Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո

Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո

Երկրորդ գլուխ

Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո

1. Ո՞վ է միակ ճշմարիտ Աստված։

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, որ թեև կան շատ այսպես կոչված աստվածներ, սակայն «մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը» (Ա Կորնթացիս 8։5, 6)։ Այդ «մէկ Աստուած[ը]» Եհովան է՝ ամեն բանի Արարիչը (Բ Օրինաց 6։4; Յայտնութիւն 4։11)։ Հիսուս Քրիստոսը նրա մասին խոսեց որպես «իմ Հօր.... եւ ձեր Հօր» (Յովհաննէս 20։17)։ Նրա խոսքերը ներդաշնակ են ավելի վաղ ապրած Մովսեսի խոսքերին, որն ասաց. «Եհովան է [«ճշմարիտ», ՆԱ] Աստուած. չ’կայ մի ուրիշը բացի նորանից» (Բ Օրինաց 4։35)։ Եհովան անհամեմատ ավելի բարձր է, քան երկրպագության այնպիսի առարկաները, ինչպիսիք են՝ կուռքերը, մարդիկ, որոնց աստվածացնում են, կամ իր թշնամին՝ Բանսարկու Սատանան, որ «այս աշխարհքի աստուած[ն է]» (Բ Կորնթացիս 4։3, 4)։ Ի հակադրություն այս ամենին՝ Եհովան է «միայն [միակ] ճշմարիտ Աստուած», ինչպես կոչեց նրան Հիսուսը (Յովհաննէս 17։3

2. Ինչպե՞ս պետք է Աստծո մասին ստացած գիտելիքներն ազդեցություն գործեն մեր կյանքի վրա։

2Սովորելով Աստծո գրավիչ հատկությունների, ինչպես նաև այն մասին, թե Աստված ինչ է արել և դեռ ինչ է անելու մեզ համար, երախտապարտ մարդիկ մոտենում են նրան։ Աճում է նրանց սերը Եհովայի հանդեպ, և դա մղում է նրանց փառաբանելու Աստծուն։ Ինչպե՞ս։ Միջոցներից մեկը ուրիշներին նրա մասին պատմելն է։ «Բերանով դաւանում ենք փրկուելու համար»,— ասվում է Հռովմայեցիս 10։10–ում։ Մյուս միջոցը խոսքով և գործով նրան ընդօրինակելն է։ Եփեսացիս 5։1–ում կարդում ենք. «Նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ»։ Որպեսզի լիարժեք կերպով կարողանանք դա անել, պետք է ճանաչենք Եհովայի հատկություններն ինչպես որ են։

3. Որո՞նք են Աստծո գլխավոր հատկությունները։

3Աստվածաշնչի էջերում բազմաթիվ արձանագրություններ կան, որոնք ի հայտ են բերում Եհովայի հրաշալի հատկությունները։ Դրանցից չորսը նրա գլխավոր հատկություններն են՝ իմաստություն, արդարություն, զորություն և սեր։ «Նորանում է իմաստութիւնը» (Յոբ 12։13)։ «Արդար.... է նա» (Բ Օրինաց 32։4բ)։ Նա ‘սաստիկ զորություն’ ունի (Եսայիա 40։26)։ «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Իսկ Աստծո չորս գլխավոր հատկություններից ո՞րն է առանձնահատուկ կերպով ցույց տալիս, թե ինչպիսի անձնավորություն է նա։

«Աստուած սէր է»

4. Աստծո ո՞ր հատկությունն էր մղիչ ուժ հանդիսացել՝ ստեղծելու տիեզերքը և բոլոր կենդանի արարածներին։

4Ե՛կ մտածենք, թե արդյոք ինչը մղեց Եհովային արարել տիեզերքը և բանական էակներին՝ հոգևոր ու մարդկային արարածներին. իմաստությո՞ւնը, թե՞ զորությունը։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Թեև ստեղծելիս Աստված կիրառել է այդ հատկությունները, սակայն դրանք որպես մղիչ ուժ չէին հանդիսանում։ Նաև նրա արդարությունը չէր պահանջում, որ նա վերը նշված էակներին կյանքի պարգևին բաժնեկից դարձներ։ Ավելի շուտ՝ մեծ սերն էր մղել նրան բանական կյանքը վայելելու հնարավորություն ընձեռել նաև մյուսներին։ Սիրուց մղված՝ նա հաստատեց մի նպատակ, որի համաձայն բոլոր հնազանդ մարդիկ հավիտյան պիտի ապրեն Դրախտում (Ծննդոց 1։28; 2։15)։ Հենց սերն էր, որ մղեց նրան հոգ տանելու, որպեսզի վերանար այն դատավճիռը, որ Ադամի մեղքը բերեց ողջ մարդկության վրա։

5. Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան ո՞ր հատկության մարմնացումն է և ինչո՞ւ։

5Հետևաբար, Աստծո բոլոր հատկություններից ամենաառանձնահատուկը սերն է։ Այն Աստծո բուն էությունն է։ Որքան էլ կարևոր են իմաստությունը, արդարությունն ու զորությունը, այնուամենայնիվ, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովան այդ հատկություններից որևէ մեկն է։ Բայց այնտեղ կարդում ենք, որ Աստված սեր է։ Այո, Եհովան սիրո մարմնացումն է։ Այդպիսի սերն առաջնորդվում է սկզբունքներով, և ոչ՝ զգացումներով։ Աստծո սերը ղեկավարվում է ճշմարտության և արդարության սկզբունքներով։ Դա սիրո բարձրագույն տեսակն է, որը, որպես օրինակ, անձամբ Եհովա Աստված է ցուցաբերում։ Այդպիսի սերն ամբողջովին զերծ է եսասիրությունից և արտահայտվում է գործերով։

6. Ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս ընդօրինակելու Աստծուն՝ չնայած նրան, որ նա բարձր է մեզանից։

6Հենց սիրո հիասքանչ հատկությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս ընդօրինակելու Աստծուն։ Լինելով տկար, անկատար ու մեղավոր՝ գուցե մտածենք, թե չենք կարող հաջողությամբ ընդօրինակել նրան։ Բայց ահա Եհովայի մեծ սիրո դրսևորման մեկ այլ օրինակ. նա գիտի մեր սահմանափակումները և մեզանից կատարելություն չի պահանջում։ Նրան քաջ հայտնի է, որ այսօր մենք կատարյալ լինելուց դեռ շատ հեռու ենք (Սաղմոս 51։5)։ Ահա թե ինչու է Սաղմոս 130։3, 4–ում ասվում. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։ Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը»։ Այո, Եհովան «ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» Աստված է (Ելից 34։6)։ «Դու, Տէր, բարի ես եւ ներող» (Սաղմոս 86։5)։ Ինչպիսի՜ սփոփանք։ Որքա՜ն թարմություն կարելի է ստանալ՝ ծառայելով նման սքանչելի Աստծուն և զգալով նրա սերն ու ողորմությամբ լի հոգատարությունը։

7. Ինչպե՞ս է Եհովայի սերը երևում նրա արարչագործություններում։

7Եհովայի սերը երևում է նաև նրա արարչագործություններում։ Ե՛կ մտածենք այս բոլոր հիասքանչ բաների՝ սարերի, անտառների, լճերի և օվկիանոսների մասին, որ Եհովան նվիրել է մեզ՝ ի նպաստ մեր երջանկության։ Նա մեզ ապահովել է սննդի բազմազան տեսակներով, որոնց համն ու հոտը հաճույք են պատճառում մեզ և պահպանում մեր կյանքը։ Եհովան երկիրը զարդարել է բազմապիսի գեղեցիկ ու բուրավետ ծաղիկներով, ինչպես նաև կյանքն աշխուժացրել զարմանահրաշ կենդանիներով։ Նա այս ամենը ստեղծել է մարդուն բավականություն պատճառելու համար, թեպետ կարող էր և այդպես չանել։ Ճիշտ է, ապրելով այս չար աշխարհում և լինելով անկատար՝ մենք չենք կարող լիարժեք կերպով բավականություն ստանալ Եհովայի ստեղծագործություններից (Հռովմայեցիս 8։22)։ Բայց փորձիր մի պահ պատկերացնել, թե Եհովան ինչե՜ր է մեզ համար անելու Դրախտում։ Սաղմոսերգուն մեզ հավաստիացնում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։16

8. Ո՞րն է Եհովայի՝ մեր հանդեպ տածած սիրո ամենաակնառու օրինակը։

8Իսկ ո՞րն է Եհովայի՝ մարդկանց հանդեպ տածած սիրո ամենաակնառու օրինակը։ Աստվածաշունչը բացատրում է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Արդյոք մարդկանց բարությո՞ւնն էր պատճառը, որ Եհովան նման սեր ցուցաբերեց։ Հռովմայեցիս 5։8–ը պատասխանում է այս հարցին. «Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռաւ»։ Ահա՛ սիրո ամենաակնառու օրինակը. Աստված իր կատարյալ Որդուն երկիր ուղարկեց, որպեսզի նա իր կյանքը որպես քավիչ զոհաբերություն տա՝ ազատելու մեզ մեղքի ու մահվան դատապարտությունից (Մատթէոս 20։28)։ Դա Աստծուն սիրող մարդկանց համար հավիտենական կյանք ստանալու դուռ բաց արեց։ Որքա՜ն ուրախալի է, որ Աստծո սերը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ցանկանում են կատարել նրա կամքը։ Այդ առումով Աստվածաշնչում կարդում ենք. «Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35)։

9. Ի՞նչ ազդեցություն պետք է թողնի մեր կյանքի վրա այն փաստը, որ Եհովան իր Որդուն որպես փրկանք տվեց մեզ համար։

9Ինչպիսի՞ ազդեցություն պետք է մեր կյանքի վրա թողնի այն փաստը, որ Եհովան իր Որդուն որպես փրկանք տվեց՝ դրանով հավիտենական կյանք ստանալու հնարավորություն տալով մեզ։ Դա պիտի խորացնի մեր սերը ճշմարիտ Աստված Եհովայի հանդեպ։ Միևնույն ժամանակ դա մեր մեջ պետք է ցանկություն առաջացնի ականջ դնելու Աստծո ներկայացուցչի՝ Հիսուսի ձայնին. «[Հիսուսը] ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ» (Բ Կորնթացիս 5։15)։ Որքա՜ն հաճելի է հետևել Հիսուսի հետքերին, քանի որ նա Եհովայի սիրո և կարեկցանքի արտացոլանքն է։ Դա երևում է նրանից, թե ինչ ասաց Հիսուսը խոնարհ մարդկանց. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30

Սեր ցույց տանք մյուսների հանդեպ

10. Որո՞նք են մեր հավատակիցների հանդեպ սեր ցուցաբերելու ձևերից մի քանիսը։

10Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք մեր հավատակիցներին այնպիսի սիրով, ինչպիսի սիրով որ Եհովան և Հիսուսն են մեզ սիրում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ բազմաթիվ ձևերով կարող ենք դա անել. «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13։4–8; Ա Յովհաննէս 3։14–18; 4։7–12

11. Ուրիշ ո՞ւմ հանդեպ պետք է սեր ցույց տանք և ինչպե՞ս։

11Ուրիշ ո՞ւմ հանդեպ պետք է սեր ցույց տանք և ինչպե՞ս։ Հիսուսն ասաց. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Դա նշանակում է քարոզել Աստծո՝ գնալով մոտեցող դրախտային նոր աշխարհի մասին բարի լուրը նրանց, ովքեր դեռ չեն դարձել մեր հավատակիցները։ Հիսուսը պարզորոշ ցույց տվեց, որ մեր սերը չպիտի սահմանափակվի միայն նրանցով, ովքեր մեզ համակարծիք են մեր հավատալիքներին վերաբերող հարցերում։ Ահա նրա խոսքերը. «Եթէ [միայն] ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ ավելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում» (Մատթէոս 5։46, 47; 24։14; Գաղատացիս 6։10

«Աստուծոյ անունովը գնանք»

12. Ինչո՞ւ միայն Աստված կարող է կրել Եհովա անունը։

12Ճշմարիտ Աստծուն փառաբանելու մեկ այլ կարևոր գործոն է նրա եզակի անունը իմանալը, օգտագործելն ու մյուսներին սովորեցնելը։ Այդ անունն է՝ Եհովա։ Այս առումով սաղմոսերգուն արտահայտեց իր անկեղծ ցանկությունը. «[Թող] իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։ Եհովայի անունը նշանակում է՝ «Նա դարձնում է»։ Նա Մեծ նպատակադրող է և իր նպատակները միշտ հասցնում է իրենց հաջող ավարտին։ Միայն ճշմարիտ Աստված իրավացիորեն կարող է կրել այս անունը, որովհետև մարդկանցից և ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ իր ջանքերը հաջողությամբ կպսակվեն (Յակոբոս 4։13, 14)։ Միայն Եհովան կարող է ասել, որ իր խոսքը ‘կհաջողվի’՝ հաջողության կհասնի այն բանում, ինչի համար որ նա ասել կամ ուղարկել է (Եսայիա 55։11)։ Շատերն են հիացմունքով լցվում, երբ Աստծո անունն առաջին անգամ տեսնում են իրենց Աստվածաշնչերում և սովորում, թե ինչ է այն նշանակում (Ելից 6։3)։ Բայց նրանք այս գիտությունից օգուտ կքաղեն միայն այն դեպքում, եթե «Աստուծոյ անունովը.... գնան, յաւիտեանս յաւիտենից» (Միքիա 4։5

13. Ի՞նչ է ընդգրկում Եհովայի անունը ‘ճանաչելը’ և նրա անունով ‘գնալը’։

13Աստծո անվան կապակցությամբ Սաղմոս 9։10–ում ասվում է. «Քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները»։ Դա լոկ Եհովայի անունն իմանալուց ավելին է ընդգրկում, քանի որ իմանալ Եհովայի անունը չի նշանակում ինքնաբերաբար հուսալ կամ ապավինել նրան։ ‘Ճանաչել’ Աստծո անունը նշանակում է՝ երախտապարտ լինել Եհովային, որ նա այդպիսի Աստված է, հարգել նրա իշխանությունը, հնազանդվել նրա պատվիրաններին և ամեն ինչում ապավինել նրան (Առակաց 3։5, 6)։ Աստծո անունով գնալը նաև բովանդակում է՝ նվիրվել և ապա մարդկանց առջև Աստծուն ներկայացնել՝ դառնալով նրա երկրպագուներից մեկը, որն իր կյանքը ներդաշնակեցրել է նրա կամքին (Ղուկաս 10։27)։ Իսկ դու այդպես վարվո՞ւմ ես։

14. Եթե ցանկանում ենք Եհովային հավիտյան ծառայել, պարտքի զգացումից բացի՝ է՞լ ինչ է հարկավոր։

14Եթե ցանկանում ենք Եհովային հավիտյան ծառայել, ապա սոսկ պարտքի զգացումը չէ, որ պետք է մեզ մղի այդ քայլն անելու։ Պողոս առաքյալը հետևյալ խոսքերով հորդորեց Տիմոթեոսին, որն արդեն երկար տարիներ ծառայում էր Եհովային. «Վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան [«Աստծո հանդեպ նվիրվածության», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 4։7)։ Նվիրվածությունը սրտից բխող երախտագիտության արտահայտություն է՝ ուղղված այն անձնավորությանը, ում նվիրված ենք։ Աստծո հանդեպ նվիրվածությունը խոր երախտագիտություն է՝ ուղղված անձամբ Եհովային։ Դա արտահայտվում է Եհովայի հանդեպ սիրով լի նվիրվածությամբ, որը գալիս է նրա և նրա ճանապարհների հանդեպ ունեցած անսահման հարգանքից։ Դա մեր մեջ ցանկություն է առաջացնում օգնել ուրիշներին բարձր դասելու Աստծո անունը։ Պետք է մեր կյանքում աստվածապաշտություն զարգացնենք, եթե ցանկանում ենք Եհովայի՝ միակ ճշմարիտ Աստծո անունով գնալ՝ հավիտյան (Սաղմոս 37։4; Բ Պետրոս 3։11

15. Ինչպե՞ս կարող ենք Աստծո նկատմամբ բացարձակ նվիրվածություն ցուցաբերել։

15Որպեսզի Եհովային ընդունելի կերպով ծառայենք, պետք է նրան բացարձակ երկրպագություն մատուցենք, քանի որ նա «նախանձոտ Աստուած» է, այսինքն՝ բացարձակ նվիրվածություն պահանջող (Ելից 20։5)։ Մենք չենք կարող սիրել Աստծուն և, միևնույն ժամանակ, այս չար աշխարհը, որի աստվածը Սատանան է (Յակոբոս 4։4; Ա Յովհաննէս 2։15–17)։ Եհովան պարզորոշ գիտի, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպիսի անձնավորություն է ձգտում դառնալ (Երեմիա 17։10)։ Եթե իսկապես սիրում ենք արդարությունը, նա տեսնում է դա և օգնում մեզ տոկալու առօրյա փորձությունների հանդիպելիս։ Տալով մեզ իր զորեղ սուրբ ոգին՝ նա մեզ կօգնի հաղթանակ տանել մեղքի նկատմամբ, որ տիրում է այս աշխարհում (Բ Կորնթացիս 4։7)։ Նա նաև կօգնի մեզ ամուր պահել երկրային դրախտում հավիտյան ապրելու մեր հույսը։ Ի՜նչ փառավոր հեռանկար։ Մենք պետք է խորապես երախտապարտ լինենք այդ հնարավորության համար և պատրաստակամորեն ծառայենք ճշմարիտ Աստված Եհովային՝ հավիտենական կյանքը հնարավոր դարձնողին։

16. Միլիոնավոր մարդկանց հետ միասին ի՞նչ պետք է ցանկանաս դու էլ անել։

16Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում ուրախությամբ ընդունում են սաղմոսերգուի հետևյալ հրավերը. «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը» (Սաղմոս 34։3)։ Եհովան հրավիրում է քեզ միանալ բոլոր ազգերից բաղկացած և գնալով աճող բազմությանը, որը նրան է փառաբանում։

Կրկնենք թեման

• Ինչպիսի՞ անձնավորություն է Եհովան։ Հստակորեն ճանաչելով նրա հատկությունները՝ ի՞նչ օգուտներ ենք ստանում։

• Ինչպե՞ս կարող ենք սեր ցույց տալ մյուսների հանդեպ։

• Ի՞նչ է ընդգրկում Եհովայի անունը ‘ճանաչելը’ և նրա անունով ‘գնալը’։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 14–րդ էջի վրա]

Եհովան, սիրուց մղված, ‘բաց կանի իր ձեռքը և կկշտացնի ամեն կենդանին հաճությունով’