է զրկվել ընկերակցությունից։ Մի առիթով Պետրոս առաքյալը առաջարկեց այդ կարգի մեղքերը ներել մինչև ‘յոթ անգամ’։ Իսկ Հիսուսն ասաց. «Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»։ Նա շեշտեց, որ մեր ունեցած պարտքերն Աստծուն անհամեմատ ավելի շատ են, քան մարդկանց պարտքերը՝ մեզ (Մատթէոս 18։21–35)։ Ամեն օր մենք շատ սխալներ ենք գործում Աստծո դեմ՝ երբեմն մեր եսասիրական վերաբերմունքով, մեր խոսքով կամ մտքով, երբեմն էլ որևէ գործում թերանալով՝ նույնիսկ առանց գիտակցելու, որ սխալ ենք գործում (Հռովմայեցիս 3։23)։ Չնայած դրան՝ Աստված շարունակում է գթասրտորեն վերաբերվել մեզ (Սաղմոս 103։10–14; 130։3, 4)։ Եվ նա պահանջում է, որ մենք էլ այդպես միմյանց վերաբերվենք (Մատթէոս 6։14, 15; Եփեսացիս 4։1–3)։ Գթասրտություն ցույց տալով՝ մենք կդրսևորենք այնպիսի սեր, որը «չի հաշվում վիրավորանքները» (ՆԱ) (Ա Կորնթացիս 13։4, 5; Ա Պետրոս 3։8, 9

7. Ի՞նչ կարող ենք անել, եթե զգում ենք, որ մեր եղբայրը ինչ–​որ բան ունի մեր դեմ։

7Երբեմն կարող է մեզ թվալ, թե մեր հավատակիցը ինչ–որ բան ունի մեր դեմ, չնայած իրականում նրա նկատմամբ մենք չարությամբ չենք լցված։ Թերևս նախընտրենք ‘սիրով ծածկել’ դա, ինչպես խորհուրդ է տալիս Ա Պետրոս 4։8–ը։ Կամ գուցե ինքներս քայլեր ձեռք առնենք՝ նրա հետ զրուցելու, և փորձենք վերականգնել մեր երկուսի հարաբերությունները (Մատթէոս 5։23, 24

8. Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր հավատակիցներից մեկը մի այնպիսի բան անի, որը մեզ հաճելի չէ։

8Չի բացառվում նաև այն, որ մեր հավատակիցներից մեկը մի այնպիսի բան անի, որը հաճելի չէ ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին։ Նման պարագայում լավ չի՞ լինի արդյոք փորձել նրա հետ զրուցել։ Թերևս այո։ Եթե փորձես բարեհամբույր կերպով բացատրել նրան, թե ինչումն է բանը, հնարավոր է՝ լավ արդյունքների հասնես։ Բայց նախքան այդ քայլին դիմելը՝ դու պետք է մտածես. «Նրա արարքը իրո՞ք հակասում է Աստվածաշնչին։ Արդյոք խնդիրը հիմնականում այն չէ՞, որ ծագումով ու դաստիարակությամբ մենք տարբեր մարդիկ ենք»։ Զգույշ եղիր, որ քո սեփական չափանիշները չսահմանես և հետո չփորձես դրանցով դատել (Յակոբոս 4։11, 12)։ Եհովան անաչառորեն ընդունում է բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ծագումից, և համբերատարություն է ցույց տալիս նրանց նկատմամբ, մինչ նրանք աճում են հոգևորապես։

9. ա) Ո՞վ պետք է միջոցներ ձեռնարկի, երբ ժողովի անդամներից մեկը ծանր մեղք է գործում։ բ) Այն անհատը, որի դեմ մեղք են գործել, ո՞ր դեպքում պետք է առաջին քայլն անի, և ի՞նչը պիտի լինի նրա նպատակը։

9Եթե ժողովի անդամներից որևէ մեկը ծանր մեղք է գործում, ինչպես օրինակ՝ անբարոյություն, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Իսկ ո՞վ պետք է դա անի. երեցները (Յակոբոս 5։14, 15)։ Մինչդեռ եթե այնպես պատահի, որ մեկը մեղք գործի իր հավատակցի դեմ որևէ գործարքային հարցում կամ խոսքով նրան ծանր վիրավորանք հասցնի, այդ դեպքում վիրավորանք ստացողը նախ պետք է փորձի անձամբ զրուցել այդ եղբոր հետ (Մատթէոս 18։15)։ Եթե խնդիրը դրանով չի լուծվում, անհրաժեշտ է հաջորդ քայլերը ձեռք առնել, ինչպես նշվում է Մատթէոս 18։16, 17–ում։ Քանի որ սիրում ենք մեր դեմ մեղանչող եղբորը, ինչպես նաև ուզում ենք նրան ‘շահել’, ուրեմն կաշխատենք նրա հետ զրուցել այնպես, որ հասնենք նրա սրտին (Առակաց 16։23

10. Որևէ խնդիր ծագելիս ի՞նչը կօգնի մեզ ճիշտ մոտեցում ցույց տալ։

10Որևէ խնդիր ծագելիս՝ լինի դա մեծ թե փոքր, օգտակար կլինի հասկանալ, թե ինչպես է այդ խնդրին վերաբերվում Եհովան։ Ոչ մի տեսակի մեղք հաճելի չէ նրան, ուստի պատեհ ժամանակին նա իր կազմակերպությունը կմաքրի այն անհատներից, որոնք ծանր մեղքեր են գործում և չեն զղջում իրենց արարքների համար։ Բայցևայնպես եկ չմոռանանք, որ բոլորս էլ թեթև մեղքեր գործում ենք և Աստծո երկայնամտության ու ողորմության կարիքն ունենք։ Իր այս հատկություններով Եհովան մեզ օրինակ է թողնում, որպեսզի ընդօրինակենք իրեն, երբ որևէ մեկը մեր դեմ մեղք է գործում։ Գթասրտություն դրսևորելով՝ մենք աստվածային սեր ենք ցուցաբերում (Եփեսացիս 5։1, 2

Սիրո մեջ ‘լայնանալու’ միջոցներ փնտրենք

11. Ինչո՞ւ Պողոսը կորնթացի քրիստոնյաներին խորհուրդ տվեց ‘լայնանալ’ սիրո մեջ։

11Ամիսներ շարունակ Պողոսը ջանք չէր խնայում, որ զորացներ Կորնթոսի (Հունաստան) ժողովը։ Սիրելով իր կորնթացի եղբայրներին՝ նա մեծ աշխատանք կատարեց նրանց օգնելու համար։ Սակայն այդ ժողովի անդամներից ոմանք իր հանդեպ ջերմ զգացմունքներ չէին տածում։ Նրանք չափից դուրս քննադատող էին։ Պողոսը նրանց խորհուրդ տվեց ‘լայնանալ’ սեր ցուցաբերելու մեջ (Բ Կորնթացիս 6։11–13; 12։15)։ Բոլորս էլ կարող ենք խորհել, թե որքան ենք սիրում մեր եղբայրներին։ Կարող ենք նաև միջոցներ փնտրել սիրո մեջ ընդարձակվելու (Ա Յովհաննէս 3։14

12. Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ սեր ցուցաբերել ժողովի բոլոր անդամների հանդեպ։

12Ժողովում կա՞ն այնպիսի անհատներ, որոնց հետ քեզ համար դժվար է մտերմանալը։ Եթե աշխատենք չկենտրոնանալ մեր եղբայրների անհատական տարբերությունների վրա, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին, ապա ավելի սերտ հարաբերություններ կհաստատենք նրանց հետ։ Նաև նրանց հանդեպ ջերմ զգացմունքներ կտածենք, եթե փորձենք նրանց մեջ գտնել այն լավ հատկությունները, որ ունեն նրանք, և աշխատենք մեր ուշադրությունը կենտրոնացնել հենց դրանց վրա։ Այդպիսով՝ նրանց հանդեպ մեր սերը անշուշտ կաճի (Ղուկաս 6։32, 33, 36

13. Ինչպե՞ս կարող ենք ժողովում սիրո մեջ ‘լայնանալ’։

13Պետք է խոստովանել, սակայն, որ մեր սահմանափակ հնարավորությունների պատճառով ի վիճակի չենք բոլորի համար անել այն, ինչ որ սրտանց կցանկանայինք։ Հնարավոր չէ ամեն հանդիպմանը ժողովի յուրաքանչյուր անդամի անհատապես մոտենալ ու ողջունել։ Նաև հնարավոր չէ ընկերական ընթրիքի հրավիրել բոլորին։ Սակայն չե՞նք կարող սիրո մեջ ‘լայնանալ’՝ գեթ մի քանի րոպե տրամադրելով որևէ մեկի հետ ավելի մոտիկից ծանոթանալուն։ Չէի՞նք ուզենա ժամանակ առ ժամանակ ծառայության հրավիրել մեկին, որին այնքան էլ լավ չենք ճանաչում։

14. Ինչպե՞ս կարող ենք սրտանց սեր ցուցաբերել մեզ անծանոթ քրիստոնյաների հանդեպ։

14Մարզային համաժողովները հիանալի հնարավորություն են ընձեռում մեզ սիրո մեջ ‘լայնանալու’։ Այդ հանդիպումներին հազարավոր մարդիկ են ներկա լինում։ Թեև հնարավոր չէ անխտիր բոլորին մոտենալ, սակայն մեր վարքով կարող ենք ցույց տալ, որ նրանց բարօրությունը մեր անձնական շահերից վեր ենք դասում։ Ընդմիջումների ժամանակ կարող ենք նախաձեռնություն վերցնել մեր կողքը նստածներից որևէ մեկի հետ զրույցի բռնվելու։ Կգա մի օր, երբ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ քույրեր ու եղբայրներ կլինեն և միավորված կերկրպագեն ճշմարիտ Աստծուն, որը բոլորի Հայրն է։ Ինչպիսի՜ ուրախություն կապրեն բոլորը՝ միմյանց մոտիկից ճանաչելով։ Ամուր սերն է, որ մեզ կմղի դրան։ Իսկ ինչո՞ւ արդեն այսօր չցուցաբերել այդ սերը։

Կրկնենք թեման

• Ինչպե՞ս պետք է լուծել քրիստոնյաների միջև ծագած խնդիրները և ինչո՞ւ։

• Հոգևորապես աճելու հետ մեկտեղ՝ ո՞ր մարզերում պետք է ավելի մեծ սեր դրսևորենք։

• Ինչպե՞ս կարող ենք սրտանց սեր ցուցաբերել ոչ միայն մեր մտերիմների, այլև ժողովի մյուս անդամների հանդեպ։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 148–րդ էջի վրա]

Քրիստոնեական սեր կարող ենք դրսևորել շատ կերպերով, օրինակ՝ ժողովի հանդիպումներին