Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վիճաբանական հարց, որի առաջ բոլորս ենք կանգնած

Վիճաբանական հարց, որի առաջ բոլորս ենք կանգնած

Վեցերորդ գլուխ

Վիճաբանական հարց, որի առաջ բոլորս ենք կանգնած

1, 2. ա) Սատանան ի՞նչ հարց բարձրացրեց Եդեմում։ բ) Ինչպե՞ս է այդ հարցը երևում նրա խոսքերում։

 ԴՈՒ կանգնած ես երբևէ բարձրացված ամենակարևոր հարցի առաջ։ Քո հավիտենական ապագան կախված է այն բանից, թե ինչ դիրք կբռնես դու այդ հարցում։ Հարցը բարձրացվեց Եդեմում ծագած ըմբոստության ժամանակ։ Սատանան հարցրեց Եվային. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Եվան պատասխանեց, որ Աստված պատվիրել է չուտել միայն մեկ ծառի պտղից՝ ասելով. «Մի ուտէք նորանից, .... որ չ’մեռնիք»։ Այդ պահին Սատանան ուղղակիորեն մեղադրեց Եհովային՝ ներկայացնելով նրան որպես ստախոս, և ասաց, որ թե՛ Եվայի և թե՛ Ադամի կյանքը կախված չէ Եհովայի հանդեպ հնազանդություն ցուցաբերելուց։ Նա պնդեց, թե իբր Աստված իր արարածներից ծածուկ է պահում մի շատ լավ բան՝ կյանքում իրենց սեփական չափանիշները հաստատելու իրավասությունը։ Ահա նրա խոսքերը. «Աստուած գիտէ թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։1–5

2Փաստորեն, Սատանան պնդեց, թե մարդիկ ավելի երջանիկ կլինեն Աստծուց անկախ որոշումներ կայացնելով, քան թե Աստծո օրենքներին հնազանդվելով։ Այսպիսով՝ նա կասկածի տակ դրեց Աստծո ղեկավարման ձևը։ Աստծո տիեզերական գերիշխանության հետ կապված անչափ կարևոր մի հարց բարձրացավ. ունի՞ արդյոք Եհովան ղեկավարելու իրավունք, և մարդկանց համար ո՞րն է լավագույն ղեկավարությունը՝ Եհովայի՞, թե՞ հենց իրենց։ Եհովան կարող էր անմիջապես ոչնչացնել Ադամին ու Եվային, բայց դրանով արդյոք սպառիչ պատասխան կտրվե՞ր գերիշխանության հետ կապված հարցին։ Թույլ տալով, որ բավարար ժամանակի ընթացքում առաջ գար մարդկային հասարակությունը՝ Աստված ակնհայտ կդարձներ, թե ի՛նչ է նշանակում լինել անկախ իրենից ու իր օրենքներից։

3. Ո՞րն էր Սատանայի բարձրացրած երկրորդ հարցը։

3Եդեմում Եհովայի գերիշխանության դեմ հարձակում գործելով՝ Սատանան դրանով չսահմանափակվեց։ Նա հարցականի տակ դրեց նաև մյուսների նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Բարձրացված այս երկրորդ հարցը սերտորեն կապված էր առաջին՝ գլխավոր հարցի հետ։ Այն առնչվում էր ոչ միայն Ադամի ու Եվայի սերնդին, այլ նաև Աստծո բոլոր հոգևոր որդիներին և նույնիսկ քնքշորեն սիրված նրա առաջնեկ Որդուն։ Օրինակ՝ Հոբի օրերում Սատանան պնդեց, թե մարդիկ Եհովային ծառայում են ոչ թե այն պատճառով, որ սիրում են նրան և ընդունում նրա ղեկավարությունը, այլ իրենց եսասիրական մղումներից ելնելով։ Նա պատճառաբանեց, թե նեղության մեջ ընկնելով՝ նրանք բոլորն էլ անձնատուր կլինեն իրենց եսասիրական ցանկություններին (Յոբ 2։1–6; Յայտնութիւն 12։10

Ինչ է ապացուցել պատմությունը

4, 5. Հայացք նետելով պատմության էջերին՝ կարելի՞ է ասել, որ մարդը կարողացել է ուղղություն տալ իր քայլերին։

4Գերիշխանության հարցի հետ կապված՝ կա մի կարևոր ճշմարտություն. Աստված մարդկանց չի ստեղծել այնպես, որ նրանք իր ղեկավարությունից անկախ ապրելով՝ երջանիկ լինեն։ Իրենց իսկ օգտի համար նրանք կախում ունեն Աստծո արդար օրենքներից։ Դա է հաստատում Երեմիա մարգարեն՝ գրելով. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։ Ով Տէր, ինձ խրատիր» (Երեմիա 10։23, 24)։ Աստծո Խոսքը մեզ խորհուրդ է տալիս. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3։5)։ Ինչպես որ Աստված ֆիզիկական օրենքներ է հաստատել, որոնց ենթարկվելուց կախված է մարդու կյանքը, այնպես էլ նա հիմնել է բարոյական օրենքներ, որոնց հնազանդվելու դեպքում է միայն հնարավոր համերաշխ հասարակություն ստեղծել։

5Ուրեմն՝ Աստծուն հայտնի է, որ մարդկային ընտանիքը առանց իր ղեկավարության երբեք չի կարողանա հաջողությամբ առաջնորդվել։ Աստծուց անկախ ղեկավարման մեջ հաջողության հասնելու ապարդյուն փորձեր կատարելով՝ ժամանակի ընթացքում մարդիկ ստեղծել են տարբեր քաղաքական, տնտեսական և կրոնական համակարգեր։ Այդ տարբերություններն է պատճառը, որ նրանք անվերջ ընդհարումների մեջ են. արդյունքը՝ բռնություն, պատերազմ և մահ։ «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Ահա և այն ամենը, ինչով ողողված է մարդկային ողջ պատմությունը։ Ինչպես և նախագուշակվել էր Աստվածաշնչում, «չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ [են գնացել] չարութեան մէջ» (Բ Տիմոթէոս 3։13)։ Չնայած նրան, որ քսաներորդ դարի ընթացքում մարդիկ կարողացան գիտության և տեխնիկայի բնագավառում զգալի նվաճումների հասնել, սակայն նույն այդ դարում նրանք ականատես եղան մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններին։ Երեմիա 10։23–ի խոսքերն ավելի քան հաստատվել են. մարդիկ չեն ստեղծվել, որ իրենք ուղղություն տան իրենց քայլերին։

6. Ի՞նչ է Աստված մտադիր շուտով անելու։

6Աստծուց անկախ ապրելու ողբերգական հետևանքները, որոնց դառը պտուղները քաղում ենք մինչև օրս, մեկընդմիշտ ապացուցեցին, որ մարդկային ղեկավարությունը երբեք չի կարող հաջողության հասնել։ Երջանկության ու միասնության հասնելու, առողջություն ու կյանք ունենալու միակ միջոցը Աստծո ղեկավարությունն է։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մոտ է այն ժամանակը, երբ Աստված այլևս չի հանդուրժելու մարդկային անկախ ղեկավարությունը (Մատթէոս 24։3–14; Բ Տիմոթէոս 3։1–5)։ Շուտով նա վերջ կդնի այդ անկախությանը և ամբողջ երկրով մեկ կհաստատի իր իշխանությունը։ Դա է հաստատում Աստվածաշնչի հետևյալ մարգարեությունը. «Այն թագաւորների [այժմ իշխող մարդկային ղեկավարների] օրերումը երկնքի Աստուածը [երկնքում] մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ [երկրի վրա էլ երբեք մարդկային ղեկավարություն չի հաստատվի]. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [ժամանակակից] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44

Վերապրել՝ մտնելով Աստծո նոր աշխարհ

7. Երբ Աստծո իշխանությունը վերջ դնի մարդկային ղեկավարությանը, ովքե՞ր կվերապրեն։

7Երբ Աստծո իշխանությունը վերջ դնի մարդկային ղեկավարությանը, ովքե՞ր կվերապրեն։ Աստվածաշունչը պատասխանում է. «Ուղիղները [նրանք, ովքեր պաշտպանում են Աստծո իշխելու իրավունքը] կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները [նրանք, ովքեր չեն պաշտպանում Աստծո իշխելու իրավունքը] բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։21, 22)։ Նման միտք է արտահայտում նաև սաղմոսերգուն. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։10, 29

8. Աստված ինչպե՞ս հիմնովին կարդարացնի իր գերիշխանությունը։

8Սատանայի համակարգի կործանումից հետո Աստված կհաստատի իր նոր աշխարհը, որն ամբողջովին զերծ կլինի բռնությունից, պատերազմներից, աղքատությունից, տառապանքից ու հիվանդություններից, նույնիսկ մահից, որը հազարավոր տարիներ շարունակ մարդկությանն իր ճիրաններում է պահել։ Աստվածաշունչը հուզիչ խոսքերով նկարագրում է այն օրհնությունները, որոնք կտեղան հնազանդ մարդկության վրա. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։ Հիսուս Քրիստոսի գլխավորած երկնային Թագավորության միջոցով Աստված հիմնովին կարդարացնի մեր Գերիշխանը՝ մեր Ղեկավարը լինելու իր իրավունքը (Հռովմայեցիս 16։20; Բ Պետրոս 3։10–13; Յայտնութիւն 20։1–6

Ինչպես նրանք պատասխանեցին վիճաբանական հարցին

9. ա) Եհովային նվիրված անհատներն ի՞նչ վերաբերմունք են ցույց տվել նրա խոսքի հանդեպ։ բ) Նոյը ինչպե՞ս փաստեց իր անձնվիրությունը, և ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել նրա օրինակից։

9Վաղեմի ժամանակներից ի վեր եղել են ամուր հավատ ունեցող մարդիկ, ովքեր փաստել են իրենց անձնվիրությունը Եհովային՝ որպես Գերիշխանի։ Նրանք գիտակցել են, որ իրենց կյանքը կախված է Աստծուն լսելուց ու նրան հնազանդվելուց։ Այդպիսի մարդկանցից էր Նոյը։ Աստված նրան ասաց. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին.... դու քեզի համար.... մի տապան շինիր»։ Նոյը հնազանդվեց Եհովայի առաջնորդությանը։ Չնայած որ Նոյը այդ մասին նախազգուշացրեց մարդկանց, նրանք շարունակեցին ապրել իրենց առօրյա կյանքով, կարծես թե ոչ մի արտասովոր բան էլ տեղի չէր ունենալու։ Մինչդեռ նա մի հսկայական տապան կառուցեց և միևնույն ժամանակ քարոզեց Եհովայի արդար ճանապարհների մասին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդոց 6։13–22; Եբրայեցիս 11։7; Բ Պետրոս 2։5

10. ա) Աբրահամն ու Սարրան ինչպե՞ս թիկունք կանգնեցին Եհովայի գերիշխանությանը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։

10Եհովայի գերիշխանության ջատագովներից էին նաև Աբրահամն ու Սարրան, ովքեր պատրաստ էին անելու այն, ինչ որ Աստված պատվիրեր իրենց։ Նրանք ապրում էին քաղդէացիների բարգավաճող Ուր քաղաքում։ Սակայն երբ Եհովան Աբրահամին պատվիրեց գնալ իրեն անծանոթ մի երկիր, նա «գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր»։ Սարրան, անկասկած, հարմարավետ կյանքով էր ապրում. ուներ տուն, բարեկամներ, ազգականներ։ Այնուամենայնիվ, հնազանդվելով Եհովային և իր ամուսնուն՝ նա գնաց Քանանի երկիրը՝ չիմանալով նույնիսկ, թե իրեն ինչպիսի պայմաններ էին այնտեղ սպասում (Ծննդոց 11։31–12։4; Գործք 7։2–4)։

11. ա) Ինչպիսի՞ պայմաններում Մովսեսը Եհովայի գերիշխանության կողմը դիրք բռնեց։ բ) Ինչպե՞ս կարող է Մովսեսի օրինակն օգնել մեզ։

11Եհովայի գերիշխանության կողմը դիրք բռնողներից մեկն էլ Մովսեսն է։ Իր այդ դիրքորոշումը նա ցույց տվեց դժվարին պայմաններում գտնվելիս, երբ դեմ առ դեմ բախվեց Եգիպտոսի փարավոնի հետ։ Հաջողության պատճառը Մովսեսի ինքնավստահ գործելակերպը չէր։ Ընդհակառակը՝ նա կարծում էր, որ վարժ խոսելու ձիրք չունի։ Սակայն Մովսեսը հնազանդվեց Եհովային։ Նրա աջակցության շնորհիվ ու իր եղբայր Ահարոնի օգնությամբ Եհովայի խոսքը նա բազմիցս ներկայացրեց համառ փարավոնին։ Բացի այդ, նույնիսկ որոշ իսրայելացիներ կոպտորեն քննադատում էին նրան։ Սակայն Մովսեսը շարունակեց անձնվիրաբար անել այն ամենը, ինչ որ նրան պատվիրել էր Եհովան։ Արդյունքում՝ իսրայել ազգը նրա միջոցով ազատագրվեց Եգիպտոսի գերությունից (Ելից 7։6; 12։50, 51; Եբրայեցիս 11։24–27

12. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովայի հանդեպ նվիրվածությունը ավելին է նշանակում, քան միայն նրա գրավոր խոսքին հնազանդվելը։ բ) Ինչպե՞ս կարող է նման նվիրվածությունն օգնել մեզ հետևելու Ա Յովհաննէս 2։15–ի խոսքերին։

12Եհովային նվիրված անհատները չէին մտածում, որ պետք է ընդամենը հնազանդվել նրա գրավոր խոսքին։ Երբ Պետափրեսի կինը փորձում էր հրապուրել Հովսեփին, որպեսզի վերջինս շնություն գործեր իր հետ, Աստծո կողմից շնությունն արգելող ոչ մի գրավոր օրենք դեռ չկար։ Սակայն Հովսեփը տեղյակ էր Եդեմում Աստծո կողմից հաստատված ամուսնական կառույցի մասին և հասկանում էր, որ ուրիշի կնոջ հետ սեռային հարաբերություն ունենալը տհաճ է Աստծուն։ Նա չէր ուզում փորձել՝ տեսնելու, թե Եհովան նրան մինչև որ աստիճան թույլ կտար նմանվել եգիպտացիներին։ Խորհելով մարդկանց նկատմամբ Աստծո վարվելակերպի մասին՝ Հովսեփը քայլեց նրա ճանապարհներով և ըմբռնելով, թե ինչն է Աստծո կամքը՝ բարեխղճորեն կատարեց այն (Ծննդոց 39։7–12; Սաղմոս 77։11, 12

13. Ինչպե՞ս ապացուցվեց, որ Սատանան ստախոս է՝ ա) Հոբի պարագայում, բ) երեք հրեաների պարագայում։

13Նույնիսկ դաժան փորձությունների ենթարկվելիս Եհովային իսկապես սիրող անհատները նրանից չեն հեռանա։ Սատանան պնդում էր, որ եթե Հոբը, ում մասին Աստված գովասանքի խոսքեր էր ասել, կորցնի իր մեծ ստացվածքը կամ առողջությունը, նույնիսկ նա՛ կթողնի Եհովային։ Սակայն Հոբն ապացուցեց, որ Բանսարկուն ստախոս է, և դա այն դեպքում, երբ նա չգիտեր, թե որն է իր գլխին եկած փորձանքների պատճառը (Յոբ 2։9, 10)։ Հարյուրամյակներ անց Սատանայի դրդմամբ, որը դեռ ջանում էր ապացուցել իր պնդումը, Բաբելոնի զայրացած թագավորը սպառնաց կրակե հնոցում այրել երեք երիտասարդ հրեաներին, եթե նրանք չերկրպագեին նրա կանգնեցրած արձանին։ Նրանք ստիպված եղան ընտրություն կատարել. հնազանդվել թագավորի հրամանի՞ն, թե՞ Եհովայի՝ կռապաշտության դեմ սահմանած օրենքին։ Երիտասարդները վճռականությամբ հայտարարեցին, որ ծառայում են Եհովային, և որ նա է իրենց Գերագույն Իշխանը։ Աստծո հանդեպ հավատարմությունը նրանց համար ավելի թանկ էր, քան իրենց կյանքը (Դանիէլ 3։14–18

14. Չնայած անկատարությանը՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր անձնվիրությունը Եհովային։

14Ի՞նչ են ցույց տալիս այս օրինակները. արդյո՞ք այն, թե Եհովային անձնվիրություն ցույց տալու համար կատարելություն է հարկավոր, կամ թե Աստված ցանկացած սխալ դիտում է որպես անհավատարմության դրսևորում։ Ոչ մի դեպքում։ Աստվածաշունչը հայտնում է, որ Մովսեսը ժամանակ առ ժամանակ սխալներ էր թույլ տալիս։ Ու թեև Եհովային դա հաճելի չէր, նա չմերժեց Մովսեսին։ Հիսուս Քրիստոսի առաքյալները նույնպես որոշ հարցերում թերացան։ Հաշվի առնելով մեր ժառանգած անկատարությունը՝ Եհովան ընդունում է մեզ, եթե գիտակցաբար չենք մերժում նրա կամքը։ Եթե մեր տկարության պատճառով, այնուամենայնիվ, սխալ քայլ կատարենք, կարևորն այն է, որ արածի համար անկեղծորեն զղջանք և այն սովորություն չդարձնենք։ Այդպես վարվելով՝ մենք ցույց կտանք, որ իսկապես սիրում ենք այն, ինչ Եհովան է սիրում, և ատում ենք այն, ինչ նա ատում է։ Հիսուսի մեղք քավող զոհագործությանը հավատ ընծայելով՝ կարող ենք Աստծո առջև մաքուր կեցվածք ունենալ (Ամովս 5։15; Գործք 3։19; Եբրայեցիս 9։14

15. ա) Բոլոր մարդկանցից ո՞վ էր, որ Աստծո հանդեպ կատարյալ անարատություն պահեց, և դա ի՞նչ ապացուցեց։ բ) Ինչպե՞ս է մեզ օգնում Հիսուսի օրինակը։

15Ուրեմն կարելի՞ է եզրակացություն անել, թե մարդը, փաստորեն, ի վիճակի չէ կատարյալ հնազանդություն դրսևորել Եհովայի գերիշխանության հանդեպ։ Այս հարցի պատասխանը 4 000 տարի շարունակ մնում էր «խորհուրդ» (Ա Տիմոթէոս 3։16)։ Թեև Ադամը կատարյալ էր ստեղծվել, սակայն նա Եհովայի հանդեպ կատարյալ նվիրվածություն չդրսևորեց։ Իսկ ո՞վ կարող էր դա անել. նրա մեղավոր սերունդներից և ոչ մեկը։ Միակ մարդը, որ կատարյալ նվիրվածություն ցույց տվեց Եհովայի հանդեպ, Հիսուս Քրիստոսն էր (Եբրայեցիս 4։15)։ Նրա օրինակն ապացուցում է, որ Ադամը, որն ավելի լավ պայմաններում էր գտնվում, կարո՛ղ էր կատարյալ անարատություն պահել, եթե միայն ցանկանար։ Սխալն Աստծո արարչագործության մեջ չէր։ Այսպիսով՝ Հիսուս Քրիստոսը մեզ համար հիանալի օրինակ է ոչ միայն Աստծո օրենքներին հնազանդվելու, այլ նաև Եհովայի՝ Տիեզերքի Գերիշխանի հանդեպ նվիրվածություն ցույց տալու մեջ (Բ Օրինաց 32։4, 5

Ո՞րն է քո պատասխանը

16. Ինչ վերաբերում է Եհովայի գերիշխանության հանդեպ մեր վերաբերմունքին, ինչո՞ւ պետք է միշտ զգոն լինենք։

16Այսօր մեզանից յուրաքանչյուրը կանգնած է տիեզերական գերիշխանության հարցի առաջ։ Եթե բացահայտորեն ցույց ենք տալիս, որ Եհովայի կողմն ենք դիրք բռնել, դառնում ենք Սատանայի թիրախը։ Նա բոլոր կողմերից ճնշում է բանեցնում մեզ վրա և կշարունակի իր այդ գործելակերպը ընդհուպ մինչև իր չար համակարգի կործանումը։ Ուստի՝ մենք պետք է միշտ զգոն լինենք (Ա Պետրոս 5։8)։ Մեր վարվելակերպով ցույց ենք տալիս, թե ում կողմն ենք կանգնած ինչպես Եհովայի գերիշխանության հետ կապված առաջին հարցում, այնպես էլ երկրորդ՝ փորձությունների ժամանակ նրա հանդեպ անարատություն պահելու հարցում։ Վտանգավոր է աչք փակել անհավատարիմ ընթացք բռնելու վրա լոկ այն պատճառով, որ դա ընդունված է աշխարհում։ Անարատություն պահելու համար ջանքեր են հարկավոր, որպեսզի կարողանանք Աստծո արդար չափանիշները կիրառել մեր կյանքի բոլոր բնագավառներում։

17. Ո՞վ է ստության և գողության սկզբնաղբյուրը, և ինչո՞ւ պետք է խուսափենք նման գործերից։

17Օրինակ՝ չպետք է ընդօրինակենք Սատանային՝ ‘ստության հորը’ (Յովհաննէս 8։44)։ Պետք է միշտ ճշմարտախոս լինենք։ Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում երիտասարդները հաճախ են ստում իրենց ծնողներին։ Սակայն երիտասարդ քրիստոնյաները խուսափում են ստախոսությունից և դրանով ապացուցում, որ ճիշտ չէր Սատանայի այն պնդումը, թե Աստծո երկրպագուները փորձության ենթարկվելիս իրեն անհավատարիմ կգտնվեն (Յոբ 1։9–11; Առակաց 6։16–19)։ Նրանք նաև խուսափում են այնպիսի աշխատանքից, որը կատարելով՝ ավելի շուտ կնմանվեն ‘ստության հորը’, քան ճշմարտության Աստված Եհովային (Միքիա 6։11, 12)։ Իսկ ինչ վերաբերում է գողություն կատարելուն, ապա այն արդարացում չունի, նույնիսկ եթե անհատը խիստ կարիքի մեջ է, կամ այն անձնավորությունը, որին նա կողոպտել է, նյութապես ապահովված է, և դա նրան մեծ վնաս չի հասցնի (Առակաց 6։30, 31; Ա Պետրոս 4։15)։ Իսկ եթե ապրում ենք մի այնպիսի վայրում, որտեղ չնչին գողությունը սովորական բան է համարվում, միևնույն է՝ դա հակասում է Աստծո օրենքներին (Ղուկաս 16։10; Հռովմայեցիս 12։2; Եփեսացիս 4։28

18. ա) Հիսուս Քրիստոսի հազարամյա իշխանության վերջում ողջ մարդկությունն ինչպիսի՞ փորձի է ենթարկվելու։ բ) Ի՞նչ սովորություն պիտի հիմա արդեն մշակենք։

18Հիսուս Քրիստոսի հազարամյա իշխանության ընթացքում Սատանան և իր դևերը անդունդը կնետվեն, այսինքն՝ չեն կարողանա մարդկության վրա ազդեցություն գործել։ Ինչպիսի՜ թեթևացում։ Սակայն հազար տարին լրանալուց հետո նրանք կարճ ժամանակով ազատ կարձակվեն։ Սատանան իր հետևորդների հետ միասին ճնշում կբանեցնի արդեն կատարելության հասած, Աստծո հանդեպ իրենց անձնվիրությունը պահած մարդկանց վրա (Յայտնութիւն 20։7–10)։ Եթե այդ ժամանակ կենդանի լինելու հրաշալի հնարավորությանն արժանանանք, ինչպե՞ս կվերաբերվենք տիեզերական գերիշխանության հետ կապված հարցին։ Քանի որ բոլոր մարդիկ արդեն կատարյալ կլինեն, ցանկացած անհավատարիմ արարք գիտակցաբար կգործվի, և արդյունքում այդպիսի անհատը կդատապարտվի առհավետ ոչնչացման։ Ուրեմն որքա՜ն կարևոր է հիմա արդեն սովորություն մշակել մեր մեջ՝ հնազանդվելու Եհովայի ցանկացած հրահանգին, որը նա տալիս է ինչպես իր Խոսքի, այնպես էլ իր կազմակերպության միջոցով։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք մեր անկեղծ նվիրվածությունը նրա՝ Տիեզերքի Գերիշխանի հանդեպ։

Կրկնենք թեման

• Ո՞ր կարևոր հարցի առաջ է մեզանից յուրաքանչյուրը կանգնած։ Ինչպե՞ս ներգրավվեցինք այդ հարցի մեջ։

• Եհովային անձնվիրաբար ծառայող վաղեմի մարդկանց օրինակներում ի՞նչն էր ակնառու։

• Ինչո՞ւ է կարևոր, որ մեր վարվելակերպով ամեն օր պատիվ բերենք Եհովային։

[Հարցեր ուսումնասիրության համար]